Խոհեր դուստրերի կրթության շուրջ | Մաս 1

Մերի Ուոլսթոնքրաֆթը (1759-1797) անգլիացի գրող, փիլիսոփա և կանանց իրավունքների պաշտպան էր, ինչպես նաև ֆեմինիստական շարժման ամենավաղ և ամենաակնառու ներկայացուցիչներից մեկը։ Նա առավել հայտնի է իր «Կնոջ իրավունքների պաշտպանություն» (1792 թ․) գրքով, որում հանդես է եկել որպես կանանց հավասարության և կրթության իրավունքի ջատագով: Չնայած կարճ կյանքին՝ Ուոլսթոնքրաֆթի գաղափարները երկարատև ազդեցություն են ունեցել ֆեմինիստական շարժման վրա և առ այսօր շարունակում են ոգեշնչել հազարավոր կանանց ու աղջիկների:

 

Ուոլսթոնքրաֆթի մյուս՝ «Խոհեր դուստրերի կրթության շուրջ» (1787 թ․) գիրքը ծնողների համար նախատեսված ուղեցույց էր, որում հեղինակն օգնել է հասկանալ, թե ինչպես է պետք կրթել դուստրերին ու պատրաստել նրանց անկախ կյանքի, և ոչ թե միմիայն ամուսնության: Նա կարծում էր, որ կանայք կարող են  մեծ բարձուքների հասնել և իրենց ներդրումն ունենալ հասարակության մեջ, եթե ավելի լավ կրթություն ու ապագայի հեռանկարներ ստանան։

 

Իր ժամանակի համար բավականին արմատական մոտեցում առաջարկելով՝ Ուոլսթոնքրաֆթը մարտահրավեր նետեց ավանդական գենդերային դերերին և ակնկալիքներին, ինչն ի վերջո ճանապարհ հարթեց կանանց իրավունքների շարժման համար և դարձավ ֆեմինիզմի պատմության ամենավառ էջերից մեկը:

 

Գիրքը կազմած է փոքրիկ նախաբանից և 21 գլուխներից, որոնցում Ուոլսթոնքրաֆթը, արծարծելով մի շարք կարևոր և իր ժամանակի համար արդիական  թեմաներ, արտահայտում է իր խոհերը և բարձրաձայնում իրեն հուզող բազմաթիվ խնդիրներ։ «Ինլայթ»-ը ներկայացնում է հայերեն փոխադրված վեց գլուխներ՝ որոշ բացատրական մեկնաբանությունների հետ մեկտեղ։

Նախաբան

Հետևյալ էջերում ես ջանացել եմ մատնանշել կանանց կրթությանը վերաբերող որոշ կարևոր իրողություններ։ Ճշմարիտ է, որ բազմաթիվ տրակտատներ են գրվել այս թեմայով, այնուամենայնիվ, ինձ թվում է, որ դեռ ասելու շատ բան կա։ Ես այս էջերը չեմ լցնի իմ փորձն արդարացնող տողերով։ Վախենամ, որ, իրոք, այս մտորումները ոմանց կողմից չափազանց ծանր կհամարվեն, բայց ես չէի կարող դրանք մեղմացնել՝ առանց կեղծելու։ Թեև նրանք կարող են տափակ թվալ զվարթ մարդկանց համար, մյուսները հավանաբար այլ կարծիքի կլինեն։ Եվ, եթե նրանք օգտակար լինեն թեկուզ մի մարդ արարածի համար և մոռացության մատնեն ժամերը, որոնցում վիշտը ծանրացրել է նրանց ուսերին, ես կիմանամ, որ իզուր չեմ նախաձեռնել այս գործը։

Շոշափելով կանանց դաստիարակության և կրթության թեման՝ Ուոլսթոնքրաֆթն առանձնահատուկ շեշտ է դրել  նրանց կյանքում արվեստի և ընթերցանության դերի վրա։ Գեղարվեստի որևէ ճյուղի ու բնագավառի հանդեպ հետաքրքրությունը պետք է սերմանվի վաղ տարիքից, իսկ դրանց հանդեպ սերն ու հակումը՝ արժանանա գովասանքի, թեև կարևոր է, որ ծնողները  իերնց դուստրերին ուղղորդեն` ճիշտ և խոհեմորեն։ 

Գեղարվեստ

Երաժշտությունը, նկարչությունը և արվեստի շատ այլ զարմանահրաշ ճյուղեր այժմ հասցված են մեծ կատարելության և ամենառացիոնալ ու նուրբ հաճույքն են պատճառում անհատին։

Հեշտ է հասկանալ` երիտասարդն ունի գեղագիտական ճաշակ, թե ոչ։ Եթե այո, ապա չպետք է թողնել, որ այն մարի։ Դա Բնության շնորհն է, ինչպես և մեծ օրհնություն, բայց մյուս օհնությունների պես, սա էլ կարող է խեղաթյուրվել, սակայն դրանից իր իրական արժեքը չի նվազում: Լիներ Բնությունն ավելի ժլատ նրանց նկատմամբ այդ հարցում՝ կհամոզեր նրանց լռել և չձևացնել, թե հիացած են, քանի որ ավելի ծիծաղելի ոչինչ լինել չի կարող։ 

Երաժշտության մեջ զգացմունքայնությունը գերադասում եմ կատարումից։ Որոշ անարվեստ եթերների պարզ մեղեդին հաճախ հանգստացրել է միտքս, երբ այն մտահոգությամբ էր զբաղված, և ես բարեկրթվել եմ հենց տխրության խորքերից՝ վեհացված Հենդելի որոշ ստեղծագործությունների ներդաշնակությամբ։ Ես ելել եմ վշտի և հոգածության այս փոքրիկ տեսարանից վեր և մտածել եմ Նրա մասին, ումից բխում է ողջ առատաձեռնությունը:

Անձը պետք է խելամտություն, ճաշակ և զգայունություն ունենա, որպեսզի հետաքրքրականացնի իր երաժշտությունը: Մատների ճարպիկ պարը կարող է զարմանք առաջացնել, բայց ոչ զմայլանք:

Նկարչության դեպքում՝ անձն իրապես հմայվել դրանով չի կարող, եթե չի դիտարկում բնության գեղեցկությունը և սքանչանում դրանով։

Եթե անձը սիրում է կրքի ազդեցությանը հետևել և ընդգծել առերես փոփոխությունները, ապա նա ուրախ կլինի կտավի վրա պատկերված կերպարները տեսնել և զգալ դրանց հոգին։ Սակայն եթե բնության գիրքն անտեսվում ու չի կարդացվում նրանց կողմից, այդ ամենն արդեն երեխայություն է դառնում։

Երևակայության թռիչքն իրապես հետաքրքրական է, եթե աղջիկն առույգ երևակայություն ունի։ Սակայն, եթե այդ երևակայությունների մեծ մասն իր հարկադրանքով ուրշներն են ստեղծել, իսկ նա միայն դրանց խրախուսանքն է ուզում ստանալ, մի՛ քաջալերեք նրա այդ գործերը։

Գրելն արժի գեղարվեստի մի մաս համարել, և վստահ եմ՝ դա շատ օգտակար զբաղմունք է։ Գրելաոճն առանձնակի ուշադրության է արժանի։ Երիտասարդները հատկապես հակված են փոխարինել զգացմունքները բառերով, իսկ միջակ մտքերը ծրարել շքեղ արտահայտմամբ։ Ժամանակն ու առանձին ոլորտները պետք է բուժեն այս իրողությունը՝ հաճախակի անդրադարձով։ Երեխաներին պետք է ուղղորդել նամակագրության մեջ և կիրառել այնպիսի մեթոդներ, որոնք կօգնեն նրանց գրի առնել սեփական զգացմունքները, և ներշնչել արտահայտել իրենց կարդացած պատմությունները սեփական բառերով: Լավ գրելու կարողությունը մեծ կարևորություն ունի կյանքում՝ մեր անցողիկ հետաքրքրությունների և, դեռ ավելին՝ մեր մտքի համար, քանզի այն սովորեցնում է մարդուն կարգի բերել իր մտքերը և մարսել դրանք: Բացի այդ, այն խելացի և նրբաճաշակ զրույցի միակ իրական հիմքն է։

Ընթերցանությունը, որն արդեն իսկ վերոնշվել է, կլրացնի ժամանակը և կկանխի երիտասարդի հակումը ցրվածության, ինչը հյուծում է միտքը և հաճախ հանգեցնում ոչ պատշաճ կապերի: Երբ սովորույթներն ամուր են, իսկ բնավորությունն ինչ-որ չափով ձևավորված, ամենևին ոչ վտանգավոր, բայց լարված աշխարհ մուտք գործելն օգտակար է: Գիտելիքն աննկատորեն կկլանվի, իսկ ճաշակը կբարելավվի, եթե ձգումն ավելի լինի կատարելագործման, քան հմայության ուղղությամբ: Քանզի նրանք, ովքեր սեփական եսով են համակված, հազվադեպ են դիտարկումներ անցկացում։

Թարգմանիչ՝ Շուշան Գրիգորյան (Shushan Grigoryan) 


Ընթերցանություն

Հին, բայց շատ ճշմարիտ դիտարկում է այն, որ մարդկային միտքը շարունակ պետք է գործածվի: Վայելքն առ ընթերցանություն կամ գեղարվեստի ցանկացած տեսակ պետք է սերմանել շատ վաղ տարիքից. մտախոհները կարող են փաստել, թե ինչ կարևոր է մտքի՝ իր մեջ որոշակի ռեսուրսներ ունենալը և զբաղվածության ու զվարճանքի զգացումներից ամբողջովին կախված չլինելը։ Վերջինի դեպքում միտքը, ցավոք, ենթակա է չարախոհությանը, հաճախ էլ՝ արատներին՝ նրանց գոհացնելու համար: Ամենից իմաստուններն ու լավագույնները չափազանց շատ են նշվածների ազդեցության տակ, և  կյանքի պայքարի մեծ մասը կազմում է նրանց հաղթելու ձգտումը, երբ բանականությունն ու առաքինությունն այլևս չեն ներում: Այսպիսով՝ ի՞նչ հենարան ունեն նրանք, ովքեր միայն զգացմունքներով են առաջնորդվում, և ովքեր լի են վաղանցիկ իրողություններով սահմանափակվող սխեմաներով։

Ընթերցանությունը ամենանպատակահարմար զբաղմունքն է, եթե մարդիկ ոգու քաղց ունեն և չեն կարդում միայն բառերը հիշելու կամ նշանավոր հեղինակներին մեջբերելու նպատակով և վերաշարադրում այնպիսի զգացումներ, որոնք չեն հասկանում կամ զգում: Խելամիտ գրքերն ընդլայնում են մտահորիզոնը և բարելավում սրտի աշխատանքը, թեև դրանցից մի քանիսն ըստ «ի բնե ինքնահավան են և իրենց բնույթով նախատեսված հիմարների համար»։

Նախքան դատողության ձևավորումը կամ առնվազն մտապատկերումը` չպետք է կարդալ այնպիսի աշխատանքներ, որոնք սխալ պատկերացում են տալիս մարդկային կրքերի և կյանքի զանազան դեպքերի մասին: Նման պատմությունները երիտասարդ կանանց սեթևեթության հիմնական պատճառներից են: Զգայունությունը նկարագրվում և գովաբանվում է, սակայն դրա հետևանքներն իրականությունից այնքան հեռու են ներկայացված, որ այն ընդօրինակողները շատ ծիծաղելի են երևում: Կեղծ ճաշակ է ձեռք բերվում, և խելամիտ գրքերը դառնում են ձանձրալի ու անփույթ այդ արտաքին խաբուսիկություններից հետո, իսկ վերջիններս միայն միտքը շարունակական խմորումների մեջ պահելու դեպքում են լիարժեքորեն հասնում իրենց նպատակին: Նրբակրթությունը վիպագրին հետաքրքրող միակ թեման է դարձել, ուստի ընթերցանությունը հաճախ աշխատակցելու է իր հավատարիմ երկրպագուներին անկարևոր թողնել:

Ես չեմ ուզում վերացական կամ մռայլ գրքեր խորհուրդ տալ: Մեր լեզվով շատ գրքեր կան, որոնց մեջ միախառնված են ուսուցումն ու զվարճությունը, ինչպիսին և «Բախտախնդիրն» (The Adventurer) է [1]: Ես նշում եմ այս գիրքն իր գեղեցիկ այլաբանությունների և ազդեցիկ հեքիաթների համար. հեշտությամբ կարելի է նման գրքեր ընտրել: Բանականությունն ամենաուժգինն է  հարվածում, երբ պատկերված է երևակայության փայլով: Կարելի է հետևել ցրված զգացմունքներին, մինչև որ դրանցով հագենաք, իսկ հետո, երբ միտքը պատրաստ լինի գործելու, ինքը կսանդերքի ճիշտ գրքերը, քանի որ ամեն բան կթելադրվի ինքնաբերաբար։

Կցանկանայի, որ յուրաքանչյուրն ինքը փորձեր կարծիք կազմել հեղինակի մասին, թեև ամաչկոտությունը կարող է հետ պահել նրանց այդ մասին հիշատակելուց: Շատերն այնքան են ձգտում ճաշակով մարդու համբավ ձեռք բերել, որ գովում են միայն այն հեղինակներին, որոնց վաստակն անվիճելի է։ Հոգնել եմ լսել Միլթոնի վեհության, Փոփի նրբագեղության ու ներդաշնակության և Շեքսպիրի ինքնատիպ, չուսուցանված հանճարի մասին: Այս հպանցիկ կարծիքներն ու մեկնաբանություններն արվում են նրանց կողմից, ովքեր ոչինչ չգիտեն բնության մասին և չեն կարողացել թափանցել հեղինակների հոգին կամ հասկանալ նրանց:

Շքեղ գրվածք ստանալու համար միայն անգետներն են վառ տոն օգտագործում, նրանք  հիանալի նախադասություններ են շռայլում, որոնք չունեն ոչ մի նշանակություն, թեև «ամպագոռգոռ բառեր» են պարունակում, և կան այնպիսիք, որ չունեն ոչինչ խորհուրդ տալու, սակայն  գրավիչ և բարեհունչ վերջաբաններ են կիրառում։

Աստվածաբանության գրքերը երիտասարդների համար չեն նախատեսված. կրոնն օրինակով է լավագույնս ուսուցանվում: Աստվածաշունչը պետք է կարդալ առանձնահատուկ հարգանքով, և նրանց՝ երիտասարդներին, չպետք է սովորեցնել ինչպես նման սուրբ գիրք կարդալ, որպեսզի նրանք դա որպես առաջադրանք չընկալեն, առաջադրանք, որը գոհացման ամենաբարձր աղբյուրն է պատճառում։

Կարելի է ենթադրել, թե խորհուրդ եմ տալիս թողնել, որ միտքը կյանքի հունով գնա: Սահմանված կանոններ չեն կարող տրվել, դրանք պետք է կախված լինեն հասկացողության բնույթից և ուժգնությունից, և նրանք, ովքեր դիտարկում են այդ հասկացողությունը, լավագույնս կարող են նկարագրել, թե ինչպիսի խնամքը դրա բարելավմանը կբերի: Միտքն ուսուցչի կողմից չի ստեղծվում, բայց վերջինս կարող է այն մշակել և բացահայտել դրա կարողությունները։ 

Երիտասարդության ակտիվ ոգին կարող է տանել նրան, որ ժամանակն անցնի առանց ինտելեկտուալ հաճույքների, բայց երբ տեսարանի նորությունը մաշվի, կզգացվի ինտելեկտուալ հաճույքների պակասը, և այլ ոչինչ չի լրացնի դատարկությունը: Միտքը փակված է մարմնում և պետք է ընկղմվի զգայականության մեջ, քանզի այն ոչինչ չունի անելու, քան վերջինիս թելադրելը՝ «ինչպես սնվել և  հագնվել»։

Մեր հոգսերն ու վշտերն ավելացնելու համար մեղավոր են բոլոր տեսակի նրբագեղություններ, սակայն, անկասկած, դրանք նաև հակառակ ազդեցությունն ունեն: Ճաշակն ու միտքը հաճույքի՝ բախտից կախում չունեցող բազմաթիվ աղբյուրներ են ի հայտ բերում։

Մտքի չկիրառումը բավարար պատրվակ չէ կենցաղային պարտականություններն անտեսելու համար. չեմ կարծում, թե դրանք անհամատեղելի են: Կինը շատ հեշտ կարող է լինել խելամիտ տղամարդու ուղեկիցն ու ընկերը և, միևնույն ժամանակ, իմանալ՝ ինչպես հոգ տանել իր ընտանիքի մասին:

Թարգմանիչ՝ Իռեն Նավոյան (Iren Navoyan)


Գրքի մեկ այլ հատվածում հեղինակը խոսում է նաև հոգևոր դաստիարակության, հաստատակամության, ազնվության և մի շարք այլ առաքինությունների սերմանման շուրջ՝ քննադատելով հասարակության արհեստական բարքերն ու կեղծակերպությունը։ Ուոլսթոնքրաֆթի համոզմամբ՝ առաքինություն կարող է ձևավորվել նույնիսկ հիասթափության և հուսալքության ճանապահին, երբ մարդը սկսում է գնահատել հավատի ուժն ու բարյացակամությունը։

Արհեստական բարքեր

Կարելի է կարծել, թե արհեստական բարքերն ու արտաքին ձեռքբերումները գրեթե նույնաբնույթ են, սակայն ես մտածում եմ, որ առաջինն ավելի ընդարձակ շրջանակ ունի և նյութապես տարբեր է։ Մեկը բխում է մարդահաճության ձգտումից, իսկ երկրորդը լոկ դատողության սխալ է թվում:

Մտքի հույզերը հաճախ նկատելիորեն արտացոլվում են դեմքի արտահայտության և բարքերի մեջ։ Այս հույզերը, եթե զգայունությունից և առաքինությունից են ծագում, աննկարագրելիորեն հաճելի են։ Ավաղ, ավելի հեշտ է կեղծակերպել դեմքի արտահայտությունը, քան թե սերմանել այն ձևավորող ու բարեփոխող արժանիքները։

Քանի՜ քանիսն են կավճաներկ դամբարանի նմանվել ու հոգում են միայն իրենց արտաքին կերպարանքի մասին։ Այնուհանդերձ, եթե մեր միակ մտահոգությունն աշխարհի հավանությանն արժանանալն է, ապա շատ հաճախ մենք ստիպված կլինենք կորցնել մեր սեփականը։

Ի՜նչ սքանչելի է բարքերի այն համեստ փափկությունը, որ խոնարհությունն է ծնում, և որքա՜ն նսեմ են մարդահաճության ընդօրինակումները։ Վարքագծի այն մեղմությունը, որ մեզ բոլորի հանդեպ հարգանքով է լցնում, և այն բարյացակամությունը, որն արգելում է որևէ մեկին անարգել՝ ջանալով հաճելի դառնալ ամեն արարածի, երբեմն ընդօրինակվում են քաղաքավարի մարդկանց կողմից։ Բայց ինչքա՜ն անվայելուչ է այդ ընդօրինակումը։ Հարգանքի ջերմեռանդ երդումներն ամեն հարմար պահի գետնին են հավասարեցվում։ Ոչ մի տարբերակում չի դրվում, և թվում է, թե պատիվը, որ պետք է միայն երախտիքով չափվեր, բոլորին հավասարապես է շռայլվում։ Եվ նույնիսկ մտերմությունն է կեղծվում, կամ առնվազն այդ լեզուն է փոխ առնվում, երբ սրտի մեջ դրա հուրը չկա։ Քաղաքավարի վերաբերմունքի բոլորն են արժանի, բայց հարգանք կամ հիացմունք պետք չէ արտահայտել, եթե նման ոչինչ չեք զգում։

Ինչպես խոնարհությունն է դեմքին տալիս ամենահաճո արտահայտությունը, այնպես էլ անկեղծությունից ծագում է բարքերի այդքան հրապուրիչ անխարդախությունը։ Այն կինը, որ պայքարում է երևալ այնպիսին, ինչպիսին կա, երբեք չի կարող համարվել արտաքին ազդեցության զոհ։ Նրան այլ դեր չի հետաքրքրում․ նրա ջանքերն ուղղված են ոչ թե սեփական թերությունները թաքցնելուն, այլ շտկելուն, և նրա դեմքը, իհարկե, ունի այն գեղեցկությունը, որ ուշադրություն է հրավիրում միայն մտքի վրա։ Երբեք չեմ հանդիպել իսկապես տգեղ մեկի, որ հիմար կամ չարամիտ չլիներ, ու տեսել եմ նրբագույն դիմագծեր՝ այլանդակված կրքի և չարության դրոշմով։ Ճշմարիտ է, որ կանոնավոր դիմագծերն են առաջինն աչքի ընկնում, սակայն տևական տպավորություն թողնում է բարեկարգ միտքը՝ հարուցելով դեմքի արտահայտության բոլոր ելևէջները։

Զգացմունքը ծաղրելի է, երբ արտաքին ազդեցությամբ է թելադրված, և եթե անգամ զգացվում է, չպետք է ի ցույց դրվի։ Այն ինքնաբուխ է, եթե անկեղծ է, իսկ, երբ ստիպողաբար է առաջ մղվում, ակնհայտ է դառնում, որ սնափառությունը մրցակցում է վշտի հետ, և խնդրո առարկայի բարեձևությունն է միայն շոշափվում։ Թող բարքերը միշտ ծագեն մտքից, և թող սրտի անկեղծ հույզերը երբեք չքողարկվեն։ 

Լոկ ձևական բաները շուտ են անտարբերության մատնվում, իսկ անտարբերությունը հազիվ թե հաղթահարվի, եթե չկա ներքին հենարան։

Այս անկայուն աշխարհում որևէ անսասան նեցուկ ունենալը հույժ կարևոր է, և հենց այս նեցուկն է, որ բարքերին արժանապատվություն է շնորհում, ցույց է տալիս, որ մարդը կախված չէ զուտ արտաքին հավանությունից հանուն հարմարավետության և բավարարվածության։

Թարգմանիչ՝ Մարիամ Անտիկյան (Mariam Antikian) 


Հիասթափության դրական կողմերը

Կանանց մեծ մասը, տղամարդկանց ևս, բոլորովին զուրկ են բնավորությունից։ Սկզբում միայն կարծիքներ և առաքինի կրքեր են առաջանում, և մինչդեռ մենք տեղի ենք տալիս այս հատկանիշներն առաջացնող սիրուն և հիացմունքին, սրանք բավականին տարբեր երևույթներ են։ Խորհրդածումն է սովորույթներ ձևավորում ու սահմանում սկզբունքների անխզելի կապը սրտում, առանց դրա միտքը, կարծես, հոսընթացում է ցանկացած փոթորկանքից, ինչպես խորտակման ժամանակ։ Կիրքը, որը, ըստ մեզ, հաղթանակելու է այլ ամենի նկատմամբ, ուրեմն հնարավոր է դարձնում մեր լավ բարքերն ամրապնդել և ենթարկել մեր իսկ կամքին, այնուհետ որոշ չափով բնավորություն ձևավորել, որը հաստատուն կլինի ամեն պատահական ազդակի նկատմամբ։ Ճշմարտություններում վստահ լինելը, բայց, այնուամենայնիվ, չզգալը դրանք կամ չգործելը դրանց համապատասխան՝ տարածված երևույթ է։ Տվյալ պահի հաճույքն է շարժիչ ուժը, իսկ դժվարությունները մեզ մեծահոգաբար ուղեգրված են խորհել ստիպելու համար։ 

Անհաջողության ճանապարհին մենք նաև գիտելիք ենք ստանում՝ առաքինությունների հետ մեկտեղ։ Այնուամենայնիվ, մենք սգում ենք մեր դաժան ճակատագիրը, սևեռվում մեր հիասթափությունների վրա և երբեք չենք մտածում, որ մեր իսկ կամակոր մտքերն ու փոփոխական սիրտը ուղղություն ցույց տվող նմանօրինակ նշանների կարիքն ունեն։ Առողջ մարդկանց դեղահաբեր չեն նշանակվում։ 

Բոլորիս էլ հայտնի է, որ մեր իսկ ցանկությունները չեն տալիս մեզ այն, ինչ իրոք ցանկանում ենք։ Հաճախ մտածում եմ, որ սա կարելի է սկզբունք դարձնել․ կյանքում ունեցած ամենամեծ հիասթափությունները մեր ամենանվիրական ցանկությունների շնորհումն են։ Բայց ճշմարտությունը միշտ չէ, որ հաճելի է։ Մենք երես ենք թեքում դրանից և տրվում պատրանքին, և, եթե փորձաշրջան անցնելիս չլինեինք, ամպը ցրելու փոխարեն ավելի լավ կլիներ թանձրացնել այն։ 

Ոմանք հաճույք են ստանում բարոյական գեղեցկությունից, և հոգին իրենց ցավում է, երբ  ականատես են լինում հանցագործությունների կամ անմտությունների, որոնք իրենց չեն էլ կարող վնասել։ Որքա՜ն շատ են հոգիներ մաշող այսպիսի վշտերը։ Նրանց հիրավի  կարելի է մարդկային արարածներ անվանել․ նրանք ամենուր առնչվում են իրենց պես մահկանացուների և ոգևորվում այդ շփումներից։ Մարդկայնությունը մատնանշում է մեր կարգավիճակի կարևորագույն պարտականությունները, սակայն զգացմունքայնությունը (իր տեսակի մի բնազդ, որն ամրապնդվում է խորհրդածությամբ) կարող է մեզ միայն սովորեցնել բազմաթիվ փոքր թվացող իրողություններ, որոնք ցավ կամ հաճույք են պատճառում։ 

Բարյացակամ միտքը հաճախ ավելի է տառապում, քան այն առարկան, որին ապրումակցում է, և թաքցնում է անհարմարությունները՝ դրանից վերջինիս զերծ պահելու համար։ Չնայած պաշտամունքի հասնող կատարելության ձգտելուն՝ այն հնարավոր է դարձնում թերությունների գոյատևումը։ Արարիչն իրեն և իր կերպարով ստեղծված հադուրժողներին կոչում է բազմաչարչար։ Սերն ու կարեկցանքը հոգում եղած ամենասքանչելի զգացմունքներն են, և մեծ բարեհոգություն է դրանք շնչավոր բոլոր էակների նկատմաբ փոխադրելը։ Անշնորհակալության և եսասիրության դեմ պայքարելը արտահայտման սահմաններից այն կողմ է, և մեր իսկ թուլության գիտակցումը, թեև օգտակար, բայց հաճելի զգացողություն չէ։ Նույնը մեր դեպքում է, երբ երջանկություն փնտրելու ճանապարհին անախորժությունների ենք հանդիպում, ու եթե, այնուամենայնիվ, մենք ժամանակ առ ժամանակ առաջնահերթություն ենք տալիս քնքշությանը կամ հաճոյական զգացմունքներից որևէ մեկին և անկեղծորեն հաճույք ենք ստանում, միտքը, դուրս գալով լարվածության իր հնարավոր սահմաններից, տեղ է տալիս անտարբերությանը։ Եվ միևնույն է՝ մենք ստեղծվել ենք երջանիկ լինելու համար։ Սակայն մեր ցանկությունները մեր երանության կայացմանը չեն նպաստի, քանի դեռ մեր բանականության ենթական չեն, և քանի դեռ բանականությունը լուսավոված և բարեփոխված չէ։ Այդժամ միայն հառաչանքները կդադարեն, իսկ արցունքները կմաքրվեն այն Էակի կողմից, որի ներկայությունը երջանություն է պարգևում։

Քնքուշ հոգիները պետք է միշտ առանձնակի կապվածություններ ունենան, և միշտ լինեն հիասթափված։ Եվ. այնուամենայնիվ, չնայած մարդկային թուլությանը, նրանց անհրաժեշտ է մտերմաբար կապվել, քանզի եթե միտքը հույսով կամ վախով տարված չէ, այն ընկնում է վերը նշված սոսկալի վիճակի մեջ։

Շատ հաճախ եմ լսել, որ ծաղրի առարկա է դառնում նա, ով, մի միջավայրից հիասթափվելով, հույսը կապում է այլի հետ։ Անցումներից ավելի բնական ոչինչ չկա, և դա ինձ  Նախախնամության ուրվագիծն է հիշեցնում, ըստ որի՝ բավարարվածության անհաջող փնտրտուքներն այստեղ, ստիպում են մեզ մտածել այն ավելի բարեկարգ երկրի մասին, ուր բոլորս ուղևորվում ենք։ 

Թարգմանիչ՝ Ինեսա Ավագյան  (Inesa Avagyan)


Ուոլսթոնքրաֆթն արծարծել է նաև այնպիսի թեմաներ, որոնք հատկապես արդիական էին հենց իր ապրած դարաշրջանում։ Նա խոսում է ծառաների հետ ճիշտ վարվելու ու նրանց խառնվածքը հարգելու անհրաժեշտության մասին՝ միաժամանակ առաջարկելով մի շարք խորհուրդներ, և ապա անդրադառնում նաև հանգստյան օրվա ծեսի խորհրդին և բացատրում դրա պահպանման կարևորությունը։

Վերաբերմունքը ծառաների նկատմամբ

Ծառաներին ղեկավարելը կնոջ անելիքների կարևոր մաս է, և իր իսկ խառնվածքը մեծապես կախված է նրանց հանդեպ վերաբերմունքից։

Ծառաները, ընդհանուր առմամբ, անգրագետ ու նենգ են։ Մենք պետք է նկատի ունենանք նրանց բնավորությունները՝ պատշաճ վերաբերմունք և հանդուրժողականություն ցուցաբերելու համար։ Պետք է կիրառել նույն մեթոդները, ինչ երեխաների դեպքում։ Միօրինակ վարվե՛ք, երբեք առանց արդարացի պատճառի սխալ մի՛ փնտրեք, վերջինիս առկայության դեպքում ևս՝ դրական տրամադրվե՛ք և մի՛ զայրացեք։ Առօրյա խնդիրները չեն կարող վրդովել մանրուքներով չտարված միտքը, և մտածող մարդը կարող է հեշտությամբ լրացնել մտածմունքների ու կրթության պակասից առաջ եկող թերությունները։ Ես ինքս ականատես եմ եղել, թե ինչպես է ընտանիքի անդորրը խաթարվել մի աննշան, փոքրիկ պատահարից և, թե ինչպես են ժամեր շարունակ անօգուտ նախատինքներ հնչեցվել մի սխալի պատճառով, որի մասին չէին էլ մտածի, եթե չլինեին դրանից բխող հանգամանքները։ Չի կարելի խստորեն կշտամբել սխալ դատողությունը կամ էլ պատահմունքը։ Փորձից օգուտ քաղելն ու անուղղելի հանգամանքներից չգանգատվելը իմաստության ապացույց է։

Բարյացակամ մարդը կցանկանա, որ իր շրջապատի մարդիկ իրենց հարմարավետ զգան, և կփորձի դրա առիթը դառնալ: Այն հսկայական տարբերությունը, որ կրթությունն է ստեղծում, ենթադրում եմ, կխոչընդոտի հավասարության հետ մեկտեղ մտերմություն հաստատելուն։ Այդուհանդերձ, բարություն է պետք ցուցաբերել, եթե իհարկե ցանկանում ենք, որ մեր ծառաները մեզ և մեր հետաքրքրություններին կապված լինեն։ Ինչ հաճելի է, երբ քեզ ներկայանում են պատրաստակամ ժպիտով, քեզնից խորհուրդ են հարցնում, երբ ունեն դրա կարիքը, նեղության մեջ եղած ժամանակ՝ քեզ որպես ընկերոջ ու բարերարի են դիտարկում։ Ճիշտ է, գուցե հաճախ երախտամոռության հանդիպենք, բայց դա չպետք է հուսախաբ անի մեզ. երկնքի թարմացնող անձրևները պարարտացնում են ինչպես արդարամիտների, այնպես էլ անարժանների հողերը։ Մենք պետք է կերակրենք նրանց, երբ հիվանդ են, և նման հարցերում մեր իսկ խոհեմությունը կթեթևացնի նրանց ցավերը։

Ամենից առաջ՝ մենք նրանց լավ օրինակ ենք պարտական։ Կրոնական արարողություններին ներկա գտնվելը կարևոր է․ դրանց կամ խորին ակնածանքով են մոտենում, կամ էլ պարզապես անտեսում են։ Մենք չպետք է սասանենք անգամ ամենաստոր մերձավորի հավատքը և ոչ էլ ենթարկվենք նրա նախապաշարմունքներին, քանի որ նա այնքան է տարված կրոնական գաղափարներով, որ չի կարողանա հեշտությամբ ազատվել դրանցից, իսկ մենք, փորձելով հեռացնել մոլախոտը, գուցե արմատախիլ անենք նաև ցորենը:

Կինը, ով խոհանոցում տեղի է տալիս քմահաճույքներին և դյուրագրգռությանը, կդժվարանա հանգստանալ, երբ ամուսինը վերադառնա․ վերջինս ոչ միայն կտեսնի կնոջ մոտ զայրույթից առաջացած կնճիռները, այլև շարունակ չդադարող վեճեր կլսի։ Մի պարոն ասում էր, որ յուրաքանչյուր տղամարդու սիրտը կկոտրվի, երբ իր կնոջը նման վեճերում տեսնի։ Տղամարդը, ով իր գործերով է զբաղված, նման դեպքերին կարևորություն չի տալիս, քանզի ցանկացած գործում մեր ներդրած ջերմությունն ավելացնում է դրա կարևորությունը, իսկ եթե այն չկա, լիովին հակառակ ազդեցություն ենք ստանում։

Աղջիկների պահվածքը ծառաների նկատմամբ հիմնականում ծայրահեղությունից ծայրահեղություն է՝ չափազանց բարեկամական կամ հպարտամիտ։ Եվ իրականում, մեկը հաճախ փոխարինվում է մյուսով՝ ի պատասխան նրա, որ ազատություններն անհանգստության պատճառ են դառնում։

Մենք մեր ծառաներին խոհեմ ու առաքինի չենք կարող դարձնել, բայց կարող ենք նրանց քաղաքավարություն և կարգուկանոն սովորեցնել, իսկ վերջինս էլ ինչ-որ չափով  բարոյական վարքագծի հասնելու ուղի է։

Թարգմանիչ՝ Իվետա Ավագյան (Iveta Avagyan)


Կիրակի օրվա ծեսը

Յոթերորդ օրը սուրբ պահելու կարգը խելամտորեն պատվիրված  էր Նախախնամությամբ՝ երկու նպատակով. հանգստացնել մարմինը և հեռացնել միտքը այս կյանքի ստվերների չափազանց եռանդուն հետապնդումից, որոնք, վախենամ, հաճախ մթագնում են ապագայի հեռանկարը և կենտրոնացնում մեր մտքերը երկրայինի վրա: Այս արարողակարգի նկատմամբ հարգանքը, համոզված եմ, խիստ կարևոր է ազգային կրոնի համար: Աշխարհիկները դրա մասին այնպիսի պատկերացում ունեն, որ իրենց մոտ եկեղեցի գնալը և կրոնավոր լինելը գրեթե հոմանիշ եզրույթներ են։ Նրանք այնքան մոլորված են իրենց զգացողություններում, որ եթե այս օրը նրանց անընդհատ չհիշեցներ, շուտով կմոռանային, որ աշխարհում Աստված կա: Որոշ ծեսեր անհրաժեշտ են կենսական կրոնին աջակցելու համար, և առանց դրանց այն շուտով կթուլանա և վերջապես կսպառվի:

Ցավալի է, որ այս օրը կա՛մ պահվում է մաքրակրոն ճշգրտությամբ, ինչն այն դարձնում է շատ տաղտկալի, կա՛մ կորած է ցոփության ու թեթևամտության մեջ: Երկուսն էլ շատ վնասակար են երեխաների և ծառաների մտքերի համար, որոնց ո՛չ պետք է թույլ տալ վայրենանալ, ո՛չ էլ չափազանց խիստ սահմանափակել և, ամենակարևորը, նրանք չպետք է տեսնեն, որ իրենց ծնողները կամ տերերը  անձնատուր են լինում երևույթների, որ սովորաբար սխալ են համարվում: Ես լիովին համոզված եմ, որ ծառաները նման պատկերացում ունեն թղթախաղի մասին, որ որտեղ էլ որ այն կատարվի կիրակի օրով, կվնասի նրանց միտքերը, և բարու ու չարի միջև պատնեշը որոշ չափով կքանդվի: Ծառաները, որոնք սովոր են մարմնական աշխատանքին, կընկնեն աշխատանքի հաճույքի մեջ, եթե նրանց մեղմորեն չզսպեն և կամ նրանց փոխարինող չգտնեն։

Ընտանիքի հանդեպ այդքան մեծ ուշադրությունը շատերին կարող է շատ տհաճ թվալ, բայց պարտականության ուղին որոշ ժամանակ անց հաճելի կլինի,  և այս ձևով գործածվող կրքերն աստիճանաբար կհայտնվեն բանականության ենթակայության տակ: Նկատի ունեմ կոշտ չլինել, խոչընդոտները, որոնք առաջանում են մեր պարտականությունների կատարման ճանապարհին, չեն հարվածում մտածողին: Ես նաև գիտեմ, որ գործողության պահին նույնիսկ լավ տրամադրված միտքը հաճախ տարվում է ակնթարթային ազդակով, և որ որոշակի փորձ է պահանջվում բանականության թելադրանքը կրքի թելադրանքից տարբերակելու համար: Ճշմարտությունը հազվադեպ է պարզվում, քանի դեռ իրարանցումը չի ավարտվել. հետո մենք արթնանում ենք երազից, և երբ ուսումնասիրում ենք մեր արածը ու զգում դրա անմտությունը, կարող ենք բանականությանը ձայնել՝ ինչո՞ւ ես քնած: Ու թեև մարդիկ մոլորված են իրենց կրքերով և նույնիսկ մեղանչում  են ամենադաժան ապաշխարությունից հետո, նրանք չպետք է հուսահատվեն, այլ, այնուամենայնիվ, փորձեն վերագտնել ճիշտ ճանապարհը և զարգացնել այնպիսի սովորություններ, որոնք կարող են օգնել իրենց:

Երբեք չեմ մտածել որ մի տանը, որտեղ հանգստյան օրը կոպտորեն խախտվել է, կարող է մեծ հասարակական բարիք լինել։

Թարգմանիչ՝ Համասփյուռ Կարապետյան (Hamaspyur Karapetyan) 

Ծանոթագրություն

[1] (թարգմանչի կողմից) Հեղինակն ակնարկում է լոնդոնյան «Բախտախնդիրը։ Պարբերագիր» անվանվող թերթը, որը հրատարակվել է Ջոն Հոքսվորթի կողմից 1752-1754 թթ․։


Բնօրինակի հեղինակ՝ Mary Wollstonecraft, The Project Gutenberg eBook

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Խոհեր դուստրերի կրթության շուրջ | Մաս 2