Արցախյան քրոնիկոն | 3 նոյեմբերի

Ստորև ներկայացնում ենք սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:

3 նոյեմբերի, 2020թ. 21:43

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

Այսօր ուշագրավ հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչների թիվը մոտենում է երկու հազարի: Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին (զոհվել և վիրավորվել են), իսկ առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացածներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ:

3 նոյեմբերի, 2020թ. 21:28

ԱՀ ԱԻՊԾ

Քիչ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ տուժած։ Ադրբեջանաթուրքական ուժերը《Սմերչ》 կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Թշնամին կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ պատճառել նաև հարևանությամբ գտնվող բնակելի տներին։ 《Սմերչ》-ի 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ։ Այստեղ այս պահին բնակելի 2 տուն է հրդեհվում։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։ Տեւժածների մասին տվյալները ճշտվում են։

3 նոյեմբերի, 2020թ. 18:53

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

Երեկ երեկոյան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը չի կարող ընտրողական լինել, քանի որ այն մարդկությանն սպառնացող մեր ժամանակների ամենամեծ վտանգն է: Աշխարհի որևէ պետություն ապահովագրված չէ ահաբեկչությունից: Իմ խորին համոզմամբ ահաբեկչությունը չպետք է ասոցացվի կոնկրետ քաղաքակրթության, կրոնի, ժողովրդի կամ էթնիկ խմբի հետ։ Հայտնում ենք մեր խորը վշտակցությունն ու ցավակցությունը տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին և արագ ապաքինում մաղթում վիրավորներին: Ավելի քան մեկ ամիս է մեր երկիրը ողջ միջազգային հանրության աչքի առաջ նույնպես ահաբեկչության թիրախ է դարձել՝ պայքարելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հարավային Կովկասն ահաբեկչության նոր օջախ դարձնելու նկրտումների ու փորձերի դեմ: Արցախի ժողովուրդը ենթարկվում է ահաբեկչության ու մարդկության դեմ հանցագործության՝ կրելով մարդկային ու նյութական մեծ կորուստներ: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչության ցանկացած դրսևորում, էթնիկ կամ կրոնական պատկանելության հիմունքներով խաղաղ բնակչությանը դիտավորությամբ թիրախավորելու ցանկացած փորձ: Ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը սատարողներին, ֆինանսավորողներին և իրականացնողներին, ինչպես նաև ատելության հողի վրա բռնություն հրահրողներին արդարացնելու ցանկացած գործողություն պետք է վճռական կերպով դատապարտվի: Արցախի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ այս սկզբունքներին և պատրաստ է իր ներդրումն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում ու մինչև վերջ պայքարելու է ապրելու և անվտանգ զարգանալու իր իրավունքի համար:

3 նոյեմբերի, 2020թ. 18:41

ԱՀ ՊԲ

Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում մարտերը շարունակվում են: Հատկապես ինտենսիվ մարտական գործողություններ են ընթանում ճակատային գծի արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը շարունակում է կրել զինտեխնիկայի և կենդանի ուժի կորուստներ, մասնավորապես՝ արևելյան ուղղությամբ ժամը 14:10-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել է թշնամական ուժերի 2 տանկ, ինչպես նաև առգրավվել 1 հետևակի մարտական մեքենա:

3 նոյեմբերի, 2020թ. 17:25

ԱՀ ԱԻՊԾ

Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը։ Օրվա ընթացքում թշնամական ուժերը ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը, հրթիռակոծել Շահումյանի շրջանը։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։

3 նոյեմբերի, 2020թ. 16:28

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ: Արկերից մի քանիսը ընկել է Իրանի տարածք:

3 նոյեմբերի, 2020թ. 16:24

ԱՀ ՊԲ

Քարվաճառի ուղղությամբ ժամը 13:30-ին, օգտագործելով ծխային արկեր, հակառակորդը փորձել է ձորից դուրս բերել նախորդ օրվա ընթացքում իր զոհված զինծառայողների դիերը: Սակայն հայկական կողմի հրանոթային և ականանետային դիպուկ կրակի արդյունքում հետ է շպրտվել՝ թողնելով ևս երկու դի: Նույն ուղղությամբ ժամը 13:40-ին թշնամական ուժերը, միջդիրքային տարածքում ծխաքողարկվելով, 30 հոգանոց խմբով փորձել են ձեռնարկել ներթափանցման փորձ: Այս դեպքում ևս, ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ ականանետային կրակով, կասեցվել է հակառակորդի առաջխաղացումը, ինչի արդյունքում վերջիներս, կորուստներ կրելով, նահանջել են ելման դիրքեր: Ժամը 14:30-ին, կրկին Քարվաճառի ուղղությամբ, նկատվել է հակառակորդի կուտակում մարտական դիրքերի շրջանում: Յուրային ուժերը ժամանակին հավաստանշել են թշնամական ուժերի կուտակման փորձերը և ոչնչացրել պատսպարվելու փորձ կատարող հակառակորդի 4 զինծառայողի: Օպերատիվ իրադրությունը, ինչպես Քարվաճառի, այնպես էլ մնացած ուղղություններում գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

3 նոյեմբերի, 2020թ. 14:09

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Շարունակվում են թշնամական ուժերի ոչնչացման գործողությունները Վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա – Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում: Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ: Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ շարունակվում են լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները:

3 նոյեմբերի, 2020թ. 12:53

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը կրակի տակ է առել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, անհեթեթություն է: Հայաստանի տարածքից նշված ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել:

3 նոյեմբերի, 2020թ. 12:47

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են։ Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում։

3 նոյեմբերի, 2020թ. 12:05

ԱՀ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության տարածքում հայտնվել է թշնամական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակ։ Ուսումնասիրությունից պարզվել է, որ այն այրող կասետային զենք է` մոտ 40 սմ երկարությամբ, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։ Այս զինատեսակը նախատեսված է զանգվածային ոչնչացման և տարածքների հրկիզման համար։

3 նոյեմբերի, 2020թ. 09:19

ԱՀ ՊԲ

Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավարևելյան և հարավային ուղղություններում: Յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ: Արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել նպաստավոր բնագծեր: Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ և ստիպելով հետ շպրտվել ելման դիրքեր: Բանակային ստորաբաժանումները լռեցրել են նաև հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը: Այս պահին մարտավարական առավելությունը իր կողմը թեքելու թշնամական ուժերի փորձերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

3 նոյեմբերի, 2020թ. 09:07

ԱՀ ԱԻՊԾ

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։ Սակայն լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։

3 նոյեմբերի, 2020թ. 00:29

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը ահազանգում է Լեռնային Ղարաբաղում պատերազմական հանցագործությունների հնարավորության, ինչպես նաև` գերեվարված հայերի սպանության, կասետային զինամթերքի օգտագործման մասին: Գերագույն հանձնակատարը կոչ է անում տեղում բոլոր տուժած տարածքներում մարդասիրական միջանցք տրամադրել ՄԱԿ-ին և այլ կազմակերպություններին և հորդորում կողմերին պահպանել հրադադարը:

3 նոյեմբերի, 2020թ. 00:16

ԱՀ ԱԻՊԾ

Խաղաղ բնակավայրերում իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է։