Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը լայն հանրությանը ներկայացավ 2015 թվականի դեկտեմբերին: Թեև կենտրոնը ստեղծվել է դեռևս 2011 թվականին, իսկ նրա հիմնադրման նախապատմությունը ձգվում է շատ ավելի վաղ ժամանակներ, սակայն Հայաստանում առաջին երիտասարդական վերլուծական կենտրոնի մասին հանրայնացվեց միայն մեկ ամիս առաջ: Ի՞նչպիսին է լինելու 2016 թվականը կենտրոնի համար, ի՞նչ ծրագրեր և անելիքներ են դրված նրա անդամների առաջ, և, վերջապես, ո՞րն է լինելու ԵՎՀԿ դերը հայ հասարակական-քաղաքական, մշակութային և տնտեսական կյանքում: Ապագա ծրագրերի ու անելիքների մասին է պատմում Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի վերընտրված նախագահ Արեգ Քոչինյանը:
2016-ի գերնպատակը ՀԿ-ի վերածվելն է
Երեսուն կետից կազմված ծրագիր է ներկայացվել ԵՎՀԿ անդամներին: Հիմնական գործը, որ մոտ ապագայում կենտրոնը պետք է կատարի, հասարակական կազմակերպության կարգավիճակ ստանալն է, որը նախատեսում ենք իրականացնել 2016 թվականի ապրիլին: Կենտրոնի առջև դրված գերխնդիրներից է համապատասխան ֆինանսավորման հայթայթումը` ինչպես վերլուծությունների համար հոնորարների, այնպես էլ օժանդակ թիմերի` խմբագիրների, թարգամանիչների, հասարակայնության հետ կապերի խմբի վարձատրության համար: Հավանական հովանավորները լինելու են ոչ քաղաքական կազմակերպություններ և քաղաքական ամբիցիաներ չունեցող կառույցներ: Դա մեզ համար սկզբունքային դիրքորոշում է, քանի որ անալիտիկ դաշտում գործել և սպասարկել քաղաքական ուժի կնշանակի վերածվել քարոզչական կենտրոնի:
ԵՎՀԿ կազմն ընդլայնելու մասին
Այսօր կենտրոնի ընդհանուր անդամների թիվը մոտ 30 է: 2016-ին ընդհանուր ներգրավվածությունը պետք է հասցվի 50-ի: Թեև բոլորովին վերջերս ենք սկսել հանրությանը ներկայացնել և հրապարակել վերլուծությունները, ուրախությամբ կարող եմ նշել, որ այն շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել երիտասարդների շրջանում: Յուրաքանչյուր օր դիմումներ են ստացվում ինչպես վերլուծաբանների թիմում, այնպես էլ օժանդակ խմբերում ներգրավվելու համար: Հուսով եմ՝ մինչև հունվարի վերջ մենք կկարողանանք բոլոր դիմումներն ուսումնասիրել և պատասխանել դրանց:
Ինչպե՞ս են ընտրվում վերլուծությունները
Վերլուծությունների թեմաները, քանակը և ձևաչափը ընտրում է վերլուծաբանը: Սակայն մինչ ԵՎՀԿ կայքում այն տեղադրելը և կենտրոնի ինֆորմացիոն հարթակներով տարածելը յուրաքանչյուր վերլուծական նյութ անցնում է խմբագրման երեք փուլով, որը երաշխավորում է վերլուծության բարձր որակը:
Առաջին փուլում վերլուծաբանն իր աշխատանքը ԵՎՀԿ նիստի ժամանակ ներկայացնում է կենտրոնի մյուս անդամներին, ծավալվում է քննարկում, որի ընթացքում մասնակիցները վեր են հանում տվյալ վերլուծության թույլ և ուժեղ կողմերը: Նիստի ավարտին վերլուծաբանին տրվում են փոփոխությունների առաջարկություններ, որոնք ուղեցույց պետք է լինեն վերլուծաբանի համար՝ վերանայելու և վերախմբագրելու իր աշխատանքը: Դրանից հետո վերլուծաբանի համար խմբագիր է նշանակվում մյուս վերլուծաբաններից մեկը, և միայն վերջինիս հաստատումից հետո է վերլուծությունը հանձնվում սրբագրիչներին վերջնական շտկումներն իրականացնելու նպատակով: Եթե վերլուծաբանի և խմբագրի միջև տարաձայնություններ են առաջանում որևէ խնդրի շուրջ, այն համատեղ քննարկվում է ԵՎՀԿ նախագահի հետ:
Առաջիկայում կենտրոնի լավագույն վերլուծությունները, որոնք կհամապատասխանեն ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) չափանիշներին, կտպագրվեն և կստանան գիտական հոդվածների կարգավիճակ:
ԵՎՀԿ-ին անդամակցելն առաջին հերթին սովորելու հնարավորություն է
Վերլուծաբանները կրթվում են՝ գրելով, վերլուծելով տեղի ունեցող իրադարձությունները: Այդ միջավայրի մեջ լինելն ավելի կզարգացնի երիտասարդների վերլուծական հմտությունները և կարողությունները: Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը հանրությանը խոսքը լսելի դարձնելու հնարավորություն է ընձեռում: