Խորագիրը՝ Մայիս 68

55 տարի առաջ՝ 1968 թվականի մարտի 22-ին, մոտ հարյուր հիսուն ուսանող Դանիել Կոն-Բենդիտի գլխավորությամբ գրավում են Նանտերի համալսարանի կենտրոնական վարչական մասնաշենքը։ Այս գործողությունը, որը տետանացրեց [*] Ֆրանսիան մի քանի շաբաթ շարունակ, հետագայում կմեկնաբանվի որպես Մայիս 68 շարժման մեկնակետը։

Մայիս 68-ը քաղաքական, սոցիալական և մշակութային ընդվզման շարժում էր, որը զարգացավ Ֆրանսիայում՝ 1968 թվականի մայիս-հունիս ամիսներին։ Նախադեպը չունեցող ուսանողական ընդվզումն արտահայտում էր համալսարանի սրտում գոյացած վատ-կեցությունը, քննադատում էր ավանդապաշտ կրթությունը, հիերարխիկ հարաբերությունները, աշխատատեղերի անբավարարությունը, ընտրված լինելու սպառնալիքները, ինչպես նաև արտահայտում էր մարդկային այլ հարաբերությունների, բարքերի ազատական էվոլյուցիայի ձգտումը։

Շարժումը սոցիալական դարձավ, երբ ուսանողական ընդվզմանը միացան արհմիությունները և համընդհանուր գործադուլի կոչ արեցին։ Դը Գոլի իշխանությունն ու հաստատությունները տատանվելուց հետո ուժեղացած դուրս եկան Մայիս 68-ի ճգնաժամի փորձությունից, սակայն, այնուամենայնիվ, ֆրանսիական հասարակության մեջ տեղի ունեցան քաղաքակրթական խորը փոփոխություններ։

Մայիս 68-ը առավել ուժգին արտահայտվեց, մինչև իսկ, ցնցեց պետության հիմքերը Ֆրանսիայում, սակայն այն ընդգրկվում է միջազգային ճգնաժամի համապատկերում, որը սկիզբ առավ ԱՄՆ-ում՝ 1964 թվականի սեպտեմբերին՝ Բերկլիի համալսարանի Free Speech Movement շարժումով՝ Վիետնամի պատերազմի դեմ բողոքով։

Մայիս 68-ը՝ որպես իրադարձություն, մինչ օրս բազմաթիվ անդրադարձների ու վերլուծությունների առարկա է, որոնք, սակայն, ասես չեն հաջողում սպառել եզակի երևույթի առեղծվածը։ Հեղափոխությո՞ւն էր, թե՞ շարժում, հաջողվե՞ց, թե՞ չհաջողվեց, տեղի ունեցա՞վ, թե՞ ոչ․ այս հարցերը շարունակում են մնալ ուսումնասիրությունների և բանավեճերի սրտում։ Չմոռանալով Մորիս Բլանշոյի մտորումը «տեղի ունեցավ, թե ոչ» հարցադրման անկարևորության մասին՝ ըստ որի՝ Մայիս 68-ը կրում էր գաղափարը այն բանի, թե ինչ կարող է լինել հուզումը, որը կարիք չունի հաջողելու կամ հասնելու որոշակի նպատակի, քանի որ, տևի, թե չտևի, այն ինքնաբավ է և, քանի որ ձախողումը, որն այն ի վերջո պատժում է, դրան (հուզմանը) չի վերաբերում [1]։ Այն՝ որպես հասարակական համախմբման, միաբանության, անհանդուրժելին մերժելու և իղձերի ազատության ու հնարավորության ոգի, 2018-ի գարնանը ներկա էր նաև Հայաստանում։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հոդվածների շարք, որոնք հնարավորություն են տալիս լույս սփռել իրադարձության տարբեր ասպեկտների վրա 20-21-րդ դարի այնպիսի մեծ մտածողների հետ, ինչպիսիք են Ժիլ Դըլյոզն ու Ֆելիքս Գուատարին, Էդգար Մորենը և Պոլ Ռիկյորը։

Մայիս 68-ի գաղափարաբանական առօրեականությունը հաճախ հիմք է դառնում հետահայաց վերլուծությունների ու նորովի արժևորման։ Ստորև ներկայացնում ենք Ժիլ Դըլյոզի ու Ֆելիքս Գուատարիի և Էդգար Մորենի  մտորումներն ամփոփող ուշագրավ հոդվածները։

Ժիլ Դըլյոզ և Ֆելիքս Գուատարի | «Մայիս 68-ը տեղի չունեցավ»

Ժիլ Դըլյոզը և Ֆելիքս Գուատարին կրկին հանդես են գալիս միասին՝ վերլուծելու 1984-ը 1968-ի լույսի ներքո։

«Մայիս 68-ը ավելի շուտ մաքուր իրադարձության կարգի է՝ ազատ որևէ նորմալ կամ նորմատիվ պատճառականությունից։ Նրա պատմությունը «անկայունությունների և ուժեղացած տատանումների հաջորդականություն» է: Բազում ալեկոծումներ, ձեռածություններ, խոսքեր, հիմարություններ, պատրանքներ են եղել 68-ին, բայց դա չէ էականը: Էականն այն է, որ  պայծառատեսության ֆենոմեն եղավ, ասես հասարակությունը հանկարծ տեսավ, թե  ինչ ուներ անհանդուրժելի և տեսավ նաև մեկ այլ բանի հնարավորությունը»:

Մայիս 68 | Զրույց Էդգար Մորենի հետ

FMSH (Մարդու մասին գիտությունների տուն-հաստատություն)-ի մասնագետ Միշել Վիևիորկայի հարցազրույցը մեր ժամանակների ֆրանսիացի ամենահայտնի սոցիոլոգ և փիլիսոփա Էդգար Մորենի հետ՝ Մայիս 68-ի հիսնամյակի թեմայով։

«68-ը մարմնավորել է շատ խորին ձգտումներ, որոնցով համակված էր հատկապես ուսանող երիտասարդությունը։ Ձգտումներ, որ զգում են երիտասարդները, և որ նրանք մոռանում են, երբ ընտելանում են կյանքին, որը նրանց դեպի աշխարհ է ներքաշում։ Առավել ազատության, ինքնուրույնության և եղբայրության, միաբանության ձգտումներ»։

Թեև Մայիս 68-ից կես դար է անցել, երիտասարդ սերունդը, այնուամենայնիվ, կարող է վերագտնել պատմության այդ նշանակալի դրվագը։ Ջոն Հենլիի հոդվածը 1968-ի ընդվզումներին ներկա եղած մարդկանց վկայությունների միջոցով հնարավորություն է տալիս հայտնվել իրադարձությունների ներսում՝ ասես անմիջականորեն ներկա լինել հենց այդ պահին Լոնդոնում, Փարիզում, Պրագայում, Մեխիկոյում, Չիկագոյում․․․

1968․ Ես այնտեղ էի

Դեռևս 2008 թվականին The Guardian պարբերականը հրապարակել էր 1968 թվականի մարտին Գրոսվենոր հրապարակում տեղի ունեցած հակապատերազմական ցույցի այս  նկարը և հարցրել ընթերցողներին, թե արդյոք վերջիններս կարող են իրենց ճանաչել նկարում։ Ջոն Հենլին շարադրում է այդպիսի չորս մարդու պատմություն, քանի դեռ  մյուսները հիշում են իրենց մասնակցությունն աշխարհը ցնցած այդ  ցույցերին։

Շատերը չգտան իրենց լուսանկարում, սակայն պակաս վառ չեն հիշում այդ օրը։ «Ես այնտեղ՝ մի տեղ էի, — գրում է Բրոնվին Դեյվիսը։ — Ես 17 տարեկան էի, դեռ դպրոցական ու վրդովված էի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը բրիտանական աջակցությունից։ ․․․․ Այդ դեպքը խորը տպավորություն թողեց ինձ վրա։ Այսօր էլ իմ քաղաքական համոզմունքները շատ չեն փոխվել»։ 

Մայիս 68-ը զերծ չի եղել բազմաթիվ թյուրիմացություններից, ծայրահեղություններից և բռնություններից։ Իրադարձության հակասականությունը անդադար բորբոքում է քաղաքական բանավեճերը, որոնցից մի քանիսին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված նյութերում։

 

Ուսանողների հետ այդպիսի բախման կենտրոնում է հայտնվել փիլիսոփա Պոլ Ռիկյորը, որը թյուրիմացաբար դարձավ քննադատությունների թիրախ։ Երբ ուսանողները գոչում են, թե ինչով է նա առավել իրենցից, Ռիկյորը պատասխանում է․ «Ես ավելի շատ գիրք եմ կարդացել»։

Պոլ Ռիկյոր․ «Մայիս 68՞, Կոն Բենդիտը վերջացած է»

Մայիս 68-ն իր անհաշվելի մեկնաբանություններով և ընթերցանություններով դեռևս մեր ընդհանուր հիշողության մասն է կազմում։ Այսօր մթնոլորտն այլևս համակված չէ ազատապաշտական ցնծությամբ։ Սոցիալական և քաղաքական ներկայիս իրավիճակը ծանրացած է ընթերցողի վրա։ Այն իր հերթին կարիք ունի այդ անցյալի բաց ընթերցանության՝ ներկան լուսաբանելու և ապագան մտառելու համար։ Անենք դա Պոլ Ռիկյորի հետ։

Այսօր, չնայած ֆրանսիական հասարակության ալեկոծություններին և Մայիս 68-ից ի վեր հաղորդակցության, գիտելիքի և տեղեկատվության տարածման բնագավառներում տեխնոլոգիական վիթխարի զարգացումներին, գեղեցիկ ամսվա ոգին շարունակում է հարցման առարկա լինել ներկա իրականությունը վերլուծելու համար։ Այն դեռ պատկանում է մեր ընդհանուր հիշողությանը։

«Մայիս 68»-ի բարիկադները դեռևս բաժանում են ֆրանսիացիներին

Ֆրանսիայի Նանտեր համայնքում 40 տարի առաջ փողկապներով և բոբբի գուլպաներով ֆրանսիացի ուսանողները սալաքարեր էին նետում ոստիկանության ուղղությամբ և պահանջում, որ փոխվի կարծրացած հետպատերազմյան համակարգը: 1968-ի մայիսը ջրբաժան էր ֆրանսիացիների կյանքում. շատերի համար ազատագրման սուրբ պահ էր, երբ երիտասարդությունը համախմբվեց, բանվորները միացան նրանց, իսկ դը Գոլի ֆրանսիական կիսաթագավորական կառավարությունը ահաբեկվեց:

Սակայն մյուսների, այդ թվում՝ Ֆրանսիայի ներկայիս նախագահ Նիկոլա Սարկոզիի համար, որն այդ ժամանակ ընդամենը 13 տարեկան էր, 1968-ի մայիսը իրենից ներկայացնում է անարխիա և բարոյական հարաբերականություն, սոցիալական ու հայրենասիրական արժեքների ոչնչացում, որն, ինչպես նա նշեց, կոպիտ ասած «պետք է լիկվիդացվի»:

Հայաստանի 2018 թվականի հեղափոխությունը, որը նույնպես ի սկզբանե երիտասարդական շարժում էր, իր ուժգնությամբ ու լրատվական դաշտում առաջացրած պատկերներով հիսուն տարի անց հիշեցրեց Մայիս 68-ը և դրա հետ զուգահեռներ ու նմանություններ տեսնելու առիթ դարձավ։ Արվեստաբան Մարինե Խաչատրյանի՝ ֆրանսիական 1968-ի և հայաստանյան 2018-ի պաստառների համեմատական վերլուծությունը վեր է հանում երկու իրադարձությունների առնչություններն ու բովանդակային տարբերությունները։

Հեղափոխության պաստառների համեմատական վերլուծություն. 1968 թ. Ֆրանսիա, 2018 թ. Հայաստան | Մարինե Խաչատրյան

Թե՛ 1968 թ. մայիսին Փարիզում տեղի ունեցած լայնածավալ ցույցերը, թե՛ արդեն իսկ 2018թ․ հայկական թավշյա հեղափոխությունը պատմական խոշոր նշանակություն են ձեռք բերել` յուրաքանչյուրն իր աշխարհաքաղաքական ու ժամանակային կոնտեքստում։ Այս երկու իրադարձությունների ժամանակ օգտագործվել են պաստառներ՝ որպես հասարակության տրամադրությունների խոսնակներ։

«[․․․] պաստառները առարկայացնում ու խոշորացույցի տակ են դնում հասարակական տրամադրությունները և ծառայում իբրև հասարակական հույզերի թոթափման գործիք, ձևակերպում ու վերջնագրի տեսքի են բերում հանրության պահանջները ու ամրապնդում բանավոր պահանջների դիրքերը գրավոր հիմքով։ Դրանք լոզունգների և վանկարկումների ժամանակային անցողիկությունը հաղթահարում են տարածական փաստաթղթային հարատևությամբ․․․․՝ դրանով օծելով նաև իրենց պահանջները իրականանալու անպայմանությամբ»։

Հղումներ

[1] Maurice Blanchot, Les intellectuels en question. Ébauche d’une réflexion, 1996, Fourbis.

Ծանոթագրություն

[*] Տետանացնել՝ հունարեն տետանոս (τέτανος) բառից, որ նշանակում է պրկանք, նաև պրկախտ։ Այստեղ նշանակում է անշարժացնել, գերպրկել։


Պատրաստեց՝ Լուսինե Աղաջանյանը

Բաժանորդագրվել կարող եք հղմամբ։