Թարգմանչական շաբաթ 2025․ Ինլայթյան բանն ու գործը

Թարգմանչական շաբաթ 2025․ Ինլայթյան բանն ու գործը

Ուրախ ենք տեղեկացնել, որ նոյեմբերի 21-ին «Զանգակ» գրատանը մեկնարկեց «Թարգմանչական շաբաթ» ամենամյա նախագիծը, որի շրջանակում անցկացվող միջոցառումների շարքը սկսվեց «Ինլայթ» կազմակերպության «Թարգմանությունն իբրև տրամախոսություն․ Ինլայթյան բանն ու գործը» բանախոսությամբ։ 

Aorist Translation Agency-ի տնօրեն, թարգմանիչ Անի Անանյանի և ստեղծագործական ղեկավար Ալեքս Միրզոյանի կողմից համակարգվող այս նախագիծն արդեն ութ տարի անդընդմեջ ստեղծում է փորձառու և նորաթուխ թարգմանիչների, ինչպես թարգմանությամբ հետաքրքրվողների միավորման հարթակ՝ նպաստելով ոլորտի զարգացմանը ու թարգմանչական գործի տարբեր կողմերի բացահայտմանը և նպատակ ունենալով հանրայնացնելու թարգմանության բազմաշերտ ասպարեզը բանիմաց մասնագիտների հետ քննարկումների և բանախոսությունների միջոցով։

«Թարգմանչական շաբաթ»-ի առաջին օրը «Զանգակ» գրատուն էին հյուրընկալվել «Ինլայթ»-ի գործադիր տնօրեն Աննա Խաչյանը և թարգմանիչների բաժնի ղեկավար Մարիամ Անտիկյանը՝ կազմակերպության այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ։ 

Բանախոսության ընթացքում ներկաները ծանոթացան կազմակերպության ստեղծման պատմությանը, գաղափարախոսությունն ու ընդհանուր գործունեությանը, ինչպես նաև մանրամասնորեն տեղեկացան թարգմանիչների բաժնի աշխատանքի սկզբունքների, ձևաչափի ու տարբեր նախաձեռնությունների մասին, իսկ վերջում բանախոսներին հղեցին իրենց հետաքրքրող հարցերը ու կիսվեցին իրենց տպավորություններով։

Վաղուց ձևավորված ավանդույթի համաձայն՝ կազմակերպությունը մասնակիցներին չթողեց առանց ընծաների․ ներկաները ստացան բանախոսության բովանդակությունն ամփոփող յուրօրինակ թերթեր և ինլայթյան էջանիշեր՝ ի նշանավորումն այդ հաճելի երեկոյի։ 

Մեր խոր երախատագիտությունն ենք հայտնում նախագծի համակարգողներին, կազմակերպիչներին և ներկաներին՝ հույս տածելով, որ ապագայում համագործակցության և հանդիպման այլ  առիթներ անպայման կծագեն։ 

«Թարգմանչական Շաբաթ 2025» նախագծի ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ․ միջոցառումները շարունակվում են մինչև նոյեմբերի 25-ը։ Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։

Ստորև կարող եք տեսնել դրվագներ նոյեմբերի 21-ի ինլայթյան հանդիպումից։

«Ինլայթ»-ի թարգմանչական նախագծերը
  • Թարգմանչական ուսումնաարտադրական պրակտիկա ԵՊՀ-ի և ԲՊՀ-ի հետ համագործակցությամբ | վեցշաբաթյա համալսարանական պրակտիկա հաղորդակցության և մշակույթի թեմաներով։
  • «Խորագիրը՝ Թարգմանչություն» ընթերցացանկ | կազմակերպության կողմից թարգմանված նյութեր թարգմանության և թարգմանիչների մասին։
  • Enlight Podcast | Թ․ ինքնեկ | փոդքաստների շարք, որ թարգմանչական և խմբագրական գործիքների, հասկացությունների և հարցադրումների աուդիո շտեմարան է, որը հանրությանն է ներկայացվում փոդքասթների ձևաչափով՝ թարգմանիչ-խմբագիր ամենատարբեր թեմաների շուրջ քննարկման միջոցով՝ հիմնված «Ինլայթ»-ի թարգմանչական և խմբագրական բաժնի անդամների փորձի վրա:

Թիմին միանալու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումները: