Արցախյան քրոնիկոն | 24 հոկտեմբերի

Սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:

24 հոկտեմբերի, 2020թ., 22:44

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ օրվա ընթացքում թշնամին մի քանի անգամ դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել, սակայն Պաշտպանության բանակի և աշխարհազորի փոխգործակցված ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ խմբավորումները ետ են շպրտվել՝ ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Առաջնագծի այլ հատվածներում թշնամին իր ագրեսիան ցուցաբերել է միայն հրթիռակոծության ենթարկելով մեր խաղաղ բնակավայրերն ու դիրքերը:

24 հոկտեմբերի, 2020թ., 19:28

ԱՀ ԱԻՊԾ

Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը։ Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։ Օրվա երկրորդ կեսին հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։ Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։

24 հոկտեմբերի, 2020թ., 16:01

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հայկական ինքնաթիռի ոչնչացման մասին (ադրբեջանական կողմի ” խմբ․) հաղորդագրությունը բացարձակ սուտ է:

24 հոկտեմբերի, 2020թ., 14:11

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելիս գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել: Նա այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր:

24 հոկտեմբերի, 2020թ., 09:33

ԱՀ ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը: