Զանգ 38 | Ականատեսի տպավորություններ (Սարդարապատ, 1918 թ․)

Այս օրերին լրանում է 1918 թվականի մայիսյան հաղթանակների եւ Հայաստանի անկախության հռչակման հերթական՝ 98-րդ տարեդարձը: Հրապարակում ենք թեմային առնչվող մի քանի նյութ՝ վերցված 1918-ի մայիսի մամուլից, որոնք պետք է օգնեն ավելի լավ զգալու այդ օրերի կենդանի մթնոլորտը: Առաջին նյութը գեներալ Նազարբեկյանի կոչն է հայ ժողովրդին Սարդարապատի  ճակատամարտից հետո:

Թեմայի շուրջ կարող եք նայել հետևյալ հրապարակումները՝ Հաղթանակի հավատքովԱ-Դո. Ժողովրդական շարժումը Երեւանում, Երեվանի կոմենդանտ Շահխաթունիի հրամանը (1918 մայիսի 31) եւ Գեներալ Նազարբեկյանի կոչը (1918 մայիսի 25)

Ներկայացնում ենք եւս մի հատված մայիսի 31-ի «Զանգ» թերթից, որտեղ հակիրճ խոսվում է Սարդարապատի գործողության առաջին օրերի մասին: 

Սարդարապատ կայարանը վերցնելու առթիւ. ականատեսի տպաւորութիւններ

Սարդարապատ կայարանի գրաւումը թշնամուց էական նշանակութիւն ունեցաւ, թէ հայ խաղաղ ազգաբնակութեան եւ թէ զինւորների համար։ Մինչ այդ բոլորն էլ բնազդօրէն զգում էին րոպէի լրջութիւնը եւ յուսահատ տրամադրութեամբ Աստուած էին կանչում, փնտրելու մի ելք, դուրս գալու այս ճգնաժամային դրութիւնից։ Ոչ միայն լքւած, անառագաստ ու անղեկ գաղթում է խաղաղ հայ ազգաբնակութիւնը, այլ նաեւ զինւորն էլ իր գլուխը կորցրած հանգրւան էր փնտրում եւ ոչ մի տեղ չէր գտնում։

Դրութիւնը փոխուեց։

Զինւորները այնպիսի վեհ ոգեւորութեամբ առաջ էին շարժւում դէպի ճակատ, որ ոչ մի համեմատութիւն չէր կարելի անել 2 օր առաջ եղած տրամադրութեան հետ․ բոլորն էլ ուրախ էին մեռնելու պատւով, որովհետեւ զգում էին հայ բովանդակ ազգի ֆիզիքական գոյութեան բնաջնջման անխուսափելիութիւնը։ Չափազանց հետաքրքիր էր այդ րոպէում լինել զինւորների մէջ։ Ամենավախկոտ ու փոքրոգի մարդու ոգին անգամ բարձրացնում եւ ամէն մէկին առիւծներ էր դարձնում․ մի խօսքով լաւ տպաւորութիւն էին թողնում։ Սակայն Սարտարաբադն վերցրինք․ հրաման տրւեց առաջ չգնալ ու հանգստանալ։

Առաւօտեան այցելեցինք մօտի Սարտարաբադ գիւղը եւ սոսկալի տեսարանների հանդիպեցինք։ Միայն մի տան մէջ կախւած եւ այրւած էին 8 կին իրենց երեխաներով, տղամարդիկ եւս առաւել․ նայելով մի րոպէ զարմանում ես, սրանք գազաններ են եղել, թէ վայրենիներ։ Չէ որ հաշտարար պատգամաւորութեան մէջ դրանք յայատարարում էին, որ ազգաբնակութիւնը չգաղթի, նրանց մենք ձեռք չենք տալ, չէ որ գերմանացիները երաշխաւորում էին մեր ֆիզիքական գոյութիւնը, հապա ինչպէս բացատրել այս։ Այդ բոլորը տեսնելով ակամայից գալիս ես այն եզրակացութեան, որ անպայման պէտք է մեռնել, միայն թէ չթողնել թուրքը ոտք կոխի մեր բեկոր ու աղեկտուր հայրենիքը։

Երբ մի փոքր թափառելուց յետոյ եկանք կայարան, տեսանք Երեւանից եկել են կամաւորներ, որոնց ներկայութիւնը մեզ չափազանց ուրախացրեց եւ ոգեւորութիւններս բարձրացրեց։ Աւելի եւս դիմադրութիւնը զինւորի մէջ բարձրացաւ, երբ նւէր էին ուղարկել մեզ համար։ Մենք զգացինք որ թիկունքը հոգ է տանում մեր մասին եւ մինչեւ վերջն էլ կը տանի։ Լիայոյս ենք, որ նորից Երեւանից եւ այլ շրջաններից նոր կամաւորներ կը գան, թերեւս մեր ոգեւորութիւնը բարձրացնելու։ Մերոնք անհամբեր սպասում են առաջ շարժւելու։

Գ․ Գէորգեան 


«Զանգ», # 38 (54), մայիս 31 (18), Երեւան, 1918


Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ