Խորագիրը՝ Թարգմանչություն

«Թարգմանիչներին հազվադեպ են հիշատակում, մինչդեռ նրանք արժանի են Նոբելյան մրցանակի», ասել է անգլիացի բանաստեղծ և թարգմանիչ Դանիել Վեյսբորտը։ Թեև թարգմանիչներն անփոխարինելի դեր ունեն տարբեր մշակույթների կամրջման, լեզուների փոխհարստացման ու լեզվական պատնեշների հաղթահարման գործում, շատ հաճախ այս մասնագիտության տեր մարդիկ մնում են ստվերում՝ իրենց մասնագիտության առանձնահատկությամբ պայմանավորված։

Լինելով աշխարհի ամենահին մասնագիտություններից մեկը՝ թարգմանչությունը զարգմացման շատ փուլեր է անցել, ինչի արդյունքում նախորդ դարի կեսերին ձևավորվել է մի ամբողջ միջգիտակարգ՝ ուշագրավ և առաջադեմ տեսություններով։

Թարգմանիչների միջազգային օրվա և Սուրբ թարգմանչաց տոնի առթիվ պատրաստված այս ընթերցացանկում ներկայացված են թարգմանության տեսությանը, առանձնահատկություններին, մարտահրավերներին, ինչպես նաև թարգմանչի դերին նվիրված մի շարք հոդվածներ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։

Նախ և առաջ, հարկավոր է հասկանալ, թե ինչ դեր և տեղ ունի թարգմանիչը հեղինակի ու ընթերցողի, աղբյուր լեզվի ու թիրախ լեզվի միջև, և ադյոք կա թարգմանության որոշակի բանաձև, որ թույլ կտա հասնել բացարձակ համարժեքության և կիրառելի կլինի ցանկացած իրավիճակում և համատեքստում։

Թարգմանչի դերը և կարգավիճակը. Շլայերմախերի բանաձևը

«Ֆրիդրիխ Շլայերմախերը «Թարգմանության տարբեր մեթոդների մասին» իր հայտնի դասախոսության մեջ (1813 թ., թարգմանված Վալտրաուդ Բարտշի կողմից) թարգմանչի առջև է դնում թարգմանչի ընտրության ամենահայտնի թեմաներից մեկը. «Կամ թարգմանիչը միայնակ է թողնում գրողին այնքան, որքան հնարավոր է, և ընթերցողին մոտեցնում գրողին, կամ հնարավորինս միայնակ է թողնում ընթերցողին և գրողին է մոտեցնում ընթերցողին»: 

Եվ, հիմնվելով գերիշխող կողմի ընտրության հարցում հեղինակի կամ ընթերցողի միջև Շլայերմախերի տարբերակման վրա, թարգմանիչը կհանգի այն բանի օգտին, ինչը հետագայում Լոուրենս Վենուտին կսահմանի որպես թարգմանության տնայնացնող (domesticating) և օտարացնող (foreignizing) ռազմավարություններ»։

Թարգմանիչը՝ կանոն ստեղծող

«Իմ մղումը տարբերակածս թարգմանիչների երկու տեսակները կամ թարգմանիչների՝ ակամայից արտասահմանյան գրականության կանոն ստեղծելու քննարկված երևույթը գնահատելը չէ: 

Օրենսդիր-թարգմանիչը կրկնակի ստեղծագործ է՝ ոչ միայն որպես նոր տեքստի հեղինակ, այլ նաև որպես գեղարվեստական ​​հիերարխիա կերտող։ Դեսպան-թարգմանչը բնորոշելի է արտասահմանյան գրականության արժեքաբանական և գեղագիտական ​​լուծումների նկատմամբ խոնարհությամբ. ինչպես ցանկացած դեսպան, նրանք բարդ և անհրաժեշտ ծառայություն են իրականացնում։ Մշակույթում, ինչպես ցանկացած բնականոն գործող երկրում, պետք են և՛ դեսպաններ, և՛ օրենսդիրներ»։

Ինչքան էլ զարմանալի թվա, թարգմանաբանության ոլորտում գիտնականներն առանձնացրել են տեքստի որոշակի տեսակներ, որոնց թարգմանությունը կա՛մ խիստ բարդ է, կա՛մ նույնիսկ անհնար՝ պայմանավորված մի շարք լեզվական և արտալեզվական գործոններով։ Հենց այստեղ էլ մենք բախվում ենք անթարգմանելիության խնդրին, որի ուսումնասիրությանն էլ նվիրված են հետևյալ հոդվածները։

Անթարգմանելիություն. ագռավներ, վագրեր և ուղտեր, օ՜հ

«Թարգմանության լեզվական ասպեկտների շուրջ» գրքում Յակոբսոնը նշում է, որ պոեզիան հաճախ անթարգմանելի է, սակայն թարգմանիչը կարող է փորձել պոեզիան ներկայացնել ստեղծագործական փոխադրման միջոցով: Յակոբսոնը գրում է, որ այս փոխադրումը կարող է լինել ներլեզվական, միջլեզվական կամ միջսեմիոտիկ, վերջինս ներառում է փոխադրում «նշանների մի համակարգից մյուսը, օրինակ՝ բանավոր արվեստից՝ երաժշտության, պարի, կինոյի կամ նկարչության» (Յակոբսոն 118): 

Ընդունելով Պոյի երաժշտականությունը ֆրանսերեն թարգմանելու անհնարինությունը՝ Մալարմեն կոտրեց թարգմանության տնայնացնող ավանդույթը, որը գերիշխում էր 19-րդ դարի առաջին կեսին, և դաշնակցեց օտարացման ավանդույթին»:

Երգիծանքը թարգմանելիս

«Որոշ տեքստեր կամ անգամ ամբողջական ժանրեր թարգմանելու «անհնարինության» հարցը միշտ էլ պտտվում է թարգմանության տեսության և պրակտիկայի շուրջը: Թարգմանիչներն ինքնին հակված են մերժելու անհնարինության հասկացությունը։ Նրանք դրա համար պրագմատիկ պատճառներ ունեն, քանզի «անհնար» առաջադրանքից հրաժարվելն այն ճոխությունը չէ, որը կարող են իրենց թույլ տալ: 

Տեսաբանները, մյուս կողմից, զգուշացնում են հեռու մնալ հաղթականության հակումից։ Նրանք պնդում են, որ անթարգմանելիությունն իրականում առկա և անհրաժեշտ է, որ լինի: Հետևյալ մեկնությունն ուսումնասիրում է, թե ինչպես են դրսևորվել անթարգմանելիության հարցերը երկու երգիծական տեքստերի քննարկման ժամանակ»։

Ինչպես թարգմանել գրքեր. պատմում է Վիկտոր Գոլիշևը

«Միայն գործի ընթացքում կարելի է պարզել՝ ինչպես է պետք կամ ինչպես պետք չէ թարգմանել: Այն բաղկացած է մանրուքներից, ինչ-որ փշուրներից: Ոչ մի սկզբունք չկա, պարզապես ամեն անգամ քո խնդիրն այլ է: Թարգմանությունը պետք է լինի և՛ ճշգրիտ, և՛ ազատ, իսկ եթե լուրջ, ապա թարգմանություն կատարելուց առաջ գիրքը պետք է կարդալ մինչև վերջ: 

Եթե թարգմանում ես արձակ գրականություն, ցանկալի է ինչ-որ կերպ մուտք գործել այդ աշխարհ, տեսնել պատկերը, անձամբ մասնակցել երկխոսության: Ազատություն է տալիս միայն այն, որ դու՝ ինքդ գրքում ես, սակայն դա չի պահանջվում ոչ գեղարվեստական գրականություն թարգմանելիս. այնտեղ պարզապես պետք է գլխի ընկնել՝ ինչ ասաց մարդը, և հոգալ այն մասին, որ այն հասկանալի լինի նաև ռուսերենով»: 

Թարգմանաբանության ոլորտում կան նաև այլ կարևոր հիմնահարցեր, ինչպիսիք են, օրինակ, վերաթարգմանությունների համեմատումը և գնահատումը, համարժեքության ու «համերաշխության» ձգտումը և այլն, որոնք մինչև այժմ թեժ բանավեճերի և նոր ուսումնասիրությունների առարկա են, և որոնց անդրադարձել են հետրյալ հոդվածների հեղինակները։

Վերաթարգմանության հիմնախնդիրները

«Շատ հաճախ մենք ինքնաբերաբար ենթադրում ենք, որ նոր թարգմանությունը գերազանցում է գոյություն ունեցող թարգմանությանը: Կարող է այդպես լինել կամ չլինել. որոշելու համար խելամիտ քննադատը պետք է սկզբում կարդա նոր թարգմանությունը և համեմատի այն բնօրինակի, իսկ հետո միայն` ավելի վաղ թարգմանության կամ թարգմանությունների հետ։ 

Բոլոր տեսակի բարդություններով ու լարվածությամբ պատված՝ վերաթարգմանության հարցը դասվում է մեր գրական ամենահեղինակավոր հարցերի շարքին։ Այն կապված է ժամանակի, մշակույթի և լեզվի հետ այնպես, որոնք չեն ազդում բնօրինակ տեքստի վրա, որը, ի տարբերություն գոյություն ունեցող թարգմանությունների, հավերժ ապրում է, ինչպես կա: Բնօրինակը փոփոխության կարիք չունի. դրա թարգմանություններն ունեն»:

Համերաշխություն կամ այն ինչ ձեռք է բերվում թարգմանության մեջ

«Գրաքննության պայմանները ևս թարգմանությունը և գուցե մասնավորապես պոեզիայի թարգմանությունը, դարձրին արտոնյալ տեղ քաղաքական հարցերի հանրային քննարկման համար, քանի որ պարտավորվածությունն այդ աշխատանքների համար, կարելի է ասել, թուլացվել էր: Սա, իր հերթին, խթանեց հերմենևտիկայի պրակտիկան, որ հնարավորություն ընձեռեց ընտրյալ ընթերցողներին ամբողջությամբ բացահայտել այս աշխատանքների ընդդիմադիր բովանդակությունը և անդամակցել կամ վերահաստատել իրենց անդամությունը ընթերցողների այդ հատուկ համայնքին։ 

Սակայն այս թարգմանությունները չէին խոսում միայն թիրախային մշակույթի խնդիրների մասին․ այլ կերպ ասած՝ լիովին տեղայնացված և հարմարեցված չէին։ Դրանք պահպանեցին իրենց կապը սկզբնաղբյուրի մշակույթի հետ՝ այդպիսով ծառայելով որպես միջմշակութային համերաշխության դրսևորում»

«Ինչո՞ւ պատերազմ». թարգմանչական վերլուծություն

«Թարգմանությունը միասեռ գործընթաց չէ, ինչպես և տեքստի կազմաքանդումների ու վերստեղծումների հաջորդական շրջափուլերի կենտրոնում գտնվող թարգմանչի դերը միատարր չես անվանի: 

Ինքնին այդ դերը հասկանալը բավական բարդ է, քանզի թարգմանիչը մշտապես մնում է պատճառի (սկզնաղբյուր տեքստի) և հետևանքի (թարգմանության վերջնարդյունքի) մեջտեղում, ստվերում՝ անտեսանելի մնալով համապատասխանաբար այդ պատճառին և հետևանքին մոտ կանգնած հեղինակի և ընթերցողի համար»: 

Բազմաթիվ մասնագետներ նկատում են, որ փոքրամասնության լեզուներից այլ լեզուներ արվող թարգմանությունների զգալի պակաս կա, ինչի վառ օրինակը հայ գրականության օտարալեզու թարգմանությունների խիստ անհրաժեշտությունն է, որոնց շնորհիվ մեր պատմությունները վերջապես կհասնեն աշխարհի տարբեր կողմեր։

Հարկավոր է ավելի շատ թարգմանել հայ գրականություն

«Գրականություն թարգմանելը, անկախ լեզվից, անվերջանալի մի աշխատանք է։ Եվ մեզ պետք է ավելի շատ թարգմանություններ անել փոքրամասնությունների լեզուներից ոչ այն պատճառով, որ մենք ձգտում ենք ներգրավվել համաշխարհային չափանիշների ու անթոլոգիաների մեջ։ Մեզ դա անհրաժեշտ է մեր իսկ գոյությունը հաստատելու համար։ 

Սա չի վերաբերում միայն հայ գրականության՝ անուշադրության մատնված լինելուն։ Խոսքը աշխարհի բոլոր բնիկ ժողովուրդների վերացումը կանգնեցնելու մասին է։ Մեծամասնությունների լեզուները կարիք չունեն մտածելու, թե իրենց պատմությունները գրվում են ցնդող թանաքով, իսկ մենք ունենք»։ 

Ավելին՝

Թարգմանչական ինքնեկ

«Թ․ ինքնեկ» թարգմանչական և խմբագրական գործիքների, հասկացությունների և հարցադրումների աուդիո շտեմարան է, որը հանրությանն է ներկայացվում փոդքասթների ձևաչափով՝ թարգմանիչ-խմբագիր ամենատարբեր թեմաների շուրջ քննարկման միջոցով՝ հիմնված «Ինլայթ»-ի թարգմանչական և խմբագրական բաժնի անդամների փորձի վրա: Ծրագիրը նախատեսված է հասարակության լայն շրջանակների համար։

«Թ․ ինքնեկ»-ի հրապարակումներին կարող եք հետևել «Ինլայթ»-ի կայքի «Նախաձեռնությունների ցանց» բաժնում՝ Enlight Podcast խորագրի ներքո, ինչպես նաև Enlight Studies YouTube-յան ալիքում: 


Պատրաստեց՝ Մարիամ Անտիկյանը

Բաժանորդագրվել կարող եք հղմամբ։