«Ինլայթը» ներկայացնում է Կարնեգիի մոսկովյան կենտրոնի հեղինակներ Դենիս Վոլկովի* և Անդրեյ Կոլեսնիկովի* «Պուտինի «զավակները». Ո՞վ կղեկավարի Ռուսաստանը 2024 թվականից հետո» հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ռուսաստանյան վերնախավի զգալի մասը անհանգստությամբ սպասում է 2024 թվականին միայն այն բանի պատճառով, որ անհրաժեշտ է նախապատրաստվել իշխանության տրանզիտի  վերաբերյալ ցանկացած որոշման, որը կընդունվի մարդկանց նեղ շրջանակի կողմից:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐՆԱԽԱՎԵՐԻ ՏՐԱՆԶԻՏԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

Ռուսաստանյան իստեբլիշմենթի 2018-2024 թվականների ժամանակահատվածի հիմնական մտահոգությունը ոչ թե երկրի արդիականացումն է, այլ քաղաքական, կառավարչական և գործարար վերնախավերի համար իշխանության սահուն և անվտանգ փոխանցման ապահովումը: Իսկ դա նշանակում է, որ փոփոխությունները չեն ազդի կենտրոնացված և պետականորեն կողմնորոշված, ավտորիտար և խիստ անհատականացված համակարգի քաղաքական հիմքերի վրա:

Համակարգի տրանզիտի, 2024 թվականից հետո դրա գոյատևման վերաբերյալ խոսակցությունը նաև իշխանության փոխանցման մեխանիզմների գնահատում է: Պուտինի հեռանալու հնարավորությունը կախված է նրանից, թե առաջիկա չորսուկես տարվա ընթացքում հնարավոր կլինի՞ արդյոք գտնել  տրանզիտի այնպիսի սխեմա, որն ապահով կլինի ինչպես անձամբ նրա համար, այնպես էլ վարչակարգի բազային հիմքերի համար: Տրանզիտ ասելով մենք անպայման չէ, որ նկատի ունենանք Պուտինի հեռանալը կամ «անցումը ժողովրդավարության»: Խոսքը նաև գնում է ընդհանրապես իշխանության հանձնման մասին ՝ Սահմանադրության պահանջներին համաձայն: Առանց փոփոխությունների` քաղաքական թե տնտեսական, համակարգը դատապարտված է արագ կամ դանդաղ էրոզիայի, բայց մեր հարցվածները համոզված են, որ Պուտինը որևէ բան հիմնորեն փոխել չի պատրաստվում: Եվ նրանց բոլոր ակնկալիքները կապված են այն հարցի պատասխանի հետ, թե պետության ղեկավարը որքանով է պատրաստ (կամ որքանով պատրաստ չէ) փոխել համակարգը, որպեսզի այն գոնե ինչ-որ չափով մնա գործունակ (աշխատունակ):

Ռուսաստանյան քաղաքական ներկայիս վարչակարգը շոշափել է իր ինքնությունը. պահպանողական արժեքներ, կայսերական գիտակցություն, ռազմականացում, հակաարևմտականություն, պատմության վերաբերյալ առասպելականացված պատկերացումների հիմքի վրա ձևավորված հատուկ ուղի, Հայրենական մեծ պատերազմի հիշատակը՝ որպես ազգի միավորման սոսինձ և իշխանություն օրինականացման հիմնական մեթոդ (ըստ սոցիոլոգիական ուսումնասիրությունների՝ սա միակ իրադարձությունն է, որը միավորում է ազգը, հենց սա էլ օգտագործում է Պուտինը Հաղթանակի ժառանգորդի իր կերպարի պահպանման համար)[3]։ Կարելի է համարել, որ  հենց դա է պետական այն գաղափարախոսությունը, որի շուրջ կոնսենսուսի են եկել թե՛ վերնախավերը և թե՛  զանգվածները: Սակայն սոցիալ-տնտեսական մոդելի անարդյունավետությունը ծնում է փոփոխություններ և, թեկուզ ծայրահեղ անորոշ, պահանջարկ:

Փոփոխությունները համակարգի նպատակը չեն, բայց քանի որ դրանց պահանջարկը կա, իշխանությունները իմիտացնում (նմանակեղծում) են դրանք: Օրինակ, թվայնացումը ներկայացվում է որպես արդիականացում, կամ  անոնսվում է «առաջխաղացման (ճեղքման)» գաղափարը` առանց որևէ շարժառիթի կամ նույնիսկ պարզաբանման, թե ինչ է դա իրենից ներկայացնում: Համակարգը դեռևս ի վիճակի է իմիտացնել փոփոխություններ (ինչը, ի թիվս այլ բաների, նշանակում է նրա (համակարգի) տեխնոկրատիկ կատարելագործում առանց քաղաքական հիմքի փոփոխման), որոնք չեն ուղեկցվում բուն համակարգի էական փոփոխություններով: Ամեն դեպքում, մեր հարցվածների մեծամասնությունը հավատարիմ է այս տեսակետին. իմիտացիայի գործընթացը կարող է բավականին կառավարելի և ընդունելի  լինել ինչպես վերնախավերի, այնպես էլ հասարակ մարդկանց համար: Վիճելի են հարցերը, թե «Պուտինի մեծամասնությունը» արդյո՞ք չի ստացվել տնտեսական լճացման արդյունքում քաղաքական փոքրամասնությունների հանրագումարից, և արդյո՞ք այն ազգային կոնսենսուսը չի թուլացնում: Սակայն համակարգը դեռ ի վիճակի է գլուխ հանել սոցիալական դժգոհության դրսևորումներից (թեկուզև ավելի հաճախ ռեպրեսիաների, այլ ոչ թե պրոպագանդայի և մրցակիցների կոոպտացիայի մեթոդներով)[4] և մնալ քաղաքական հարաբերական հավասարակշռության վիճակում: Ինչ վերաբերում է ինքնին իշխանության հանձնման միջոցներին, ապա Պուտինի համար, իհարկե, կարևոր է մինչև 2024 թվականը գտնել  նույնպիսի մի անձի, ինչպիսին ինքն էր Բորիս Ելցինի համար. այն դեպքում, եթե նախագահը որոշի հրաժարական տալ՝ չկորցնելով ազգային առաջնորդի և համակարգի հիմնադրի հոր արտոնյալ դիրքը: Բայց ինքնին համակարգի կայունության ապահովման համար ավելի կարևոր է պահպանել «պուտինիզմը», այսինքն՝ Պուտինի բացակայության դեպքում ավտորիտար, մեկուսացման և դիրիժիստական քաղաքականության շարունակումը: Ավելին,  առավել երկար ժամկետով, քան դիմացել է, օրինակ, ստալինիզմը (տոտալիտար և ռեպրեսիվ պրակտիկան այն տեսքով, որով այն գոյություն է ունեցել ԽՄԿԿ 1956 թվականի XX համագումարից առաջ) Ստալինի մահից հետո: Թեև ռուսական պատմության մեջ, և ոչ միայն ռուսական (մանավանդ, երբ խոսքը գնում է ավտորիտար և տոտալիտար վարչակարգերի մասին) առաջնորդի ֆորմալ պաշտոններից հեռանալը կամ նրա մահը անխուսափելիորեն խարխլում էր քաղաքական համակարգի հիմքը: Հենց այդ պատճառով նախագահի խնդիրը «հեռանալն է՝  չհեռանաով», այնպես, որ հնարավոր լինի դնել «պուտինիզմը Պուտինից հետո» համակարգի հետագա գոյատևման հիմքը:

Համակարգի բնութագրման սկզբունքորեն կարևոր կետը տնտեսական, քաղաքական և բիզնես գործընթացներին պետության մասնակցության բարձր մակարդակն է: «Քաղաքացիական» վերնախավերի (այսինքն, և լիբերալ, և զուտ տեխնոկրատիկ, առանց գաղափարական ենրանգավորման) խնդիրը համակարգը կայուն վիճակում պահելն է:

Ուժային վերնախավերի խնդիրն է  որոշել.

  1. գաղափարխոսական շրջանակը՝ արմատավորել ազգայնականությունը, կայսերական գաղափարախոսությունն ու քաղաքականությունը (Ղրիմի անեքսիան),  դիմադրությունը Արևմուտքին, պահպանողականությունը, պաշարված ամրոցի հոգեբանությունը, ինքնամեկուսացումը, այդ թվում՝ տնտեսական (հօգուտ ներմուծման փոխարինման և տնտեսության մեջ պետության ինտենսիվ միջամտության),
  2. ներքին և արտաքին քաղաքական դիրքորոշումը՝ դեպի իր կողմը ուղղել ֆինանսական հիմնական հոսքերը՝ առուծախելով սպառնալիքները, որոնք, իբր թե, միայն իրենք կարող են կանխել:

Սա այն մոդելն է, որը, ուժային և գաղափարական վերնախավերի (առաջին հերթին Կրեմլի վարչակազմի) պատկերացումներով, պետք է վերապրի 2024 թվականը:

2018-ի գարնանը՝ Ռուսաստանի կառավարությունը ձևավորման ժամանակ, Դմիտրի Պատրուշևը (Վլադիմիր Պուտինի մերձավորներից  Նիկոլայ Պատրուշևի որդին) ստացավ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: Մինչ այդ դեպքը Պուտինի մերձավորների որդիները  բարձր պաշտոններ էին ստանում պետական բանկերում և կորպորացիաներում (Նիկոլայ Պատրուշևի, Սերգեյ Իվանովի, Սերգեյ Կիրիենկոյի, Դմիտրի Ռոգոզինի, Ալեքսանդր Բորտնիկովի Կովալչուկների և Ռոտենբերգների «դինաստիայի» որդիները)[5]: Սա քաղաքական վերին դասի յուրօրինակ ինքնամերկացում է, կոլեկտիվ իրավահաջորդության մեխանիզմի բացահայտում. 2024 թվականին Պուտինի դաշնակիցների  որդիների սերունդը ժառանգություն կստանա երկրի մի մասը՝ ակտիվների տեսքով, որոնք գոյություն ունեն մի համակարգում, որտեղ «իշխանությունը հավասար է սեփականության»: Մասնավոր սեփականության ժառանգաբար փոխանցման նորմալ մեխանիզմների հետ մեկտեղ ձևավորվում է պետության՝ որպես ակտիվի,  ժառանգաբար փոխանցման սխեմա, ավելին, ընդամենը մի քանի տասնյակ ընտանիքներիի շրջանակում:

Իհարկե, խոսքը ոչ ամբողջ երկրի, սակայն սեփականության բավականին կարևոր և թանկ հատվածների մասին է: «Սուպերվերնախավերի» այդպիսի  տրանզիտի գլխավոր խնդիրն այն է, որ «պետության հետ սերտաճած սեփականությունը ժառանգաբար փոխանցել անհնար է» (մեջբերում փորձագիտական հարցազրույցից). եթե հայրերը դուրս են մնում իշխանական համակարգից, ապա որդիները դադարում են հաջողակ բիզնես առաջնորդներ լինել: Այլ կերպ ասած, ամեն ինչ կախված է քաղաքական իշխանության վրա վերահսկողության պահպանումից: Նախորդ նախագահ Բորիս Ելցինի քաղաքական «ընտանիքը» պահպանել է գոնե համեմատաբար հանգիստ և անկարիք գոյության հնարավորությունները, բայց Պուտինի «ընտանիքի» «ժառանգության» մասշտաբները, եթե դրանք չափենք պաշտոններով, անշարժ գույքով և ակտիվներով, անհամեմատելիորեն առավել էական են:

Հետևաբար, բարձրագույն վերնախավը շահագրգռված է քաղաքական իշխանության իրավահաջորդութությամբ, քանի որ դա ապահովում է տնտեսական իշխանության իրավահաջորդությունը: Միայն այս դեպքում հնարավոր կլինի պահպանել «իշխանություն= սեփականություն» մոդելը նույնիսկ 2024 թվականից հետո:

Իվան Կրաստևի վարկածի համաձայն՝ «Պուտինը համոզված է, որ Ռուսաստանը  ոչ թե մեկ իրավահաջորդի կարիք ունի, ինչպես Բորիս Ելցինի օրոք էր, այլ իրավահաջորդների սերնդի: Նա առաջիկա տրանզիտը դիտարկում է որպես իշխանության փոխանցում իր սերնդի կողմից «պուտինյան սերնդին», որն իր մեջ ներառում է «քաղաքական գործիչների, որոնք հասունության ժամանակաշրջան մուտք են գործել պուտինյան ղեկավարման ընթացքում  և զգացել են դրա ազդեցությունը» [6]: Այնուամենայնիվ, անհատականացված համակարգում  հույժ կարևոր է հենց իրավահաջորդի կերպարը, որը խորհրդանշում է իշխանության ուղղահայացը: Հակառակ դեպքում, համակարգի  իրավահաջորդությունը մնում է հարցականի տակ: Իսկ ահա իրավահաջորդության  մեխանիզմները պետք է ապահովեն  համեմատաբար նոր տիպի ղեկավարները` տեխնոկրատները։

Պուտինը կարող է դառնալ ինքն իր իրավահաջորդը այն դեպքում, եթե չգտնի արժանի ժառանգորդ կամ ժառանգորդներ: Դեռևս նրա շահերից չի բխում 2024-ի տրանզիտի մեխանիզմը բացահայտելը, քանի որ այս դեպքում նա ռիսկի է դիմում դառնալ «կաղ բադ», և վերնախավերը կվերակողմնորոշվեն դեպի քաղաքական մեկ այլ գործչի (կամ գործիչների): Եթե նախագահը հեռանա, Պուտինի իրավահաջորդ կարող են դառնալ նրա ստեղծած համակարգը և նրա քաղաքական «զավակները»: Ստալինի մահվանից հետո առաջին տարիներին, չնայած սովետական համակարգը դարձավ  պակաս դաժան և առավել ռացիոնալ, առաջնորդի կերպարը մնում էր խորհրդային իշխանության խորհրդանիշ, որից երկրի նոր ղեկավարները սկզբում վախենում էին հրաժարվել: Հարցը, թե որքան երկար կարող է գոյատևել «պուտինիզմն առանց Պուտինի», մնում է բաց: Բայց պատմական փորձը ցույց է տալիս, որ նման ժամանակները դժվար թե կարողանան տարիներ տևել:

Շատ բան, ներառյալ իրավահաջորդության մեխանիզմի ընտրությունը, կախված կլինի այն զանգվածային տրամադրություններից, որոնք կձևավորվեն մինչև 2022-2024 թվականները Պուտինի և, առհասարակ, իշխանության հանդեպ վերաբերմունքից:  Այն մոդելի աշխատունակությունից, որի կենտրոնում կանգնած է Պուտինը՝ ոչ որպես անձ, ով կրում է վատ կառավարման գլխավոր պատասխանատվությունը, այլ որպես ինստիտուտ և խորհրդանիշ, «ցար և աստված», ռուս ինքնության և երկրի միակ պահապան:

2018-ի ընտրություններում նախագահի և ազգային առաջնորդի (երկրի խորհրդանիշի) դերի գործառույթները համընկան: 2024 թվականի ընտրությունների հիմնական հարցն է, թե  համակարգի կայունության համար արդյո՞ք բավարար կլինի, որ Պուտինը պահպանի միայն ազգային առաջնորդի և Ռուսաստանի խորհրդանիշի իր դերը, թե՞ ամեն դեպքում պետք է պահպանի նախագահությունը՝ վարչակարգի իրավահաջորդության ապահովման համար: Սրանք տարբեր բաներ են. հարկ է նշել, որ Մեդվեդևի նախագահության ավարտին նրա վարկանիշները հավասարվեցին Պուտինի ցուցանիշներին [7], և նախկին  կշիռը պահպանելու համար Պուտինին արդեն վարչապետի պաշտոնը բավարար չէր: Պարզվեց, որ Ռուսաստանի նախագահը՝ որպես ինստիտուտ (ով էլ որ զբաղեցներ այդ պաշտոնը), կարող է Պուտինից՝ որպես քաղաքական գործիչ և ազգային առաջնորդ, ավելի կարևոր և գլխավոր լինել: Թերևս, այդ պատճառով էլ տեղի ունեցավ 2011 թվականի իշխանական փոխատեղումը, որն էլ Պուտինին վերադարձրեց նախագահի պաշտոնին։ Դրա հետ մեկտեղ համակարգը նույնպես պահպանվեց և նույնիսկ խստացվեց:

2012 թվականին Պուտինի՝ նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո հասարակական կարծիքի հարցումները սկսեցին ցույց տալ, որ մարդիկ հենց նրա վրա են պատասխանատվություն դնում ոչ միայն «ամեն լավի համար», ինչպես նախկինում էր, այլև «ամեն վատի համար»: 2018 թվականի հոկտեմբերին հարցվածների 61%-ը երկրի խնդիրների համար պատասխանատվությունը «ամբողջ չափով» դնում էր նախագահի վրա, ևս 22%-ը  պատասխանատվություն էր դնում «որոշ չափով» [8]: Քանի դեռ առաջին դեմքի վարկանիշները մնում էին ծայրահեղ բարձր մակարդակում, մարդիկ հակված էին արդարացնել պետության ղեկավարին: «Համենայն դեպս, նա աշխատում է», «խնդիրներն այնքան լուրջ են, որ նույնիսկ Պուտինը չի կարողանում դրանք լուծել», ” ասում էին մարդիկ ֆոկուս խմբերում: Բայց վարկանիշների անկմանը զուգահեռ, որը տեղի ունեցավ 2018 թվականին կենսամակարդակի անկման և կենսաթոշակային բարեփոխումների հայտարարման ֆոնին (նախագահի գործունեության հավանության վարկանիշը 2017 թվականի դեկտեմբերին գրանցված 82%-ից 2019 թվականի հունվարին հասավ 64%-ի), նախագահին արդարացնող ձայները նկատելիորեն նվազեցին: Երկրում տիրող իրավիճակից և նախագահի աշխատանքից դժգոհությունը դադարեց լինել մարգինալ դիրքում:

Նախագահի վարկանիշները հետագա նկատելի անկումից զերծ պահել օգնում են  քաղաքական մրցակցության բացակայությունը և խոշոր հեռուստաալիքների նկատմամբ պետական վերահսկողությունը: Արհեստականորեն ստեղծված, ռուսաստանյան քաղաքական համակարգի կոնստրուկցիային  սերտաճած Վլադիմիր Պուտինի անայլընտրանքությունը իշխանության օրինականության պահպանման հիմնական գործիքներից մեկն է: Այսօր այլընտրանքությունը արտահայտվում նրանում, որ նախագահի վարկանիշի նվազումը չի ուղեկցվում քաղաքական այլ գործիչների նկատմամբ հասարակական վստահության ավելացմամբ: Եթե մի քանի տարի առաջ ֆոկուս խմբերում մարդիկ բացատրում էին իրենց աջակցությունը Պուտինին նրանով, որ նա հասել է ինչ-որ բանի («ստիպեց Արևմուտքին հարգել երկիրը», «հանում է Ռուսաստանն» այն «անդունդից», որի մեջ պետությունը հայտնվել էր 1990-ականներին և այլն), ապա այսօր ավելի հաճախ են հնչում պատասխաններ 2012 թվականի ոգով․ «Եթե ոչ Պուտինը, ապա ո՞վ»: Նման տրամադրություններ  արտահայտվում են հասարակական կարծիքի հարցումներում. ռուսների մինչև 43%-ը բնակչության վստահությունը Վլադիմիր Պուտինի նկատմամբ բացատրում է հենց նրանով, որ «մարդիկ ուրիշ մեկի չեն տեսնում, ում վրա կարող են հույս դնել»: Եվ սա ամենաբարձր ցուցանիշն է 2001 թվականից ի վեր, երբ առաջին անգամ այդպիսի հարց տրվեց [9]:

Իշխանության օրինականության անկման ընդհանուր միտումը արդեն իսկ սկսել է ազդել «Միասնական Ռուսաստան» կուսակցության դիրքերի վրա: 2014 թվականին Ղրիմի միացումից անմիջապես հետո իշխանական կուսակցության վարկանիշը կրկնակի բարձրացավ`  բնակչության ընդհանուր թվի 25%-ից հասնելով 50%-ի: Այսօր այն իջել է միչև 30%-ի [10]: 2018 թվականի տարածաշրջանային ընտրությունները, որոնցում իշխանական կուսակցությունը զիջեց իր դիրքերը մի քանի շրջաններում, ցույց տվեցին, որ այն սկսել է կորցնել իր մենաշնորհային դիրքը: Այնպես որ, 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում «Միասնական Ռուսաստանի» թեկնածաուների՝ սահմանադրական մեծամասնություն կազմելու հնարավորությունը հարցականի տակ է մնում: Հավանաբար սա է պատճառը, որ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովայի կողմից ազդարարված ընտրական օրենսդրության օրինականացումը հանդիպեց «Միասնական Ռուսաստանի»  հակազդեցությանը և ձախողվեց [11]: (Չխոսելով արդեն Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորների ընտրական քարոզարշավի ընթացքում ընտրողների իրավունքների ոտնահարումների մասին, որոնք 2019 թվականի ամռանը հանգեցրին բողոքի ցույցերի Մոսկվայում): 2024 թվականի տրանզիտի բնույթը մեծապես կախված կլինի խորհրդարանի նկատմամբ իշխանության վերահսկողությունից և «Միասնական Ռուսաստանի»՝ սահմանադրական մեծամասնություն կազմելուհանգամանքից: Ըստ ամենայնի՝ Կրեմլը մտադիր է պահպանել այդ վերահսկողությունը:

Միևնույն ժամանակ, 2024 թվականի խնդիրները հասարակական կարծիքում գոյություն չունեն: Ռուսաստանի բնակչության կեսից ավելին այսօր էլ կցանկանար, որ Վլադիմիր Պուտինը  նախագահական ներկայիս ժամկետի ավարտից հետո շարունակեր մնալ երկրի նախագահի պաշտոնում: Սա մեկուկես անգամ ավելին է, քան 2012 թվականին (չնայած՝ նույնիսկ այն ժամանակվա աջակցության մակարդակով և ն համառուսաստանյան զանգվածային բողոքների ֆոնին էլ Վլադիմիր Պուտինը, միևնույն է, կհաղթեր ընտրությունների առաջին փուլում): Եվ չնայած կենսաթոշակային բարեփոխումից հետո վարկանիշի նվազմանը, Վլադիմիր Պուտինի օգտին քվեարկելու պատրաստակամությունն այսօր ավելին է, քան ութ տարի առաջ (2019 թվականի հուլիսին ռուսների 40%-ը 2011-ի նոյեմբերին 31%-ի համեմատությամբ)[12]:

Այդ մասին են խոսում նաև 2019 թվականի ապրիլի վերջին «Լևադա» կենտրոնի կողմից իրականացված ֆոկուս խմբերի արդյունքները [13]: Հարցվողները հիմնականում քննարկել են երկու  գլխավոր սցենար. կամ նախագահը չի հեռանում և վերընտրվում է, կամ նա հեռանում և նշանակում է իր իրավահաջորդին: Առաջին սցենարի համակիրնեը շատ են ինչպես Պուտինի կողմնակիցների, այնպես էլ նրա հակառակորդների շրջանում: Հարցվածներից շատերը կամ պատկերացում չունեն Պուտինին նոր ժամկետում առաջադրելու համար սահմանադրական որևէ սահմանափակումների առկայության մասին, կամ, ամենայն հավանականությամբ, դրանք լուրջ չեն ընդունում: Գործող նախագահի մասնակցությունը հերթական ընտրություններին շատերի կողմից ընկալվում է որպես ինքնին հասկանալի փաստ: Նախագահական պաշտոնից Վլադիմիր Պուտինի հեռանալու դեպքում, ըստ հարցվածների, ամենահավանական սցենարը իրավահաջորդի նշանակումը կլինի: Ֆոկուս խմբերում հնարավոր թեկնածուների քննարկումների ժամանակ ամենից հաճախ հնչում է Դմիտրի Մեդվեդևի անունը: Չնայած նա Պուտինից հետո ամենահայտնի  քաղաքական գործիչը չէ, բայց արդեն եղել է նախագահի աթոռին և այժմ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, ուստի մարդկանց աչքերում նա նախագահական պաշտոնի ամենահավանական թեկնածուն է թվում: Մեդվեդևից հետո քաղաքական գործիչներին թվարկում են ըստ վստահության վարկանիշի [14]: Մյուսներից ավելի հաճախ հնչում է Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի անունը, ավելի հազվադեպ` Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովինը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինինը և կոմունիստ Պավել Գրուդինինը: Այս ամենը  փոքր-ինչ տարօրինակ է թվում, բայց այդպիսին է հասարակական զանգվածային կարծիքը, որը շատ լուրջ իներցիա ունի:

Շատերը կարծում են, որ իրավահաջորդ կդառնա այն անձը, ում, ըստ հարցվածների, մենք չենք ճանաչում կամ չենք նկատում, քանի որ այսօր նա առաջին դիրքերում չէ: Հարցվածները  վկայակոչում են մոտ անցյալի պատմությունը. ոչ ոք ո՛չ Պուտինին, ո՛չ Մեդվեդևին նախքան նրանց իրավահաջորդ նշանակվելը լրջորեն չէր դիտարկում: Եվ սա նշանակում է, որ այս անգամ ևս այդպես կարող է լինել. ընտրություններից մեկ տարի առաջ կհայտնվի անձ՝ լրիվ նոր, «դեռ ոչ ոքի չձանձրացրած»: Դա, անշուշտ, կլինի մի «պարկեշտ», «արժանապատիվ» մարդ, ում «կընտրեն» մեզ համար: Ըստ հարցվածների` նա կարող է լինել հատուկ ծառայությունների աշխատակից, զինվորական  կամ պետական կառավարման փորձ ունեցող անձ` մարզպետ, շրջանի ղեկավար կամ ինչ-որ «պետական խորհրդական»: Պուտինին աջակցելը, անշուշտ, իրավահաջորդի համար դրական դեր կխաղա. այդպես են մտածում նույնիսկ նրանք, ովքեր գործող նախագահին չեն աջակցում, բայց ընդունում են նրա հանրաճանաչությունը բնակչության մեծ մասի շրջանում:

Երկու հիմնական սցենարները` «Պուտինը մնում է» և «Պուտինը հեռանում է, բայց թողնում է իրավահաջորդին», հանգիստ են ընկալվում բնակչության մեծամասնության կողմից, մարդիկ պատրաստ են ընդունել դրանցից ցանկացածը: Հետևաբար, սցենարներից ցանկացածի հնարավոր լինելը  բաց է մնում:

Տարբեր մակարդակների ղեկավարների համար քաղաքական արյունավետ կառավարումը  տեխնոկրատիկն է դիտվում: Ինչպես, օրինակ, Մոսկվայում՝ Սերգեյ Սոբյանինինը: Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ մայրաքաղաքը այլ շրջանների հետ համեմատած ունի հսկայական ֆինանսական ռեսուրսներ, իսկ ձեռքբերումների ցուցադրումը   իմաստազրկվել է մոսկվացիների համար անհասկանալի անվերջանալի վերանորոգման աշխատանքների պատճառով, որոնք միջոցների տարօրինակ վատնման կասկածներ են առաջացնում: Ընտրարշավերին «տեխնոկրատիկ», ավելի ճիշտ՝ ավտորիտար մոտեցումը իշխանության աչքերում արդարացրեց իրեն 2018 թվականին, երբ կայացան Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները՝ առանց ընդդիմադիր թեկնածուների մուտքի իրավունքի և  «Սոբյանին» բրենդի յուրատեսակ մարկետինգային արշավի սցենարով: Սակայն նույն մոտեցումը ամբողջությամբ ձախողվեց մայրաքաղաքի «լուսավորված ավտորիտարիզմի» պայմաններում քիչ նշանակելի մարմնի՝ Մոսկվայի քաղաքային դումայի ընտրարշավի ժամանակ. ընդդիմության թեկնածուներին գրանցելու մասսայական մերժումը քաղաքական զանգվածային ուժգին ցույցեր հրահրեց: Մարդիկ բողոքում էին իրենց ընտրելու և ընտրված լինելու սահմանադրական իրավունքի ցինիկ անտեսման դեմ: Պատասխանը  մասշտաբային ռեպրեսիաները դարձան: Տեխնոկրատ քաղաքապետը չկարողացավ պահպանել իրեն հանձնված շրջանի քաղաքական հանգստությունն ու սոցիալական լարվածության ցածր մակարդակը: Առանց ժողովրդավարության մաքուր տեխնոկրատիան փաստացի անարդյունավետ դուրս եկավ: Դժվար է «տեխնոկրատ» անվանել Ալեքսանդր Բեգլովին, ով Սանկտ Պետերբուրգի նահանգապետի պաշտոնակատար էր նշանակվել հենց քաղաքական լոյալ տրամաբանությամբ, չնայած ենթադրվում էր, որ նրա շուրջ կարելի էր ստեղծել «տնտեսվարի» կերպարը: Բայց հենց որպես «տեխնոկրատ»՝ Պուտինի այս դրածոն, ով չունի քաղաքացիների հետ երկխոսություն վարելու ունակություն, ձախողվեց, ինչը, սակայն, չխանգարեց նրան ընտրվել երկրի կարևորագույն երկրորդ քաղաքի նահանգապետի պաշտոնում:

Եվ այնուամենայնիվ, իշխանությունը տեխնոկրատիկից բացի վերնախավերի տրանզիտի այլ տարբերակներ դեռևս չի տեսնում: Դիտարկենք դրա հիմնական հատկանիշները:

Շարունակելի ..

Ծանոթագրություններ

[3] Տես՝ Колесников А. Историческая политика в России: почему она разобщает, а не объединяет — Московский Центр Карнеги. — 9 августа 2017 // https://carnegie.ru/2017/08/09/ru-pub-72746

[4] Сергей Гуриев и Дэниел Трейсман называли такого рода режимы «информационными диктатурами», տես՝ Guriev S., Treisman D. How Modern Dictators Survive: An Informational Theory of the New Authoritarianism. — The National Bureau of Economic Research. — April 2015 // https://www.nber.org/papers/w21136 . Ցույց է տրվում, որ ռուսաստանյան քաղաքական վարչակարգը, 2019 թվականի ամառվա բողոքի ցույցերի կոշտ ճնշումից հետո, նոր փուլ է մտել` կոչենք այն «ճնշող-տեղեկատվական բռնապետություն»:

[5] Տես՝ Шамардина Л. Потенциал карьерного родства. Эксперты составили рейтинг успешности детей высокопоставленных чиновников. — Коммерсантъ. — 30 мая 2018 // https://www.kommersant.ru/doc/3643977

[6] Krastev I., Pavlovski G. The arrival of post-Putin Russia — Russia in Global Affairs. — March 2, 2018 // https://eng.globalaffairs.ru/book/The-arrival-of-post-Putin-Russia-19399

[7] Տես՝ одобрение деятельности В. Путина и Д. Медведева в 2011 году: Одобрение деятельности Владимира Путина. — Левада-Центр // https://www.levada.ru/indikatory

[8] Возможные результаты выборов и ответственность. — Левада-Центр. — 22 ноября 2018 // https://www.levada.ru/2018/11/22/19281

[9] Տես՝ Президент: доверие и голосование. — Левада-Центр. — 30 июля 2019 // https://www.levada.ru/2019/07/30/prezident-doverie-i-golosovanie 

[10] Տես՝ Возможное голосование за партии. — Левада-Центр. — 14 августа 2019 // https://www.levada.ru/2019/08/14/vozmozhnoe-golosovanie-za-partii

[11] Տես՝ Любарев А. Фильтр и ныне там. Как Памфилова и Кириенко провалили смягчение избирательного законодательства. — The Insider. — 10 июня 2019 // https://theins.ru/politika/160297 

[12] Տես՝ Изменения и перемены. — Левада-Центр. — 19 июня 2019 // https://www.levada.ru/2018/06/19/izmeneniya-i-peremeny 

[13] Տես՝ Волков Д. «Подберут человека»: что думают российские избиратели о проблеме-2024. — РБК. — 14 мая 2019 // https://www.rbc.ru/opinions/politics/14/05/2019/5cda6f089a794770fbfb5ec9

[14] Տես՝ списки наиболее популярных политиков: Президентское голосование и доверие политикам. — Левада-Центр. — 11 апреля 2019 // https://www.levada.ru/2019/04/11/prezidentskoe-golosovanie-i-doverie-politikam 


Թարգմանիչ՝ Մերի Բաբայան  (Mery Babayan), խմբագիր՝ Գայանե Խաչատրյան (Gayane Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: