Մեր օրերում Հայաստանի միջպետական և ներքաղաքական, ինչպես նաև նրանից դուրս տեղի ունեցող փոփոխությունների և դրանց առնչվող հիմնահարցերի վերաբերյալ հասարակության ընկալման գործում անփոխարինելի դեր է կատարում վերլուծական դաշտը։ Վերջինիս կայացման և ընդլայնման անհրաժեշտությունը հանգեցրեց մի գաղափարի ստեղծման, որի արդյունքում 2015 թվականին կյանքի կոչվեց «Երիտասարդ Վերլուծաբանների Հայաստանյան Կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ Հայկական վերլուծական կենտրոնների թողած բացը լրացնելու եկան մի խումբ երիտասարդ ուսանողներ, ովքեր, ունենալով ազատ խոսքի խոսափողը, ասպարեզ դուրս եկան թարմ, յուրովի և, որամենակարևորն է, անաչառ վերլուծություններով։
Սույն թվականի հունիսի 6-ին, «Էրեբունի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ «Երիտասարդ Վերլուծաբանների Հայաստանյան Կենտրոն» հասարակական կազմակերպության բացման պաշտոնական արարողությունը, որն անցկացվեց հավուր պատշաճի։ Բացմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր՝ այդ թվում նաև հայտնի լրագրողներ, օտարերկրյա ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ, պետական պաշտոնյաներ, տարբեր ԲՈՒՀ–երի ներկայացուցիչներ, վերլուծաբաններ և երիտասարդ ուսանողներ։ Այս առումով ԵՎՀԿ-ն բացառիկ հնարավորություն է ընձեռում տարբեր աշխարհայացքների և մասնագիտությունների տեր երիտասարդներին վեր հանել իրենց տեսակետներն ու հարցադրումները և հանրայնացնել վերլուծությունները։
Բացման արարողության ժամանակ կազմակերպության նախագահ Արեգ Քոչինյանը ամբողջությամբ ներկայացրեց ԵՎՀԿ նպատակներն ու սկզբունքները՝ նշելով կենտրոնի գլխավոր գաղափարը, այն է՝ զուգահավասարություն և չեզոքություն հայաստանյան ներքաղաքական և կուսակցական դաշտի նկատմամբ, հայաստանակենտրոնություն և այլն։ Ելույթ ունեցան նաև ԵՎՀԿ փոխնախագահ Աննա Դանիելյանը և ինֆորմացիոն մենեջեր Դավիթ Պետրոսյանը, ներկայացվեցին հետագա անելիքները, որոնցից առավել ուշագրավ է վերլուծաբանների դպրոց անցկացնելու նախագիծը. այն կյանքի կկոչվի 2016 թվականի ամռանը։
Ավելորդ չէ ևս մեկ անգամ նշել, որ Երիտասարդ Վերլուծաբանների Հայաստանյան Կենտրոնը աշխատում է միմիայն կամավորական սկզբունքներով։ Այն երիտասարդական հարթակ է, որտեղ կարող են ներգրավվել ՀՀ-ում բնակվող՝ մինչև 35 տարեկան ակտիվ, նախաձեռնող և հետաքրքրված երիտասարդները, որոնք ունեն համապատասխան ակադեմիական պատրաստվածություն (հանդիսանում են բուհի ուսանող կամ շրջանավարտ), և ունեն ցանկություն ու նպատակասլացություն՝ աջակցելու մեր հայրենիքի շենացման գործին:
Հարկ է նշել նաև այն, որ Երիտասարդ Վերլուծաբանների Հայաստանյան Կենտրոնի անդամները շարժվում են «Համարձակվի՛ր մտածել» կարգախոսով, որով և նպաստում են վերլուծական դաշտի առավել կայացմանն ու ընդլայնմանը։