Ստորև ներկայացնում ենք սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:
5 նոյեմբերի, 2020թ. 19:54
Այսօր ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում շարունակվել են մարտական գործողությունները, որի ընթացքում տարբեր ուղղություններով թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում չեզոքացվել են: Մասնավորապես Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով: Շուշիի ուղղությամբ նկատվել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը ևս ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացվել է: Ներկայումս շարունակվում են դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները:
5 նոյեմբերի, 2020թ. 18:34
Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը։ Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։ Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։ Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։ Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։ Ընդհանուր առմամբ, տուժածներ` նախնական տվյալներով չկան։
5 նոյեմբերի, 2020թ. 12:27
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել են հարձակման փորձ: ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել: Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո:
5 նոյեմբերի, 2020թ. 12:04
Հրետակոծվում են Բերձոր և Շուշի քաղաքները` հարակից բնակավայրերով։ Այստեղ միացված է տագնապի ազդանշանը։ Տուժածների մասին առայժմ տվյալներ չկան։
5 նոյեմբերի, 2020թ. 10:01
Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:Թշնամական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսևորել արևելյան, հարավ-արևելյան ու հարավային ուղղություններում: Հակառակորդի գրոհային խմբերի կողմից ձեռնարկված բազմակի գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կասեցվել են: Թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ:Հակառակորդը երկու գրոհային խմբերի կազմով հարձակման փորձ է ձեռնարկել նաև հյուսիսային հատվածում, որոնք ժամանակին հավաստանշվել և ոչնչացվել են բանակային ստորաբաժանումների կողմից: Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակել են մնալ թշնամական ուժերի հրթիռահրետանային կրակի թիրախային գոտում:Ներկա պահին թշնամական ուժերի հարձակման փորձերը նշված ուղղություններում շարունակվում են:Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից:
5 նոյեմբերի, 2020թ. 09:02
Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։ Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։ Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են։