Հունվարի 27-ին՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում (Microsoft Innovation Center), տեղի ունեցավ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության տարեկան Համագումարը:
Ի տարբերություն նախորդ տարիների՝ Համագումարը մի փոքր ձևաչափային փոփոխության էր ենթարկվել։ Հանդիպումը, որին կարող էին մասնակցել նաև «Ինլայթ»-ի գործունեությամբ հետաքրքրված անհատները, ընթացավ պանելային քննարկման միջոցով։
Համագումարը ողջույնի խոսքով բացեց կազմակերպության նախագահ Դավիթ Պետրոսյանը։ Հաջորդիվ կազմակերպության գլխավոր խմբագիր Աննա Խաչյանը և փոխնախագահ Մերի Բաբայանը հարցուպատասխանի միջոցով նախաձեռնացին կազմակերպության 2023 թվականի գործունեության ամփոփումը։ Ելույթներով հանդես եկան նաև բաժինների ղեկավարները։ Անդրադառնալով բաժինների համատեղ ջանքերով իրականացված և ընթացիկ նախագծերին՝ ընդգծվեց նաև «Ինլայթ»-ի՝ այլ կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում իրականացրած ծրագրերը։ Ներկայացվեցին հրապարակված հեղինակային հոդվածները, կատարված թարգմանչական աշխատանքները (ինչպես հայերեն, այնպես էլ հայերենից օտար լեզուներ), արդեն կյանքի կոչված կամ դեռևս ձևավորման փուլում գտնվող նախագծերը։
Ներկայացնենք դրանցից մի քանիսը՝
- «Թվային Հայաստան» (նոր ձևավորվող նախագիծ՝ սոցիալական, մշակութային, տնտեսական և այլ թեմաներ ընդգրկող վիճակագրական տվյալներ՝ ներկայացված ինֆոգրաֆիկաների տեսքով),
- #EnlightVideocast (վիդեոնախագիծ՝ կարճ հարցազրույցների շարք ինլայթցիների հետ),
- #EnlightInfografics (ինֆոգրաֆիկ նյութերի շտեմարան),
- «Ինադու» փոդքասթ (Արցախում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին «Ինադու» փոդքասթի հիման վրա գրված նյութերի շարք)։
Համագումարը շարունակվեց Կանոնադրական մարմինների ընտրությամբ։ Խորհրդի կազմում ընտրվեցին՝ Մարիամ Ջամալյանը, Լուսինե Հովհաննիսյանը, Գոռ Մադոյանը, Վերաքննիչ ընտրվեց Նարե Սմբատյանը, իսկ Վերստուգող՝ Աննա Մինասարյանը:
Կանոնադրական մարմինների նորընտիր ներկայացուցիչները խոսեցին իրենց նպատակների ու հետագա անելիքների մասին՝ առանձնացնելով 3 առաջնահերթ նպատակ, որոնց իրագործումը պետք է նպաստի կազմակերպության զարգացմանն ու առաջընթացին։
- Նոր անդամների ներգրավում
- Մարզային ծրագրերի իրականացում
- Ֆինանսական աղբյուրների դիվերսիֆիկացում
Համագումարն ընթացավ և ամփոփվեց Կազմակերպության ներկային և ապագային առնչվող հարցերի համապարփակ և բազմաբովանդակ քննարկմամբ։
«Ինլայթ»-ի 2023 թվականի գործունեության ամփոփագիրը՝ հղմամբ: