Արցախյան քրոնիկոն | 2 նոյեմբերի

Ստորև ներկայացնում ենք սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:

2 նոյեմբերի, 2020թ. 19:38

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Այսօր ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել:

2 նոյեմբերի, 2020թ. 16:53

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները: Այն կազմում է ավելի քան 150հա տարածք: Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։ Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել։ Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավար

2 նոյեմբերի, 2020թ. 14:48

ԱՀ ԱԻՊԾ

Նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը: Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերոմ անհանգիստ է: Գրադի և սմերչի կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա: Տուժածներ չկան: Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է:

2 նոյեմբերի, 2020թ. 14:35

ԱՀ ՊԲ

Նոյեմբերի 1-ին՝ժամը 20:30-ից 23:40-ն ընկած ժամանակահատվածում, թեժ մարտեր են ընթացել ադրբեջանաարցախյան ճակատային գծի հյուսիսարևմտյան հատվածում: ՊԲ երկու հանգուցային դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմը վաշտի կազմով ձեռնարկել է հարձակում, որը միջդիրքային համառ մարտերի արդյունքում բանակային ստորաբաժանումների կողմից կասեցվել է: Թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի: Փախչող հակառակորդը արգելափակվել է ձորերից մեկում, և հայկական ուժերը ականանետային դիպուկ կրակով շարունակել են վերջինիս լիակատար ոչնչացման գործողությունը: Նույն ուղղությամբ հակառակորդը ևս մեկ հարձակում է ձեռնարկել դասակի կազմով, որը նույնպես ՊԲ-ի կողմից ժամանակին հավաստանշվել ու ձեռնարկված գրագետ գործողությունների շնորհիվ կասեցվել է: Մեր ստորաբաժանումները հետապնդել են փախչող թշնամուն և ոչնչացրել նրան: Ներկա պահին ճակատային գծի տվյալ հատվածում օպերատիվ մարտավարական իրադրությունը լրիվությամբ գտնվում է ՊԲ-ի ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

2 նոյեմբերի, 2020թ. 10:38

ԱՀ ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ: Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը շարունակել է նաև հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին: Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ վերահսկողության ներքո: