Արցախյան քրոնիկոն | 26 հոկտեմբերի

Սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:

26 հոկտեմբերի, 2020թ. 18:38

ԱՀ ԱԻՊԾ

Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։ Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են։

26 հոկտեմբերի, 2020թ. 18:26

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր:

26 հոկտեմբերի, 2020թ. 16:33

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում։

26 հոկտեմբերի, 2020թ. 16:12

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան

Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում մեկ ժամ առաջ ադրբեջանական կողմի «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ՝ Գևորգ Համբարձումյանը, վիրավորվել են քաղաքացիական երկու անձինք՝ Հենրիխ Ադամյանը և Անդրեյ Համբարձումյանը:

26 հոկտեմբերի, 2020թ. 14:14

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես, ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար:

26 հոկտեմբերի, 2020թ. 12:02

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյան

Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է: Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին:

26 հոկտեմբերի, 2020թ. 11:14

ԱՀ ԱԻՊԾ

Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում։ Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա՝ կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը։

26 հոկտեմբերի, 2020թ. 10:58

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

ՀՀ ՊՆ-ն ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ: Այս առումով, ՀՀ ՊՆ-ն կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդրությամբ ռազմագերիների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը:

26 հոկտեմբերի, 2020թ. 09:46

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյան

Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը:

26 հոկտեմբերի, 2020թ. 09:27

ԱՀ ԱԻՊԾ

Ժամը 8։00-ից հետո Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է։ Բոլոր ուղղություններում մինչ այս ժամը պահպանվում է հումանիտար հրադադարի ռեժիմը։

26 հոկտեմբերի, 2020թ. 09:21

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

26 հոկտեմբերի, 2020թ. 09:01

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: [Շուշան Ստեփանյան]

26 հոկտեմբերի, 2020թ. 08:35

ԱՀ ՊԲ

ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռք բերելուց հետո, որը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը: Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում:

26 հոկտեմբերի, 2020թ. 08:00

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյան

Ինչպես եւ համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում, ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը։