«Ինլայթը» ներկայացնում է Կարնեգիի մոսկովյան կենտրոնի հեղինակներ Դենիս Վոլկովի* և Անդրեյ Կոլեսնիկովի* «Պուտինի «զավակները». Ո՞վ կղեկավարի Ռուսաստանը 2024 թվականից հետո» հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ռուսաստանյան վերնախավի զգալի մասը անհանգստությամբ սպասում է 2024 թվականին միայն այն բանի պատճառով, որ անհրաժեշտ է նախապատրաստվել իշխանության տրանզիտի  վերաբերյալ ցանկացած որոշման, որը կընդունվի մարդկանց նեղ շրջանակի կողմից:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԹՎԱՅՆԱՑՈՒՄԸ ՎԵՐՆԱԽԱՎԵՐԻ ՏՐԱՆԶԻՏԻ ԿՈՆՏԵՔՍՏՈՒՄ. ՊԵՏԾՐԱԳԻՐ 2.0

Թվայնացումը, որի վրա վերջին տարիներին Ռուսաստանի իշխանությունները հատուկ ուշադրություն են կենտրոնացնում, դարձել է պետության արդիականացմանն ուղղված ջանքերի յուրատեսակ դրոշակ: Մեկնարկել է «Ռուսաստանի Դաշնության թվային տնտեսություն» ազգային ծրագիրը (նախագիծ)[25]: Սա բնական է, քանի որ փոխվել է հաղորդակցության բնույթը ամբողջ տնտեսության մեջ:

«Թվերին» անցումը անխուսափելի է, հենց այդ պատճառով, օրինակ, հեռուստատեսությունը անալոգայինից տեղափոխվում է թվային հեռարձակման: Սակայն Ռուսաստանում թվային տրանսֆորմացիան մեծ չափով հասկանում են որպես գործընթացների և ծառայությունների ավտոմատացում, նոր էություններ չեն ստեղծվում: Ըստ էության ենթակառուցվածքների ավտոմատացման խնդիրը տեխնոկրատիկ է, ոչ թե բովանդակային: Մնում է այն հարցը, թե ինչի համար է դա արվում:

Կուտակվել են բաց տվյալների բազաներ (ներառյալ՝ առողջապահության, կրթության, բնակարանային և կոմունալ  տնտեսության): Տեսականորեն նման բազաները խթանում են նոր բիզնեսների զարգացումը, որոնց պահանջարկը կա: Այն ոլորտները, որտեղ բաց տվյալները ծայրահեղ կարևոր են, հենց բնակարանային և կոմունալ տնտեսության, կրթության, առողջապահության և էկոլոգիայի ոլորտներն են. այստեղ դրանք փոխում են իրենց սպառողական և բիզնես պահվածքը: Սակայն առաջանում է այդ տվյալների անվտանգության, դրանց վաճառքի պայմանների խնդիրը:

Փորձագետների խոսքերով՝ նոր կանոնակարգման անհրաժեշտություն կա: Այս բոլոր գործընթացները պահանջում են այլ կադրերի պատրաստում և նոր իրավասությունների ստեղծում: Դրա հետ կապված խնդիրն է՝ հնարավոր կլինի՞ արդյոք պահպանել որակյալ մասնագետներին, կստանա՞ արդյոք  բիզնեսը նրանց: Կլինե՞ն արդյոք նոր մարդիկ ավելի անկախ, ազատ և ինքնուրույն (դա թվայնացման կողմնակի, չնախատեսված հետևանքն է): Կամ էլ արդյունքում երկիրը կստանա ռոբոտ-աշխատողների, ինչպես նաև տոտալ վերահսկողություն հակաուտոպիայի ոգով, թվային տոտալիտարիզմ:

Տեխնոկրատիկ մոտեցմանը բնորոշ առանցքային խնդիրներից մեկը, ինչպես արդեն նշել ենք, անհատականացումն է այն նախաձեռնությունների, որոնք կապված են կոնկրետ պաշտոնյաների հետ, ովքեր դիտարկում են թվայնացումը որպես արդիականացման ջանքերի հիմք: Նրանց թվում են Ալեքսեյ Կուդրինը, Սերգեյ Կիրիենկոն, Մաքսիմ Ակիմովը` փոխվարչապետը, ով վերահսկում է թվայնացումը, Կոնստանտին Նոսկովը` թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարը: Եվ բացի նրանցից, հարցվածների կողմից հաճախ նշվող բաց կառավարության նախկին նախարար Միխայիլ Աբիզովը, ով ձերբակալվել էր 2019 թվականին ֆինանսական հանցագործությունների մեղադրանքով: Աբիզովի պատմությունը ոչ այնքան բարենպաստ ֆոն է ստեղծում վերախավերի տրանզիտի համար: Համեմատաբար երիտասարդ և դինամիկ ղեկավարները կարող են տարբեր պատճառներով խոցելի դառնալ, այդ թվում նաև քրեական օրենսդրության տեսանկյունից. ռեպրեսիաները վաղուց արդեն դարձել են վերնախավերի վերահսկման մեխանիզմը [26]:

Կենտրոնացված և ավտորիտար քաղաքական համակարգում բոլոր ազդակները գալիս են վերևից: Եվ «արդիականացման» միակ ազդանշանը ներկայիս Ռուսաստանի պայմաններում թվայնացումն է: Ավելին, երկրի իրական արդիականացումը, որը կառավարությունը համարում է քաղաքականապես վտանգավոր, փոխարինվում է թվային փոխակերպմամբ, որն էլ չափվում է տեխնոկրատիկ KPI-ների միջոցով:

Ռուսաստանում ՏՏ արդյունաբերությունը սկզբում դինամիկ կերպով զարգանում էր  հատկապես շուկայական սեկտորում: Այնուհետև այն նկատվեց պետության կողմից, որն էլ սկսեց ճյուղը իրեն հարմար ձևով ճնշել: Դրա արդյունքում տեղի ունեցավ ՏՏ արդյունաբերության «ինքնիշխանացումը». պետությունն այն դրեց իր «դրոշակների» տակ, ստիպեց աշխատել «անվտանգության» և տնտեսության ռենտային-օլիգարխիկ  մասի օգտին: Արդյունքում հազվադեպ բացառություններով տեղի չունեցավ ճյուղի ներառում համաշխարհային տնտեսության և նորմալ մրցակցային բիզնես գործընթացների մեջ:

Այսօր պետությունը ՏՏ արտադրանքի հիմնական գնորդն է: Թվային տնտեսության ծրագրի ներդրումը կնշանակի ՏՏ ոլորտի մասնաբաժնի կրճատում տնտեսության մրցունակ մասնավոր հատվածում: Պետական տրամաբանության համաձայն՝ առաջատար դիրքերում գտնվող Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարությունը, ըստ մեր հարցվածների, ղեկավարվում է « կարգավորչական արգելող միջավայրի ֆոնին թույլ իրավասություններ ունեցող դիրիժիստ-ավտորիտար մոդելի» շրջանակներում:

Պետությունը պատրաստ է իրեն վերցնել ՏՏ ոլորտի կադրերը, բայց ենթադրվում է, որ  պետական ծառայության համար որակավորված կադրեր ընտրելը (ինչպես բարձրակարգ պաշտոնյաների, այնպես էլ ծրագրավորողների) այնքան էլ հեշտ չէ: Նրանց համար ավելի շատ գրավիչ է աշխատանքը պետական կորպորացիաներում կամ պետական բանկերում` «Ռոստեկ», «Ռոստելեկոմ», «Ռոսնեֆտ», «Սբերբանկ», որտեղ ակտիվորեն զբաղվում են թվայնացմամբ: Մեր հարցվածների կարծիքով՝ հիմնական խնդիրներից մեկն այն է, որ պաշտոնյաների մեծամասնությունը չի հասկանում թվայնացման բովանդակային կողմը: Արդյունքում, հաճախ տեղի է ունենում հին գործառույթների և փաստաթղթերի թվայնացում, այլ ոչ թե կառավարման գործընթացների պարզեցում և նոր բովանդակության ստեղծում: Նպատակներին հասնելու գործում գերակայում է ֆորմալ-բյուրոկրատական մոտեցումը («քանի կիլոմետր նոր մետաղամալուխ է պետք անցկացնել»):

Թվայնացումը դեռ չի լուծում տեղեկատվության աճող հոսքի կառավարման խնդիրը. գերատեսչությունների գործառույթները կրկնօրինակվում են,  հրահանգների հսկայական հոսք է գնում և նույնքան էլ լայնածավալ հաշվետվությունների հոսք: Արդյունքը նույնն է, ինչ պետական համակարգի մյուս օղակներում. «հաշվետվության պաշտամունք», ստուգիչ ցուցանիշների ֆորմալ կատարում:

Եւս մեկ խնդիր, որը նշում են փորձագետները, չափից ավելի  թվային խանդավառությունն է, գրեթե բռնի ընկղմումը «թվի» մեջ: Սա իր հետ կբերի  թվային գործընթացներից հեռացման և խտրականության բնակչության այն զգալի մասի համար (առաջին հերթին առավել խոցելի՝ միջին տարիքի, քիչ կրթված, խոշոր քաղաքներից դուրս բնակվող), որը չի հասցնում հարմարվել բոլորի և ամեն ինչի թվայնացմանը՝ հեռուստատեսությունից սկսած մինչև պետական սպասարկում:

Եվ, իհարկե, կա թվայնացման քաղաքական ասպեկտը. 2019 թվականի ամռանը Մոսկվայում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում բջջային ինտերնենտի անջատումը հստակ ցույց տվեց, թե հատկապես ինչպես կարող են իշխանությունները օգտագործել «թվային բռնատիրությունը» վերահսկողության նկատառումով: Այս կերպ է տեղի ունենում թվային փոխակերպման «խաղաղ» նպատակների դիսկրեդիտացիան:

Թվայնացումը կարող է ավելի լայն հնարավորություններ տալ դիրիժիզմի համար (ինչպես դա անվանեց հարցվածներից մեկը՝ «Պետծրագիր 2.0»), երբ ամեն ինչ կդառնա թափանցիկ և վերահսկելի: Ենթադրվում է, որ դա կօգնի կոռուպցիայի դեմ պայքարում, կնպաստի տարբեր ոլորտների ավելի ծավալուն կառավարելիությանը և, բացի այդ, կձևավորի յուրատեսակ իդեալական բյուրոկրատի՝ «պաշտոնյա 2.0», ալգորիթմ, ծրագիր, ոչ թե մարդ: (Պետական ծառայողների որոշ խմբերի կրճատման հնարավորությունը կարող է դառնալ իշխանությունների և «արդիականացման համար ձևավորվող պոտենցիալ  կոալիցիայի» (որը, այնուամենայնիվ, դեռ գոյություն չունի) շահերի հատման կետը): Թվայնացումը կարող է նաև, իհարկե, պետության ցանկության դեպքում, լուծել ավելորդ վերահսկողության խնդիրը, կառավարման գործընթացներից հեռացնել գրեթե 100 հազար վերահսկիչների և տեսուչների, ովքեր ի զորու են փակել ցանկացած բիզնես և շատ կոռումպացված են: Ենթադրվում է, որ շատ որոշումներ արհեստական բանականությունը կարող է ընդունել ինքնուրույն, առանց մարդու ներգրավման, պարզապես  տրամադրված հաշվետվությունների հիման վրա:

Հասկանալի է, որ այս դեպքում թվայնացումն ունի իր դրական կողմերը: Մասնավորապես, դա նոր մոտիվացիա է ստեղծում վարչական պաշտոններում աշխատելու համար և պաշտոնյաների մոտ ձևավորում է  ծրագրային նպատակադրություն: Այժմ, մեր հարցվածների դիտարկմամբ, պաշտոնյաները` հատկապես փոխնախարարների մակարդակի, ավելի շատ ձգտում են իրականացնել «գեղեցիկ», ամբիցիոզ նախագծեր, որոնք «ի զորու  են հետք թողնել»: ՏՏ ենթակառուցվածքների կատարելագործումը թույլ է տալիս բարձրացնել հանրությանը մատուցվող ծառայությունների որակը և արագությունը: Այսպես, մեր նախորդ ուսումնասիրություններից մեկում բիզնեսի ներկայացուցիչները վերջին տարիների մի քանի անվիճելի ձեռքբերումների շարքում նշում էին նաև հարկային հաշվետվությունների և  պետծառայությունների թվայնացումը [27]:

Այնուամենայնիվ, հարցվածների գնահատմամբ` թվայնացման  և «Ռուսաստանի Դաշնության թվային տնտեսություն» ազգային ծրագրի տրամաբանությունը ոչ քաղաքական է, ոչ  տնտեսական, այլ բյուրոկրատական: Արդյունքում ուզում են ստանալ, ինչպես արտահայտվեց մեր փորձագետներից մեկը, «դիրիժիստ-տեխնոկրատի կախարդական երազը». համացանցն ավելի լավ կաշխատի, կընդլայնվի էլեկտրոնային պետծառայությունների շրջանակը, կավելանա պետական ՏՏ մասնագետների թիվը (ըստ գնահատումների՝ պետությունը, որպես գնորդ, զբաղեցնում է ՏՏ շուկայի 70%-ը): Դրանց արդյունքը կլինի թվայնացումը՝ որպես տնտեսության պետականացման ևս մեկ տարր, աշխատող բիզնես-արդյունաբերության ազգայնացումը և դրա հարմարեցումը տնտեսության «ինքնիշխանացման» նպատակներին («ինքնիշխան թվայնացում»):

Կրկին, ինչպես և մյուս ոլորտներում, առաջանում է սովորական իրավիճակ. «նախագծերը հաջողվում են, հաստատությունների կառուցումը՝ ոչ»:

Բովանդակային արդիականացումը փոխարինվում է թվայնացմամբ՝ որպես տեխնոկրատիկ գերխնդիր։ Ինչը նշանակում է, որ «թիվը» դժվար թե կդառնա արդիականացման և կադրային առաջընթացի գոտի և շարժիչ ուժ: Ավելի շուտ, նա կօգնի լուծել համակարգի գլխավոր քաղաքական խնդիրը` նրա գոյատևումը:

Շարունակելի ..

Ծանոթագրություններ

[25] Цифровая экономика 2024. Национальная программа // https://digital.ac.gov.ru

[26] Տես՝ Петров Н. Репрессии стали механизмом контроля элиты. — Ведомости. — 30 августа 2017 // https://www.vedomosti.ru/opinion/articles/2017/08/30/731537-repressii-kontrolya-eliti

[27] Տես՝ Мовчан А., Волков Д. Неполитические реформы. Исследование мнений бизнесменов. — Московский Центр Карнеги. — 27 сентября 2018 // https://carnegie.ru/2018/09/27/ru-pub-77353 


Թարգմանիչ՝ Մերի Բաբայան  (Mery Babayan), խմբագիր՝ Գայանե Խաչատրյան (Gayane Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: