2022 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով իբր «բնապահպան-ակտիվիստներ», փակել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, որը, Եռակողմ հայտարարության համաձայն, անցնում է Լաչինի միջանցքով՝ կապելով Արցախը (Լեռնային Ղարաբաղ) Հայաստանի և արտաքին աշխարհի հետ։ 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանը հայտարարել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին՝ Հակարի գետի կամրջի վրա ադրբեջանական անօրինական հսկիչ անցակետ տեղադրելու մասին։ Ապրիլի 28-ին ադրբեջանական այսպես կոչված «բնապահպան ակտիվիստներին» փոխարինել են ադրբեջանական ոստիկանության և այլ ծառայությունների ներկայացուցիչներ։ Հունիսի 15-ից 10 օրով արգելվել է նաև խաղաղապահների տեղաշարժը, հունիսի 25-ից վերսկսվել է ԿԽՄԿ-ի գործունեությունը, սակայն արգելվել են Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։ Արգելված է նաև խաղաղապահների կողմից սննդի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը:
Շարունակվող շրջափակումը, որի հետևանքով ֆիզիկապես խոչընդոտվել է Արցախի միակ ճանապարհի գործունեությունը, Արցախի 120 000 բնակչությանը, ներառյալ 30 000 երեխաներին, թողել է լիակատար մեկուսացման մեջ՝ հանգեցնելով մարդու անհատական և հավաքական իրավունքների զանգվածային խախտումների, ինչպես նաև գոյաբանական և անվտանգության բազմակողմ սպառնալիքների:
Ամբողջական շրջափակմանը զուգահեռ Ադրբեջանը միտումնավոր խաթարում է Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ գազամատակարարման, էլեկտրամատակարարման և կապի ու հաղորդակցության բնականոն աշխատանքը՝ նպատակ ունենալով էլ ավելի սրել առանց այն էլ ծանր մարդասիրական ճգնաժամը և մարդկային տառապանքներ պատճառել Արցախի բնակչությանը։
Արցախի շրջափակում․ սով, ցեղասպանվելու վտանգ, ապրելու հույս
«Ինադու» փոդքասթ | Էպիզոդ 1
Փոդքասթի հեղինակները ուսուցչուհի, բլոգեր Նինան և հաղորդավարուհի, դերասանուհի Շողերն են։ Այս փոդքասթի միջոցով նրանք փորձում են ներկայացնել կյանքը շրջափակված Արցախում՝ առաջին օրերից մինչև ներկա իրականություն, կիսվում են իրենց հույզերով, հոգսերով և սպասումներով։ Զրույցի այս ոճը ընտրելու նպատակը շրջափակված արցախյան իրականությունը ի ցույց դնելն է։ «Իրադարձությունները այնքան արագ են փոխվում ու այնքան ասելիք կա, որ հեռուստացույցով ոչ մի հաղորդում, ոչ մի նյութ կամ ինստագրամում արված ոչ մի փոստ չի կարող պատմել այն ինչ կատարվում է»,-ասում է Նինան։
Շրջափակման լուրը լսելիս Շողերը Արցախում չի եղել՝ Հայաստանից հյուրախաղերով պատրաստվում էր մեկնել Եվրոպա։ «Այդ պահին չկար լրջությունը, գիտակցումը, որ այս ամենը շատ երկար է տևելու ․․․ մտածում էի, որ պարզապես հերթական սադրանքն է»։ Հյուրախաղերից հետո Շողերը հայրենիք վերադառնալու համար դիմում է Կարմիր խաչին և մեծ դժվարությամբ կարողանում է տուն վերադառնալ․ «Եվ մինչև հիմա, երբ Ստեփանակերտում եմ, չեմ կարող պատկերացնել դուրս գալ Ստեփանակերտից՝ երբևէ, որովհետև ինձ թվում է, որ այդ ճանապարհը նորից ինձ չի վերադարձնելու տուն»։
Իսկ Նինան Արցախում էր, երբ սկսվեց շրջափակումը։ Ներսում նույնպես լուրջ չէին ընդունում շրջափակման լուրերը՝ մտածելով, որ ադրբեջանցիները հերթական անգամ ճանապարները ժամանակավոր փակել են, անջատել գազամատակարարումը։ «Առաջին 10 օրը ոչ մեկ ոչ մի բանի տեղ չէր դնում։ Դրսից զանգում էին լրագրողներ, ուզում էին գալ, կինոներ էին ուզում նկարահանել շրջափակման մասին, իսկ մենք մեզ համար հանգիստ ապրում էինք, ոչ մի աժիոտաժ չկար։ Լրիվ սովորական կյանք էր մեզ համար»։ Բոլորը վստահ էին՝ շուտով ճանապարհը բացվելու է․ կային խաղաղապահներ․ հսկում էին։
Սակայն մի պահ եկավ, երբ խանութներում ոչինչ չկար, չէր գործում նաև կտրոնային համակարգը՝ «դուրս էիր գալիս, մի բան էիր ուզում առնել ու չկար, խանութում ոչ մի բան չկար ․․․ Ինչպե՞ս կարող է այնպես լինել, որ 21-րդ դարում ուտելիք գտնելու հնարավորություն չունենաս»։ Այդ ժամանակ գազամատակարարումը նույնպես անջատված էր։ Ցուրտ էր։
Փորձեցին մի փոքր համակերպվել, որովհետև պետք էր։ Նինան ուսուցչուհի է, իսկ Արցախում կրթական գործընթացները արդեն մի քանի տարի է, ինչ խոչընդոտներով են տեղի ունենում՝ սկզբում կորոնավիրուսի պատճառով, հետո՝ պատերազմի, իսկ հիմա շրջափակման․ «Եթե մենք չգնայինք դպրոց՝ գոնե մինիմալը անելու, կստացվեր, որ մեր երեխաները 3 տարի զրկվում են կրթությունից։ Ինձ թվում է, որ դա կարող է հենց Ադրբեջանի նպատակն էլ լինել։ 20-25 րոպե դաս էինք անում, որ երեխաները լսեն ուսուցիչներին ու գնան տուն»։
Որոշ ժամանակ անց սկսեց գործել կտրոնային համակարգը։ Խաղաղապահները Արցախ սահմանափակ քանակությամբ ուտելիք էին տեղափոխում․ երկար հերթերից հետո որոշները կարողանում էին իրենց կտրոններով ուտելիք ստանալ, իսկ մյուսներն էլ երբեմն երկար հերթերից հետո էլ չէին կարողանում ստանալ՝ «մեկ կիլոգրամ մակարոնը առնելու համար պայքարում էիր»։ Այս ամենի հետ միասին վառելիքի պակասը նույնպես մեծ խոչընդոտ էր հանդիսանում առօրյա կարիքները հոգալու, աշխատանքի գնալու համար, ինչպես նաև ուտելիքի պակասը ինչ-որ կերպ լրացնելու համար ստեղծված փոքր այգիները մշակելուն։
Շրջափակումը, կարծես թե, դարձավ «նորմա»՝ ապրելակերպ։ Գարնան կեսերից, չգիտես ինչու, մտածում էին, որ ճանապարը շուտով բացվելու է։ Սակայն 2023 թ․ ապրիլի 23-ին Ադրբեջանը հայտարարեց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին՝ Հակարի գետի կամրջի վրա, ադրբեջանական անօրինական անցակետ տեղադրելու մասին։ Անցակետի տեղադրումից հետո իրավիճակը ավելի վատթարացավ․ «մենք մտածում էինք, որ իրավիճակը վերահսկողը խաղաղապահներն էին, բայց այս պահին ոչ ոք չի վերահսկում՝ ո՛չ մենք, ո՛չ իրենք, իրավիճակը վերահսկում է մեր թշնամին»։
Հունիսի 15-ից արգելվեց նաև ռուս խաղաղապահների տեղաշարժը: Տասնօրյա արգելափակումից հետո՝ հունիսի 25-ից վերսկսվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Լաչինի միջանցքով, սակայն խաղաղապահներին դեռևս արգելված էր մատակարարել սնունդ և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ: Ադրբեջանը հուլիսի 11-ից արգելափակել էր նաև ԿԽՄԿ-ի կողմից դեպի Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։ «Շատ է փոխվել ընդհանուր մթնոլորտը, մարդկանց տրամադրությունը։ Առօրյան այնքան է դժվարացել, որ ինչքան էլ փորձում ես կենտրոնանալ աշխատանքի, ընտանիքի, ինքդ քո զարգացման, ինքնակրթության վրա, չես կարողանում, որովհետև քո առօրյան քեզնից խլում է թե՛ էներգիա, թե՛ տրամադրություն, թե՛ ժամանակ»։
Երեխա ունեցող ընտանիքների համար շրջափակման մեջ ապրելը շատ ավելի դժվար է։ Պետք է հասցնել աշխատանքի գնալ, կենցաղային գործերն անել, միևնույն ժամանակ, այնպես անել, որ երեխան չճնշվի տիրող իրավիճակից։ Ի տարբերություն «մութ ու ցուրտ» տարիների սերնդի՝ նոր սերունդը ավելի ազատ էր և անծանոթ սահմանափակումներին։
Շողերը մի դեպք է պատմում, երբ երեխան բանան է ցանկացել, սակայն մայրը չի կարողացել տալ. «Երեխան մուլտֆիլմ է նայում և տեսնում է կերպարներից մեկը բանան է ուտում, ասում է.
«-Մամ, բանան։
-Չկա, բալես, չկա բանան, չկա բանան։
-Մամ, բանան։
-Չկա բալես, դե, լավ էլի, խնդրում եմ, էդքան ասում եմ, չկա բանան։
-Հե, մա, բանան։
-Էլ, ասիս վուչ բանան, որովհետև կավոչ բանան, ու ինական չի բանան»։ Երեխան երկար նայում է մորը ու ասում է՝ գոնե, մուլտիկը փոխի, էլի, որ գոնե աչքը չտեսնի»։
Ցավալի է, քանի որ խնդիրը ոչ թե բանան ուտել կամ չուտելն է, այլ ընտրության հնարավորությունից զրկվելն է։ «Մարդիկ կմտածեն, որ մենք պարտադիր ուզում ենք բանան ուտել, բայց, ո՛չ, խնդիրն այն չէ, որ մենք ուզում ենք ամեն օր բանան ուտել կամ, երբ ամեն ինչ լավ էր մենք ամեն օր բանան էինք ուտում։ Հոգեբանորեն, երբ դու գիտես, որ ազատ ես ընտրել՝ ինչ ուզում ես, ու դու ուզում ես էդ պահին ուտել բանան կամ չուտել, կամ ուտել խնձոր կամ ոչ մի բան չուտել, դա ուրիշ է … Իրոք, լավ ապրում ենք առանց բանանի, բայց փաստը այն է, որ ինչ-որ տեղ էդ ամեն անգամ հիշեցնում է, որ մենք անազատ ենք, որ մենք ապրում ենք ոչ նորմալ կյանքով ու ուրիշն է մեր տեղը որոշում…»,-ասում է Նինան։
Չնայած շրջափակման և դրա հետևանքներին՝ Արցախում շարունակվում է կյանքը, մարդիկ շարունակում են աշխատել, գործել․ «Չկա արդարացում՝ բլոկադա, աշխատանքից ուշանալ չկա՝ տրանսպորտ չկա ․․․ կա տենչը ապրելու, շարունակելու կյանքը։ Անգործություն չի, պարապություն չի, տոտալ դեպրեսիայի վիճակի չի, երբ, պարզապես, մարդիկ՝ թևաթափ, ոչինչ չեն ուզում անել, հակառակը փորձում են ավելի շատ անել»։
Ինչո՞ւ չեք գնում, դուրս գալիս Արցախից։ Ինչո՞ւ մինչև հիմա շարունակում եք ապրել Արցախում և ձեր ապագան տեսնում եք Արցախում։
Շողեր․ «Ինադու։ Պարզապես այս իրավիճակը միայն ապացուցում է, որ պետք է ավելի շատ ջանք գործադրեն, եթե ուզում են ինձ իմ տնից հանել, ինձ իմ հայրենիքից հանել։ Եվ, որքան դժվարացնում են, այնքան ավելի շատ է ցանկություն առաջանում իրենց ինադու այստեղ ապրել, լավ ապրել ու երջանիկ լինել»։
Նինա․ «Ինադու, որովհետև ես հասկացել եմ, որ հիմա մենք պատմություն ենք գրում, մենք պատմության մի մասն ենք, և ես չեմ ուզում, որ պատմության գրքերում մենք ունենանք բարոյական հաղթանակ, ես ուզում եմ մենք ունենանք իսկական հաղթանակ, ես ուզում եմ իմ երեխաներին պատմել, թե մենք ոնց ենք պայքարել ու ոնց ենք լավին հասել, ոչ թե պատմեմ, որ ստիպված ենք եղել տեղափոխվել, որովհետև վատ էր։ Չէ, վատ էր ու ես ստիպված եմ եղել պայքարել ինադու բոլորին, ինադու ադրբեջանցիներին, ովքեր ուզում են, որ մենք էստեղից գնանք»։
Պատրաստեց՝ Մարիամ Մանուկյանը
Փոդքասթը՝ «Ինադու 1 | Արցախի շրջափակումը. սով, ցեղասպանվելու վտանգ, ապրելու հույս»
Նյութը հրապարակվում է «Ինադու» փոդքաստի հեղինակներ Նինա Շահվերդանի և Շողեր Սարգսյանի համաձայնությամբ: Տեսանյութի բնօրինակները հրապարակվում են «Ինադու»-ի Youtube-յան էջում: Հրապարակումների տեքստային և վիզուալ հատվածի պատրաստումը, թարգմանությունը իրականացվում են «Ինլայթ»-ի կողմից:
«Ինադու» փոդքաստին աջակցել կարող եք Patreon-ի միջոցով՝ հղմամբ:
Արցախի խնդրի և շրջափաման շուրջ մյուս հրապարակումները կարդացեք Արցախյան քրոնիկոն խորագրի ներքո: