Տավուշյան քրոնիկոն․ թարմացվող

ՀՀ ԱԳՆ, ՀՀ ՊՆ, ԱՀ ՊՆ, մամլո խոսնակների հայտարարություններ/հրապարակումներ

Ստորև ներկայացնում ենք հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:

28 հուլիսի, 2020թ., 10:48
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 220 կրակոց: Չինարի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ Ցղունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ Զանգակատուն, Չիվա ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 13 անգամ:

27 հուլիսի, 2020թ., 10:35
armenpress.am

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:

23 հուլիսի, 2020թ., 15:00
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Չնայած զինվորական հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին, ցավոք, Արթուր Մուրադյանի կյանքը չհաջողվեց փրկել:

23 հուլիսի, 2020թ., 09:27
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 43 կրակոց: Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, 5 անգամ։ Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրք, մեկ անգամ։

22 հուլիսի, 2020թ., 08:55
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված «Անվախ» դիրքի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում։

22 հուլիսի, 2020թ., 08:50
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց: Ջիլ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ։ Այգեպար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, երկու անգամ: Չափնի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ: Պարույր Սևակ, Երասխ, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 3 անգամ:

21 հուլիսի, 2020թ., 23:40
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Այսօր ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ: Հայկական կողմը կորուստներ չունի:

21 հուլիսի, 2020թ., 17:50
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդորր։ Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին։ Ադրբեջանի ԶՈՒ-ը հետևանքների մասին նախազգուշացվել են համապատասխան կապի միջոցներով։

21 հուլիսի, 2020թ., 09:20
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։
Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 183 կրակոց: Սոթք, Արտանիշ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 2 անգամ։ Մովսես, Այգեպար, Վազաշեն, Դովեղ, Բարեկամավան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 9 անգամ: Երասխ, Չիվա, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 6 անգամ:

ՀՀ ԶՈւ-ը պահպանում են զսպվածություն և արձագանքում են միայն մեր դիրքերը թիրախավորող կրակին։

20 հուլիսի, 2020թ., 11:30
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Բազմիցս ենք ականատես եղել մեր զինծառայողների հայրենասիրության դրսևորումներին: Այսօր էլ մեր տղաները վերստին ապացուցում են իրենց անմնացորդ նվիրումը հայրենիքին և ժողովրդին: 3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները միահամուռ դիմել են իրենց հրամանատարությանը` խնդրելով դադարեցնել զորացրումները և թույլատրել շարունակել ծառայությունը իրենց համածառայակիցների ու հրամանատարների կողքին, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ և քանի դեռ հակառակորդը ոտնձգությունների մտադրություն ունի: Չնայած պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որ կամավորագրվելու անհրաժեշտություն չկա և ՀՀ զինված ուժերը պատվով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, այնուամենայնիվ, միևնույն ժամանակ արդեն զորացրված նախկին զինծառայողները, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում, և հատկապես այն զորամասերի, որոնց ուղղությամբ վերջին օրերին արձանագրվեցին ադրբեջական զինված ուժերի նախահարձակ գործողություններ, դիմում են զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատներ)` հայտնելով պատրաստակամություն ու վճռականություն իրենց ծառայավայր հանդիսացող զորամասերում կանգնելու մեր զինծառայողների կողքին և պաշտպանելու երկրի սահմանը:

20 հուլիսի, 2020թ., 09:16
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 9 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց: Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ 2 անգամ, ընդ որում հակառակորդը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ։ Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է։ Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Բերդավան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ ոչ նպատակային կրակ է վարվել 4 անգամ։ Հայկական կողմից պատասխան կրակ չի եղել։ Խնձորուտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ ոչ նպատակային կրակ է վարվել 2 անգամ։ Հայկական կողմից պատասխան կրակ չի եղել։ Պարույր Սևակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ մեկ անգամ։ Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է։

19 հուլիսի, 2020թ., 19:03

Վիրավորների վիճակը նույնն է։ Այն վիրավորների մոտ, որոնք ունեին միջին կամ միջինից բարձր վիճակ, կա բավական լավ դինամիկա, սակայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակում փոփոխություն չկա։

19 հուլիսի, 2020թ., 18:20

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան

Այս օրերին հակառակորդը թիրախավորել է նաև կրթական հաստատությունները, մասնավորապես մի շարք համայնքներում վնասվել են մանկապարտեզի և դպրոցի շենք։ Այս կապակցությամբ նախարարությունը և անձամբ ես դիմումներ ենք ուղարկել միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ մեր մտահոգությունները հայտնելով այս կապակցությամբ, որովհետև սրանով թիրախավորվում են կրթական օբյեկտները․ սա անթույլատրելի իրավիճակ է կրթության իրավունքի տեսակետից, կյանքի իրավունքի տեսակետից։ Կոչ ենք արել նաև, որ միանան այս անթույլատրելի երևույթների դեմ պայքարին։ Նմանատիպ նամակներ հղել եմ նաև ՀՀ-ում հավատարմագրված օտարերկյա ներկայացուցչություններին։

19 հուլիսի, 2020թ., 18:09

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Անցնող գիշերը սահմանին եղել է համեմատաբար հանգիստ։ Մոտավորապես 70 անգամ է խախտվել հրաադադարի ռեժիմը, հիմնականում կիրառվել են ոչ մեծ տրամաչափի հրաձգային զենքեր։ ՀՀ ԶՈՒ-ն լիովին վերահսկում է իրավիճակը։

19 հուլիսի, 2020թ., 09:38
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 70 կրակոց։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն առաջնագծի ողջ երկայնքով աչալրջորեն վերահսկում են հակառակորդին։

18 հուլիսի, 2020թ., 21:26
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին ծավալված գործողությունների ընթացքում խոցվել է հակառակորդի երեք տանկ՝ հայկական ռազմարդյունաբերության արտադրության հատուկ նշանակության հարվածային անօդաչու թռչող սարքերով

18 հուլիսի, 2020թ., 21:00
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ադրբեջանական կողմը մարտերից հետո տեղափոխում է իր խոցված զրահատեխնիկան՝ մասնավորապես 3 միավոր տանկ: Հիշեցնենք, որ մինչ այժմ կողմերի ցամաքային զրահատեխնիկայի հաստատված կորուստներն են Հայաստան՝ մեկ հրշեջ մեքենա, Ադրբեջան՝ 3 տանկ:

18 հուլիսի, 2020թ., 13:13

ԱՀ Պաշտպանության Նախարարություն

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինչպես հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը, այնպես էլ այս պահին հաստատված հարաբերական կայուն օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել՝ չնայած առանձին հատվածներում հակառակորդի կողմից շարունակվել է հրաձգային զինատեսակներից խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առաջնագծի ողջ երկայնքով աչալրջորեն հետևում են հակառակորդի բոլոր գործողություններին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր:

18 հուլիսի, 2020թ., 09:38
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում, պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարք: ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնել հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն:

18 հուլիսի, 2020թ., 09:00
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հայ-ադրբեջանական պետական սահմանին գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր։
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից ոչ նպատակային կրակ են վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված մեր դիրքերի ուղղությամբ։

17 հուլիսի, 2020թ., 19:54
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Որևէ պաշտոնական հաղորդագրություն, որևէ հայտարարություն ՀՀ ԶՈւ-ի կողմից չի եղել քաղաքացիական, որևէ ռազմավարական և ոչ ռազմավարական օբյեկտի հարվածելու մասին, ավելին՝ նույնիսկ ադրբեջանական գյուղերից որևէ տուն չի թիրախավորվում ԶՈւ կողմից:

17 հուլիսի, 2020թ., 18:30
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն։ Իրավիճակն ամբողջությամբ մեր Բանակային կորպուսի ուժերի զգոն վերահսկողության ներքո է։

17 հուլիսի, 2020թ., 13:20
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Մինչ այսօր վիրավորվել է 36 մարդ, որոնցից մեծ մասի համար բժշկական միջամտություն անհրաժեշտ չի եղել: Զինվորներն արագ վերադարձել են շարք: 20 զինծառայողի քիչ թե շատ բժշկական օգնություն է ցույց տրվել, որից 10-ը շարունակում են բուժվել: 10-ից 5-ի վիճակը բարդ է, մեկինը՝ ծայրահեղ ծանր:


17 հուլիսի, 2020թ., 09:30
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր։
Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։
ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով։

16 հուլիսի, 2020թ., 23:00
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ադրբեջանական զինված ուժերը կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ):
Սա Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությանն ուղղված ակնհայտ հանցավոր սպառնալիք է: Նման հայտարարությունը պատերազմական հանցագործության բացահայտ մտադրություն է: Այն կարող է բերել հումանիտար աղետի ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար:
Այս սպառնալիքը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ ահաբեկում է, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բարցարձակ արգելք է:
Սա ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները, խարխլում է միջազգային հանրային իրավունքի հիմքերը: Այսպիսի մտադրություններն անգամ խաթարում են մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային համակարգը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային կառույցների ուշադրությունը քաղաքացիական բնակությանն ահաբեկելուն ուղղված, ինչպես նաև մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային համակարգը խարխլող այս հայտարարությանը:

16 հուլիսի, 2020թ.,18:40
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական ԶՈւ-երի հարվածային ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային, զոհեր չկան։ Մանրամասները ճշտվում են։

16 հուլիսի, 2020թ.,16:00
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։

16 հուլիսի, 2020թ.,16:13
ՀՀ Պաշտպանության Նախարարություն

ՀՀ ՊՆ. կամավորագրման անհրաժեշտություն այս պահին չկա
Վերջին օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունը հազարավոր զանգեր և նամակներ է ստանում անհատ քաղաքացիներից, ինչպես նաև ազատամարտիկների առանձին խմբերից ու կազմակերպություններից՝ կամավորագրվելու և սահմանամերձ շրջաններ մեկնելու խնդրանքով։
Պաշտպանության նախարարությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում մեր քաղաքացիներին՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործին աջակցելու պատրաստակամության համար, այդուհանդերձ հայտնում, որ մեր ժողովրդի անկոտրում ու մշտապես պայքարի պատրաստ հայրենասերների այդ կորիզի՝ երկրապահների, ազատամարտիկների ու առանձին քաղաքացիների կամավորագրման անհրաժեշտություն այս պահին չկա։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները, լիարժեք վերահսկել իրադրությունը սահմանի ողջ երկայնքով՝ արժանի հակահարված հասցնելով հակառակորդին ցանկացած սադրանքի դեպքում։
Կամավորագրվելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հատուկ հայտարարությամբ։

16 հուլիսի, 2020թ.,14:30
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման և համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից:

16 հուլիսի, 2020թ.,13:00
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»: ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը չի համապատասխանում։ ԹԱՐՄԱՑՈՒՄ- ՀՀ ԶՈՒ-ի զինանոցում նման կոնստրուկցիայով ԱԹՍ ներկայումս չի գործածվում։
Այսպիսով՝ հակառակորդը փորձում է ինչ-որ կերպ մեղմել իր բազմաթիվ տեխնիկական և մարդկային կորուստները։

16 հուլիսի, 2020թ.,12:40
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն հովհաննիսյան

Ադրբեջանը ընդունել է իր կորուստները։

16 հուլիսի, 2020թ.,12:37
ՀՀ Արտաքին Գործերի Նախարարություն

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ. Հուլիսի 16-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը գրոհային խմբերի միջոցով վերսկսել են գործողություններ ՀՀ պետական սահմանի ուղղությամբ՝ Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի հատվածում, որն ուղեկցվել է ականանետների և հրանոթների կիրառմամբ: ՀՀ ԶՈւ կողմից համարժեք պատասխանից հետո ադրբեջանական ուժերը կորուստներով հետ են մղվել: Հաջողություն չարձանագրելով մարտի դաշտում՝ ադրբեջանական ստորաբաժանումներն անցել են Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծման՝ հանցավոր կերպով թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակչությունը։

Հատկանշական է, որ այս ագրեսիվ գործողությունը տեղի է ունեցել մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության ուխտադրուժ խախտմամբ և սահմաններին հարաբերական անդորրի հաստատումն արձանագրող ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների հուլիսի 15-ի հայտարարությունից հետո: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում և այժմ ձեռնարկում է արկածախնդիր և ոչ կշռադատված քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաև սեփական ժողովրդի առջև։

16 հուլիսի, 2020թ.,11:30
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Ադրբեջանական հրետակոծությունից վնասվել է Այգեպարի մանկապարտեզը
Չինարի գյուղի հացի փուռը և հարակից տունը

16 հուլիսի, 2020թ.,10:51
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Մարտերը այս պահին թուլացել են։ Մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի։

16 հուլիսի, 2020թ.,09:55
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը:

15 հուլիսի, 2020 թ., 22:22
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ընդհանուր առմամբ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ, որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական:

15 հուլիսի, 2020 թ., 20:46

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ: Ադրբեջանական կողմից արձանագրվել են հատուկենտ կրակոցներ։

15 հուլիսի, 2020 թ., 15:57

Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։ Միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։ Իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է։ Կոչ ենք անում ուշադրություն չդարձնել ՀՀ ԶՈՒ մասին պարբերաբար ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական քարոզչական հրապարակումներին։

15 հուլիսի, 2020 թ., 11:14

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։ Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։ Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ զինվորական բժիշկները, իրոք, պատվով են կրում իրենց վեհ կոչումը։

15 հուլիսի, 2020 թ., 08:00

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ժամը 00:15-ից մինչ այս պահը պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում։

Միջազգային պարբերականների անդրադարձը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

July 14, 2020 ”Armenia-Azerbaijan Border Fighting Escalates; 16 Killed”

14 հուլիսի, 2020 թ., 18:20

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինչպես հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը, այնպես էլ այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն:

14 հուլիսի, 2020 թ., 18:12

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

14 հուլիսի, 2020 թ., 14:38

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և  կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

14 հուլիսի, 2020 թ., 11:35
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան

Ադրբեջնական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը: Այսօր հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետակոծման է ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները: ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:

14 հուլիսի, 2020 թ., 11:24

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը :

14 հուլիսի, 2020 թ., 11:15

Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան։

14 հուլիսի, 2020 թ., 08:41

Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը  մեր կողմից վարված կրակով կասեցվել է։ Այժմ սահմանին հարաբերական անդորր է։

13 հուլիսի, 2020 թ., 16:27

Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։ ԹԱՐՄԱՑՎԱԾ- Քիչ առաջ արդբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան։

13 հուլիսի, 2020 թ., 15:26

Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է. այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է։ ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի։

13 հուլիսի, 2020 թ., 10:26
Արցախի Հանրապետության Պաշտպանության Նախարարություն

Չնայած հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի ուղղությամբ տեղ գտած սրացումներին՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչպես երեկ օրվա ընթացքում, այնպես էլ այսօր՝ գիշերը, օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը և մշտապես պատրաստակամ են անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տալ հակառակորդի ցանկացած սադրանքի:

13 հուլիսի, 2020 թ., 10:35

Հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։ 

13 հուլիսի, 2020 թ., 08:19

Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացումը։

13 հուլիսի, 2020 թ., 02:24

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ: Վերջին զրույցի ընթացքում Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում արձագանքել ըստ անհրաժեշտության ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում:

13 հուլիսի, 2020 թ., 01:21

Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական  զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։  

13 հուլիսի, 2020 թ., 01:13

Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն։ Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են։

13 հուլիսի, 2020 թ., 01:38
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյան

Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով և հրետանու կիրառմամբ։ Հայկական կողմի համարժեք գործողությունների շնորհիվ արդյունավետորեն զսպվում են այս սադրիչ գործողությունները: ՀՀ արտաքին գործերի նախարարը, ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի հետ համակարգմամբ մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ ներկայացնելով իրադրությունը տեղում և դրա հետագա սրման վտանգները: Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերի, շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով: Այդ սպառնալիքների պայմաններում իրականացված սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

12 հուլիսի, 2020 թ., 22:49

Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն  դիրքի ուղղությամբ  82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

12 հուլիսի, 2020 թ., 16:54

Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները մեզ համար անհասկանալի պատճառով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան: