Երիտասարդների շրջանում վերլուծական հմտությունների զարգացմանն ուղղված միջոցառումները շարունակում են կյանքի կոչվել ԵՎՀԿ աշխատանքի շնորհիվ:
Վերջերս կայացած դասընթացը, որ ներառում էր հենց այս գաղափարը, արժանացավ ուշադրության Հայաստանի մի շարք բուհերում կրթվող ու իրենց խոսքն ազատ արտահայտելու հարթակ որոնող ուսանողների կողմից: Վերլուծաբանների դպրոցի գրանցած հաջողությանը հետևեց մեկ այլ միջոցառում, որն առավելապես ուղղված էր մեդիագրագիտությանը, ճիշտ մտածողության զարգացմանը, գիտական հոդվածների հետ գրագետ աշխատանքին, և առհասարակ սովորելու և կրթվելու կարևորությանն ու նշանակությանը:
2017 թվականի փետրվարի 3-ից 10-ը Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում անցկացվեց երեք դասախոսություններից բաղկացած դասընթաց: Սեմինարը մեկնարկեց ԵՎՀԿ պատմության, գաղափարների, նպատակների և սկզբունքների ներկայացմամբ, որից հետո ներկայացվեց մտածողության կարևորությունն ու այն, թե առհասարակ ինչի մասին ենք մտածում: Հաջորդ օրերին քննարկվեց սովորելու նշանակությունը, մեկնաբանվեցին գիտական և գիտահանրամատչելի հոդվածների, վերլուծությունների բովանդակությունն ու ձևը, մեթոդներն ու սկզբունքները: Այս ամենը մասնակիցներին հասանելի դարձավ ԵՎՀԿ թիմի` Արեգ Քոչինյանի, Աննա Խաչյանի, Արմինե Մուրադյանի, Գոռ Մադոյանի, Հայկ Փայտյանի և Դավիթ Պետրոսյանի աշխատանքի շնորհիվ:
Դասընթացն ունեցավ մեծ արձագանք և հայաստանյան բուհերից շուրջ 50 ուսանող մասնակցեց սեմինարին. նրանցից 20-ը ստացան հավաստագրեր:
Ըստ ԵՎՀԿ նախագահ Արեգ Քոչինյանի`ցանկացած գաղափար հեշտ է կյանքի կոչել, եթե գիտես թե ինչ ես ուզում, կա ժամանակ և կա թիմ: Որպես երիտասարդ կազմակերպության նախագահ, իսկ առաջնահերթ նաև ՀՀ երիտասարդ քաղաքացի վերջինս հավատացած է, որ ներկայիս սերունդը շատ ավելի պատրաստ է ազատ մտածելու, գործելու և իրավիճակը ճիշտ վերլուծելու, քան նախորդն էր, սակայն, չնայած այդ ամենին, դեռ շատ հեռու է իրական և լուրջ սպասելիքներից:
Ինչպես և նախորդ հանդիպումները, այս դասընթացն էլ իրականացվեց անվճար, մեծ սիրով ու պատրաստակամությամբ….