Արցախյան քրոնիկոն | 22 հոկտեմբերի

Սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:

22 հոկտեմբերի, 2020թ. 19:32

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

Ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում: Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ:

22 հոկտեմբերի, 2020թ. 12:19

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով։ Հիմնականում օջախային մարտեր են։ Չեզոքացվում են թշնամու զորքերի տարբեր խմբերը։

22 հոկտեմբերի, 2020թ. 10:06

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ է: ՀՀ տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ:

22 հոկտեմբերի, 2020թ. 09:23

ԱՀ ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են օպերատիվ իրադրությունն իրենց օգտին փոխելու թշնամական մտադրությունները և շարունակում կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

22 հոկտեմբերի, 2020թ. 09:17

ԱՀ ԱԻՊԾ

Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Այս պահին թշնամին հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ։ Տուժածների ու վնասների մասով տեղեկություններ առայժմ չկան։

22 հոկտեմբերի, 2020թ. 00:21

ԱՀ ԱԻՊԾ

Օրվա ընթացքում Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանները դարձյալ հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի թիրախում: Ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և նույն շրջանի Հերհեր գյուղի ուղղությամբ, նյութական վնաս պատճառել խաղաղ բնակչությանը: Արդեն երկրորդ օրն է թշնամին ռազմական ավիացիա է կիրառում Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի ուղղությամբ: Այստեղ էլ էական վնասները շատ են: Օրվա ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չեն եղել: