«Ինլայթը» ներկայացնում է Կարնեգիի մոսկովյան կենտրոնի հեղինակներ Դենիս Վոլկովի* և Անդրեյ Կոլեսնիկովի* «Պուտինի «զավակները». Ո՞վ կղեկավարի Ռուսաստանը 2024 թվականից հետո» հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ռուսաստանյան վերնախավի զգալի մասը անհանգստությամբ սպասում է 2024 թվականին միայն այն բանի պատճառով, որ անհրաժեշտ է նախապատրաստվել իշխանության տրանզիտի վերաբերյալ ցանկացած որոշման, որը կընդունվի մարդկանց նեղ շրջանակի կողմից:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
- ՆԱԽԱԲԱՆ
- ՎԵՐՆԱԽԱՎԵՐԻ ՏՐԱՆԶԻՏԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
- ՏԵԽՆՈԿՐԱՏԻԿ ՏՐԱՆԶԻՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ
- ԹՎԱՅՆԱՑՈՒՄԸ ՎԵՐՆԱԽԱՎԵՐԻ ՏՐԱՆԶԻՏԻ ԿՈՆՏԵՔՍՏՈՒՄ. ՊԵՏԾՐԱԳԻՐ 2.0
- ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՂՆԵՐ. ԳՈՅԱՏԵՎՈՒՄ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
- ՏԵԽՆՈԿՐԱՏԻԿ ՏՐԱՆԶԻՏԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ
- ՀԻՄՆԱԿԱՆ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ
ՏԵԽՆՈԿՐԱՏԻԿ ՏՐԱՆԶԻՏԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Մի շարք նախագծերի հաջողությունը, ինչպիս, օրինակ, «Սկոլկովոյի» տարբեր ծրագրերինը, չի փոխում ավտորիտար համակարգի ֆունդամենտալ հիմքերը:
Մեզ հետ զրույցների ժամանակ հարցվածները բազմիցս նշում էին, որ եթե հեռանա անձը, ով մարմնավորում էր նախագիծը, ապա նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, կդադարեցվի: Նման նախագծերի թվում նշվում էր նաև «Բաց կառավարությունը». այդ նախաձեռնության միակ «շարժիչ ուժն» էր նրա գործունեությունը համակարգող նախարար Միխայիլ Աբիզովը: Նրա պաշտոնանկությունից հետո նախագիծն ավարտվեց, իսկ ձերբակալությունից հետո բոլորովին վարկաբեկվեց: (Ենթադրվում էր, որ «Բաց Կառավարության» շրջանակներում կկարգավորվի փորձագիտական հանրության և հասարակության հետ աշխատանքի համակարգը: Մի շարք ծրագրեր, ներառյալ թվային ոլորտում, հաջողվեց իրականացնել)։
«Ռուսաստանի առաջնորդների» մակարդակի նախագծերն ունեն վարչական և քաղաքական լուրջ աջակցություն, բայց դա չի նշանակում, որ դրանք կվերածվեն կադրերի ընտրության մշտական գործող մեխանիզմի և կվերապրեն մոտակա տարիների քաղաքական տարբեր փոփոխությունները:
«Ծրագրեր ենք նախաձեռնում, դեմքեր ենք փոխարինում, բայց ինստիտուտներ չենք փոխում» մեխանիզմի ընդհանուր ազդեցությունն արդյունքում ավելի շուտ բացասական է: Նույնքան բացասական է նաև կառավարման և տնտեսության համար կադրերի ընտրությունը: Որոշ դեպքերում պետությունը հետաքրքրված է թիմերով, որոնք «կարող էին ինչ-որ բան անել»: Երբեմն պաշտոնյաները, որոնց նույնպես ժամանակ առ ժամանակ պետք են երկխոսություն և «օդ», ցանկանում են գոնե ժամանակավորապես դուրս գալ բյուրոկրատական աշխարհից և շփվել անկախ փորձագետների և ղեկավարների հետ: Բայց, ընդհանուր առմամբ, ստացվում է, որ լավ ղեկավարները կամ գործընկերները պետության համար միայն բեռ են: Եթե պետական ղեկավարի աշխատանքի գնահատման հիմնական չափանիշները հավատարմությունն և սոցիալական լարվածության դեմ հաջող պայքարն են մնում, ապա իշխանությանը, Կրեմլի մարմնավորմամբ, իրականում ոչինչ չի հետքրքրում, ինքնապահպանումից բացի:
Իշխանության մեդիոկրատիկ (ֆր․ mediocre ” միջակություն) էությունը մնում է նույնը: Ուժեղ, ստեղծարար և ինքնուրույն մարդիկ չեն ներգրավվում համակարգում, կորցնում են իրենց արժեքային դրույթներին համապատասխան ադեկվատ ինքնակայացման և վարքի հնարավորությունը: Չափից շատ են ստիպված լինում անիմաստ ջանքեր գործադրել, առաջադրանքները մանրացվում են, ակտիվ գործունեության նկատմամբ հետաքրքրությունը վերանում է: 40-50 տարեկան ակտիվ և փորձառու մարդկանց, փորձագետներից մեկի կարծիքով, «համակարգը նետում է արտագաղթման կամ ձկնորսության», «նրանց անհատական ամբողջ արժեքը, value, կլանում է միջավայրը», իսկ իրենք մնում են ոչ թե դերակատարները, այլ դիտորդները նրա, թե ինչպես է մեկ ուրիշը փչացնում միջավայրը և ոչ ադեկվատ որոշումներ կայացնում՝ չխոսելով այն մասին, որ քաղաքական իրավիճակը ավելի շատ կադրեր է պահանջում ուժայինների և ընդդիմության դեմ պայքարի մասնագետների թվից:
Այս դեպքում էլ ի՞նչ կոալիցիա արդիականացման համար, եթե չկա արդիականացման սուբյեկտ:
Խնդրի արմատը քաղաքական համակարգում է: Արդիականացման մոդելի քաղաքական հիմնական սահմանափակումը հետևյալն է. հազիվ թե հնարավոր լինի կառավարման մեխանիզմների փոփոխություն իրականացնել մի համակարգում, որի արմատական հատկությունը հենց պետության և բիզնեսի միաձուլումն է, իշխանության և սեփականության միավորումը և հովանավոր-հաճախորդ կապերի հաստատումը: Համակարգը դեռևս կլանային է, և դրանում, ինչպես նշում է սոցիոլոգ Օլգա Կրիշտանովսկայան, «Սեչինը չի կարող նախագահ դառնալ, բայց նրա պրոտեժեն կարող է» [30]: Հնարավոր չէ ապրել կլանային հասարակությունում և զերծ մնալ կլաններից: Այս օրինակը վկայում է նրա մասին, որ պետական շատ օլիգարխներ, ովքեր նախագահի մերձավորների շրջանակից են, կարող են և սովորական իմաստով պետական քաղաքական գործիչներ չլինել, նրանց ազդեցությունն այնքան մեծ է, որ մնալով ստվերային առաջնորդների դերում՝ նրանք կարող են կառավարել քաղաքական նշանավոր գործիչներ համարվող կերպարներին:
Վերևից ազդանշան չկա այն մասին, թե ինչ է արդիականացումը, ինչի վրա է պետք կենտրոնանալ: Միակ ազդանշանը, որը, ինչպես մենք ցույց տվեցինք, պայմանականորեն կարող ենք վերագրել արդիականացմանը, թվային տնտեսությունն է: Բիզնեսը լուրջ շարժառիթ չունի հավատալու պետական վերնախավերի արդիականացման ձգտումներին: Մեջբերում փորձագիտական հարցազրույցից. «Հաջողակ բիզնեսն այն է, որը խուսափել է պետության ուշադրությունից, այդ թվում ՝ նրա աջակցությունից»:
Սա շատ կարևոր նկատառում է, և ահա թե որ համատեքստում. քաղաքականության ավտորիտար կառուցվածքին համապատասխանում է նաև պետական կապիտալիզմի համակարգը, որի հիմքում ընկած է ռենտային տնտեսությունը: Իսկ նմանատիպ համակարգերում տնտեսական աճը դժվարեցված է [31]: Պետությունն ամենուր է: Դա է վկայում , մասնավորապես, բնակչության կողմից տնօրինվող իրական եկամուտների կառուցվածքը: Օրինակ, ձեռնարկատիրական գործունեության եկամուտների մասնաբաժինը, ըստ պետական վիճակագրության դաշնային ծառայության, 2000 թվականի միանգամայն շուկայական 15,2%-ից իջել է մինչև 7.5% 2018 թվականին։ Սեփականությունից ստացված եկամուտների մասնաբաժինը 2018 թվականին չնչին 4.9% էր կազմում (ԱՄՆ-ում, օրինակ, այն 14.2% է), դրա փոխարեն սոցիալական վճարների մասնաբաժինը նույն 2018 թվականին հասել է 19.4%-ի (2000 թվականին՝ 13.9%): Նման ցուցանիշները ցույց են տալիս սոցիալական և տնտեսական գործընթացներում պետության մասնակցության բարձր աստիճանը [32]:
Մեր հարցվածների մի մասի գնահատմամբ, Ռուսաստանի բնակչության մեծ մասի եկամուտները կախված են ռենտային տնտեսությունից: Քաղաքացիների զգալիորեն փոքր թվի համար եկամուտի աղբյուր է ծառայում շուկայական վարքագծի նմուշներով, ըստ էության, շուկայական տնտեսությունը։ Այն փոքր է, ավելի շուտ տեղային, գլոբալ գործընթացներին չմասնակցող: Նրան ներկայացնում է ռուսաստանյան ծայրամասերից «անգլերեն չիմացող ձեռնարկատիրոջ» տիպարը: Նմանատիպ տնտեսական գործակալներիխնդիրն այն է, որ ռենտային մեծ տնտեսությունը կամ «կլանում» է երկրորդի՝ իսկապես շուկայական տնտեսության ներկայացուցիչներին, կամ յուրացնում է նրանց բիզնեսը: Երրորդ՝ շատ փոքր մասը, Ռուսաստանի տնտեսության գլոբալ մրցակցային մասն է` 2-3% մասնաբաժնով (ռենտայինի 70%-ի հետ համեմատած): Այս տնտեսության ներկայացուցիչները, ինչպիսիք են ծրագրավորողները, խնդիրներ չունեն աշխատանքի որոնման հետ, և պարտադիր չէ՝ Ռուսաստանում:
Ցանկացած արդիականացման իմաստը երկրորդ տնտեսության (տեղական շուկայական) միացումն է երրորդին (գլոբալ մրցունակ): Սակայն դեռևս ընթանում է հակառակ գործընթացը՝ երկրորդ տնտեսության կլանումը առաջինի (ռենտայինի) կողմից: Երբեմն երկրորդ տնտեսության ներկայացուցիչները պաշտպանություն են փնտրում առաջինում. այն ապահովում է բիզնեսի անվտանգությունը՝ դրա դիմաց, ճիշտ է, գործնականում յուրացնելով այն: Ռուսական խոշոր ՏՏ արդյունաբերությունը առաջացել է երկրորդ տնտեսությունում, բայց առաջինն այն աստիճանաբար իրեն է վերցնում. սա այն օրինակներից մեկն է, թե ինչպես է ռենտային տնտեսությունը կլանում այն ամենը, ինչը որևէ կերպ արդյունավետ է դուրս գալիս:
Ինչպես շեշտում է մեր հարցվածներից մեկը, այս մոդելի վերաբերյալ վերնախավերը կոնսենսուսի են եկել: Ոչ ոք չի հավատում, որ երկրորդ տնտեսությունը ինքնուրույն կզարգանա և կլրացնի երրորդին: Եվ արդեն ոչ միայն չի հավատում, այլ նաև չի ուզում. ավելի հարմար է հարմարվել ռենտային տնտեսությանը, ներգրվել պետական կապիտալիզմի կապերի համակարգին, ոչ թե ստեղծել նոր արժեքներ, այլ սպառել դրանք: Այսպիսով ռենտային տնտեսությունն ինքնվերարտադրվում է: Ստացվում է, որ գերակայում է ոչ թե արդիականացմանը կողմ կոալիցիան, որի մասին փորձագետները սիրում էին խոսել Դմիտրի Մեդվեդևի նախագահության շրջանում, այլ «լճացմանը կողմ յուրատեսակ կոալիցիան». ընդ որում, համակարգի անարդյունավետության ընկալմամբ, բայց առանց նրա ֆունդամենտալ հիմունքները փոխելու ցանկության:
Իսկ ահա լճացման կոալիցիայի ներկայացուցիչները կցանկանային իրենց երեխաներին ուղարկել երրորդ՝ համաշխարհային տնտեսություն: Այս եզրահանգումը համընկնում է այն հետևության հետ, որը մենք արել էինք մասնավոր սեփականության նկատմամբ բնակչության վերաբերմունքի մասին սոցիոլոգիական ուսումնասիրության հիման վրա (2018): Այն ժամանակ համառուսաստանյան հարցմանը մասնակցածների 59%-ը հայտարարել էր, որ կցանկանար, որ իրենց երեխաները զբաղվեին անհատական աշխատանքային գործունեությամբ կամ հիմնեին իրենց սեփական բիզնեսը (47%-ը դա կցանկանար հենց իր համար՝ հաշվի առնելով անբարենպաստ պայմաններում բիզնեսով զբաղվելու դժվարությունները) [33]:
Այսօրվա վերնախավի միջին ներկայացուցիչը մի «փոքրիկ Պուտին» է: Նմանատիպ ղեկավարների կառավարչական որոշումների և քաղաքական պահվածքի առանցքային սահմանափակումը երկրում տիրող ընդհանուր մթնոլորտին հետևելով գործելն է՝ «եթե իմ տեղում Պուտինը լիներ, ի՞նչ կաներ» տրամաբանությամբ:
Իհարկե, Ռուսաստանում իշխանությունը մոնոլիտ չէ, այն բաշխված է: Բարձրագույն մակարդակից “ձեռքի” կառավարումն ընդգրկում է երկրում ընդունվող բոլոր որոշումների աննշան տոկոսը: Ավելի շուտ, այս կառավարումն ուսուցողական բնույթ է կրում`որոշումների կայացման մեխանիկայի օրինակներ պարունակող ցուցադրությամբ: Բայց Պուտինն ընդհանրապես բոլոր գործընթացներին միջամտելու անհրաժեշտություն չունի. կառավարչական որոշումները, դատական վճիռները, մեղադրական եզրակացություններն ընդունվում, հրապարակվում և կիրառվում են՝ հաշվի առնելով ցանկացած հարցում նրա ենթադրյալ (պոնտենցիալ) դիրքորոշումը: Դեպքերի զգալի մասում «երևակայական Պուտինի» այս դիրքորոշումը ճիշտ չի մեկնաբանվում, և հենց այդ ժամանակ ստիպված են գործի գցել “ձեռքի” կառավարման մեխանիզմը՝ ուղղելով կատարածուների լուրջ սխալները, չափազանցությունները, հիմնականում իրենց անձնական (կլանային) շահերը հետապնդող պաշտոնյաների ագահության և հիմարության արդյունքները:
Վերնախավի զգալի մասը անհանգստությամբ սպասում է 2024 թվականին միայն այն իմաստով, որ պետք է նախապատրաստվել իշխանության տրանզիտի մասին ցանկացած որոշման, որը կընդունվի մարդկանց շատ նեղ շրջանակի կողմից: Թե ինչպիսին կլինի այդ որոշումը, այնքան էլ էական հարց չէ: Գլխավոր հարցը գոյատևման ռազմավարությունն ու մարտավարությունն են: Այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում այդպիսի վերնախավը, անգթորեն և ճշգրիտ կերպով ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Յաբլոկո» կուսակցությունից Պսկովի շրջանային Պատգամավորների ժողովի պատգամավոր Լև Շլոսբերգը․ «Ես չեմ հավատում ռուսական ներկայիս վերնախավին: Վերնախավը պատասխանատու է հասարակության առջև, այն պետք է արտահայտի իր կարծիքը, բարձրաձայնի ցարի առջև, դե, եթե նա գոյություն ունի, այն, ինչ մտածում է: Սա է նրա գործառույթը: Վերնախավը պետք է լինի հասարակությունից ավելի համարձակ, ավելի բաց և ավելի սկզբունքային: Այդ դեպքում նա կարող է կոչվել վերնախավ: Իսկ ահա այս խառնամբոխը, որը լսում է նախագահի ուղերձը Դաշնային ժողովին, մի անպարկեշտ բան է, դա իստեբլիշմենթը չէ, դա հասարակության ավանգարդը չէ: Դրանք մարդիկ են, ովքեր խայտառակ կերպով օգտվում են իշխանության բարիքներից, ովքեր իրենց հոգին են վաճառել հավատարմության և բարեհուսության համար» [34]:
Արդիականացման հնարավորությունները Ռուսաստանում գործող քաղաքական վարչակարգի շրջանակներում սահմանափակ են, եթե, իհարկե, ընդանրապես չեն բացակայում: Կառավարական և բիզնես վերնախավերը դա շատ լավ հասկանում են, բայց բաձարձակի վիճակի չեն և չեն էլ ցանկանում հաղթահարել արդիականացման խոչընդոտները, կամ, ավելին, ստեղծել նրա համար կոալիցիաներ: Որոշումը, թե որ ուղղությամբ պետք է շարժվի երկիրը, կայացվելու է առանց վերնախավերի կարծիքը հաշվի առնելու: Այստեղ նրանք ամբոխօ, դիտորդի կամ պարտերի դերում են, ոչ ավելին: Նմանատիպ որոշումների վրա, ամենայն հավանականությամբ, կարող են ազդել, և այն էլ ոչ մեծ չափով, ռուսաստանյան քաղաքացիական հասարակության մեջ տեղի ունեցող գործընթացները [35]:
Շարունակելի ..
[30] Whitehouse M. What Comes After Putin Could Be Trouble. — Bloomberg. — August 25, 2018 // https://www.bloomberg.com/view/articles/2018-08-25/putin-s-succession-plan-could-be-trouble-for-russia [31] Տես՝ Murphy K. M., Shleifer A., Vishny R. W. Why is rent-seeking so costly to growth? — American Economic Review Papers and Proceedings. — 83 (2). — May 1993. — P. 409–414 // https://scholar.harvard.edu/shleifer/files/rent_seeking.pdf [32] Տես՝ Николаев И. К вопросу о динамике реальных располагаемых денежных доходов населения. — ФБК. Grant Thornton. — 28 мая 2019 // https://www.fbk.ru/upload/docs/I_Nikolaev_Real%20cash%20income.pdf [33] Տես՝ Колесников А., Волков Д. Новая русская мечта: частная собственность для детей. — Московский Центр Карнеги. — 20 ноября 2018 // https://carnegie.ru/2018/11/20/ru-pub-77744 [34] Каныгин П. «Парень, да ты прав». Псковский депутат, автор закона о защите народа от неуважения власти Лев Шлосберг — о времени, Путине и о себе. — Новая Газета. — 11 апреля 2019 // https://www.novayagazeta.ru/articles/2019/04/11/80185-paren-da-ty-prav [35] Տես՝ Колесников А. Три фронта «общества граждан»: усиление конфликтности. — Московский Центр Карнеги. — 27 февраля 2019 // https://carnegie.ru/2019/02/27/ru-pub-78453 Ծանոթագրություններ
Թարգմանիչ՝ Մերի Բաբայան (Mery Babayan), խմբագիր՝ Գայանե Խաչատրյան (Gayane Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: