Թարգմանության գաղտնիքները բացվում են «Ինլայթ»-ում

Համալսարանական պրակտիկա «Ինլայթ»-ում՝ թարգմանության և խմբագրության ոլորտում

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնում սույն թվականի փետրվարի 3-ից մեկնարկվել է արտադրական պրակտիկայի ծրագիրը՝  Երևանի պետական համալսարանի և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակում: Համալսարանների միջմշակութային հաղորդակցության և թարգմանչական բաժինների թվով տասնհինգ ուսանողներ ներգրավվել են պրակտիկայի ծրագրում:

Պրակտիկան իրականացվում է գլխավորապես հեռավար ձևաչափով՝ առցանց հաղորդակցության և գործիքակազմի կիրառմամբ:  Աշխատանքի հիմնական լեզուն անգլերենն է։ 

Վեցշաբաթյա պրակտիկան ուսանողներին հնարավորություն է տալիս ձեռք բերելու տեսական գիտելիքներ և պրակտիկ հմտություններ թարգմանության և խմբագրության ոլորտում: Առաջին շաբաթվա ընթացքում աշխատանքի դրույթներին ու պահանջներին ծանոթանալով՝ պրակտիկանտներն արդեն իսկ թարգմանել են իրենց առաջին նյութերը մշակույթի, հաղորդակցության, աշխատանքի, տեխնոլոգիաների, բնապահպանության և այլ թեմաներով։ Վերոնշյալ առաջադրանքներից բացի՝ պրակտիկանտները նաև կատարում են օտարալեզու տեսանյութերի վերլուծություններ և քննարկում, ինչը նպաստում է քննադատական մտածողության զարգացմանն ու լեզվի կիրառման համատեքստերի ուսումնասիրմանը։

Աշխատանքն առավելագույնս արդյունավետ դարձնելու նպատակով կազմակերպության թարգմանիչների բաժնի կողմից նաև կազմակերպվում են ամենշաբաթյա հանդիպումներ, այդ թվում՝ մասնագիտական բանախոսություններ։ 

Պրակտիկայի ընթացքում արդեն կայացել են մի քանի հանդիպումներ՝ «Ինլայթ»-ի թարգմանիչների բաժնի անդամների մասնակցությամբ:

Թարգմանիչների բաժնի անդամ, ֆրանսերենի թարգմանի և խմբագիր Լուսինե Աղաջանյանը ներկայացրել է «Թարգմանությունը որպես հաջողելի կամ հնարավոր ակտ։ Պոլ Ռիկյորի «այո՛»-ն ու Ռոլանդ Բարտի «հաճույքը»» բանախոսությունը: Թեման նվիրված էր թարգմանական դասական տեսությունների և Պ․ Ռիկյորի տեսակետի լուսաբանմանը, թարգմանչի և խմբագրի գործառութային առանձնահատկությունների վերհանմանը, ինչպես նաև թարգմանության մեջ աշխատանքի հաճույքի բացահայտմանն ու ԱԲ-ի կիրառման նպատակահարմարության հարցերին։ 

Բանախոսությամբ հանդես եկավ նաև թարգմանիչների բաժնի անդամ, անգլերենի թարգմանիչ և խմբագիր Ստելլա Լոռեցյանը․ քննարկման թեման էր «Խմբագրության լույսն ու ստվերը․ զսպված ստեղծարարությո՞ւն, թե՞ սատարող հայացք դրսից»։ Այս անգամ անդրադարձ կատարվեց խմբագրության ընդհանուր դրույթներին և տիպերին, խմբագրի հիմնական գործառույթներին և այն հարցին, թե ինչպես պիտի խմբագիրը մոտենա թարգմանությանը։ Քննարկմանը նախորդել է գործնական առաջադրանքի վերլուծություն, որը ևս նպաստեց է թեմայի առավել հիմնարար ընկալմանը։

Տարբեր թեմաների առնչվող թարգմանությունների, խմբագրությունների, ինչպես նաև տեսանյութերի վերլուծության և թեմաների ուսումնասիրության ու քննարկման միջոցով կազմակերպությունը փորձում է բազմազանեցնել թարգմանչական բաժնի աշխատանքը:

Այս ձևաչափով «Ինլայթ»-ը միաժամանակ նպաստում է ուսանողների ինքնաարտահայտման, ստեղծարարության, կարծիքների փոխանակման ու քննադատական մտածողությանն զարգացմանը։ 

Մինչև արտադրական պրակտիկայի ավարտը՝ մարտի 21-ը, հաջորդիվ նախատեսվող խաչաձև խմբագրության առաջադրանքը ուսանողներին կօգնի ավելի խորությամբ հետազոտել տրված նյութերը և թիմային փոխգործակցության միջոցով դրանք մշակել ու կատարելագործել։ Ի հավելումն դրա՝ պրակտիկայի ընթացքում նաև նախատեսվում է խմբային թարգմանությունների իրականացում՝ թիմային աշխատանքի ու համագործակցության խորացման նպատակով։ 

Պրակտիկայի շրջանակներում կատարված լավագույն թարգմանությունները կհրապարակվեն մեր կայքում, իսկ ծրագրի ամփոփիչ հանդիպումը  նախատեսված է անցանց ձևաչափով։


«Ինլայթ»-ի կողմից նախորդիվ իրականացված պրակտիայի ծրագրերին կարող եք ծանոթանալ հղմամբ:


«Ինլայթ»-ի թարգմանչական նախագծերին առավել մանրամասն ծանոթանալու համար անցեք հղումներով.

  • Թարգմանչական և խմբագրական ընթերցացանկ | հայերեն և օտարալեզու նյութերի ցանկ՝ ուղղված թարգմանչական և խմբագրական մի շարք հարցերի քննարկման, որոնք կարող են խիստ օգտակար լինել մասնագետների համար։
  • «Խորագիրը՝ Թարգմանչություն» ընթերցացանկ | կազմակերպության կողմից թարգմանված նյութեր թարգմանության և թարգմանիչների մասին։
  • Enlight Podcast | Թ․ ինքնեկ | փոդքաստների շարք, որ թարգմանչական և խմբագրական գործիքների, հասկացությունների և հարցադրումների աուդիո շտեմարան է, որը հանրությանն է ներկայացվում փոդքասթների ձևաչափով՝ թարգմանիչ-խմբագիր ամենատարբեր թեմաների շուրջ քննարկման միջոցով՝ հիմնված «Ինլայթ»-ի թարգմանչական և խմբագրական բաժնի անդամների փորձի վրա:

Թարգմանությամբ և խմբագրությամբ հետաքրքրվող մարդիկ կարող են լրացնել հայտադիմումները և կապ հաստատել մեզ հետ: