Ստորև ներկայացնում ենք սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:
4 նոյեմբերի, 2020թ. 14:28
Այսօրվանից պաշտոնապես կարգելվի թուրքական «Գորշ գայլեր»-ի գործունեությունը Ֆրանսիայում։ Այս կարևոր որոշման մասին այսօր Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը:
4 նոյեմբերի, 2020թ. 14:02
Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը: ՊԲ ստորաբաժանումները, անցնելով պաշտպանության, հստակորեն իրականացրել են առաջադրված մարտական խնդիրները և խոցելով հակառակորդի 3 տանկ կասեցրել վերջինիս հարձակումը: Ժամը 12:55-ի սահմաններում թշնամին նույն ուղղությամբ ձեռնարկել է հերթական հարձակումը և, կորցնելով ևս 2 տանկ ու 2 հետևակի մարտական մեքենա, դարձյալ հետ է շպրտվել ելման դիրքեր: Ճակատային գծի տվյալ հատվածում ներկա պահին մարտերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը:
4 նոյեմբերի, 2020թ. 12:49
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան
Հարավային ուղղությամբ ժամը 10:30-ի սահմաններում խոցվել է հակառակորդի գրոհող երեք տանկ:
4 նոյեմբերի, 2020թ. 09:47
Կեսգիշերից հետո թշնամական կողմը ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։ Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ կան։ Տուժած քաղաքացիների մասին մանրամաներ կլինեն քիչ հետո։
4 նոյեմբերի, 2020թ. 09:20
Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Թշնամին շարունակել է, բացի պաշտպանության բանակի դիրքերից, հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել: Ներկա պահին հայտնաբերված թշնամական խմբի շրջափակման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկում են ՊԲ ստորաբաժանումները:
4 նոյեմբերի, 2020թ. 00:05
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի Հանրապետության Ստեփանակերտ և Շուշի քաղաքների հրթիռակոծման վերաբերյալ ” Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից «Սմերչ» կայանքի կասետային ռումբերով վերստին թիրախավորվել են Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես հարվածներ են հասցվել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Կան տուժածներ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտի բժշկական հաստատությունների շարունակական թիրախավորումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակը՝ առավելագույն զոհեր հասցնել Արցախի քաղաքացիական բնակչությանը, հատկապես առաջնագծից հեռու գտնվող կանանց և երեխաներին: Սա պետական ահաբեկչության հերթական դրսևորում է, որն իրականացվում է մի պետության կողմից, որը Թուրքիայի ջանքերով արդեն իսկ դարձել է Հարավային Կովկասում միջազգային ահաբեկիչների և գրոհայինների կուտակման կենտրոն: Արձանագրում ենք, որ Արցախի ժողովրդի համար ստեղծված գոյութենական վտանգների պայմաններում Արցախի իշխանությունները և Պաշտպանության բանակը ունեն սեփական բնակչությունը պաշտպանելու և թշնամուն հակահարված տալու անքակտելի իրավունք: