Թարգմանչական պրակտիկա #1
Ամփոփագիր
2020 թվականի ապրիլի 20-ին մեկնարկեց «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված թարգմանչական պրակտիկան։ Թարգմանչական պրակտիկան համակարգվում էր կազմակերպության Թարգմանիչների բաժնի կողմից՝ աշխատանքների կազմակերպման հեռավար և հեռահար եղանակներով:
Նպատակը
Պրակտիկայի նպատակն էր մասնակիցների մոտ զարգացնել՝
- թարգմանչական աշխատանքի իրականացման տեսական, մեթոդաբանական և պրակտիկ պատկերացումներ,
- բարդ տեքստերի հայերենից տվյալ լեզու (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն) և տվյալ լեզվից հայերեն գրավոր թարգմանություններ կամ խմբագրում իրականացնելու հմտություններ,
- Թարգմանիչ-խմբագիր արդյունավետ համագործակցության ունակություններ,
- խմբագրական աշխատանքների աշխատակարգին և գործիքակազմին տիրապետելու հմտություններ։
Մասնակիցների ընտրությունը
Մասնակիցների ընտրությունն իրականացվել է երկու փուլով: Նախ մասնակցության համար դիմորդներից պահանջվում էր լրացնել համապատասխան հայտադիմումը, ապա այս փուլը հաղթահարած դիմորդները հնարավորություն էին ստանում անցնել հաջորդ՝ հարցազրույցի փուլ։
Ընդհանուր առմամբ, մասնակցության հայտ ներկայացրած 46 դիմորդներից ընտրական փուլը հաջողությամբ հաղթահարեցին 9-ը։
Բուն պրակտիկայի ընթացքը
Պրակտիկայի արդյունավետությունն ապահովելու նպատակով այն իրականացվել է մի քանի փուլով։
Ներածական փուլ | Ապրիլ 20-30
Պրակտիկայի ներածական փուլում՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթվա ընթացքում, մասնակիցները ծանոթացել են կազմակերպության գործունեությանը, պրակտիկայի ընթացքին և կատարվելիք աշխատանքներին, ստացել են անհրաժեշտ գործիքակազմն ու աշխատանքային փաթեթները: Ինչպես նաև մասնակիցների առջև խնդիր էր դրվել իրականացնել փորձնական թարգմանություն 300 բառի սահմաններում՝ կատարելով նաև ինքնախմբագրում, ծանոթանալ «Թարգմանության հիմնախնդիրները» (2 մասից բաղկացած) տեսական նյութին և օրինակելի դարձնել այն պրակտիկայի ընթացքում։
Առաջին փուլ | Մայիս 1-11
Այս փուլում մասնակիցներին առաջարկվել է թարգմանել փոքրածավալ նյութեր հայերենից տվյալ լեզու, որոնց խմբագրմանը ներգրավված են եղել կազմակերպության թարգմանիչների բաժնի անդամները՝ համապատասխան լեզուների թարգմանիչները և խմբագիրները։ Այս փուլի նպատակն էր կազմակերպել աշխատանքային ծանոթություն կազմակերպության թարգմանիչների և պրակտիկանտների միջև՝ հետագայում փորձի փոխանակման ակնկալիքով։ Այս փուլում թարգմանության տեխնիկական և բովանդակային պահանջների շուրջ քննարկումն ու արված և առաջիկա աշխանքների պարզաբանումը տրվել էր մայիսի 3-ին անց կացված աշխատանքային առցանց հանդիպման շրջանակներում։
Երկրորդ փուլ | Մայիս 12-հունիս 27
Սա թերևս կարելի է ընդունել որպես պրակտիկայի բուն փուլ, որի ընթացքում մասնակիցներին հանձնարարված է եղել ոչ մասնագիտական՝ ընդհանուր զարգացնող բնույթի նյութերի թարգմանություն և խմբագրում։ Այս փուլում մասնակիցները իրականացրել են թարգմանիչերի բաժնի ղեկավարի կողմից առաջարկված, ինչպես նաև իրենց ցանկությամբ ընտրված մասնագիտական նյութերի հայերեն թարգմանություն։ Այս ընթացքում պրակտիկանտների կողմից իրականացվել է 35 նյութի թարգմանություն և 1 նյութի ընդհանուր համաձայնեցված խմբագրություն։ Այս փուլի նպատակն էր ձևավորել մասնակիցների մոտ տարաբովանդակ և բազմածավալ օտարալեզու նյութերի թարգմանությամբ զբաղվելու ունակություններ, զարգացնել թարգմանիչ-խմբագիրների հետ փոխգործակցության նրբությունները, ինչպես նաև առանձնահատուկ ուշադրություն դարձնել թարգմանչական կարողությունների բարելավմանը՝ նյութը լսելով թարգմանելու միջոցով։
Տվյալ փուլի ընթացքում կազմակերպվել են առցանց հանդիպումներ և բանախոսություններ, այդ թվում․
Մայիսի 20
- բանախոսություններ գլխավոր խմբագիր Մարինե Օհանջանյանի և վերլուծաբան Հեղինե Ալեքսանյանի կողմից թարգմանչական հմտությունների վերաբերյալ:
Հունիսի 27
- աշխատանքային քննարկում թարգմանության տեխնիկական և բովանդակային պահանջների, արձանագրած առաջընթացի, խմբագիրների հետ փոխգործակցության հաջողությունների, նախագծային աշխատանքների շուրջ։
Երրորդ փուլ | Հուլիս 1-հուլիս 20
Երրորդ ավարտական փուլն առանձնացված էր պրակտիկայի նախագծային նյութի թարգմանության համար, այն է՝ Յան Արտյուս Բերտրանի «Մարդ» (Human) ֆիլմի թարգմանությունը։ Լայնամետրաժ և բազմաբաժին այս ֆիլի թարգմանությանը մասնակեցել են նաև թարգմանիչների բաժնի անդամները։ Այս ընթացքում կազմակերպությանը հաջողվեց Բերտրանի կողմից ստանալ ֆիլմի հայերեն թարգմանության համաձայնությունը, ինչը կազմակերպության տարբեր անդամների կողմից նշվել է որպես կարևորագույն համատեղ ձեռքբերում։ Բերտրանի աշխատակազմի կողմից ուղարկված բոլոր անհրաժեշտ նյութերի հիման վրա իրականացվում է թարգմանության խմբագրությունը՝ անգլերենի գլխավոր խմբագիր Մարինե Օհանջանյանի գլխավորությամբ:
Ինչպես նաև հուլիսյան այս շրջանի ընթացքում՝ հուլիսի 10-ին, տեղի է ունեցել բանախոսություն կազմակերպության վերլուծաբան-թարգմանիչ Մարինե Խաչատրյանի կողմից թարգմանչական հիմնահարցերի, թարգմանչի դերի, թարգմանության բառացիության և համարժեքության վերաբերյալ։
Ամփոփում
Թարգմանչական պրակտիկայի ավարտական հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին կրկին առցանց տարբերակով։ Հանդիպման ընթացքում շնորհավորական և շնորհակալական խոսքեր հնչեցրին կազմակերպության նախագահ Աննա Խաչյանը, աշխատակազմի ղեկավար Լիլիթ Կարապետյանը, թարգմանիչների բաժնի ղեկավար Մերի Բաբայանը։
«Թեև «Ինլայթ»-ը մշտապես ունեցել է թարգմանիչների բաժին, պրակտիկան իր բնույթով և համաճարակով պայմանավորված ձևաչափով նորություն էր կազմակերպության համար: Պրակտիկանտների այս խումբը դիտարկվում է որպես թարգմանչական պրակտիկայի 1-ին սերունդ, և կազմակերպությունը մտադիր է պրակտիկան շարունակական դարձնել՝ տարբեր սերունդներ ունենալու ակնկալիքով:»
«Մասնագիտական հմտություններից զատ՝ շատ կարևոր են նաև այլ որակները, օրինակ՝ աշխատանքային էթիկետը, և հուսով եմ, որ այս առումով ևս պրակտիկան օգտակար եղավ մասնակիցների համար։»
«Համոզված եմ, որ պրակտիկայի խոստումնալից ավարտը մասնակիցների համար նոր, առավել խոստումնալից սկզբի առիթ կդառնա։»
Տպավորություններ
Պրակտիկայի ամփոփման պահին մասնակիցներից շատերը ամենատպավորիչը համարեցին աուդիովիզուալ նյութերի և հատկապես ֆիլմի թարգմանությունը, մեկը մյուսի թարգմանությունները խմբագրելու հնարավորությունը, թարգմանվող նյութերի հետաքրքիր ու ուսուցողական բովանդակությունը:
Ձեռքբերումներ
Իբրև ձեռքբերումներ նշվեցին աճող ու դինամիկ թիմի անդամ դառնալու հանգամանքը, թարգմանական հմտությունների բարելավումը, ժամանակի կառավարման հմտությունները, հայերենի իմացության բարելավումը, ճիշտ բառընտրություն անելու հմտությունը, թարգմանչական հոտառության ձեռքբերումը և այլն:
Առավելություններ
Մասնակիցները կարևորեցին նաև պրակտիկայի ընթացքում խորհրդատվության առկայությունը, իրենց գիտելիքների մակարդակը ճիշտ գնահատելու, թարգմանչի մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշվելու հնարավորությունը, «Ինլայթ»-ի մասին իմանալը և այն մարդկանց հետ շփումը, որոնց պրակտիկայի ընթացքում առնչվեցին:
Առաջարկներ
Մասնակիցներն առաջարկեցին պրակտիկանտ թարգմանիչների և նրանց խմբագիրների միջև շփումը հետագայում առավել ինտենսիվ դարձնել՝ մինչև նյութի թարգմանությունը և թարգմանության ընթացքում դեմ առ դեմ հանդիպումներ կազմակերպելու և ակտիվ քննարկումներ վարելու միջոցով:
Պրակտիկայի արդյունավետությունը գնահատվել է մասնակիցներին ուղարկված հետադարձ կապի ձևաթղթերի միջոցով։ Արդյունքում 9 մասնակիցներից 7-ը հաջողությամբ ավարտեցին թարգմանչական պրակտիկան, նրանց հանձնվեցին երկլեզու հավաստագրեր։
Պրակտիկայի լավագույն աշխատանքներց հրապարակվել է Մանե Վարդանյանի թարգմանությունունը. Կրթության յոթ բազմաբարդ (complex) դաս
«Ինլայթ»-ի թարգմանիչների թիմին միանալու համար անցեք հղմամբ: