2017թ. հունիսի 6-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում կայացավ ԵՎՀԿ 1-ամյակին նվիրված միջոցառումը, որին ներկա գտնվեցին ինչպես այժմյան, այնպես էլ նախկին ԵՎՀԿ-ականներ, կազմակերպության կողմից իրականացված տարբեր նախագծերի շրջանավարտներ և այլ հյուրեր: Միջոցառման ժամանակ ամփոփվեց կազմակերպության գործունեությունը, ներկայացվեցին գալիք նախագծերը, ընթացիկ տարվա պլանը և ռազմավարությունը, ինչպես նաև համագործակցության նոր հեռանկարները:
Խոսելով տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխություններից ու ձեռքբերումներից՝ ԵՎՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը և փոխնախագահ Աննա Խաչյանը կարևորեցին անցումը պայմանագրային հիմքով կամավորական աշխատանքին:
Տարին նշանավորվեց նաև հայ երիտասարդության շրջանում ԵՎՀԿ-ի նկատմամբ արագորեն աճող հետաքրքրությամբ, ինչի մասին են վկայում Վերլուծական հմտությունների զարգացման դպրոցի, #LiveTalks առաջին սերնդի գրանցած արդյունքները: Ձեռքբերումների շարքում էին նաև գործընկերային համագործակության հաստատումը տարբեր կազմակերպությունների հետ և նրանց հետ իրականացված համատեղ ծրագրերը:
Խոսվեց նաև մինչ օրս պատրաստված տարաբնույթ վերլուծական նախագծերի մասին, որոնց թիվն ավելի քան 150 է, և առանձնահատուկ ուշադրություն դարձվեց այն հանգամանքի վրա, որ կենտրոնը շարունակում է հետամուտ լինել վերլուծական աշխատանքները որակապես կատարելագործելու և դրանց տարաբնույթ ուղղվածությունը ապահովելու ռազմավարությանը:
ԵՎՀԿ-ի մեկամյակին մասնակցող հյուրերը միջոցառման ընթացքում կիսվեցին իրենց տպավորություններով: Կազմակերպությանը վերջերս որպես թարգմանիչ միացած Ազատուհի Խաչատրյանը #LiveTalks-ի միջոցով էր, որ տեղեկացավ ԵՎՀԿ-ի ու նրա գործունեության մասին, մասնակցեց նախագծին ու որոշեց անդամակցել: Խոսելով ԵՎՀԿ-ի մասին՝ նա կարևորեց ԵՎՀԿ-ականների տրամադրվածությունն իրենց առաքելության նկատմամբ, եռանդն ու պահանջկոտությունը, իրենց արտահայտած յուրաքանչյուր տեսակետն ու կարծիքը քննարկելու պատրաստակամությունը, խելացի ու կրեատիվ կադրերի առկայությունը:
Իսկ ԵՎՀԿ Թարգմանիչների բաժնի ղեկավար Մարինե Օհանջանյանը ԵՎՀԿ-ում կամավորական աշխատանքը սկսել է 2015 թվականի հունվար ամսից, աշխատել որպես թարգմանիչ, այնուհետև՝ նշանակվել խմբագիր: 2016 թվականի հոկտեմբերից ղեկավարում է ԵՎՀԿ Թարգմանիչների բաժինը: Կազմակերպություն մուտք գործելու առաջին շարժառիթը հանդիսացել է ոլորտում վերընթաց գրանցելը՝ խրթին տեքստերի թարգմանության միջոցով: Այդուհանդերձ, ԵՎՀԿ-ն նաև ծառայեց որպես բազմաժանր գիտելիքների աղբյուր՝ շնորհիվ վերլուծությունների թեմաների բազմազանության: Ինֆորմացիայից զատ՝ ԵՎՀԿ-ի շնորհիվ ձեռք է բերել իր կարծիքով ամենակարևորը՝ արդեն իսկ հարազատ դարձած ընկերներին: Ինչպես ինքն է նշում «կազմակերպությունում մթնոլորտը ընկերականի և գործնականի, օգտակարի և հաճելիի համաձուլույթ է, սակայն նրա ամրության հիմնասյունը հարգանքն է դիմացինի կարծիքի նկատմամբ, հանդուրժողականությունն ու ընկերասիրությունը: ԵՎՀԿ-ն ասես երիտասարդական յուրահատուկ և պարադոքս-դպրոց լինի, որտեղ յուրաքանչյուրը կրթվում է ԵՎՀԿ-ից դուրս և ԵՎՀԿ ներմուծում իր կրթությունն ու փորձը:
Կենտրոնի կրթական հարթակ լինելու հանգամանքը հատկանշեց նաև վերլուծաբան Նարեկ Մուրադյանը՝ կարևորելով ԵՎՀԿ-ում կարծիք արտահայտելու ազատությունը, այն անկաշկանդ քննարկելու և շտկելու հնարավորությունը: Վերլուծաբանի խոսքերով, երբ թիմակիցներն անընդհատ սովորում են և սովորեցնում միմյանց, հասկանում ես, որ ԵՎՀԿ-ին տրամադրած ժամանակդ միայն արդյունավետ է անցնում:
Միջոցառման ժամանակ ԵՎՀԿ-ականները շարունակաբար կիսվում էին անցած տարվա ընթացքում իրենց ունեցած փորձով և այն ակնկալիքներով, որ սպասում են ԵՎՀԿ-ից նրա առաջիկա գործունեության ընթացքում:
Դե իսկ ԵՎՀԿ-ն հավաստիացնում է, որ այդ սպասումները շուտով իրականություն կդառնան նոր նախագծերի, ծրագրերի ու միջոցառումների տեսքով: Իսկ մինչ այդ…
Համարձակվե՛ք մտածել…