Թարգմանչական պրակտիկա ՀԵՀ-ի ուսանողների հետ․ արդյունքներ և փորձառություններ

«Ինլայթ»-ի և Հայաստանի եվրոպական համալսարանի միջև համագործակցություն. թարգմանչական պրակտիկայի ամփոփում

Ուրախությամբ հայտարարում ենք, որ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնում Հայաստանի եվրոպական համալսարանի հետ համագործակցության արդյունքում սույն թվականի հունիսի 30-ից հուլիսի 25-ն անցկացվել է ուսումնաարտադրական թարգմանչական պրակտիկա՝ ներգրավելով թվով տասնմեկ ուսանողի։

Պրակտիկայի արդյունքներն ամփոփելու նպատակով սեպտեմբերի 16-ին «Ինլայթ»-ի թիմը հյուրընկելվել էր ՀԵՀ-ում՝ կատարված աշխատանքը քննարկելու, ինչպես նաև համալսարանի և կազմակերպություն միջև առկա համագործակցությունն ամրապնդելու և պաշտոնականացնելու նպատակով։ Հանդիպմանը ներկա էին ոչ միայն ուսումնաարտադրական պրակտիկայի անմիջական մասնակիցները, այլ նաև կազմակերպության և համալսարանի տնօրենության այլ ներկայացուցիչներ և ուսանողներ։

Այսպիսով՝ պրակտիկայի աշխատանքները բաշխվել են չորս շաբաթների միջև։ 

  • Առաջին շաբաթվա ընթացքում ուսանողները նախ ծանոթացել են կազմակերպության գործունեությանը և աշխատելաոճին՝ ուսումնասիրելով տրամադրված աշխատանքային ռեսուրսները և գործիքակազմը, ապա կատարել ինֆոգրաֆիկաների թարգմանություն։ 
  • Երկրորդ շաբաթվա ընթացքում նախաձեռնվել է տեղեկատվական-վերլուծական բնույթի տարբեր հոդվածքների թարգմանություն՝ անգլերենից հայերեն: 
  • Երրորդ շաբաթը նվիրվել է այդ թարգմանությունների խաչաձև խմբագրմանը՝ միտված թարգմանիչ-խմբագիր համագործակցության ամրապնդմանը։ 
  • Վերջին շաբաթվա ընթացքում հանձնարարվել են հայերենի անգլերեն թարգմանություններ՝ խմբային ձևաչափով։ Տրված նյութերը հիմնականում առնչվել են հաղորդկացության, գրականության, աշխատանքի և արհեստական բանականության շուրջ թեմաների։ 

Հարկ է նշել, որ պրակտիկայի ընթացքում նաև կազմակերպվել են ամենշաբաթյա առցանց հանդիպումներ, այդ թվում՝ մասնագիտական բանախոսություններ։ Թարգմանիչների բաժնի անդամ, ֆրանսերենի թարգմանիչ և խմբագիր Լուսինե Աղաջանյանի «Թարգմանությունը որպես հաջողելի կամ հնարավոր ակտ։ 

Պոլ Ռիկյորի «այո՛»-ն ու Ռոլանդ Բարտի «հաճույքը»» բանախոսության շրջանակում անդրադարձ կատարվեց թարգմանության տարբեր դասական տեսությունների։ «Եվ կատարյալ թարգմանության սուգն է, որ բերում է թարգմանելու երջանկությունը», — պնդում է Ռիկյորը՝ կարևորելով թարգմանության գործընթացից հաճույք ստանալու անհրաժեշտությունը։ 

Մյուս կողմից՝ թարգմանիչների բաժնի մեկ այլ անդամ, անգլերենի թարգմանիչ և խմբագիր Ստելլա Լոռեցյանն իր «Խմբագրության լույսն ու ստվերը․ զսպված ստեղծարարությո՞ւն, թե՞ սատարող հայացք դրսից» բանախոսությամբ ներկայացրեց խմբագրության ընդհանուր դրույթները և քայլերը, ինչպես նաև առանձնացրեց խմբագրի գլխավոր գործառույթները և մասնագիտական որոշ մոտեցումներ` նշելով, որ խմբագիրը պետք է «հավասարակշռություն պահպանի ստեղծարարության և օբյեկտիվության միջև»։ 

Ըստ պրակտիկանտների՝ բանախոսությունները օգտակար ուղեցույց էին իրենց տրված աշխատանքները ճիշտ սկսելու և կազմակերպելու համար։

Այսպիսով՝ չորսշաբաթյա պրակտիկայի արդյունքում կատարվել է 25 նոր թարգմանություն, 10 խաչաձև խմբագրություն, ինչպես նաև 4 առցանց հանդիպում և 2 մասնագիտական բանախոսություն, որոնցից լավագույնները ավելի ուշ կհրապարակվեն մեր կայքում։


Հատվածներ պրակտիկանտների թարգմանություններից

Բառերի ուժը: Ի՞նչ կարող են իրականում անել համալսարանական ԱԲ հանձնաժողովները

Համալսարանի, ֆակուլտետի կամ նույնիսկ տնային տնտեսության շրջանակներում նախ պետք է հստակ պատկերացում ունենալ, թե ինչ հմտությունների և հիմնարար փորձառությունների զոհաբերության են մարդիկ պատրաստ ԱԲ-ից օգտվելու համար, իսկ որոնք են ցանկանում ամեն գնով պահպանել։ Եվ հենց այստեղ ենք մենք հասկացել, որ, ցավոք, չկա ոչ մի փոխհամաձայնություն:  ” Էլեն Ավետիսյան

Ավելին քան բառերը

Կոգնիտիվ լեզվաբանները մանրամասնորեն արձանագրել են, թե ինչպես են պատկերավոր արտահայտությունները, այդ թվում՝ փոխաբերությունները, այնքան լայնորեն տարածված առօրյա խոսքում, որ մենք սովորաբար նույնիսկ չենք էլ գիտակցում դա։ Հասարակությունները կենսաբանական օրգանիզմներ չեն,  բայց  մեր առօրյա լեզվին նայելով հակառակը կարելի է ենթադրել։ Մենք խոսում ենք սոցիալական ախտերին, հասարակության վարակների, քաղաքական մարմինների և այն մասին, թե ինչպես պետք է մեր ազգին նոր ուժ և կամք ներարկենք։  ” Ռիտա Սողոմոնյան

«Ինձ համար մի բան պարզ դարձավ»։ Ինչո՞ւ են մարդիկ դիմում բիբլիոթերապիայի 

Ինչպես գրել են երկու հետազոտողներ 2016 թվականին The Lancet բժշկական ամսագրում, բարձրարժեք գրականության մեջ խորասուզվելը կարող է «օգնել թեթևացնել, վերականգնել և վերակենդանացնել մտահոգ միտքը՝ նպաստելով նաև սթրեսի, տագնապի և այլ հոգեկան վիճակների մեղմացմանը»։ Քանի որ բազմաթիվ երկրներում հոգեկան առողջության մատչելի ծառայությունների պակաս կա, այն միտքը, որ գեղարվեստական գրականությունը կարող է նպաստել առողջությանը, գրավիչ է թվում։  ” Ալլա Ասրիյան

Զաջիրոյի մանգան. Ո՞ւր ենք գնում 

Մանգայում «տոբիրաե»-ն (կամ տիտղոսաթերթը) հաճախ պատկեր է, որը զբաղեցնում է ամբողջ էջը և ներկայացնում է պատմության սկիզբը` այսպես ասած «մուտքի էջ» լինելով։ Տոբիրաեն ակնարկում է, թե ինչ է լինելու պատմության ընթացքում՝ թողնելով առաջին տպավորություն։ Այսպիսով, երբ մանգայում տոբիրաեն ուղեկցվում է հարցով, սովորաբար առաջանում է ևս մեկ հարց․ իսկ ո՞վ է հարցնողը: Անպատասխան մնալով՝ տոբիրաեն խորացնում է կերպարի, պատմողի և ընթերցողի միջև առաջացած շփոթը: ” Գոհար Մարգարյան


Ուսանողների հետադարձ կապը ինլայթյան փորձառության մասին

Ահա թե ինչպես են ներկայացնում իրենց ինլայթյան փորձառությունը ուսանողները։

  • Պրակտիկայի արդյունքները ընդհանուր առմամբ համընկան իմ ակնկալիքների հետ․ կարողացա ձեռք բերել այն փորձն ու հմտությունները, որոնց սպասում էի։ (Շուշանիկ Սիմոնյան)
  • Շատ շնորհակալ եմ այս հետաքրքիր պրակտիկայի համար:Մի փոքր բարդ էր, բայց հենց դա էլ հետաքրքիր դարձրեց ամբողջ ընթացքը։ (Սարին Օրդեկյան)
  • Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պրակտիկայի կազմակերպիչներին ու ղեկավարներին ջերմ ընդունելության և գիտելիքները սիրով փոխանցելու համար։ Այս փորձը դարձավ ոչ միայն մասնագիտական աճի, այլև անձնական զարգացման հնարավորություն։ (Ռիտա Սողոմոնյան)

«Ինլայթ»-ի կողմից նախորդիվ իրականացված պրակտիայի ծրագրերին կարող եք ծանոթանալ հղմամբ:

«Ինլայթ»-ի թարգմանչական այլ նախագծեր
  • Թարգմանչական ուսումնաարտադրական պրակտիկա ԵՊՀ-ի և ԲՊՀ-ի հետ համագործակցությամբ | վեցշաբաթյա համալսարանական պրակտիկա հաղորդակցության և մշակույթի թեմաներով։
  • «Խորագիրը՝ Թարգմանչություն» ընթերցացանկ | կազմակերպության կողմից թարգմանված նյութեր թարգմանության և թարգմանիչների մասին։
  • Enlight Podcast | Թ․ ինքնեկ | փոդքաստների շարք, որ թարգմանչական և խմբագրական գործիքների, հասկացությունների և հարցադրումների աուդիո շտեմարան է, որը հանրությանն է ներկայացվում փոդքասթների ձևաչափով՝ թարգմանիչ-խմբագիր ամենատարբեր թեմաների շուրջ քննարկման միջոցով՝ հիմնված «Ինլայթ»-ի թարգմանչական և խմբագրական բաժնի անդամների փորձի վրա: