Թարգմանչական և խմբագրական ինքնեկ
Անի Յախշիբեկյան | Սոնա Մելքոնյան
Թարգմանչի միջազգային օրվա շրջանակում «Ինլայթ»-ը շարունակում է թողարկել Թարգմանչական և խմբագրական ինքնեկի 6-րդ էպիզոդը, որում «Ինլայթ»-ի թարգմանիչների և խմբագիրների բաժնի ղեկավար Մերի Բաբայանը, ռուսերենի խմբագիր Անի Յախշիբեկյանն ու ռուսերենի թարգմանիչ Սոնա Մելքոնյանը զրուցում են ինլայթյան ու թարգմանչական տարբեր հարցերի շուրջ:
Անին «Ինլայթ»-ին միացել է 2017 թվականից՝ նախ որպես ռուսերենի թարգմանիչ, ապա ռուսերենի խմբագիր: Իսկ Սոնան հաջողությամբ մասնակցել է «Ինլայթ»-ի կազմակերպած թարգմանչական պրակտիկային, որից հետո դարձել է բաժնի լիիրավ անդամ: Նրանք պատմում են «Ինլայթ»-ում ունեցած տպավորությունների ու ձեռքբերումների մասին:
«Չնայած ներկայումս կյանքի ռիթմի արագացմանը, ժամանակի անընդհատ պակասին, «Ինլայթ»-ն իր հստակ տեղն է զբաղեցրել իմ կյանքում, որը երևի թե երբեք չի ազատվի: «Ինլայթ»-ը թույլ է տալիս զարգացնել հմտություններդ, իսկ տարբեր ոլորտների թեմաներով թարգմանությունները օգնում են զարգանալ տարբեր ուղղություններով: Իմ դեպքում աշխատանքն այստեղ սովորեցրեց ինձ լինել ավելի կազմակերպված, դարձրեց ավելի ինքնավստահ: Որպես առանձնահատկություն կնշեմ այն հանգամանքը, որ այն քեզ չի դնում կաղապարների մեջ: Դու ազատ ես նյութերի ընտրության հարցում. ո՞ւնես որոշակի նախասիրություններ, ուզո՞ւմ ես դրանց վերաբերյալ նյութերի հետ աշխատել, խնդիր չկա, կարող ես այդ ամենը իրականացնել «Ինլայթ»-ում»,-նշում է Անին:
Զրուցակիցները նաև խոսում են որպես թարգմանիչ ու խմբագիր իրենց փորձառության, աշխատանքի արդյունքում ունեցած ձեռքբերումների ու դժվարությունների մասին՝ իրենց կողմից թարգմանված ու խմբագրված և «Ինլայթ»-ի կայքում հրապարկված «Հետաղետային գոտում գտնվող քաղաքների վերակառուցման ժամանակակից մոտեցումը․ Բեյրութի աղետը» նյութի շրջանակներում:
Վերջում զրուցակիցներն, արդեն որպես նախագծի ավանդույթ, անդրադառնում են Թ. ինքնեկի առաջին բաղադրիչի բացմանը և «թ» տառով սկսվող կամայական 3 բառ են նշում, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ ունեն «Ինլայթ»-ում թարգմանչական և խմբագրական աշխատանքի հետ:
- Սոնա Մելքոնյանի հեղինակած թարգմանություններին ծանոթացեք հղմամբ:
- Անի Յախշիբեկյանի հեղինակած թարգմանություններին ծանոթացեք հղմամբ:
Նախագիծն իրականացվում է «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի և «Սատուրն» կրթական հասարակական կազմակերպության միջև համագործակցության շրջանակում: Վերջինս ապահովում է նախագծի տեխնիկական հենքը։
«Թ․ ինքնեկ»-ի հրապարակումներին կարող եք հետևել «Ինլայթ»-ի կայքէջի «Նախաձեռնությունների ցանց» բաժնում՝ Enlight Podcast խորագրի ներքո, ինչպես նաև Enlight Studies YouTube-յան ալիքում:
«Ինլայթ»-ի թարգմանիչների և խմբագիրների թիմին միանալու համար անցեք հղմամբ: