«Ինլայթը» ներկայացնում է Կարնեգիի մոսկովյան կենտրոնի հեղինակներ Դենիս Վոլկովի* և Անդրեյ Կոլեսնիկովի* «Պուտինի «զավակները». Ո՞վ կղեկավարի Ռուսաստանը 2024 թվականից հետո» հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ռուսաստանյան վերնախավի զգալի մասը անհանգստությամբ սպասում է 2024 թվականին միայն այն բանի պատճառով, որ անհրաժեշտ է նախապատրաստվել իշխանության տրանզիտի  վերաբերյալ ցանկացած որոշման, որը կընդունվի մարդկանց նեղ շրջանակի կողմից:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՂՆԵՐ. ԳՈՅԱՏԵՎՈՒՄ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Մայքլ Կալվիի [28] գործը լրջորեն խախտեց Ռուսաստանի տնտեսության նկատմամբ առանց այդ էլ ծայրահեղ ցածր (թվում էր՝ ավել իջնելու տեղ չկար) վստահության վրա: 2018 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումները 2017 թվականի համեմատ նվազեցին ավելի քան երեք անգամ՝ հասնելով 8,8 միլիարդ դոլարի: Վերջին տասը տարվա ընթացքում դա ՀՆԱ-ի հարաբերակցությամբ նվազագույն արժեքն էր [29]:

Օտարերկրյա հիմնականում պորտֆելային ներդրողները գնահատում են ռուսական լավ և հավասարակշռված մակրոտնտեսական ցուցանիշները, սակայն դա նրանց ուղիղ ներդրումներ անելու չի ներշնչում: Ռուսաստանում աշխատում են նրանք, ովքեր ունեն հատուկ արտոնություններ՝ երաշխավորված իշխանական բուրգի ամենաբարձր մակարդակի կողմից (օրինակ, այստեղ շատ են գերմանական բիզնեսներ, որոնց նկատմամբ Ռուսաստանի նախագահն ունի անձնական լավ վերաբերմունք), կամ նա, ով արդեն իսկ հաստատվել է այստեղ, անցել քաղաքական ցրտահարությունների որոշ փուլեր և կարողանում է աշխատել ռուսաստանյան միջավայրում:

Նմանօրինակ գործարարների թվին են պատկանում ֆիննական բազմաթիվ ձեռնարկատերեր, ովքեր լավ ծանոթ են Ռուսաստանի տնտեսական, վարչական և քաղաքական պայմաններին: Նրանցից ոմանց հետ ունեցած մեր խորացված հարցազրույցները ցույց են տալիս, որ նրանք շատ հիասթափված են վերջին իրադարձություններից (Կալվիի գործը մտահոգություն  առաջացնող գլխավոր թեման է) և նրանից, թե ինչպես են ռուսական ուժայինները վերաբերվում բիզնեսին, ոչ միայն արտասահմանյան: Սակայն, ըստ հարցվածներից մեկի ձևակերպման՝ նրանք, ովքեր շարունակում են աշխատել Ռուսաստանում, կշարունակեն դա անել, և առանց հուսալու, որ պայմանները կբարելավվեն, դրանք միայն կարող են վատթարանալ: Իսկ ահա ներկայիս պայմաններում արևմտյան, այդ թվում ֆիննական, նոր լուրջ ներդրողների և բիզնեսի ի հայտ գալը քիչ հավանական է:

Որպես կանոն, ֆիննական ձեռնարկատերերը աշխատում են Ռուսաստանում բավականին երկար ժամանակ, և նրանք ունեն այսօրվա իրավիճակը համեմատելու հնարավորություն: «Բիզնեսը վարելու պայմանները, ” նշում է մեր ֆին հարցվածներից մեկը, ” երեքի են հավասար՝ հինգբալյան սանդղակում  <…> Խոդորկովսկու ձերբակալությունից առաջ ամեն ինչ այլ էր <…> հետո բիզնես միջավայրում ֆունդամենտալ փոփոխություններ տեղի ունեցան»:

Հարկ է նշել, որ Կալվիի ձերբակալությունը, իր բոլոր բացասական հետևանքների հետ մեկտեղ, ըստ էության, չազդեց Ռուսաստանում բիզնեսով զբաղվելու պայմանների մասին ձեռնարկատերերի պատկերացումների վրա: Այն ըմբռնումը, որ Ռուսաստանի Դաշնությունում սեփականության իրավունքը պաշտպանված չէ, և որ ցանկացած պահի յուրաքանչյուրի հետ  ամեն հնարավոր բան կարող է պատահել, եկել էր շատ ավելի վաղ:

Այնուամենայնիվ, շրջակա միջավայրին հարմարվելու հնարավորություններ կան, մանավանդ որ Ռուսաստանում ֆիննական բոլոր ձեռնարկությունները  անքակտելիորեն հետևում են օրենքին և բացարձակապես կոռումպացված չեն: Դա գիտեն և՛ գործընկերները, և՛ պետությունը: Այդ իսկ պատճառով՝ ֆիննական ձեռներեցների նկատմամբ լուրջ պահանջներ չկան և լինել չեն կարող: Պարադոքսալ կերպով մեր հարցվողներից մեկը նշում էր, որ վերջերս ռուսաստանյան գործընկերների, ինչպես նաև Ռուսաստանի որոշ շրջանների տեղական իշխանությունների հետ աշխատանքը ավելի արդյունավետ է դարձել: Սա ընդհանուր միտում չէ, բայց, օրինակ, շինարարական և  կառուցապատման բիզնեսում ռուս գործընկերները «չեն ցանկանում խաբված բաժնետերերի տեսնել», իսկ ֆիննական ընկերություններին նրանք վստահում են և, հետևաբար, փորձում են լավ և արդյունավետ հարաբերություններ պահպանել նրանց հետ: Ավելին, տարածաշրջանային իշխանությունները ձգտում են գրավել օտարերկրյա ներդրումներ. դրանք, ինչպես և արևմտյան խոշոր ընկերությունները, բավարար չեն: «Տեղական իշխանությունները ցանկանում են ցույց տալ, ” նշեց հարցվողը,- որ Ռուսաստանը երկիր է,  ուր կարող են ներդրումներ կատարել»: Քաղաքականությունը մեծ դեր չի խաղում, մանավանդ, եթե խոսքը ռազմավարական ճյուղերի մասին չէ:

Թվում է՝ մեր հարցվածներից մեկի նման դիրքորոշումը հակասում է ներդրումային վատ մթնոլորտի գաղափարին: Սակայն պետք է հասկանալ, որ երկու կողմերն էլ՝ ներդրումներ ընդունողը և ներդրումներ անողը, անկեղծորեն փորձում են արդյունավետ և որակյալ աշխատանք իրականացնել՝ հաղթահարելով անբարենպաստ միջավայրը: Տնտեսությունը, չնայած պետության կոպիտ միջամտումներին, մնում է շուկայական, շուկայում կա ապրանքների և ծառայությունների պահանջարկ, և նրանք, ովքեր ցանկանում են և գիտեն  բիզնես վարել հաճախ թշնամական միջավայրում, շարունակում են իրենց ձեռնարկատիրական գործունեությունը:

Այն ճյուղերում, որտեղ ներկա են պետական խաղացողները, իհարկե, կարևոր են երկու երկրների միջև հարաբերությունները, որոնք Ֆինլանդիայի դեպքում բավականին հարթ են: Այնուամենայնիվ, այստեղ ամենակարևոր խնդիրը տարածաշրջանային ղեկավարների հետ հարաբերություններն են, որոնց (ղեկավարների) պրոֆեսիոնալիզմի մակարդակը, ըստ մեր հարցվածների, շատ տարբեր է: Կան նահանգապետեր, ովքեր խանգարում են բիզնեսի աշխատանքին, բայց կան այնպիսիք, ովքեր խորապես գլուխ են հանում խնդիրներից և օգնում («երբեմն այն, ինչ հնարավոր է Մոսկվայում, անհնար է Սանկտ Պետերբուրգում»): Իշխանությունները  ականջալուր չեն ներդրողներին, դժկամորեն են ընդունում գործարար միջավայրի բարելավման և օրենսդրության ռացիոնալիզացիայի վերաբերյալ խորհուրդները: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում են հարցվածները, ընդհանուր առմամբ հնարավոր չէ բիզնես կառուցել միայն նահանգապետի կամ քաղաքապետի հետ լավ հարաբերությունների վրա, ասենք միայն այն պատճառով, որ նրանց վերջերս հաճախ փոխում են:

Տարածաշրջանային երկրորդ խնդիրը կլանային կարգավիճակն է, որը երբեմն խանգարում է բիզնեսին: Անկախ բիզնեսի մասշտաբներից, և դա ամեն անգամ շեշտում էին մեր փորձագետները, շատ կարևոր է օրենքի տառին հավատարիմ մնալ և ոչ մի դեպքում կաշառք չտալ. այդ դեպքում վերաբերմունքը իշխանությունների և գործընկերների կողմից համապատասխան կլինի («Չենք տալիս կաշառք, ուրեմն, չենք տալիս․ մեզ համար այս տեսակետից ավելի հեշտ է: Բայց ռուսաստանյան բիզնեսի համար ավելի դժվար է. նրանք ստպված են տալ։ Չնայած կոռուպցիայի հետ կապված ընդհանուր իրավիճակն այդքան էլ ընկճող չէ, պատժից վախենում են):

Օտարերկրյա ներդրողներին կանոններին հետևելու ձգտման հետ մեկտեղ վրդովվեցնում է կարգավորող միջավայրի անկանխատեսելիությունը. «Ամեն ինչ անընդհատ փոխվում է: Ադապտացիայի վրա շատ ժամանակ և նյարդեր են գնում: Եթե Ֆինլանդիայում այդ խնդիրների (արտաքին միջավայրի և բյուրոկրատիայի հետ փոխգործակցություն. Դ. Վ., Ա. Կ.) լուծման համար մեզ անհրաժեշտ է մեկ հոգի, ապա այստեղ՝ երեք-չորսը»:

Կադրերի խնդիրը տարբեր ճյուղերի տարբեր ընկերությունների համար  նույնը չէ. ինչ-որ մեկին անհրաժեշտ են մարդիկ, ովքեր իշխանությունների հետ կարողանում են պայմանավորվել թույլատվությունների վերաբերյալ, այդ թվում` ջրի, էլեկտրականության, գազի միացման, մյուսները լոբբիստների կարիք ունեն, այլք՝ ինժեներական կադրերի: Ոմանք ունեն կադրերի պակաս հատկապես երիտասարդ ճյուղերում (օրինակ՝ լոգիստիկայում), իսկ մյուսները՝ մասնավորապես շինարարության ոլորտում, նման խնդիրներ չունեն: Շատերի համար կարևոր են կառավարական իրավասությունները. «Ծրագրի ղեկավարը ամենակարևոր դիրքն է»: Բոլորը գոհունակություն են հայտնում Ռուսաստանում կադրերի պատրաստվածության մակարդակից, պրոֆեսիոնալիզացիան ու երիտասարդացումը միաժամանակ են տեղի ունենում. «Բոլորը հասկանում են, թե ինչ է հասույթը, շրջանառությունը, մարժան և ամորտիզացիան»,. «Երկրների միջև այլևս տարբերություն չկա. կա տարիքային տարբերություն». «Մենք այլևս չենք հարցնում արտասահմանյան ընկերություններում աշխատանքային փորձի մասին»:

Չնայած այն հանգամանքին, որ նկատվում է տարբեր մակարդակներում մենեջերների պրոֆեսիոնալիզմի աճ, բյուրոկրատական քաշքշուքը դեռ շարունակում է լուրջ խնդիր մնալ: Օրինակ, շենքի շինարարության թույլտվություն ստանալը առնվազն մեկ տարի է պահանջում: Ներդրումներ կատարելու որոշումից մինչև արտադրություն սկսելը  երեք տարի է տևում: «Սա կապված չէ քաղաքական իրավիճակի հետ,- խորհում է փորձագետներից մեկը,- բայց նրանց կապակցումը շատ վատ արդյունք է տալիս»: Երբեմն բիզնես գործընթացների չափազանց երկար տևողության վրա ազդում է ռուսաստանյան վարչությունների տարբեր մակարդակների կադրերի անկայունությունը: Բացի այդ, մարդիկ, ովքեր ցանկացած պահի կարող են պաշտոնանկ արվել, պարզապես վախենում են որոշումներ կայացնել:

Չնայած հարկային և մասամբ (բայց միայն մասամբ) մաքսային վարչարարության բարելավմանը, օտարերկրյա ներդրողները դժգոհ են տեսչական կառույցների գործունեությունից. «Նրանք հանցանք են փնտրում այնտեղ, որտեղ դա ակնհայտորեն չկա»: Իրավիճակը սրվել է վերջին երկու-երեք տարվա ընթացքում: Չնայած, մեր փորձագետներից մեկի կարծիքով, «պետք է բոլորովին  լուրջ (այսինքն` մեծ կապերով ” Դ. Վ., Ա. Կ.) մարդ լինել արտասահմանյան բիզնես «մտնելու» համար»: Այնուամենայնիվ, այդպիսի «լուրջ» մարդիկ գտնվում են (կրկին, Մայքլ Կալվիի դեպքը բնորոշ օրինակ է), և հանգիստ աշխատանքի համար երաշխիքներ չկան:

«Ներդրումներ չեն լինի, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա», ” ասում է ֆին ձեռներեցներից մեկը:- Անհրաժեշտ է ուժային բաղադրիչի հիմնովին նվազեցում, դա հատկապես կարևոր է նորարար բիզնեսի համար»: Ցանկացած ռիսկ հնարավոր է, վստահ են ներդրողները, և արտասահմանյան բիզնեսը պատրաստ է ամեն ինչի՝ «մինչև իսկ սահմանների փակման»:

Հնարավո՞ր են արդյոք դեպի լավը փոփոխությունները: Ձեռնարկատերերը միակարծիք են՝ ոչ: «Բիզնես պլանների իրական հորիզոնը 5-6 տարի է, ” նշում է հարցվողը:- Այսպիսի հեռանկարում փոփոխությունները տեսանելի չեն»: Տնտեսական լուրջ աճ չկա, բացասականն  աճում է (Կալվիի գործը, կրկնվենք, այստեղ իր դերը խաղաց), ռուսական կողմի հիմնական խաղացողները «օգտագործում են համակարգն իրենց օգտին»: «Ներդրողի տեսանկյունից, ” ասում է մեկ այլ փորձագետ,- թիվ մեկ խնդիրն այն է, թե ինչպես բարելավել Ռուսաստանի իմիջը: Ռուսաստանում գործարարները միայն խնդիրներ են տեսնում»:

Շարունակելի ..

Ծանոթագրություններ

[28] Baring Vostok-ի հիմնադիր, ԱՄՆ քաղաքացի Մայքլ Կալվին ձերբակալվել էր փետրվարի 15-ից մինչև ապրիլի 13-ը՝ խոշոր չափերի խարդախության մեղադրանքով: Նա կասկածվում է «Վոստոչնի Էքսպրես» բանկից «Առաջին հավաքական բյուրոյի» մասնակցությամբ մի սխեմայի միջոցով 2,5 միլիարդ ռուբլու յուրացման մեջ: Տես՝ Дело Майкла Калви. — Коммерсантъ // https://www.kommersant.ru/theme/3156

[29] Назарова К. Аналитики ЦБ объяснили трехкратный обвал иностранных инвестиций в Россию. — РБК. — 13 мая 2019 //


Թարգմանիչ՝ Մերի Բաբայան  (Mery Babayan), խմբագիր՝ Գայանե Խաչատրյան (Gayane Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: