Արցախյան քրոնիկոն | 6 նոյեմբերի

Ստորև ներկայացնում ենք սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:

6 նոյեմբերի, 2020թ. 18:16

ԱՀ ԱԻՊԾ

Օրվա ընթացքում կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, ավերել ու նյութական մեծ վնաս պատճառել բնակիչներին։
Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա ու շենքերին հարող տարածքներում, վնասել տանիքները, պատշգամբներն ու ջարդել լուսամուտները։
Բարեբախտաբար` քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։
Թշնամական ուժերի հաջորդ թիրախը Շուշին է։ Ադրբեջանաթուրքական հանցավոր ագրեսիայի հետևանքով Արցախի մշակույթի մայրաքաղաքում ևս ավերածություններն ու վնասների չափն անհաշիվ են։

6 նոյեմբերի, 2020թ. 17:58

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են

6 նոյեմբերի, 2020թ. 13:38

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 11:30-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ:

6 նոյեմբերի, 2020թ. 12:06

ԱՀ ԱԻՊԾ

Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով։ Թշնամու թիրախում քաղաքն է` բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով։ Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան։

6 նոյեմբերի, 2020թ. 11:11

ԱՀ ԱԻՊԾ

Ստեփանակերտում հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել է քաղաքացիական 3 անձ:

6 նոյեմբերի, 2020թ. 10:45

ԱՀ ՊԲ

Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել և թշնամական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում: Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը նույնպես կասեցվել են: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաև հարավ-արևմտյան՝ Բերձորի հատվածում: Ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը հրթիռահետանային հարվածներ է հասցրել նաև Արցախի խաղաղ բնակավայրերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Հարձակողական գործողությունները թշնամական ուժերի կողմից ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են: Բանակային ստորաբաժանումները լիարժեք կերպով վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերի հետագա հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ: