Պատմությունն է վկայում, որ անցումային ժամանակաշրջաններում վերաիմաստավորվում են քաղաքական իշխանության, պետության և հասարակության, անհատի և պետության հարաբերությունները, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ հիմնախնդիրները՝ կապված թե՛ քաղաքական տեղաշարժերի, թե՛ քաղաքական տեսության զարգացման հետ: Արդյունքում՝ տվյալ էպոխայի իրավական և քաղաքական աշխարհայացքում ձևավորվում են նոր պատկերացումներ և տրվում նոր մեկնաբանություններ: Եվ ահա, նման անցումային ժամանակներում, երբ հանրույթը կանգնում է իր ապագայի ընտրության այլընտրանքների առջև, անհատների և նրանց առաջադրած գաղափարների դերակատարությունը խիստ կարևորվում է: Ահավասիկ, գաղափարներն ունակ են փոխելու քաղաքականության բնույթը՝ ներազդելով դերակատարների գործունեությանը:
Վեստֆալյան հաշտության գաղափարական հենքը
Վեստֆալյան համաձայնագրերը խորհրդանշում են միջնադարյան քրիստոնեական հիերարխիկ կառույցների վրա հիմնված քաղաքական իշխանության համակարգի փոխակերպումը տարածքային ինքնիշխան պետությունների հորիզոնական կարգի: Քաղաքական իշխանության բնույթի այսպիսի կառուցվածքային կերպափոխումը, որին նպաստեցին Վերածնունդն ու Ռեֆորմացիան, հանգեցրեց խորը վերափոխումների: Այս գործընթացները նպաստեցին Եվրոպայի հետագա մասնատմանը, իսկ դավանանքային բաժանումը պահպանվեց, և նախառեֆորմացիայի շրջանի համակարգ վերադառնալու բոլոր փորձերը ձախողվեցին: 17-րդ դարի ընթացքում «համընդհանրական միապետություն» հղացքը դեռևս պահպանվում էր բացարձակ միապետությունների քաղաքական օրակարգում, սակայն այժմ այն դրսևորվում է ոչ թե եվրոպական գերպետության տեսքով, այլ որպես մեկ միապետի գերիշխող դիրք մեկից ավելի ինքնիշխան պետությունների գահերի նկատմամբ:
Եվրոպայում միջնադարյան քաղաքական մշակույթի կերպափոխումը պայմանավորված էր ինչպես հունահռոմեական ժառանգության վերածննդով, որը բավականին տարբերվում էր միջնադարյանից, այնպես էլ աշխարհագրական նոր հայտնագործություններով, երբ Եվրոպան, իրեն ենթարկելով այդ նոր մշակույթները, սկիզբ դրեց աշխարհի վերափոխմանը: Ռեֆորմացիայի շնորհիվ փլուզվեց նաև ճշմարտության/գիտելիքի եկեղեցական մենաշնորհը: Բողոքական երկրներում միջնադարյան գիտության, կրթության, կրոնի և դիվանագիտության համընդհանրական լեզուն՝ լատիներենը, փոխարինվեց ազգային լեզուներով: Վեստֆալյան աշխարհակարգը, ի տարբերություն միջնադարյանի, արտացոլում էր միանգամայն նոր իրողություն: Այստեղ այլևս չկար բարձրագույն համընդհանրական իշխանություն, իսկ միջազգային հարաբերությունների գլխավոր «կարգավորիչը» դարձավ ուժերի հավասարակշռության սկզբունքը, որը, սկսած 15-րդ դարից, մշակել են մտածողներ Գվիչարդինին, Մաքիավելին, Ջենտիլյեն:
Արդի պետությունների ձևավորման գաղափարական հենքը տրվեց ժամանակի խոշոր իրավագետների և քաղաքական իմաստասերների կողմից։ Մասնավորապես Ժան Բոդենն իր «Վեց գիրք պետության մասին» (Les six livres de la Republique, 1576) աշխատությունում զարգացրեց «պետական ինքնիշխանություն» հասկացությունը, ըստ որի՝ «ինքնիշխանությունը պետության բացարձակ և մշտական իշխանությունն է իր հպատակների և քաղաքացիների նկատմամբ»: Մաքիավելին իր «Տիրակալը» (De Principatibus, 1532) տրակտատում հիմնավորեց պետական շահի առաջնայնությունը: Հիշատակելի են նաև Հոբսի (Leviathan,1651) և Սպինոզայի (Tractatus politicus, 1675) աշխատությունները:
Եվ հատկապես հոլանդացի նշանավոր քաղաքական մտածող և իրավաբան, պետական գործիչ Հուգո Գրոտիուսի «Պատերազմի և խաղաղության իրավունքի մասին» (The Rights of War and Peace,1625) և «Ազատ ծով» (Mare Liberum, 1608) աշխատություններով համակարգվեցին և մշակվեցին միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները: Այս աշխատությունները գաղափարների պատմության մեջ նոր ժամանակաշրջան ուրվագծեցին՝ ստեղծելով ընդհանրական սկզբունքների համակարգ և պարզաբանելով ինքնիշխան տիրակալների և ազգերի խաղաղության ու ընդհանուր համաձայնության հետ կապված հարցադրումները: Գրոտիուսն այն հեղինակներից էր, ով սեփական փորձն ու գաղափարները զուգակցում էր միջազգային իրավական պրակտիկայի հետ (Երեսնամյա պատերազմի տարիներին նա ներկայացրել է Հոլանդիան կարդինալ Ռիշելյեի հետ բանակցությունների ընթացքում, ապա հանդես է եկել որպես Շվեդիայի դեսպան Ֆրանսիայում): Գրոտիուսին, իրավամբ, անվանում են նաև «ժամանակակից միջազգային իրավունքի հայր»: Աշխատությունների հիմնական մոտիվը, ինչպես հեղինակն էր նշում, արդարության սկզբունքի բացահայտումն է միջազգային հարաբերություններում, իսկ գլխավոր գաղափարը՝ այն, որ գոյություն ունեն որոշ օրենքներ, որոնք վեր են առանձին պետություններից և կիրառելի են միջպետական հարաբերությունները կարգավորելիս, քանզի արդարության չափանիշն է որոշում, թե ինչպես պետք է կենսագործվի ազատությունը:
Գրոտիուսն իբրև նոր աշխարհակարգի գլխավոր ճարտարապետ
Գրոտիուսի իրավաքաղաքական հայացքները հիմնված են բնաիրավական տեսության վրա: Նա առաջին անգամ շարադրեց բնական իրավունքի համակարգված տեսությունը, քաղաքական և իրավական նոր պայմաններին համապատասխան էապես ձևափոխեց սուբյեկտների և քրիստոնեական աստվածաբանության ավանդույթները: Գրոտիուսի բնական իրավունքի սկզբունքների մեջ նկատելի է դրանց բուրժուական բնույթը, և սա, իհարկե, հարված էր պետության և իրավունքի թեոլոգիական տեսությանը:
Գրոտիուսը բնական իրավունքը սահմանում է որպես «առողջ բանականության կարգադրագիր», որին հակասող կամ համապատասխանող որևէ գործողություն ճանաչվում է կա՛մ «բարոյապես ամոթալի», կա՛մ «բարոյապես անհրաժեշտ»: Նա բնական իրավունքը բանաձևում է «իրավունք՝ բառի բուն իմաստով», որը «նշանակում է՝ հատկացնել ուրիշներին այն, ինչ արդեն նրանց է պատկանում, և կատարել նրանց նկատմամբ մեզ վրա դրված պարտականությունները»: (The Rights of War and Peace, Prolegomena, X.)
Գրոտիուսը հստակորեն չի սահմանազատել իրավունքը և բարոյականությունը, թեև փորձել է ինչ-որ կերպ սահմանազատել իրավական նորմերը զուտ բարոյական վարքագծի կանոններից՝ նշելով, որ «իրավունքն իր արտաքին իրականացումը չի ստանում, եթե զուրկ է կյանքի կոչվելու ուժից»: (Ibid., Prolegomena, XIX) Այսինքն՝ իրավունքի պարագայում հարկադրանքն իմպերատիվ է, իսկ բարոյականության պարագայում հարկադրանքը պայման չէ:
Ի տարբերություն բնական իրավունքի հավերժական և բացարձակ անփոփոխ սկզբունքների՝ մարդկանց կամքով հաստատված իրավունքը «փոփոխվում է ժամանակի ընթացքում և տարաբնույթ է տարբեր տեղերում» ( Ibid., Prolegomena, XXX), արդ՝ մարդկային փոփոխական իրավունքը հակադրվում է բնական իրավունքին: Քանի որ կամքով հաստատված իրավունքի աղբյուրը կա՛մ Աստծո, կա՛մ մարդկանց կամքն է, ուստի այն բաժանվում է աստվածային և մարդկային իրավունքի: Մարդկայինը իր հերթին բաղկացած է քաղաքացիական իշխանությունից բխող ներպետական իրավունքից և ազգերի իրավունքից (միջազգային իրավունքից), որը ստանում է «պարտադիր ուժ բոլոր ժողովուրդների կամ նրանցից շատերի կամքով»: (Ibid., Book 1, chap. 1, § XIV, 1)
Գրոտիուսի համաձայն՝ ներպետական օրենքները պետք է նպաստեն իրավունքի, արդարության իրականացմանը: Բայց իրավունքի առանձնահատկությունն այն է, որ այն ենթադրում է հարկադրանքի հնարավորություն, եթե դրա նորմերը չեն պահպանվում կամովի: Սա չի նշանակում, որ ուժով չպահպանվող իրավունքը դադարում է գոյություն ունենալ:
Պետության ծագումը և ինքնիշխանության գաղափարը
Իրավունքն իրականացնելիս ուժի կիրառման հիմնահարցը զուգակցվում է պետության գաղափարի հետ: Պետությունը կատարում է հարկադրանքի գործառույթ: Սակայն Գրոտիուսը առարկում է այն դրույթը, թե ուժն է ստեղծում իրավունքը: Պետության և ներպետական իրավունքի ծագումը նա բացատրում է մարդկանց շփման բնական ձգտումով, պայմանագրային տեսությամբ՝ որպես բնական իրավունքի տրամաբանական հետևություն: Փոխադարձ անվտանգություն ապահովելու նպատակով մարդիկ համաձայնության եկան՝ կնքելով հասարակական դաշինք, ինչը դարձավ պետության ծագման հիմքը: Այսպես սկիզբ է առնում քաղաքացիական իշխանությունը: «Բնական վիճակից քաղաքացիական հասարակության» ու պետությանն անցման արդյունքում արդարության իրավական սկզբունքը լրացվում է օգուտի և նպատակահարմարության քաղաքական սկզբունքով: Այսինքն՝ պետություն ստեղծելիս մարդիկ գիտակցաբար հետապնդում են գործնական նպատակներ ու շահեր: Նա պետությունը սահմանում է որպես «ազատ մարդկանց կատարյալ միություն՝ կնքված հանուն իրավունքի և ընդհանուր օգուտի պահպանման»: (Ibid., Book 1, chap. 1, § XIV, 1)
Վերոհիշյալի վերաբերյալ Պետր Պավել Ռեմեկը գրում է. «Չնայած Գրոտիուսը պետության տրամաբանական ծագումը բացատրելու համար կիրառում է անկախ մարդկանց միջև հասարակական կապի հղացքը, նա, այնուամենայնիվ, չի նշում, որ ժամանակակից պետությունների պատմական ծագումը պետք է հիմնված լինի հենց այդ կապի վրա»[1]:
Սոցիալական առումով պետությունը մեծամասնության համաձայնությունն է ընդդեմ փոքրամասնության, թույլերի, և ճնշվածների միություն՝ ընդդեմ ուժեղների ու հզորների: Ընդունելով հասարակական դաշինքի հայեցակարգը՝ Գրոտիուսը ժողովրդին չի համարում ինքնիշխանության կրող, այսինքն դեմ է միապետների կամքի նկատմամբ ժողովրդի կամքի գերակայության ընդունմանը: Կարելի է ենթադրել, որ ժողովուրդը ժամանակին օժտված է եղել ինքնիշխանությամբ, սակայն զրկվել է դրանից, երբ իր ընտրած անձանց է ինքնիշխանությունն ինքնակամ փոխանցել:
Արևմտաեվրոպական իրավաքաղաքական մտքի պատմության մեջ Բոդենն առաջինը ձևակերպեց և հիմնավորեց ինքնիշխանություն հասկացությունը որպես պետության գերագույն իշխանության էական հատկանիշ. «Ինքնիշխանությունը պետության մշտական և բացարձակ իշխանությունն է: Բացարձակ,, որևէ օրենքով չկապված իշխանություն քաղաքացիների և հպատակների նկատմամբ»[2]: Բացարձակ է այն իշխանությունը, որը տրված է ժողովրդի կողմից առանց որևէ պայմանի և սահմանափակումների: Մշտական համարվում է այն իշխանությունը, որը գոյություն ունի սեփական իրավունքի հիման վրա և տրված չէ որոշակի ժամկետով:
Գրոտիուսն ինքնիշխանությունը բնորոշում է որպես պետության գլխավոր հատկանիշ: Պետությունը կոչված է ապահովելու հասարակական անդորրը, այդ իսկ պատճառով նա օժտված է բարձրագույն իրավունքով: Սակայն քաղաքացիական իշխանությունը պետության մեջ համարվում է բարձրագույն և ինքնիշխան, եթե նրա գործողությունները չեն հսկվում կամ ենթակա չեն օտար իշխանության, չեն կարող արգելվել որևէ մեկի կողմից, բացի այդ իշխանությունը կրողից[3]:
Կառավարման ձևերի մասին
Գրոտիուսն ընդունում է կառավարման տարբեր ձևերի գոյությունը՝ միապետական, ազնվապետական, քաղաքացիական ազատ համակեցության, ժողովրդավարական հանրապետության և այլն: Ընդ որում, պետական կառավարման այս կամ այն ձևի ընտրությունը որոշիչ նշանակություն չունի, քանզի դրանք բոլորն էլ օրինաչափ են և պայմանավորված են հանրային դաշինքի բնույթով: «Ժողովուրդը կարող է ընտրել կառավարման ցանկացած ձև, քանի որ այս կամ այն ձևը պետք է գնահատել դրանում մարդկանց կամքի իրականացման տեսանկյունից»:
Հոլանդացի մտածողը հատուկ ուշադրություն է դարձնում բարձրագույն իշխանությանը դիմադրելու օրինաչափության հարցին: Նրա դիրքորոշումը հետևյալն էր. որքանով պետության ստեղծման և քաղաքացիական իշխանության հաստատման վերաբերյալ համաձայնության կնքումով բոլոր մարդիկ զրկվում են իրենց իրավունքներից ու ազատություններից, այդքանով նրանք զրկվում են նաև դիմադրելու իրավունքից: Սակայն բացառիկ դեպքերում նա հնարավոր է համարում քաղաքացիների դիմադրությունը իշխանությունների բռնության նկատմամբ, մասնավորապես եթե բռնությունը սպառնում է ինչ-որ մեկի կյանքին: Հետևաբար բացառիկ դեպքը, որն արդարացնում է դիմադրության կազմակերպումը բարձրագույն իշխանության դեմ, մարդու հիմնարար բնական իրավունքի՝ կյանքի իրավունքի խախտումն է: Հատկանշական է, որ Գրոտիուսը տվյալ դեպքում նկատի ունի մարդկային առանձին անհատի կյանքը: Հպատակները, շարունակում է նա, այդ իրավունքից կարող են օգտվել հատկապես այն դեպքում, երբ կառավարչի գործողություններն ուղղված են ողջ ժողովրդի ոչնչացմանը: Քանզի, ըստ նրա, «կառավարելու կամքը և պետությունը կործանելուն միտված կամքն անհամատեղելի են»: (Ibid., Book 1, chap. 4, § XI)
Միջազգային իրավունքի նոր մեկնությունը
Իրավունքը և արդարությունը, իրավական կարգավորումը Գրոտիուսը համարում է ժողովուրդների փոխհարաբերությունների հիմքը: «Ազգերի իրավունքը» կամ «միջազգային իրավունքը» ստեղծվում է պետությունների միջև համաձայնության հաստատման ուղիով՝ ղեկավարվելով ընդհանուր օգուտի գաղափարով, այսինքն՝ արդեն «ոչ թե մարդկային յուրաքանչյուր համակեցության» օգտի համար առանձին վերցրած, այլ ըստ «այդպիսի բոլոր համակեցությունների ամբողջությունների շահերի»: Միջազգային հարաբերություններում ևս նա հերքում է այն տեսակետը, որ ուժն է որոշում ամեն ինչ:
«Ազգերի իրավունք» դրույթի հետ կապված, թերևս, ուսումնասիրողներից ոմանք որոշ վերապահումներ են կատարում: Մասնավորապես՝ Ռոլանդ Փորթմանը նշում է, որ Գրոտիուսը, օգտագործելով «ազգերի իրավունք» տերմինը, չէր քննում պետությունների միջև իրավունքի հարցը: Նա պետությունը դիտում էր որպես «ազատ մարդկանց միություն», որը ղեկավարների անհատական իշխանության տակ գտնվող անհատների զուտ համագումար էր (mere summation)՝ առանց սեպարատ ինքնության[4]: Իսկ Պետր Պավել Ռեմեկը Գրոտիուսի «ազգերի իրավունք» դրույթը համարում է, ըստ էության, իրավունք գլխավորապես ազգերի ղեկավարների միջև, որոշ վերապահումներով էլ՝ քաղաքացիների խմբերի կամ գլխավոր անհատների 5: Փորթմանը դա համարում է ոչ միջպետական իրավունք:
Հետաքրքիր են Գրոտիուսի հայացքները պատերազմի և խաղաղության հիմնահարցի վերաբերյալ: Նրա հայեցակարգի համաձայն՝ ո՛չ բնական իրավունքը, ո՛չ ազգերի իրավունքը, ո՛չ աստվածային օրենքները չեն արգելում պատերազմները: Սակայն պատերազմները լինում են արդար և ոչ արդար: Արդար պատերազմը (ինքնապաշտպանության՝ սեփական տարածքի, բնակչության, ունեցվածքի պաշտպանության նպատակով) զավթչի կատարած իրավախախտման բնական պատասխանն է: Ոչ արդար պատերազմներն առաջին հերթին զավթողական պատերազմներն են:
Ընդունելով պատերազմի անխուսափելի բնույթը՝ Գրոտիուսը միաժամանակ կոչ է անում հնարավորինս հետևել որոշակի կանոնների. չափավորել սարսափներն ու դաժանությունները, խնայել կանանց, երեխաներին ու ծերերին, մարդկայնորեն վերաբերվել ռազմագերիներին, խաղաղ քաղաքացիներին, խուսափել ունեցվածքի ոչնչացումից և այլն: Իրավունքի նշված և այլ նորմերի հաստատումը նրա արձագանքն էր Երեսնամյա պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների վարման բարբարոսական մեթոդների նկատմամբ: Բացի այդ, զավթիչները պարտավոր են հատուցել իրենց գործողություններով հասցված վնասը և պատիժ կրել:
Գրոտիուսը նշված սկզբունքները տարածում է նաև չեզոք պետությունների վրա: Այսպես, այն պետությունները, որոնք պատերազմի հարցերում չեզոք դիրք են գրավում, պետք է ձեռնպահ մնան «համագործակցելու նրա հետ, ով անարդար պատերազմ է վարում, կամ նրա, ով խոչընդոտում է արդար պատերազմ վարողի շարժընթացը…: Իսկ կասկածելի դեպքերում անհրաժեշտ է պահպանել հավասարություն պատերազմող երկու կողմերի հանդեպ»:
Արդար պատերազմները նույնպես պետք է խելամտորեն վարել, քանի որ երբեք չի կարելի մոռանալ, որ «պատերազմները մղվում են հանուն խաղաղության հաստատման», և որ խաղաղությունը հանդիսանում է «պատերազմի վերջնական նպատակը»: (Ibid., Book 1, chap. 1, § 1)
Ընդհանուր առմամբ Գրոտիուսի՝ պատերազմի և խաղաղության ուսմունքի համար բնորոշ է խաղաղարարական պաթոսը:
―――
Գրոտիուսի քաղաքական միտքը միջազգային հարաբերությունների պատմության մեջ նոր ժամանակաշրջան ուրվագծեց՝ ստեղծելով ընդհանրական սկզբունքների համակարգ և կառուցարկելով նոր միջազգային իրողություն, որը փոխարինեց կայսրության և եկեղեցու հիերարխիայով պայմանավորված միջնադարյան համընդհանրական աշխարհակարգին: Գրոտիուսի տեսության հիմքում ընկած է այն մոտեցումը, ինչն արդի դիտանկյունից բնորոշվում է կոնստրուկտիվիստական[6]: Նա ձգտում էր ցույց տալ, որ այս նոր իրավիճակում պետությունների շահերից է բխում օրենքի գերակայության ընդունումը, քանզի իրենց գոյության պահպանման համար անհրաժեշտ է որոշակիորեն կազմակերպված ազգերի համայնք: Պետությունները պետք է ունենան հավասար իրավունքներ, նույնիսկ, եթե նրանք չունեն դրանք պաշտպանելու հավասար ուժեր: Այս սկզբունքները որոշ առումով իրենց իրացումը գտան եվրոպական համայնքի ձևավորման գործում: Նա միջազգային իրավունքում, այսպես կոչված, «գրոտիուսական» ուղղության հիմնադիրն է, ուղղություն, որը զուգակցում է բնական իրավունքի դպրոցի փիլիսոփայական գաղափարները միջազգային իրավական պրակտիկայի հետազոտության հետ: Այս հայեցակարգի համաձայն՝ միջազգային հարաբերությունները պետք է հիմնվեն բանականության, իրավունքի, հավասարության, համագործակցության սկզբունքների, միջազգային միասնական իրավակարգի վրա՝ ստեղծված ինքնիշխան պետությունների բարի կամքով:
1. Remec P.P., The Position of the Individual in International Law according to Grotius and Vattel, The Hague, Martinus Nijhoff, 1960, p. 74.Հղումներ
2. Six Books of the Commonwealth, Jean Bodin: http://www.yorku.ca/comninel/courses/3020pdf/six_books.pdf
3. Առավել մանրամասն անդրադարձի համար՝ Grotian Moment. մաս 1-ին և մաս 2 -րդ
4. Portman R., Legal Personality in International Law. Cambridge Studies in International and Comparative Law, New York, Cambridge University Press, 2010, p. 32.
5. Remec P.P., The Position of the Individual in International Law according to Grotius and Vattel, pp. 72-74.
6. Եփրեմյան Տ., Կոնստրուկտիվիզմի ակունքներում. Հուգո Գրոթիուս, http://vemjournal.org/?p=2030
Գրականություն
Հեղինակ՝ Աննա Խաչյան (Anna Khachyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: