Ներկայացնում ենք «Ազատության» TV-ի «Փոդքասթ. Նորագույն պատմություն» հաղորդման՝ Գևորգ Ստամբոլցյանի հեղինակային ծրագրի՝ «2004-ի ապրիլի 12․ Հայաստանյան ևս մեկ չկայացած հեղափոխության մեկնարկը» էպիզոդի սղագրությունը:
Ուղիղ 20 տարի առաջ Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ երրորդ Հանրապետության պատմության թերևս ամենաողբերգական իրադարձություններից մեկը, եթե ոչ ամենաողբերգականը։ Հաշված վայրկյանների ընթացքում սպանվեցին կառավարության և խորհրդարանի ղեկավարները, օրենսդիրներ և նախարարներ։ Ճիշտ է, հոկտեմբերի 27-ից առաջ էլ Հայաստանում քաղաքական սպանություններ եղել էին, սակայն քչերի մտքով կանցներ, որ ահաբեկիչներն ի վիճակի են անարգել մուտք գործել պետական իշխանության խորհրդանիշ հանդիսացող շենքերից մեկը՝ հարյուրավոր ականատեսների, միացրած տեսախցիկների և ուղիղ ռադիո հեռարձակման պայմաններում՝ սպանելով երկրի ամենաազդեցիկ պաշտոնյաներին։
1990-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում աշխատում էր «Ազատության» խորհրդարանական թղթակից Ռուզան Խաչատրյանը. «Կառավարության հետ պատգամավորների հարցուպատասխանը այսօր նույնիսկ կատակախառը մթնոլորտում էր անցնում: Վարչապետ Վազգեն Սարգսյանը մեր դիվանագիտական կորպուսի որակին վերաբերող հարցին էր պատասխանում, մի քանի րոպե անց՝ ժամը 17։30-ի մոտակայքում, երբ Վազգեն Սարգսյանն արդեն զբաղեցրել էր նիստերի դահլիճում իր տեղը, դահլիճի առաջին մուտքից քիչ ներս որոտալի կրակահերթ հնչեց՝ նշանակետը վարչապետն էր»։
Երբ կրակահերթերը լռեցին, խորհրդարանում հավատարմագրված լրագրողներից շատերը զարմանքով հայտաբերեցին, որ հարձակումն իրականացրած խմբի ղեկավարին շատ լավ ճանաչում են. դա նախկին դաշնակցական, նախկին լրագրող, նախկին ուսանողական ակտիվիստ Նաիրի Հունանյանն էր, որ 1997-ի վերջին էր միայն քառամյա բացակայությունից հետո Ղրիմից վերադարձել Հայաստան։ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Ազգային ժողովի փոխխոսնակներ Յուրի Բախշյանի և Ռուբեն Միրոյանի, նախարար Լեոնարդ Պետրոսյանի և ևս 3 պատգամավորների սպանություններից քիչ անց Հունանյանի զինված խմբի հետ միասին դահլիճում մնացին միայն պատանդառված նախարարնենրը և պատգամավորները։ Լրագրողներին Հունանյանի խումբը բավականին արագորեն ազատ արձակեց։
Այն, որ հոկտեմբերի 27-ը Հայաստանի համար պատմական օր է լինելու դեռ խորհրդարանում տեղի ունեցած ողբերգությունից շաբաթներ առաջ էր պարզ։ Առիթը միանգամայն այլ պետք է լիներ։ 1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի շենքից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ Էջմիածնի մայր տաճարում հայ առաքելական եկեղեցու 132-րդ հովվապետին էին ընտրում։ Էջմիածնից այդ օրը հաղորդում էր Աննա Սաղաբալյանը. «Ազգային ժողովում տեղի ունեցածի մասին առաջին կցկտուր լուրը Էջմիածնում գտնվող պատվիրակներին և լրագրողներին հասավ ժամը 18-ի մատույցներում։ Այս պահից եկեղեցու դռներից դուրս խիստ լարված մթնոլորտ էր, չեմ կարող վստահ լինել, բայց եկեղեցի, կարծես, ոչ մեկի էլ չէին թողնում, որվհետև, երբ արդեն ընտրված կաթողիկոս Գարեգին Բ-ն տեղեկացրեց լուրի մասին, եկեղեցում գտնվողների համար սա անակնկալ էր. «Տեղեկացա, որ պառլամենտում սպանված է մեր հանրապետության վարչապետը։ Չեմ գիդեր լուրը որքա՞ն ճիշտ է և ստուգված։ Ծանր վիրավորված է Ազգային ժողովի նախագահ, պարոն Դեմիրճյանը»։ Ես չտեսա, բայց գործընկերներս հավաստիացրին, թե այս խոսքերից հետո էլ վեհափառին ինչ-որ բան ասացին, որից հետո Գարեգին Բ-ն արդեն կոչ արեց վարչապետ Վազգեն Սարգսյանի համար հոգեհանգստի աղոթք կարդալ»։
Այն նույն ժամին, երբ Էջմիածնում կաթողիկոս էին ընտրում, իրադարձություններն Ազգային ժողովում սրընթաց կերպով էին զարգանում։ Քանի դեռ Նաիրի Հունանյանի խումբն Ազգային ժողովի դահլիճում հարյուրից ավելի պատանդ էր պահում, հայաստանյան իրավապահ կառույցները կաթվածահար վիճակում էին։ Ներքին գործերի նախարարության ղեկավար Սուրեն Աբրահամյանը, որ հարձակման պահին Ազգային ժողովի նիստերի դահլիճում էր եղել, կրակոցների պահին կարողացել էր դուրս գալ այնտեղից։ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը ընդհանրապես Երևանում չէր՝ մեկնել էր Հորադիզ։ Ստեղծված իրավիճակում միակ ուժային կառույցը, որն ի վիճակի եղավ արագորեն կողմնորոշվել և իրավապահ գործառույթներ որդեգրել՝ Բանակն էր։ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով բանակային ստորաբաժանումները վերահսկողության տակ առան Երևան տանող հիմնական մայրուղիները, Ազգային ժողովի տարածքը շրջափակեցին ռազմական ոստիկանության ծառայողները։ Նշենք, ի դեպ, որ Նաիրի Հունանյանի խմբի անդամները ահաբեկչության առաջին իսկ րոպեներից հույսեր ունեին, թե իրենց գործողությունները կարժանանան ժողովրդական լայն աջակցության։
«Նաիրի Հունանյանը լրագրողներին դահլիճից դուրս թողնելու պահին կոչ արեց՝ «դո՛ւրս եք գալիս շուտ ժողովրդին ասում եք՝ եկեք Ազգային ժողով»։ Ավտոմատավորներն այսպիսի արտահայտություններ էլ էին անում՝ «Մեր ազգը վերացնում են, պրծնում ա, արա՛, շուտ արե՛ք», իսկ ավելի ուշ, երբ վերջապես վիրավորներին թույլ տվեցին տեղափոխել, դահլիճի բարձրախոսից լսվում էր Հունանյանի սպառնալիքը պատգամավորներին՝ «ժողովրդին կոչ արեք թող գան»։ Ժողովուրդը Ազգային ժողովի դարպասների մոտ հավաքվել էր, բայց ոչ թե կոչին անսալով, այլ տեսնելու, իանալու, թե ինչ է կատարվում Ազգային ժողովում, մեծ մասն էլ ներսում գտնվող պատգամավորների ու Կառավարության անդամների հարազատներն էին, որոնք եկել էին փութով տեղեկանալու ներսում գտնվողների վիճակի մասին»։
Հայաստանցիների մեծ մասն այդ ժամերին տանն էր՝ գամված հեռուստացույցի էկրաններին։ Հեկտեմբերի 27-ի երեկոյան մարզերի մեծ մասում, սակայն տեղեկատվական վակում էր։ Երևանից դուրս բնակվող հայաստանցիների տեղեկատվության հիմնական աղբյուրն Ազգային հեռուստատեսությունն էր՝ «Հ1»-ը։ Այս հեռուստաալիքը, որտեղ ի դեպ պայմանագրային հիմունքներով 1998-ի սեպտեմբերից մինչև 99-ի փետրվարն աշխատել էր Նաիրի Հունանյանը, հարձակումից հետո միայն պաշտոնական կցկտուր հաղորդագրություններ էր հեռարձակում։ Երևանցիներն ավելի շահեկան վիճակում էին։ Մայրաքաղաքում անկախ հեռուստաընկերություններ ևս կային, որոնց հաղորդած տեղեկատվությունն անհամեմատ ավելի հարուստ էր։ Հոկտեմբերի 27-ի երեկոյան, սակայն մրցակցությունից դուրս էր «Ա1+»-ը, որի լրագրողներին հաջողվեց անգամ հեռախոսային հարցազրույց վերցնել Նաիրի Հունանյանից։ Այդ հարցազրույցում էր, որ Հունանյանը պնդեց, թե Ազգային ժողովի դահլիճում արձանագրված զոհերի նման մեծ թիվ իրենք չէին նախատեսել։
«Ն․Հ․ -Պատահականության արդյունք ա դա։ Զուտ տեխնիկական, կապված փամփուշտի հետ։ Ահավոր ցավալի բան ա, որ շատ պատահական զոհեր են եղել։
Լրագրող․ -Օրինակ կարո՞ղ եք ասել՝ ով էր այդտեղ պատահական։
Ն․Հ․ ”Բացի Վազգեն Սարգսյանից։
Լրագրող․ ”Բոլորը պատահական էին։
Ն․Հ․ ”Այո»։
Հասկանալու համար, թե ինչու էր Նաիրի Հունանյանի խումբը հենց վարչապետ Վազգեն Սարգսյանին թիրախավորել, նախևառաջ պետք է վերհիշել ներքաղաքական այն իրավիճակը, որ ստեղծվել էր Հայաստանում 90-ականների վերջին։ 1998-ի իշխանափոխությունից հետո հայաստանյան իշխանությունը երկփեղկված էր՝ մի կողմում նախագահական թևն էր, որի կորիզը կազմում էին Ղարաբաղից Հայաստան տեղափոխված պաշտոնյաները, մյուս թևում՝ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի աջակիցները։ 99-ի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում այս թևերից մեկը կարողացավ լուրջ առավելություն ձեռք բերել մյուսի հանդեպ։ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի ստեղծած «Միասնություն» դաշինքն ընտրությունների արդյունքում իր ձեռքում կենտրոնացրեց կառավարման լծակների մեծ մասը։ Դա էր թերևս պատճառը, որ երևանյան թերթերն այդ օրերին նախագահ Քոչարյանին անընդհատ համեմատում էին անգլիական թագուհու հետ։ «Միասնության» առաջնորդների սպանությունն իշխանական համակարգում մի հսկայական դատարկ դաշտ էր ստեղծում, որը պետք է լրացներ կամ իշխանության, այսպես կոչված, ղարաբաղյան թևը, կամ էլ Վազգեն Սարգսյանի թիմը։
Վազգեն Սարգսյանի աջակիցները հոկտեմբերի 27-ի երեկոյան Ազգային ժողովում էին։ Ահաբեկչությունից մոտ 3 ժամ անց Խորհրդարան ժամանեց նաև Ռոբերտ Քոչարյանը։ Նախագահի մերձավոր զինակիցը՝ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը, Հորադիզից Երևան հասավ կեսգիշերին մոտ՝ խորհրդարանի մատույցներում առանձնակի ջերմ ընդունելության չարժանանալով։ Այդ գիշեր Ազգային ժողովի դարպասների մոտ տեղի ունեցած միջադեպի ականատեսն էր Հրաչ Մելքումյանը․ «Սերժ Սարգսյանի մեքենան մոտեցավ՝ Դեմիրճյանի կողմից խորհրդարանի դարպասներին, և մի քանի րոպե դարպասները չէին բացում, նույնիսկ, հոխորտանքով այնտեղից ասում էին, երբ պետք լինի կբացենք, միգուցե, կարող է և չբացենք։ Մի քանի րոպե տևած այսպիսի բանավեճից հետո ի վերջո դարպասները բացեցին ու Սերժ Սարգսյանի մեքենան ներս անցավ»։
Ազգային ժողովի տարածքը հսկող զինվորականների նման վերաբերմունքը Սերժ Սարգսյանի հանդեպ թերևս պատահական չէր։ Նաիրի Հունանյանի խմբի հարձակումից մի քանի ժամ անց արդեն օդում թևածում էր հիմնական հարցը՝ ինչո՞ւ Ազգային անվտանգության նախարարությունը չկարողացավ կանխել երկրի քաղաքական ղեկավարության սպանությունը, այն էլ մի իրավիճակում, երբ Նաիրի Հունանյանն աշխարհի ամենագաղտնապահ մարդու համբավը հաստատ չուներ։ Ողբերգությունից ընդամենը 12 ժամ անց լույս տեսած թերթերն արդեն վկայում էին՝ Հունանյանը բազմիցս հրապարակայնորեն և անթաքույց կերպով արտահայտվել էր իր մտադրությունների մասին։ 1999-ի հոկտեմբերի 28-ի մամուլի տեսությունն «Ազատության» եթերում ներկայացնում էր Վաչե Սարգսյանը․ ««Նովայա վրեմյա» թերթը Նաիրի Հունանյանի մասին գրում է․ «Դեռ ուսանողական տարիների նա աչքի էր ընկնում հայացքների ծայրահեղությամբ ու հեղափոխական ռոմանտիկի ֆանատիզմով։ Նրան մոտիկից ճանաչողները պնդում են, որ վերջին կես տարում Նաիրին մշտապես խոսել է իշխանության հանդեպ ուժ կիրառելու անհրաժեշտության ու երկրի ղեկավարության ֆիզիկական վերացման մասին»»։ Հոկտեմբերի 27-ի ուշ երեկոյան Վազգեն Սարգսյանի թիմակիցների համար նաև մեծ անակնկալ էր այն նորությունը, որ Նաիրի Հունանյանն ամիսներ շարունակ եղել է հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Վազգեն Սարգսյանի մերձավոր թիմակից Վահան Շիրխանյանը 2019-ի գարնանը հարապարակված բաց նամակում պնդում է, որ հոկտեմբերի 27-ի երեկոյան ազգային անվտանգության փոխնախարար Գորիկ Հակոբյանն իրեն, Ռոբերտ Քոչարյանին և Գագիկ Ջհանգիրյանին է ներկայացրել Նաիրի Հունանյանի անձնական գործը։
Նախաքննության փուլում արդեն հայտնի դարձավ, որ Հունանյանը Ազգային ժողովում սպանդ կազմակերպելու մտադրության մասին արտահայտվել է Ազգային անվտանգության նախարարության առնվազն մեկ գործող սպայի ներկայությամբ։ Չնայած այս ամենին՝ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ից օրեր անց շարունակում էր պնդել՝ իր ղեկավարած կառույցն ահաբեկչությունը կանխել չէր կարող․ «Որևէ անգամ, որևէ տեղեկություն չենք ստացել նախապատրաստվող այս ոճրագործության վերաբերյալ։ Հավատացնում եմ, որ եթե մենք որևէ տեղեկություն ստանայինք, անպայման անմիջապես և ադեկվատ միջոցներ կձեռնարկեինք» (Սերժ Սարգսյան)։
Կես գիշերից հետո բանակցություններն Ազգային ժողովում շարունակվում էին։ Նաիրի Հունանյանի պահանջը մեկն էր՝ նա ցանկանում էր, որպեսզի իր հետ բանակցի անձամբ Ռոբերտ Քոչարյանը. «Գալիս ա էստեղ, ոչ մեկը իր անձին վտանք չի սպառնում, միասնաբար, բոլորի հետ միասին որոշենք մեր երկրի ապագան»։
Սկզբում ահաբեկիչների հետ բանակցում էր նախագահի աշխատակազմի ղեկավար, Նաիրի Հունանյանին ուսանողական տարիներից լավ ճանաչող Ալեքսան Հարությունյանը։ Հոկտեմբերի 28-ի վաղ առավոտյան Քոչարյանն ի վերջո հանդիպեց Հունանյանի հետ։ Հատուկ ծառայություններն արդեն 20 տարի է ինչ պնդում են, որ այս հանդիպումը ոչ տեսագրվել է և ոչ էլ ձայնագրվել։ Հանդիպումից մի քանի ժամ անց պատանդներն ազատ արձակվեցին, իսկ Նաիրի Հունանյանը խմբի անդամների հետ տեղափոխվեց Ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարան։
Այդ պահից սկսած ինչո՞ւ չկանխվեց ահաբեկչությունը հարցին ավելացավ ևս մեկը՝ ո՞րն էր Նաիրի Հունանյանի խմբի իրական նպատակը, և արդյո՞ք նրանց թիկունքում այլ ուժեր կային։ Հոկտեմբերի 28-ի առավոտյան արդեն ակտիվորեն շրջանառվում էր այն տեսակետը, թե Նաիրի Հունանյանի խումբը միայնակ էր գործում։ ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը նրանց, նույնիսկ, մի խումբ ռոմանտիկներ անվանեց։ «Տպանվորությունն այն է, որ երիտասարդների մի հատ խումբ ինքնուրույն որոշում է ընդունել և փորձել է իրական ացնել այդ որոշումը։ Շուտ է դեռ մեկնաբանել, բայց մի բան հաստատ է, որ տեղի են ունեցել ողբալի դեպքեր, մյուս կողմից էլ Հայաստանը այն վիճակում էր, որ ուշ թե շուտ ինչ-որ մի բան ոնց-որ թե պիտի պայթեր» (Վազգեն Մանուկյան)։
Վազգեն Սարգսյանի կառավարության, այսպես ասած, քոչարյանական թևը ներկայացնող արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի համոզմամբ երկրի բարձրագույն եերեք ղեկավարներից երկուսն գնդակահարած խմբի անդամները այնքան էլ լավ չէին պատկերացնում, թե ինչ են անում։ «Ոչ շատ կշռադատված, ոչ շատ հիմնավորված, էմոցիաների վրա կառուցված՝ հիմնականում, քայլ էր, իրենց համար անսպասելի … մի քիչ էլ, մասսայական փսիխոզն է, չէ՞, ազդում, երբ մարդ գնում է կտրուկ քայլերի, իրենից անկախ մեկ էլ սկսում է ավելի կտրուկ բաներ անել»։
Դաշնակցականները հարձակումից արդեն հաշված ժամեր անց փորձում էին հստակորեն տարանջատվել Նաիրի Հունանյանից, նախկին կուսակցական ընկերոջն ամենամուգ գույներով ներկայացնելով: Միայն կոմունիստների առաջնորդ Սերգեյ Բադալյանն էր, որ հոկտեմբերի 28-ի առավոտյան միանշանակորեն հայտարարեց՝ Հունանյանը միայնակ չէր գործում։ «Շատ միամիտ կլինենինք, եթե համարեին, որ դա միայն էդ հինգ հոգու գործն է։ Ես էդպես չեմ համարում, բոլորովին, և էդպես չեն համարում նաև այն մարդիկ առավել ևս, որոնք դահլիճում եղել են։ Լուրջ դավադրությւոն է, փաստորեն հեղաշրջում կատարելու ցանկությամբ»։ Հայկոմկուսի ղեկավարի տեսակետն ամբողջությամբ համընկնում էր Վազգեն Սարգսյանի թիմակիցների մոտեցումներին։ Հոկտեմբերի 28-ի կեսօրին վարչապետի մերձավոր շրջապատը՝ հիմնականում բարձրաստիճան զինվորականներ, գլխատված կառավարության վազգենական թևի երկրապահներ, ինչպես նաև մի շարք արտախորհրդարանական ուժերի ղեկավարներ, այդ թվում, Հայոց համազգային շարժման ղեկավար Վանո Սիրադեաղյանը հավաքվել էին Պաշտպանության նախարարության այն ժամանակ Աշտարակի խճուղու վրա գտնվող շենքում։
Ընդամենը մի քանի ժամում Վազգեն Սարգսյանի շրջապատը, հատուկ ծառայությունների անգործությունից և Հունանյանի խմբի միայնակ գործելու մասին ակտիվ խոսակցություններից խիստ նյարդայնացած, կարողացավ ուժային երկրորդ կենտրոնը ստեղծել։ Փաստորեն, հակակշռելով Բաղրամյան 26-ին։ Ահաբեկչության հաջորդ օրն արդեն զինված ուժերի հրամկազմը հանդես եկավ կոշտ շեշտադրումներով մի հայտարարությամբ՝ պահանջելով պաշտոնանկ անել Ազգային անվտանգության և ներքին գործերի նախարարներին, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի թիմակիցը համարվող գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Վերջինիս բարձրաստիճան սպայակազմը քննադատում էր Վազգեն Սարգսյանի զինակիցներ Վահրամ Խորխոռունու և Արծրուն Մարգարյանի սպանությունների նախաքննության փաստացի տապալման համար։
Պաշտպանության նախարարությունում ընթացող խորհրդակցությունների մասին «Ազատության» հոկտեմբերի 29-ի եթերում պատմում էր Անուշ Դաշտենցը․ «Վազգեն Սարգսյանի մերձավորագույն ընկերներին ներառող քաղաքական ու զինվորական շրջանակները ԱԺ-ում կատարվածը դիտում են որոշակի պատճառահետևանքային կապի մեջ, այլ ոչ որպես ողբերգական պատահար։ Պաշտպանության նախարարությունում գումարված խորհդակցության մի մասնակից, որը ցանկացավ անհայտ մնալ, որոշ մանրամասներ փոխանցեց քննարկումից։ Զրուցակցիս հավաստիացմամբ գնահատականներ են տրվել նաև Վահրամ Խորխոռունու, Արծրուն Մարգարյանի սպանություններին, դրանք որակվել են որպես Վազգեն Սարգսյանի շուրջը դատարկ տարածություն թողնելու մտածված ծրագրի հետևողական կիրարկում։
Երեք ուժայիններին պաշտոնանկ անելու պահանջին ավելացել է մի անուն ևս՝ «Միասնություն» դաշինքի նախագահ Անդրանիկ Մարգարյանինը։ Բանն այն, որ հրամանատարակզմի տվյալներով պարոն Մարգարյանին նախագահ Քոչարյանը տեսնում է Ազգային ժողովի խոսնակի թափուր մնացած տեղում։, իսկ ԱԺՄ-ի նախագահ Վազգեն Մանուկյանին՝ վարչապետի պաշտոնում։ Հրամանատարակազմը դեմ է թե՛ Վազգեն Մանուկյանի և թե՛ Անդրանիկ Մարգարյանի թեկնածությանը։ Պաշտպանության նախարարությունում ձևավորված կարծիքի համաձայն իշխող կուսակցության նախագահի պահվածքը վարչապետի մահվանից հետո 180 աստիճանով թեքվել է»։
Ապագա վարչապետ, 99-ի հոկտեմբերին «Միասնության» խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Անդրանիկ Մարգարյանից բանակային հրամանատարության դժգոհությունները թերևս օրինաչափ էին։ Ազգային ժողովում տեղի ունեցած ողբերգությունից հետո Մարգարյանը գերադասում էր շփվել իշխանության նախագահական թևի հետ, երբեմն նաև իրավունք վերապահելով սրբագրել բանակայինների դիրքորոշումները. «Նա ոչ թե պահանջում է, այլ ընդամենը նախագահին առաջարկում է։ Դրանք տարբեր խնդիրներ են և հարկավոր չի արհեստականորեն պրոբլեմներ ստեղծել բանակի և նախագահի միջև»։
Վազգեն Սարգսյանի թիմակիցները, նախևառաջ բարձրաստիճան սպայակազմը, սակայն հակված չէին կարծել, թե իրենք նախագահ Քոչարյանի հետ խնդիրներ չունեն։ Հոկտեմբերի վերջին օրերին առկա հիմնական խնդիրը հենց ուժայինների հրաժարականն էր, որին նախագահականում ընդդիմանում էին բոլոր հնարավոր միջոցներով՝ հասկանալով, որ հատկապես Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը էապես կթուլացնի Ռոբերտ Քոչարյանի դիրքերը։ ««Հայկական ժամանակ» թերթը Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից տեղեկացել է, թե երեկ երեկոյան Հանրապետության նախագահի նստավայրից զանգել են և տեղեկացրել, որ Ռոբերտ Քոչարյանը որոշել է, այնուամենայնիվ, ընդունել նշված 3 պաշտոնյաներին զբաղեցրած պաշտոններից ազատելու առաջարկը և, որ մեկ ժամվա ընթացքում հրամանագրերը կընթերցվեն Ազգային հեռուստատեսության եթերից։ Նման բան, ինչպես գիտեք, տեղի չի ունեցել, ինչը պոռթկումներ է առաջացրել բանակի հրամանատարության շարքերում, որոնք մի պահ ցանկացել են դիմել կտրուկ միջոցների։ Գործողությունները կանխվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ջանքերով»։
Ուժայինների հրաժարական մասին այդպես էլ չստորագրված հրամանագիրն ի դեպ միակ հակասական ազդակը չէր, որ այդ օրերին ստացվում էր Բաղրամյան 26-ից։ Ահաբեկչական հարձակումից 2 օր անց պետության միակ ողջ մնացած ղեկավարը սկսեց խոսել պաշտոնից հեռանալու մտադրության մասին։ Ոմանք դա ընկալում էին որպես Քոչարյանի դիրքերի աննախադեպ թուլացման վկայություն, ոմանք էլ որպես բլեֆ և, նույնիսկ, քաղաքական շանտաժ։ «Ազատության» հոկտեմբերի 29-ի եթերում Քոչարյանի հայտարարությունների և դրանց հետևած արձագանքների մասին պատմում էր Հրաչ Մելքումյանը։ «Հավաստի աղբյուրների հավաստիացմամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Ազգային ժողովի և Կառավարության բնականոն գործունեությունը վերականգնելուց հետո ինքը հրաժարական կտա. այդ մասին նա հայտնել է Ազգային ժողովի խմբակցությունների խմբերի և մշտական հաձնաժողովների նախագահների հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպման մասնակիցներից մեկի՝ Կոմկուսի խմբակցության ղեկավար Սերգեյ Բադալյանի խոսքերով՝ «Համենայն դեպս, ես համարում եմ, որ դա լուրջ խոսակցություն չի այս պահի համար, որ այսօր այս պահին դրա մասին խոսելը չի կարելի, առայժմ չի կարելի»»։
Այս հայտարարություններից քիչ անց, սակայն նախագահական թևից սկսեցին կտրականապես հերքել, թե Քոչարյանն ընդհանրապես պատրաստվում է հեռանալ զբաղեցրած պաշտոնից։
«Վահե Գաբրիելյան (նախագահի մամուլի քարտուղար). ” Նման բան չի նախապատրաստվում։
Լրագրող. -Բայց նախագահն ասել է, որ իրավիճակից դուրս գալու հարցերը կարգավորվելուց հետո, երբ բնականորեն աշխատեն Կառավարությունն ու Ազգային ժողովը, ինքը հրաժարական կտա։
Վ. Գ. ”Ոչ, այդպես չի ասվել:
Լրագրող. -Իսկ ինչպե՞ս է ասվել։
Վ. Գ. ”Նախագահի հրաժարականի մասին խոսք չկա։
Լրագրող. -Այսինքն այդ հարցը շարունակություն չունի՞։
Վ. Գ. ”Ես չգիտեմ այդ հարցը ինչ ձևով է շոշափվել, շոշափվել է, թե չէ։ Նման հարց դրված չի։ Նախագահը հրաժարական տալու մտադրություն չունի»:
Հոկտեմբերի 27-ի զոհերի հուղարկավորությունը տեղի ունեցավ նման անառողջ մթնոլորտում՝ մի կողմից նախագահականից հնչող ապակողմնորոշող, երբեմն կեղծ հայտարարությունների ու խոստումների, մյուս կողմից՝ զինվորականների կոշտ պահնջների ու վերջնագրերի ֆոնին։
Հազարավոր մարդիկ դուրս եկան Երևանի փողոցներ վերջին հրաժեշտը Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին, հարձակման մյուս զոհերին։ Պետական գործիչների հուղարկավորությունը զինված ուժերի ազդեցության կտրուկ աճի ևս մեկ խոսուն վկայություն դարձավ։ «Ազատության» հոկտեմբերի 31-ի եթերում այդ մասին պատմում էր Աննա Սաղաբալյանը. «Ժամը 14։30-ի մատույցներում Վազգեն Սարգսյանի աճյունը դուրս բերեցին Օպերայի շենքից և դրեցին ծաղիկներով զարդարած զրահամեքենայից կապված հրանոթի վրա։ Զինվորական համազգեստով մի հոծ խումբ անմիջապես ուղեկցում էր Վազգեն Սարգսյանի աճյունը։ Թումանյան փողոցից դեպի Եռաբլուր տանող ճանապարհին սգո թափորը ուղեկցում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ ղեկավարությունը (Սամվել Բաբայանին նրանց մեջ չնկատեցինք) և Հայաստանի Կառավարության անդամներ։ Նախագահ Քոչարյանին ուղեկցող ԼՂՀ պատվիրակությունը, ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը և էլի մի քանի նախարարներ բարձր սպայակազմից մի փոքր ավելի հետ էին։
Արդեն պանթեոնի մոտ, հավանաբար, Պաշտպանության նախարարության անունից խոսք ասաց փոխնախարար Գեղամ Հարությունյանը, խոսք ասաց նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «99-ի թիվը, ոնց որ, մեր ժողովրդի համար սև տարի դուրս եկավ։ Եվ ինձ համար հատկապես, որովհետև այսօր ես հողին եմ հանձնում իմ երկրորդ եղբորը» (Ռոբերտ Քոչարյան)։ Աճյունը հողին հանձնելուց հետո բարձր սպայակազմը բավական երկարատև մի հավաք անցկացրեց, որին մասնակցում էր նաև Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովը, որ մտերիմ էր Վազգեն Սարգսյանի հետ։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ հեռացավ Լեռնային Ղարաբաղի պատվիրակության հետ»։
Նոյեմբերի սկզբին արդեն Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանի ընթացքում նոր ղեկավարներ ընտրեց։ Կարեն Դեմիրճյանի սպանությունից հետո թափուր մնացած խոսնակի պաշտոնը զբաղեցրեց ՀԺԿ-ական, 98-ի նախագահական ընտրությունների ժամանակ Դեմիրճյանի նախընտրական շտաբը ղեկավարած Արմեն Խաչատրյանը։ Փոխխոսնակներ ընտրվեցին հանրապետական Տիգրան Թորոսյանը և ՀԺԿ-ական Գագիկ Ասլանյանը։ Եվ, եթե խորհրդարանի նոր ղեկավարության ընտրությունը համեմատաբար հանդարտ անցավ, ապա Կառավարության նոր կազմի ձևավորումը Բաղրամյան 26-ի և Վազգեն Սարգսյանի թիմակիցների միջև լարվածության նոր աճի առիթ դարձավ։
Զինված ուժերի հրամանատարական կազմը օրեցօր ավելի մեծ կասկածներ էր տածում Քոչարյանի հանդեպ՝ ենթադրելով, որ Ազգային ժողովում տեղի ունեցած ողբերգության հետքերը նախագահական են տանում։ Նախաքննության հետագա ընթացքը ցույց կտա, որ զինվորականների կասկածներն այնքան էլ անհիմն չէին։ 99-ի նոյեմբերի սկզբին, սակայն բանակը երկու հիմնական պահանջ էր առաջ քաշում՝ առանձնապես չմտածելով դրանց քաղաքական փաթեթավորում տալու մասին։ «Պաշտպանության նախարարությունը ոչ միայն պահանջում է ուժային նախարարների հրաժարականները, այլև հիմա շատ խոսակցություններ կան, որ նրանք կոնկրետ թեկնածուներ են առաջադրում և, ոչ միայն ուժային կառույցներում։ Ե՛վ վարչապետի, և՛ ուժային կառույցների թեկնածուները նրանք կարծես թե արդեն, կոպիտ կլինի ասել, բայց պարտադրում են Հանրապետության նախագահին։ Հիմա էլ շատերը խոսում են, որ այս օրերին Հայաստնում սապոգի հետ է գալիս»։
Մի քանի օր տևած լարվածությւոնն ի վերջո հանգուցալուծվեց վարչապետի պաշտոնում փոխզիջումային թեկնածուի առաջադրմամբ։ «Այս պահին դժվար է ասել, թե հատկապես ում մտքով է անցել վարչապետի պաշտոնի համար առաջ քաշել Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի թեկնածությունը։ Առնվազն երկու աղբյուր է նշվում, այդ թվում՝ գեներալ Մանվել Գրիգորյանին, որը ավելի շատ է «Էջմիածնի Մանվել» անունով։ Չեմ կարող ասել, թե դրանք որքանով են հավաստի, բայց այն փաստը, որ այսօր Արամ Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանի շիրիմին է այցելել «Էջմիածնի Մանվել» և «Հոկտեմբերյանի Սեյրանի» ջոկատների ուղեկցությամբ, ցույց է տալիս, որ նա վայելում է հեղինակավոր զինվորականների աջակցությունը։ Ամեն դեպքում «Միասնության» դաշինքում միայն Արամ Սարգսյանի թեկնածությունը չի քննարկվել։ Այդ մասին մեզ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Ասլանյանը․ «Ե՛վ Արամ Սարգսյանի, և՛ Սմբատ Այվազյանի, և՛ Ալբերտ Բազեյանի, և՛ Շրխամյանի․․․»»։
Նշանակման օրն արդեն ակնհայտ էր՝ Արամ Սարգսյանը զուրկ է քաղաքական որևէ փորձառությունից։ Մինչև վարչապետ նշանակվելը նա զբաղեցնում էր Արարատի ցեմենտի գործարանի ղեկավարի պաշտոնը։ Վազգեն Սարգսյանի զինակիցների համար նրա եղբոր վարչապետ նշանակում յուրատեսակ երաշխիք էր, որ նոր Կառավարությունը ակտիվորեն ձեռնամուխ կլինի նախևառաջ Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը։ Իշխանության քոչարյանական թևը Արամ Սարգսյանի նշանակումը, թերևս, որպես մարտավարական զիջում էր դիտարկում, որ պետք է հնարավորություն տար հանդարտեցնել կրքերը և բանակի հետ խորացող հակամարտության պայմաններում գոնե մի փոքր ժամանակ շահել։ Հաշվարկն արդարացավ նոյեմբերի 10-ին՝ Ազգային ժողովի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ նորանշանակ վարչապետը հանդես եկավ առաջին հրապարակային ելույթով՝ մի կողմից արդարացնելով Զինված ուժերի գործողությունները Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից անմիջապես հետո, մյուս կողմից իր եղբոր ընկերներին հանդարտության կոչ անելով։ «Կարծում եմ՝ Բանակը որոշ առումով այդ օրերին կայունացնող գործոնի դեր կատարեց։ Կարծում եմ, որ Բանակն արժանի է ավելի մեծ ուշադրության։ Շեշտում եմ, որ Բանակը չպետք է դուրս գա քաղաքական դաշտ, չպետք է խառնվի ներքաղաքական գործընթացներին և, ինչպե ասում են, պետք է մնա զորանոցներում» (Արամ Սարգսյան)։
Նոր կառավարության ձևավորման շուրջ քննարկումների և աղմկալի հրաժարականների սպասման մթնոլորտում Հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությունը արձանագրեց առաջին շոշափելի արդյունքը։ Նախաքննությունն ի դեպ վարում էր Վազգեն Սարգսյանի մերձավոր զինակիցներից մեկի՝ Գագիկ Ջհանգիրյանի ղեկավարած զինվորական դատախազությունը: Հենց այս կառույցն էր, որ Ազգային ժողովի վրա հարձակումից մոտ 10 օր անց պաշտոնապես տեղեկացրեց, որ Նաիրի Հունանյանի խումբն առնվազն մեկ հանցակից է ունեցել հենց Ազգային ժողովում՝ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը։ Մովսիսյանն, այսպես կոչված, ապաքաղաքական պատգամավորների թվին էր պատկանում։ Լայն հանրությանը նա հայտնի էր որպես Առաքել Մովսիսյանի՝ ոչ անհայտ «Շմայսի» եղբայր։ 99-ի աշնանն, ի դեպ, «Շմայսն» արդեն մի քանի ամիս քննչական մեկուսարանում է մի շարք տնտեսական և զուտ քրեական հոդվածներով։ Երևանյան մամուլի տեղեկություններով մինչև ձերբակալությունը «Շմայսը» սերտ շփումների մեջ էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հետ։ «90 կողմ, 6 ձեռնպահ և ոչ մի դեմ ձայներով Ազգային ժողովն այսօր համաձայնություն տվեց Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդությանը պատգամավոր Մուշեղ Մովսիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու և դատարանի քննությանը միջնորդություն ներկայացնելու համար։ Նիստերի դահլիճին կից միջանցքում նրան ձեռնաշղթաներ հագցրին և Ազգային ժողով ժամանած սև դիմակավոր, զինված պահակախմբի ուղեկցությամբ տարան։ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդության մեջ նշեց, որ քրեական գործի նախաքննության մարմինը բավարար ապացույցներ է ձեռք բերել, որ Նաիրի Հունանյանի և նրա ղեկավարած հանցախմբի Հոկտեմբերի 27-ին իրագործած ահաբեկչական գործողությունը նախապատրաստվել և իրականացվել է Մուշեղ Մովսիսյանի հանցակցությամբ։ Դեռևս 99 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Մուշեղ Մովսիսյանը ծանոթացել է Նաիրի Հունանյանի հետ, իսկ առաջին հանդիպումից սկսած նրանց միջև ձևավորվել են ընդհանուր հայացքների և գաղափարախոսության վրա հիմնված մտերի փոխհարաբերություններ։ Ըստ գլխավոր դատախազի՝ իրենց բազմաթիվ հանդիպումների ժամանակ Մովսիսյանը Նաիրի Հունանյանին առաջարկել է սպանել Վազգեն Սարգսյանին և, նրա հետ հանցավոր համաձայնության գալով, առաջարկել է ահաբեկչական գործողությունն իրականացնել Ազգային ժողովի նիստերի դահլիճում այն օրը, երբ այնտեղ կլինեն վարչապետն ու Կառավարության անդամները»։
Ազգային ժողովում Աղվան Հովսեփյանի այս ելույթը նրա՝ որպես գլխավոր դատախազ, առաջին պաշտոնավարման ընթացքում վերջին պաշտոնական հրապարակային հայտնությունն էր։ Հովսեփյանը դեռ կվերադառնա գլխավոր դատախազի աշխատասենյանկ՝ տարիներ անց։ 1999-ի նոյեմբերին, սակայն Ռոբերտ Քչարյանը ստիպված էր տեղի տալ Վազգեն Սարգսյանի շրջապատի ճնշմանը՝ զոհաբերելով թե՛ գլխավոր դատախազին, թե՛ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանին։ Գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվեց Վ ազգեն և Արամ Սարգսյանների համերկրացի Բորիս Նազարյանը, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարների պարագայում Կառավարությունն ու Քոչարյանը ի վերջո համաձայնության եկան, այսպես կոչված, ապաքաղաքական, տեխնիկական թեկնածուների շուրջ։ Դեռ հոկտեմբերի 27-ի երեկոյան հրաժարական ներկայացրած Սուրեն Աբրահամյանի փոխարեն ներքին գործերի նախարար նշանակվեց Հայկ Հարությունյանը։ Ազգային անվտանգության նախարարի պաշտոնը ստանձնեց Կառլոս Պետրոսյանը։ Սերժ Սարգսյանը լքեց անվտանգության նախարարությունը՝ տեղափոխվելով Բաղրամյան 26։
Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Սերժ Սարգսյանը նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավար և անվտանգության խորհրդի քարտուղար։ Սերժ Սարգսյանի նշանակումից մի քանի օր անց ակնհայտ դարձավ նախագահական թևի դիրքորոշումը գնալով կարծրանում է։ Քոչարյանն ու իր թիմը չեն հեռանալու և պայքարելու են մինչև վերջ։ Սա էր 1999-ի դեկտեմբերին Սերժ Սարգսյանի ասուլիսի առանցքային ուղերձը։ «Ռոբերտ Քոչարյանը նպատակ չունի հրաժարական տալու և, ընդհանրապես, նրա մտքով չի էլ անցնում» (Սերժ Սարգսյան)։
Սերժ Սարգսյանը նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում փոխարինել էր Ալեքսան Հարությունյանին, որն էլ տեղափոխվեց նախագահի խորհրդականի հաստիքին։ Հարությունյանն այն ժամանակ համարվում էր Քոչարյանի ամենամերձավոր զինակիցներից մեկը՝ նախագահի շուրջ ձևավորված շատ սակավաթիվ շրջանակի կարևոր մի անդամ։ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Գիշի գյուղում ծնված, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ Հարությունյանն 99-ին ընդամնը 34 տարեկան էր։ Նա, սակայն արդեն իսկ հասցրել էր Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին աշխատել որպես նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հետագայում տեղափոխվել էր Ֆրանսիա՝ 3 տարի պաշտոնավարելով Փարիզում Հայաստանի դեսպանատանը, ապա նաև աշխատել էր Երևանում որպես Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ։ 1997-ի գարնանից Ալեքսան Հարությունյանը նորանշանակ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի կողքին էր՝ սկզբում որպես կառավարության, ապա նախագահի աշխատակազմի ղեկավար։
Հոկտեմբերի 27-ի երեկոյան Նաիրի Հունանյանի հետ, Քոչարյանի հանձնարարությամբ, հենց Ալեքսան Հարությունյանն էր բանակցում։ 99-ի դեկտեմբերին, սակայն Ռոբերտ Քոչարյանի թիմի առանցքային այս անդամի գլխավերևում ամպեր էին կուտակվում։ Նախաքննական մարմինը պնդում էր, որ Նաիրի Հունանյանի խմբի գլխավոր ուղորդողը հենց Ալեքսան Հարությունյանն էր։ 99-ի դեկտեմբերին արդեն պարզ էր՝ նախաքննության նման ընթացքը նախագահի շրջապատին շփոթեցրել է։ «ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների առնչությամբ շրջանառության մեջ է դրվել լուրեր, որոնք առնչվում են նաև ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի անվանը։ Ցանկանալով, որ իր գրաված դիրքը որևէ կերպ չխոչընդոտի անաչառ քննության անցկացմանը, պարոն Հարությունյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացրել է իր հրաժարականի դիմումը» (Վահե Գաբրիելյան՝ նախագահի մամուլի քարտուղար)։
Քոչարյանը հրաժարականի դիմումն ընդունեց։ Իշխանության ներսում, սակայն կրքերը չէին հանդարտվում։ ««Հայկական ժամանակի» լրատվությամբ՝ երեկ երեկոյան տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, իսկ թե ինչքանով է այդ նիստը կապվում Ալեքսան Հարությունյանի շուրջ բարձրացած աղմուկի հետ, պաշտոնական աղբյուրներից պարզել չի հաջողվել, սակայն «Ալեքսան Հարությունյանի շուրջ ծավալված աշխուժության արդյունքում երեկոյան վիճակը Երևանում բավականաչափ սրվեց։ Ուշ երեկոյան տագնապի վիճակի են բերվել ազգային բանակի ստորաբաժանումները»»։
Ալեքսան Հարությունյանի ձերբակալության հիմք հանդիսացան Նաիրի և Կարեն Հունանյանների ցուցմունքները։ Եղբայները պնդում էին, որ հոկտեմբերի 27-ի հարձակմանը նախորդած շաբաթներին Նաիրի Հունանյանը մի քանի անգամ հանդիպել է Ալեքսան Հարությունյանի հետ։ Մի հատված Նաիրի Հունանյանի ցուցմունքներից։ «Ալեքսան Հարությունյանն ինձ բացատրել է, թե ինչի համար է անհրաժեշտ այդ գործողությունը և, որ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի պատճառով միջազգային կազմակերպությունները վարկեր չեն տալիս, որ սփյուռքահայերը ներդրումներ չեն անում և, որ երկիրը մտել է փակուղի։ Միակ լուծումը երկրի զարգացման ու բարգավաճման՝ Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին մեջտեղից հանելն է». իր ցուցմունքներում նշում էր Նաիրի Հունանյանը։
Այս ցուցմունքների առկայության պայմաններում կարող էր թվալ, որ Քոչարյանի՝ որպես նախագահի, օրերը հաշված էին։ Եթե անգամ չկար որևէ ապացույց անձամբ նրա ներգրավվածության մասին, միևնույն է հոկտեմբերի 27-ի հետքերը տանում էին դեպի նախագահական նստավայր։ Ռոբերտ Քոչարյանը, սակայն հանձնվել չէր պատրաստվում։ Դեռ նոյեմբերին 4 հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Քոչարյանը հստակ հասկացրեց՝ իր տեսանկյունից հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, հայտնի են կատարողները, հայտնի են հանցակիցները, քաղաքական հովանավորներ ահաբեկիչները չեն ունեցել։ Դեկտեմբերի վերջին հրավիրած ասուլիսում Քոչարյանը լրագրողներին խորհուրդ էր տալիս մեծ հավատ չտածել Նաիրի Հունանյանի ցուցմունքների հանդեպ՝ նաև մարգարեորեն կանխատեսելով, որ զինված խմբի ղեկավարը մի օր իր այդ ցուցմունքները փոխելու է։
2000 թ. սկզբին առաջին հայացքից թվում էր, որ Քոչարյանն անելանելի դրության մեջ է. առանց զինված ուժերի և խորհրդարանական մեծամասնության աջակցության, առանց քաղաքական հենարանի, մի իրավիճակում, երբ Հոկտեմբերի 27-ի նախաքննության ամեն մի նոր բացահայտում սպառնում է էլ ավելի թուլացնել նախագահի դիրքերը։ Այս ամենը, սակայն միայն առաջին հայացքից։ Իրականում միայն Քոչարյանն ու նրա թիմը ակտիվորեն զբաղված էին կուլիսային շփումներով։ Մամուլում պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում Քոչարյանի և իշխանության հակառակ թևի այս կամ այն ներկայացուցչի գաղտնի կամ կիսագաղտնի հանդիպման մասին։ Քոչարյանին հաջողվել էր ամենակարևորը՝ ժամանակ շահել։ Մինչ Արամ Սարգսյանի կառավարությունն ավելի ու ավելի էր խրվում հետհոկտեմբերքսանյոթյան տնտեսության օպերատիվ կառավարման ճահճում, Քոչարյանի թիմն ակտիվորեն վերադասավորվում էր՝ պատրաստվելով անսպասելի հարվածի։ Այն չուշացավ և հասցվեց իշխանության վազգենսարգսյանական թևի ամենակարևոր կետին՝ Զինված ուժերին։ Մարտի 14-ին Քոչարյանը ժամանեց Պաշտպանության նախարարություն՝ բարձրագույն հրամանատարական կազմին տեղեկացնելով ծավալուն կադրային փոխատեղումների մասին։
2000 թ. մարտի 14-ի եթերում Քոչարյանի ստորագրած հրամանգրերի մասին պատմում էր Ռուզան Խաչատրյանը. «Այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններում նշանակելու մասին։ Համաձայն հրամանագրի՝ գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ՝ ազատվելով առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, գեներալ-մայոր Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ՝ ազատվելով չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, գնդապետ Արթուր Աղաբեկյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Հայկազ Բաղմանյանը նշանակվել է հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Լևոն Երանոսյանը նշանակվել է առաջին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սեյրան Սարոյանը նշանակվել է երկրորդ բանակային կորպուսի հրամանատար: Ռոբերտ Քոչարյանի մարտի 14-ի հրամանագրերով գնդապետներ Սեյրան Սարոյանին, Հայկազ Բաղմանյանին և Գուրգեն Մելքոնյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում»։
Երևանյան մամուլի գնահատմամբ՝ Քոչարյանն իր այս հրամանագրերով կարողացավ պառակտել դեռ մի քանի ամիս առաջ իր դեմ միասնական ճակատով հանդես եկող Վազգեն Սարգսյանի զինակիցների տարբեր խմբերին։ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը քաղաքական մեկուսացման մեջ էր։ Հոկտեմբերի 27-ից հետո ամենակտրուկ գործողությունների օգտին հանդես եկող ազդեցիկ երկրապահները հակառակը՝ ընդունել էին Քոչարյանի կողմից իրենց շռայլորեն շնորհված կոչումներն ու պաշտոնները։ «Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ ցույց տվեց, որ մի քանի անգամ ավելի խորամանկ է և պալատական խարդավանքներում շատ ավելի թրծված, քան իրեն հակադրվող ուժերը։ Բանակին առանչվող երեկվա հրամանագրից բխեցնում է «Առավոտ» թերթը՝ «Տակտիկական հաղթանակ» վերնագրի ներքո. «Այս հրամանագրերում առավել ուշագրավ էր Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի պաշտոնների բարձրացումը, որոնցով, հավանաբար, նախագահի մտահղացմամբ կապահովվի երկրապահների լիակատար լոյալությունն իր հանդեպ». նշում է «Առավոտը»՝ ենթադրելով նաև, որ Ռոբերտ Քոչարյանի հաջորդ քայլն է լինելու Վաղարշակ Հարությունյանի և Վահան Շիրխանյանի պաշտոնանկությունը»։ 2000 թվականի մարտի 15-ի մամուլի տեսությունը ներկայացնում էր Վաչե Սարգսյանը։
«Առավոտի» կանխատեսումն, ի դեպ, միանգամայն ճիշտ էր, եթե մի քանի ամիս առաջ թվում էր, թե Քոչարյանն է մեկուսացման մեջ, ապա 2000 թ. մարտ-ապրիլ ամիսներին տրամագծորեն հակառակ իրադրությունն էր ստեղծվել։ Դա ակնհայտ դարձավ այն բանից հետո, երբ ապրիլին մեկը մյուսի հետևից սկսեցին բանտից դուրս գալ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը մեղսակցելու մեջ մեղադրվող գործիչներն, այդ թվում Ալեքսան Հարությունյանը։ Շաբաթներ անց Քոչարյանի կանխատեսմանը համապատասխան՝ Նաիրի Հունանյանը և նրա եղբայրը կփոխեն իրեն ցուցմունքները՝ պնդելով, թե նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը Հոկտեմբերի 27-ի հարձակման հետ որևէ առնչություն չունի։ 2000 թ. ապրիլի վերջին տասնօրյակը, առանց չափազանցության, կարելի էր բնութագրել որպես Արամ Սարգսյանի կառավարության քաղաքական հոգեվարքի շրջան։ Չնայած Ազգային ժողովից հնչող խրոխտ հայտարարություններին, թե ուր որ է մեկնարկելու է Քոչարյանի պաշտոնանկության գործընթացը, ակնհայտ էր՝ Արամ Սարգսյանն ու նրա թիմը զրկվել են այն հաղթաթղթից, որը հնարավորություն էր տալիս նրան հավասարը հավասարին հարաբերվել Քոչարյանի հետ. երկրապահի գործոնը. Արամ Սարգսյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի պաշտոնանկությունների մասին հրամանագրերն ընթերցվեցին 2000 թ. մայիսի 2-ի երեկոյան ժամը 6-ին «Հայլուրի» հատուկ թողարկման ընթացքում։ Երևանում շրջանառվող լուրերի համաձայն հրաժարականին նախորդել են Արամ Սարգսյանի և Քոչարյանի բավական լարված զրույցը. «Նախագահը, ըստ տեղեկությունների, վարչապետի առջև մի այսպիսի հարց է բարձրացրել, որ աշխատանքից պետք է ազատի պաշտպանության նախարարին, Վահան Շիրխանյանին, Անդրանիկ Քոչարյանին։ Վարչապետը չի համաձայնվել և նախագահն արդեն դրել է վարչապետի պաշտոնանկության հարցը»։
Հաջորդ օրն արդեն Ռոբերտ Քոչարյանը Հանրապետության հրապարակում էր՝ Կառավարության շենքում։ Երկրի ղեկավարն այստեղ էր Կառավարության նիստը վարելու համար։ Ներկաների վկայությամբ՝ Քոչարյանը միանգամից էր անցել օրակարգային թեմաներին՝ առանց նախաբանի՝ մեկ բառով անգամ չհիշատակելով Արամ Սարգսյանի պաշտոնավարման և պաշտոնանկության մասին։ Կարծես երկիրը երբեք նման վարչապետ չէր ունեցել։ «Լրագրողներին ներս չէին թողնում և մենք դրսում սպասում էինք նիստի ավարտին ու այդ պահին, մինչ մենք սպասում էինք, ճմռթված շորերով, չսափորված մի հարբեցող էր պտտվում մուտքի մոտ և ելումուտ անողներից 100 դրամի համար 100 դրամ էր ուզում։ Բայց նրան ոչ մեկը փող չէր տալիս՝ «էս ինչ կառավարություն է, մի հատ ալկագոլիկ չի կարում պահի»։ Կառավարության նիստը երկուս ու կես ժամ տևեց,։ Մասնակիցներից ով դուրս էր գալիս իսկույն շրջապատվում էր լրագրողներով։ Հարց Սերժ Սարգսյանին՝ Դուք մտադի՞ր եք վարչապետ դառնալ՝ «Ընդհանրապե՞ս» (ծիծաղում է)»։
2000 թ. մայիսին արդեն պարզից էլ պարզ էր. Վազգեն Սարգսյանի գործոնը Հայաստանի քաղաքական կյանքում վերջնականապես չեզոքացվել է։ Հոկտեմբերի 27-ից ընդամենը կես տարի անց Վազգեն Սարգսյանի վերջին, ամենահավատարիմ զինակիցները հեռանում էին իշխանությունից։ Իշխանական երկբևեռ համակարգը, որ Հայաստանի առանձնահատկությունն էր 98-ի փետրվարից՝ Տեր-Պետրոսյանի հրաժարականից ի վեր, այլևս անցյալում էր։ Գալիս էր նոր մի ժամանակաշրջան, երբ բոլոր կարևոր որոշումները կայացվելու էին մեկ տեղում՝ իշխանավորների մեկ շատ սահմանափակ խմբի կողմից։ Ժամանակաշրջան, որ կշարունակվի շուրջ 2 տասնամյակ՝ ծնելով իր հերոսներին ու հակահերոսներին։
Սղագրությունը` Մարիամ Մանուկյանի