1988-1990թթ. հանրահավաքների ժամանակ օգտագործված պաստառներ՝ իբրև անդրադարձ «Պրավդա» թերթի հրապարակումներին
Դրվագ հանրահավաքից: «Պրավդա» («Ճշմարտություն») թերթի անվանումը պարունակող թերթոններից ստեղծված է «Ложь» («Սուտ») տեքստով ցուցապաստառ: Օպերայի հրապարակ, փետրվար [՞մայիս] 1988 թ.: Լուսանկարը Մ. Վարդանյանի: Արտապատկերված է Մ. Վարդանյանի «Սկիզբ. Երևան 1988» ֆոտոալբոմից (Շարջա, 1998):
Պլակատ, որտեղ նկարված կշեռքի մի նժարին դրված է «Պրավդա» («Ճշմարտություն») թերթը, մյուսին՝ թղթապանակներ «Факты. Арцах, Сумгаит, Масис, Звартноц» («Փաստեր: Արցախ: Սումգաիյթ: Մասիս: Զվարթոնց») մակագրություններով: Եվ թերթով նժարն ավելի ծանր է կշռում, քան փաստաշատ հաստ թղթապանակները, այսինքն՝ ճշմարտությանը սատարելուն կոչված թերթում արտացոլված նյութերը չեն համապատասխանում ճշմարտությանը, սակայն, քանի որ այդ թերթը «Պրավդա»-ն է, այնտեղ գրվածները ավելի ծանրակշիռ ու ճշմարիտ են ներկայացվում: Կից գրության մեջ հարց է տրվում, թե «Правда, отчего ты окаменела?» («Պրավդա, ինչո՞ւ ես քարացել»): Օպերայի հրապարակ, 13 հոկտեմբերի 1988 թ.: Լուսանկարը՝ Հ. Մարությանի:
Պլակատ, որտեղ «Պրավդա»-յի հաղորդած սուտ տեղեկությունները ուղղակիորեն դիտարկվում են որպես Մայր Հայաստանի և շղթայված մանուկ Ղարաբաղի միավորմանը խոչընդոտող հանգամանք. այստեղ «Պրավդա»-ի վերնագրի տառատեսակով գրված էր «ВРАВДА», արհեստական մի բառ, որ ծագումնաբանորեն կապված է «врать»-«ստել» բառի հետ (հայերեն կարելի է թարգմանել՝ «ստմարտություն»): Պլակատային կոմպոզիցիայի մաս կազմող տրանսպարանտին գրված է «Շղթաներից, ազատվելու համար՝ հարկավոր է պայքարել»: Եղեռնի զոհերի հուշահամալիր, 24 ապրիլի 1990 թ.: Լուսանկարը՝ Հ. Մարությանի:
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ