Ստորև ներկայացնում ենք սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:
31 հոկտեմբերի, 2020թ. 21:05
Երեկ և այսօր հրապարակվեցին օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը Արցախում կիրառում են զանգվածային ոչնչացման, քիմիական տարրեր պարունակող զինատեսակ: Այդ պահին հրապարակվեցին տվյալներ, որ խոսքը գնում է ֆոսֆոր պարունակող զինատեսակի մասին: Դրանից հետո եղան մի շարք հրապարակումներ այն մասին, որ խոսքը կարող է գնալ այլ քիմիական նյութեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի մասին: Ցանկացած պարագայում պետք է արձանագրել առնվազն հետևյալը.
- կիրառվում է զանգվածային ոչնչացման զինատեսակ,
- այն պարունակում է քիմիական տարրեր,
- զինատեսակը կիրառվում է անտառների նկատմամբ և առաջացնում է զանգվածային հրդեհներ ու ավերածություններ,
- այս զինատեսակի առաջացրած հրդեհը չի մարում անգամ այն մարող նյութերով կամ ջրով՝ ըստ մասնագիտական գնահատականների,
- անտառները, որոնց նկատմամբ կիրառվել են այս նյութերը, գտնվում են քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ (այս պահի տվյալներով՝ Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի շրջաններ),
- ըստ փաստահավաք աշխատանքների՝ անտառներում ադրբեջանական զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ: Այս զինատեսակի օգտագործումը ու այն էլ նման պայմաններով արգելված է միջազգային իրավունքով: Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերում ներկայում իրականացվում են համատեղ ուսումնասիրություններ, որի արդյունքները կհրապարակվեն և կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:
31 հոկտեմբերի, 2020թ. 16:28
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան
Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը ” ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ երեկ կայացած հանդիպումից և հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունից հետո Ադրբեջանը հոկտեմբերի 31-ի առավոտվանից շարունակել է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը: Առավոտյան հրթիռակոծվել են մայրաքաղաք Ստեփանակերտի բնակելի թաղամասերը և կենտրոնական շուկան, որտեղ որևէ ռազմական նշանակության օբյեկտ տեղակայված չէ: Հրթիռային հարվածների հետևանքով քաղաքին հասցվել է նյութական մեծ վնաս: Հրետակոծության է ենթարկվել նաև Մարտունու շրջանի Հերհեր գյուղը, որի հետևանքով իր տանը զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 59-ամյա Ապրես Ադամյանը: Հրթիռահրետանային հարվածներ են հասցվել նաև Մարտունի, Մարտակերտ և Շուշի քաղաքներին: Տուժածների և նյութական վնասի վերաբերյալ տվյալները ճշտվում են:
31 հոկտեմբերի, 2020թ. 14:43
Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքները, իսկ այս պահին Շուշին է հայտնվել թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։ Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են։
31 հոկտեմբերի, 2020թ. 14:24
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան
Արցախի ՊԲ-ն թշնամական ուժերի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառման անհերքելի փաստեր ներկայացրեց, որից հետո ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին՝ անհաջող ճիգեր գործադրելով ջրից չոր դուրս գալու համար:
31 հոկտեմբերի, 2020թ. 12:45
Ադրբեջանական կողմը կիրառել է ֆոսֆորային զինատեսակներ։ Նման զենքերի օգտագործումը, որոնք հնարավորություն չեն տալիս հստակ տարբերակելու ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտները, միաժամանակ պատճառ են բնապահպանական աղետի ու հնարավոր մարդկային կորուստների, պատերազմական հանցագործություն է։
31 հոկտեմբերի, 2020թ. 10:47
Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:
31 հոկտեմբերի, 2020թ. 09:48
Երեկ՝ հոկտեմբերի 30-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած, Արցախի մայրաքաղաքը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից:
31 հոկտեմբերի, 2020թ. 09:45
Այսօր՝ առավոտյան ժամը 7:08-ին, Ստեփանակերտում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վարկյանին միացել է օդային տագնապի ազդանշանը: Այս անգամ քաղաքի կենտրոնական շուկան է ադրբեջանական ուժերի թիրախում: Ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս պատճառել խաղաղ բնակչությանը: Հաջորդ պայթյունից ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: Նախնական տվյալներով տուժածներ չկան: Հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերն, ընդհանուր առմամբ մայրաքաղաքում և շրջաններում պահպանվել էր հարաբերական հանգիստ իրավիճակը:
31 հոկտեմբերի, 2020թ. 09:37
Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում: Հակառակորդը շարունակում է բացի պաշտպանական բնագծերից թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Թշնամական ուժերը կիրառել են նաև Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակ: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո է:
31 հոկտեմբերի, 2020թ. 09:36
Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 անօդաչու թռչող սարք: