Խոհեր դուստրերի կրթության շուրջ | Մաս 2 

Մերի Ուոլսթոնքրաֆթը (1759-1797) անգլիացի գրող, փիլիսոփա և կանանց իրավունքների պաշտպան էր, ինչպես նաև ֆեմինիստական շարժման ամենավաղ և ամենաակնառու ներկայացուցիչներից մեկը։ Նա առավել հայտնի է իր «Կնոջ իրավունքների պաշտպանություն» (1792 թ․) գրքով, որում հանդես է եկել որպես կանանց հավասարության և կրթության իրավունքի ջատագով: Չնայած կարճ կյանքին՝ Ուոլսթոնքրաֆթի գաղափարները երկարատև ազդեցություն են ունեցել ֆեմինիստական շարժման վրա և առ այսօր շարունակում են ոգեշնչել հազարավոր կանանց ու աղջիկների:

 

Ուոլսթոնքրաֆթի մյուս՝ «Խոհեր դուստրերի կրթության շուրջ» (1787 թ․) գիրքը ծնողների համար նախատեսված ուղեցույց էր, որում հեղինակն օգնել է հասկանալ, թե ինչպես է պետք կրթել դուստրերին ու պատրաստել նրանց անկախ կյանքի, և ոչ թե միմիայն ամուսնության: Նա կարծում էր, որ կանայք կարող են  մեծ բարձուքների հասնել և իրենց ներդրումն ունենալ հասարակության մեջ, եթե ավելի լավ կրթություն ու ապագայի հեռանկարներ ստանան։

 

Իր ժամանակի համար բավականին արմատական մոտեցում առաջարկելով՝ Ուոլսթոնքրաֆթը մարտահրավեր նետեց ավանդական գենդերային դերերին և ակնկալիքներին, ինչն ի վերջո ճանապարհ հարթեց կանանց իրավունքների շարժման համար և դարձավ ֆեմինիզմի պատմության ամենավառ էջերից մեկը:

 

Գիրքը կազմած է փոքրիկ նախաբանից և 21 գլուխներից, որոնցում Ուոլսթոնքրաֆթը, արծարծելով մի շարք կարևոր և իր ժամանակի համար արդիական  թեմաներ, արտահայտում է իր խոհերը և բարձրաձայնում իրեն հուզող բազմաթիվ խնդիրներ։ «Ինլայթ»-ը ներկայացնում է հայերեն փոխադրված որոշ գլուխներ՝ բացատրական մեկնաբանությունների հետ մեկտեղ։

Խոհեր դուստրերի կրթության շուրջ | Մաս 1

Նախաբան

Հետևյալ էջերում ես ջանացել եմ մատնանշել կանանց կրթությանը վերաբերող որոշ կարևոր իրողություններ։ Ճշմարիտ է, որ բազմաթիվ տրակտատներ են գրվել այս թեմայով, այնուամենայնիվ, ինձ թվում է, որ դեռ ասելու շատ բան կա։ Ես այս էջերը չեմ լցնի իմ փորձն արդարացնող տողերով։ Վախենամ, որ, իրոք, այս մտորումները ոմանց կողմից չափազանց ծանր կհամարվեն, բայց ես չէի կարող դրանք մեղմացնել՝ առանց կեղծելու։ Թեև նրանք կարող են տափակ թվալ զվարթ մարդկանց համար, մյուսները հավանաբար այլ կարծիքի կլինեն։ Եվ, եթե նրանք օգտակար լինեն թեկուզ մի մարդ արարածի համար և մոռացության մատնեն ժամերը, որ վիշտը ծանրացրել է նրանց ուսերին, ես կիմանամ, որ իզուր չեմ նախաձեռնել այս գործը։

Խոսելով կանանց դաստիարակության և կրթության շուրջ ու անդրադառնալով այնպիսի թեմաների, ինչպիսիք են գեղարվեստը, ընթերցանությունը, հիասթափության դրական կողմերը և իր ժամանակի այլ այժմեական հարցեր՝ Ուոլսթոնքրաֆթը նաև շոշափում է արհեստական բարքերի ու արտաքին նվաճումների խնդիրը։ Հեղինակը պնդում է, որ արտաքին նվաճումները ցանկալի են, բայց չպետք է խոչընդոտեն ավելի կարևոր որակների ու հմտությունների զարգացմանը։

Արտաքին նվաճումներ

Այս գլխում կարող ենք դասել այն բոլոր նվաճումները, որոնք պարզապես գրավիչ են դարձնում մարդուն, ինչպես նաև այն մակերեսային գիտելիքները, որոնք չեն նպաստում մտքի զարգացմանը։ «Թերի գիտելիքը միշտ վտանգավոր է» և մարդուն գրավիչ դարձնելու փոխարեն հակառակ ազդեցություն է ունենում։

Ծնողները հաճախ շատ կարևոր գործերով են տարված, և դա պատրվակ են դարձնում իրենց երեխաներին կրթելու պատասխանատու գործն անտեսելու համար։ Հետևաբար, երեխաները դպրոց են ուղարկվում, սակայն ուսումնական վճարներն այնքան քիչ են, որ ուսուցման պատասխանատուն պարտավորվում է նախատեսել ունենալ ավելին, քան կարող է իրեն թույլ տալ։ Բնականաբար, կրթությունը վերածվում է մեխանիկական գործընթացի։ Գիտեմ երեխաների, ովքեր կարողանում էին նույն հերթականությամբ կրկնել իրենց սովորածը, բայց կողմնակի հարց ստանալիս շփոթմունքի մեջ էին ընկնում։ Եթե ընկալունակությունը չի զարգացվում, հիշողությունը հազվադեպ կարող է օգտակար լինել։

Աղջիկները սովորում են երաժշտություն, նկարչություն և աշխարհագրություն, սակայն իրենց սովորածը բավարար չէ օրիորդի հետաքրքրասիրությունն ու մտքի գործունակությունը բարձրացնելու համար։ Եթե կարողանում են ծանոթների համար մի քանի մեղեդի նվագել և մեկ-երկու պատկեր նկարել (կեսը՝ ուսուցչի օգնությամբ) իրենց սենյակներում կախելու համար, ամբողջ կյանքում իրենց կայացած նկարիչներ են երևակայում։ Կարևորը հասարակ բնապատկեր կամ նմանատիպ մի բան անելը չէ․ դրանք մանրուքներ են, իսկ նրանց ստացած հիմար և անքննադատ գովասանքները միայն մեծամտություն են սերմանում։ Բայց այն, ինչն աննշան է թվում այս տեսանկյունից, դառնում է ամենակարևորը, երբ աղջնակն արվեստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում և ձգտում է գերազանցության հասնել։ Ամեն բան, որ մարդուն ինչ-որ չափով անկախ է դարձնում իր զգայարաններից, արժանիքի հիմք է։ Զվարճալի զբաղմունքներն առաջին հերթին պետք է միտքը բանեցնեն, և ինչպես բարոյական պարտականությունների վրա կենտրոնանալն է բարեպաշտության տանում, այնպես էլ մի թեմայով հետաքրքրվելը հանգեցնում է մյուսների ուսումնասիրությանը և նոր մտքերի հեղեղ առաջացնում գլխում։ Այսպիսով, անգործության մատնվելու փոխարեն միտքը կմարզվի՝ բազմերանգ դարձնելով մարդու անհատականությունը։

Պարելը և վարքագծի նրբագեղությունը բավականին հաճելի են, միայն եթե շատ շեշտված չեն։ Այս ունակությունները գրավում են զգայարաններն ու սիրտը, բայց առանց հիմնարար արժանիքների դրանց ազդեցությունն անցողիկ է։

Երիտասարդ տարիների զվարթ անմտությունը մի պահ յուրաքանչյուրիս դուրեկան է դարձնում։ Բայց, եթե ժամանակի ընթացքում անհոգությունը չի փոխարինվում խոհեմությամբ, երիտասարդ տարիների սխալները կրկնվում են։ Նրանք չեն գիտակցում, որ այն, ինչ ժամանակին հաճույք էր պատճառում, սկսում է վանել, երբ այդ ժամանակն անցնում է: Պարզապես անհեթեթություն է նայել տարիների ընթացքում ճակատին կնճիռներ վաստակած մի կնոջ, որ ընդօրինակում է դեռահաս աղջիկների վարքը։

Կարծում եմ՝ այս թեմայի շրջանակներում կարելի է անդրադառնալ նաև այն դատարկ խոսակցություններին, որոնցից կանայք հաճախ հաճույք են ստանում։ Ընդհանուր առմամբ, նրանք հակված են այլոց ծաղրի ենթարկելու։ Քանի որ կանայք մեծագույն շեշտ են դնում վարքագծի վրա, նույնիսկ ամենահարգարժան անհատները զերծ չեն մնա քննադատությունից, եթե թերացումներ ունենան այս բնագավառում։ Որոշ մարդկանց համար ծաղրը ճշմարտության պարծալի փորձաքար է, բայց եթե այդպես է, մեր սեռը պետք է, որ լուրջ առաջընթացներ գրանցի։ Սակայն ես հակված եմ մտածել, որ նրանք այնքան են հիմնվում այս տաղանդի վրա, մինչև կորցնում են դրա շուրջ ունեցած ողջ ընկալումը։ Ոչ թե տգիտությունը, այլ մարդահաճությունն է ծաղրի իրական առարկան, սակայն բարեպաշտ մարդիկ նույնիսկ դա կարող են ներողաբար անտեսել։ Մենք չպետք է ցավ պատճառենք մարդկանց՝ առանց բարելավումների առաջարկների։

Արտաքին նվաճումները չպետք է արհամարհվեն, եթե միայն դրանց ձեռքբերումը չի գոհացնում անհատին և չի խոչընդոտում ավելի կարևոր որակների զարգացմանը։

Թարգմանիչ՝ Ինեսա Ավագյան  (Inesa Avagyan)


 Իր գրքում Ուոլսթոնքրաֆթը նաև քննարկում է սիրո և ամուսնության թեման։ Թեև սերն ու կրքերը դատողությանն ու բանականությանը ոչ միշտ են ենթարկվում, հեղինակը խորհուրդ է տալիս նախ և առաջ զբաղվել ինքնակատարելագործմամբ ու ստանալ պատշաճ կրթություն և ապա լինել ողջամիտ ու նրբանկատ կյանքի ճիշտ ուղեկից ընտրելու հարցում։ 

Սեր

Կարծում եմ՝ չկա մի թեմա, որ այդքան քիչ դատողություն պահանջի, քան սերը, և ոչ էլ այնպիսի կանոններ սահմանի, որոնք չափից շատ այս կամ այն կողմ չհակվեն: Մեծ մասամբ, տվյալ դեպքում վարքագիծը պետք է թելադրվի հանգամանքներով, բայց ո՞վ կարող է սեփական կյանքի դատավորը լինել: Հավանաբար, նախքան հարցի քննարկումը սկսելը նրանք վերջինիս նայում են բուռն զգացմունքների բյուրեղով՝ դրանից բխող շարժառիթները հաճախ սխալաբար վերագրելով բանականությանը: Հնարավոր չէ այլ կերպ բացատրել այն անհեթեթ զույգերի գոյությունը, որոնց կարելի է նկատել ամեն օր. քանզի այս առումով սխալվում են նույնիսկ ամենախելամիտ տղամարդիկ և կանայք: Տարբեր պատճառներ կարող են հանգեցնել նման միության. մեկ ուրիշին փոխարինելու ձգտումը, կամ ինչ-որ պատճառով մեկ անձի ընկերակցությամբ սահմանափակված լինելը: Շատերն էլ խճճվել են պատվի հարցում՝ ցանկանալով միայն զվարճանալ դժվարին ժամերին կամ խանդ առաջացնել ուրիշի հոգում։

Դժվար է գրել մի թեմայի շուրջ, երբ սեփական զգացմունքներից կուրանալու հավանականությունը մեծ է: Զգացմունքներով պատանդված՝ մենք հակված ենք այդ իրերը դիտարկել որպես ընդհանուր ճշմարտություններ, որոնց միայն մեր մասնակի փորձն է առաջ տանում: Թեև հեշտ չէ ասել՝ ինչպես պետք է անձը վարվի կրքի անմիջական ազդեցության տակ, այնուամենայնիվ, արդարացում չկա, անշուշտ, նրանց համար, ովքեր միայն սնափառությունից դրդված են ստում և երկիմաստ վարքագիծ վարում այն բավարարելու համար: Արական սեռի ներկայացուցիչների մեջ նույնքան կոկետներ կան, որքան իգականի, և սրանք շատ ավելի վնասակար են հասարակության համար, քանի որ նրանց գործունեության ոլորտն ավելի մեծ է, և նրանք ավելի քիչ են ենթարկվում աշխարհի քննադատությանը: Զսպված հառաչանքը, վհատ հայացքը և բազմաթիվ այլ փոքրիկ խորամանկություններ, որոնք նախապես բեմադրվում են, կարող են ծայրահեղ ցավ պատճառել անկեղծ, ազնիվ կնոջը, թեև նա չի կարող զայրանալ կամ բողոքել վիրավորանքից: Այսպիսի մանրուքը, կարծում եմ, շատ ավելի աններելի է, քան անկայունությունը, իսկ թե ինչու է դա այդպես, այնքան ակնհայտ է, որ մատնանշելու կարիք չկա:

Խելամիտ և խորամիտ մարդիկ առավել են հակված բուռն և մշտական կրքեր ունենալու և դրանց զոհը դառնալու: Բայց և հանուն ներկա հաճույքի նրանք չեն վարվի այնպես, որ հետադարձ հայացք նետելիս լցվեն տարակուսանքով և ափսոսանքով: Թերևս, նուրբ միտքը ենթակա չէ ավելի մեծ տառապանքի, չհաշված մեղքի զգացումը, քան այն գիտակցումն է, որ իր սիրո առարկան մեկն է, ում սեփական բանականությունը հավանություն չի տալիս: Իմ համոզմամբ, այսպես հաճախ է պատահում, երբ արդյունքում  կա՛մ կիրքը պետք է արմատախիլ արվի, կա՛մ շարունակաբար մեղմացնող հանգամանքներ ու արդարացումներ հնարելը պիտի վնասեն միտքը և նվազեցնեն առաքինության հանդեպ հարգանքը: Սերը, առանց հարգանքի, շուտով կսպառվի կամ կհանգեցնի այլասերման, ինչպես և հակառակը, երբ սիրո առարկան արժանի մարդ է, սերը կատարելագործվելու ամենամեծ խթանն է դառնում և լավագույնս ազդում է բարքերի և բնավորության վրա: Մենք պետք է միշտ փորձենք մտքում սահմանել մարդուն սիրելու ռացիոնալ հիմքերը, որպեսզի կարողանանք վերհիշել դրանք զզվանք կամ վրդովմունք զգալիս, այնուհետև պետք է սովորենք հանդուրժողականություն դրսևորել՝ խուսափելու տան ներքին խաղաղությունը խաթարող մանր վեճերից: Կինը չի կարող արդարացիորեն դժգոհ լինել, եթե կապված է խելամիտ և բարի տղամարդու հետ, թեև այդ տղամարդը կարող է չլինել այնպիսին, ինչպիսին կինը կցանկանար:

Ես շատ հեռու եմ այն մտքից, թե սերը անդիմադրելի է կամ թե անհաղթելի: «Եթե թույլ կանայք մոլորվում են», նրանք են մեղավոր, ոչ թե աստղերը: Վճռական ջանքերի շնորհիվ գրեթե միշտ հնարավոր է հաղթահարել դժվարությունները: Ես ճանաչում էի կնոջ, որը ջերմորեն կապված էր մի հաճելի տղամարդու հետ, բայց տեսնում էր նրա թերությունները. տղամարդու սկզբունքներն անհաստատ էին, իսկ վատնող հակումները կպարտադրեին կնոջը զսպել իր սրտի բոլոր բարեսեր զգացումները: Կինը ջանքեր գործադրեց իր ազդեցությամբ նրան բարեփոխելու համար, բայց տարիների շարունակական փորձերն ապարդյուն անցան: Համոզվելով, որ դա անհնար է, որոշեց չամուսնանալ նրա հետ, թեև ստիպված եղավ բախվել աղքատությանը և դրան ուղեկցող դժվարություններին։

Գրողների շրջանում չափազանց տարածված կարծիք կա, որ սիրել կարելի է միայն մեկ անգամ, թեև ինձ թվում է, որ սիրտը, որն, ընդհանուր առմամբ, ընդունակ է տպավորություններն ընկալելու և տարբերելու, կշրջվի դեպի սիրո նոր առարկա, երբ առաջինին անարժան համարի։ Համոզված եմ, որ դա իրագործելի է, երբ մտքում առաջին տեղը զբաղեցնում է առաքինության հանդեպ հարգանքը, իսկ կատարելության պատկերացումները կայունությանը չեն հավասարվում: Շատ տիկնայք նրբագեղորեն տանում են իրենց դժբախտությունը՝ պատկերացնելով, թե սգում են սիրելիի կորուստը, մինչդեռ լի են ինքնաբուխ ծափահարություններով և մտորումներով իրենց գերագույն կատարելության ու մաքրության մասին: Ցավոտ զգացմունքները երկարաձգվելով դուրս են գալիս իրենց բնականոն հունից՝ բավարարելու մեր՝ հերոսուհի երևալու ցանկությունը, և մենք խաբում ենք և՛ մեզ, և՛ ուրիշներին: Երբ ճակատագրի մի հանկարծակի հարված զրկում է նրանցից, ում սիրում ենք, մեզ համար հեշտ չէ հաղթահարել այդ փորձությունը։ Սակայն երբ մենք հասկանանք, որ կրքերը մեզ մոլորեցրել են, սեփական երևակայությունն է գունավորել պատկերը, կարող ենք վստահ լինել, որ ժամանակը կհեռացնի այն մեր հիշողությունից: Քանզի մենք չենք կարող մտածել մեր անմտությունների մասին՝ առանց հաճախ ինքներս մեզնից դժգոհելու, և նման մտքերը արագ վանում ենք։ Սովորությունն ու պարտականությունը զուգակցված կլինեն, և կրոնը կկարողանա հաղթահարել այն, ինչի դեմ բանականությունն ապարդյուն էր պայքարել։ Բայց մաքրությունն ու սերը հաճախ կարելի է շփոթել միմյանց հետ, և զգայունությունը, որն առաջացնում է այս տեսակի անկայունություն, ենթադրաբար հակառակ ազդեցությունը կունենա:

Ոչինչ չի կարող ավելի շատ հոգեկան անդորրը կործանել, որքան պլատոնական կապերը: Դրանք սկսվում են մաքրաբար և հաճախ ավարտվում են վշտով, եթե ոչ՝ մեղքով: Երկու ծայրահեղությունները հաճախ հանդիպում են, և չափից դուրս առաքինությունը երբեմն հանգեցնում է հակառակ ազդեցությանը՝ անառակության: Բնավ միտում չունեմ ակնարկելու, թե տարբեր սեռի մարդկանց միջև ընկերություն գոյություն չունի։ Ես հակառակում եմ համոզված, միայն ուզում եմ նշել, որ եթե կնոջ սիրտն ազատ է, նա չպետք է տեղի տա հաճելի մոլորությանը, և պատկերացնի, թե կբավարարվի մի տղամարդու ընկերակցությամբ, որով նա հիանում է և վեր դասում մնացածից: Սիրտը նենգ է, և եթե մենք չփայփայենք նրա առաջին զգացմունքները, ապա հետագայում չենք կարողանա կանխել անկարելիությունից ծնված նրա հառաչանքը: Եթե կան միության համար անհաղթահարելի արգելքներ, փորձեք անտեսել վտանգավոր քնքշությունը, այլապես դա կխաթարի ձեր հանգիստը և կմղի բազում սխալների: Ծիծաղելի է մեզ այլ մարդկանցից վեր դասել փորձելը։ Մենք չենք կարող վերացնել մեր կրքերը, և ոչ էլ անհրաժեշտություն կա դա անելու, թեև երբեմն խելամիտ կլինի շատ չմոտենալ անդունդի եզրին, որպեսզի չընկնենք նախքան դա գիտակցելը: Մենք չենք կարող խուսափել բարկությունից և վշտից, և, եթե  խոհեմ լինենք, խելամտորեն կվայելենք արևի այն շողերը, որոնք չեն վտանգում մեր անմեղությունը կամ հանգեցնում ապաշխարության: Սերը գեղեցկացնում է կյանքի բոլոր բնագավառները, և թեև այն չի կարող միշտ բացառել անտարբերությունը, դրա շնորհիվ շատ հոգսեր մեզ չնչին են թվում: Դեկան Սվիֆթը [1] ատում էր աշխարհը, սիրում էր միայն հատուկենտ մարդկանց, սակայն հպարտությունը առավել էր նրանց հանդեպ տածած սիրուց: Մարդկային տեսակի սովորական ցանկություններից և կարիքներից վեր լինելու նրա անմիտ ցանկությունը նրան դարձրեց եզակի, բայց ոչ հարգանքի արժանի: Սվիֆթն իր քմահաճույքի համար զոհաբերեց սիրալիր կնոջը և ստիպեց խուսափել իր ընկերակցությունից նրանց, ովքեր կզվարճանային և կբարեփոխվեին նրա զրույցից, եթե նա սիրեր որևէ մեկին այնպես, ինչպես ինքն իրեն: Համընդհանուր բարությունն առաջնային պարտականություն է, և մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի որևէ կիրք չթուլացնի մեր միտքն ու բարի լինելու ցանկությունը: Հիացմունքի բոլոր երազանքներից հետո երկրային հաճույքները չեն լցնի միտքը կամ չեն օժանդակի դրան, եթե նրանք չունեն բանականության հավանությունը կամ չափազանց կախված են դրանից: Կրքի եռուզեռը կդադարի, և նույնիսկ հիասթափության ցավը մի օր կանցնի: Բայց ամբարիշտների համար կա մի որդ, որը հավերժ կրծելու է հոգին՝ խիղճը։ Մինչդեռ այն հանգիստ գոհունակությունը, որը առաջացնում է խոնարհությունը, և որը հնարավոր չէ նկարագրել, բայց կարող է ձեռք բերվել նրանց կողմից, ովքեր ձգտում են մնալ դեպի երանություն տանող նեղ ու փշոտ ճանապարհի վրա, կսրբացնի վիշտը և կազնվացնի առաքինի  բնավորությունը:

Թարգմանիչ՝  Հասմիկ Խաչատրյան (Hasmik Khachatryan)


Ամուսնություն

Վաղ ամուսնությունները, իմ կարծիքով, արգելք են զարգացման համար: Եթե մենք ծնվել ենք միմիայն «սնունդ հայթայթելու, բազմանալու և փտելու համար», ապա որքան շուտ մոտենայինք արարչության ավարտին, այնքան լավ կլիներ։ Սակայն, քանի որ կնոջը թույլ է տրված հոգի ունենալ, հարկավոր է հոգ տանել դրա համար։ Երիտասարդության տարիներին կինը ձգտում է հաճոյանալ մյուս սեռին, որպեսզի, որպես կանոն, հաջողի ամուսնանալ, և այդ ձգտումը գործի է դնում նրա բոլոր ուժերը: Եթե կինը միջին կրթություն է ստացել, ապա հիմքն է միայն դրված, քանզի միտքը հասունացման արագորեն չի հասնի և չպետք է տարված լինի կենցաղային հոգսերով նախքան որոշակի սովորությունների ձևավորումն ու ամրապնդումը: Կրքերը նույնպես չափազանց մեծ ազդեցություն ունեն դատողության վրա, որ պատշաճ կերպով ուղղորդեն նրան այս կարևորագույն հարցում. շատ կանայք, իմ համոզմամբ, մինչև քսան տարեկանը լրանալը կարող են այնպիսի տղամարդու հետ ամուսնանալ, որին մի քանի տարի հետո գուցե մերժեին: Շատ հաճախ, երբ կրթության վրա աչք է փակվում, միտքը զարգանում է ինքնուրույնորեն, եթե կա խորհելու համար ազատ ժամանակ և ներհայման առարկա։ Սակայն ինչպե՞ս միտքը զարգացման անցնի, երբ կանայք ստիպված են գործել առանց մտածելու ժամանակ ունենալու կամ գիտակցել, որ դժբախտ են ամուսնության մեջ: Եվ․ նույնիսկ, եթե կինը բախտի բերմամբ լավ ամուսին ունենա, միևնույն է, վերջինիս ըստ արժանվույն չի գնահատի. կնոջ աչքերում նա կզիջի վիպական ասպետներին, իսկ գիտելիքների պակասը հաճախ կստիպի զզվանք տածել նրա նկատմամբ, մինչդեռ խնդիրը մարդկային էության մեջ է:

Երբ կնոջ միտքը որոշակի ուժ է ձեռք բերում, նա սովորաբար ավելի մեծ ուշադրություն է դարձնում իր գործողություններին, քան ակնկալվում է պարմանուհուց, և, եթե լրջությամբ մոտենա այս հարցին, կյանքի ուղեկից կընտրի սկզբունքային մարդու։ Թերևս, սա այն է, որով երիտասարդները բավարար չափով չեն զբաղվում կամ չեն նկատում դրա անհրաժեշտությունը: Զգայուն կինը խիստ կվրդովվի, եթե պարտավոր լինի զերծ պահել իր երեխաներին սեփական հոր ընկերակցությունից, որպեսզի նրանց բարոյականությունը վերջինիցս վնասներ չկրի։ Եվ բացի այդ, կրթության ողջ ծանր գործը կնոջ ուսերին կընկնի, ինչը դժվարակատար զբաղմունք է։ Երեխաների կրթությանը հետևելը կարող է նյարդայնացնող լինել, երբ թվում է, թե կյանքն այնքան հմայքներ ունի, ու դրա հաճույքները պատիր չեն: Շատերը, դեռ նոր վերադարձած վարժարանից, հայտվում են ընտանիքի գլխի դերում, իսկ թե որքանով ընդունակ կլինեն այն կառավարելու, թողնում եմ ձեր դատողությանը: Մի՞թե նրանք կարող են բարելավել երեխայի ընկալունակությունն այն դեպքում, երբ իրենք ընդամենը երեկ են հրաժեշտ տվել մանկությանը:

Հաճախ նաև զգացվում է բարքերի արժանապատվության ու պատշաճ զսպվածության պակասը: Չափից դուրս մտերմության մշտական ուղեկիցն արհամարհանքն է: Կանայք հաճախ նախքան ամուսնությունը խիստ պարկեշտ են ձևանում, իսկ հետո մտածում են, թե կարող են անմեղորեն տեղի տալ գորովանքին և դրանով պարուրել խեղճ տղամարդուն: Նրանք կարծում են, որ արդեն օրինական իրավունք ունեն ամուսնու սիրո նկատմամբ, ուստի թերանում են հաճոյանալու իրենց ջանքերում: Պարկեշտության հազար ու մի անուն կա, որ բխում է առողջ դատողությունից, կան հոգածության անխորամանկ ապացույցներ, որ սրտից են հորդում և սրտին կհասնեն, եթե այն անապական է: Մտքովս երբեմն անցնում է, որ կնոջը բավական է ստանալ շոյանքներ, ոչ թե փոխանցել: Նա պետք է տարբերի գորովանքն ու քնքշությունը: Վերջինս կյանքի ամենաքաղցր հաճույքն է, սակայն, ինչպես բոլոր մյուս հաճույքները, պետք է վերապահված լինի որոշակի առիթների համար՝ ոգին բարձրացնելու, երբ ընկճված են հիվանդությունից կամ խեղդված վշտի մեջ: Զգայունությունը լավագույն ուղեցույցն է: Որոշ նրբություններ երբեք չեն կարող մատնանշվել կամ նկարագրվել, թեև խոր ապրում են սրտի մեջ և մխիթարում անհանգստության ժամերին:

Կինը պետք է բավականաչափ հպարտ լինի, որ հեշտությամբ մոռացության չտա կանխամտածված վիրավորանքը, թեպետ հարկավոր չէ հապճեպ վրդովվել ամեն թեթև սառնությունից: Մենք չենք կարող մշապես միևնույն հոգեվիճակի մեջ լինել, և բոլորս էլ ենթակա ենք բնավորության փոփոխությունների՝ առանց հիմնավոր պատճառի:

Կյանքի դատարկությունը լցնելու համար հաճախ պետք է դիմել բանականությանը, սակայն մեր սեռի շատ ներկայացուցիչներ հրաժարվում են վերջինիցս՝ անգործ պառկելու համար: Մի փոքր ծաղրով ու սրամիտ արտահայտություններով միայն նրանք հաճախ հերքում են փաստերն՝ առանց հակառակը համոզելու և կատակներ անում՝ լոկ քնքշություն ստանալու համար, նույնիսկ, երբ արդյունքում կորցնում են կողակցի հարգանքը:

Ասում են՝ կանայք թույլ սեռ են, և այս թուլությունը շատ դժբախտություններ է բերում: Տղամարդիկ որոշ առումներով մեծ առավելություն ունեն: Եթե նրանք միջին ընկալունակություն ունեն, այն զարգացնելու հնարավորությունն առկա է մշտապես։ Տղամարդիկ ստիպված են տեսնել մարդկային բնությունն այնպիսին, ինչպիսին այն կա, և ազատ չեն կանգ առնելու սեփական երևակայության պատկերների վրա: Ոչինչ, համոզված եմ, մարդու մեջ այնքան շատ ունակություններ չի սերմանում, որքան աշխարհի դեմ պայքարելու պարտավորվածությունը, իսկ սա ամուսնացած կնոջ բնագավառը չէ: Կնոջ գործունեության ոլորտը փոքր է, և եթե նրան չեն սովորեցնում նայել սեփական սրտի մեջ, ապա որքա՜ն չնչին են նրա զբաղմունքներն ու ձգտումները։ Ի՜նչ փոքր հարցեր են գրավում և սահմանափակում նրա միտքը։ «Խորամանկությունը լցնում է խելքի բացակայության վիհը», և սիրտն ու հասկացողությունը չբարեկարգող հոգսերն են խլում կնոջ ուշադրությունը: Իհարկե, նա դառնում է մանկական զայրույթի և անմիտ, քմահաճ հումորի զոհ, որ ավելի շուտ աննշան, քան թե արատավոր են նրան դարձնում:

Բարենպաստ իրավիճակում զարգացած միտքը կնոջն անհրաժեշտ է ինքնաբավ լինելու համար, իսկ դժբախտության մեջ դա նրա միակ սփոփանքն է։ Խելամիտ, նուրբ կինը, որ ինչ-որ տարօրինակ պատահականությամբ կամ սխալմամբ կապվել է հիմարի կամ գազանի հետ, պիտի որ բոլոր թշվառներից թշվառ լինի, եթե նրա հայացքները սահմանափակված են ներկա վիճակով: Արդ, որքան կարևոր է մտավոր զարգացումը, երբ դրանից է կախված մեր ներկա անդորրն ու ապագա երջանկությունը:

Կրոնական սկզբունքները պետք է ամուր պահվեն, և միտքը չպետք է տատանվի վշտի մեջ, երբ ոչ մի այլ կողմից օգնության ձեռք մեկնող չկա: Այն համոզմունքը, որ ամեն ինչ մեր օգտին է կատարվում, ճարահատյալ համակերպության չի հանգեցնի՝ զրկելով ամենաբաղձալի հույսերից։ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչպես կարող են այս համոզմունքը չունեցողները բավարարություն զգալ։ Ավելի շատ հակված եմ նրան, որ այս մարդիկ կդիմեն ինչ-որ աշխարհիկ աջակցության՝ ընկնելով անմիտ, եթե ոչ արատավոր վիճակի մեջ: Քանզի մի փոքր կատարելագործումը կնոջը տանում է դեպի կրքերի աշխարհ, եթե նա կրոնապաշտ չէ։ Ավելին՝ չկա իրական զգացմունք առանց դրա, ոչ էլ գուցե որևէ այլ արդյունավետ փորձաքար կրքերի համար:

Թարգմանիչ՝ Մարիամ Անտիկյան  (Mariam Antikian) 

Ծանոթագրություն

[1] (թարգմանչի կողմից) «դեկան»-ը միջնադարում վանքի կառավարման գործում վանահոր օգնականը կամ ավագ քահանան էր։

Բնօրինակի հեղինակ՝ Mary Wollstonecraft, The Project Gutenberg eBook


«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն © Բոլոր իրավունքները պաշտպանված են: