Սեպտեմբերի 15-ին, 16-ին, 23-ին և 24-ին «Հոդված 3» ակումբում ԵՎՀԿ-ն կազմակերպել էր «Սերունդների բանախոսություն ՀՀ արտաքին քաղաքականության շուրջ» խորագրով ինտերակտիվ բանախոսություն/քննարկումների շարք՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին: #LiveTalks նախագծի շրջանակում իրականացվող այս ծրագիրը նպատակ ուներ երիտասարդության շրջանում բարձրացնել տեղեկացվածության և հետաքրքրության մակարդակը հանրապետության արտաքին քաղաքականության նկատմամբ, կենդանի զրույցների միջոցով ապահովել տեսակետների փոխանակում երիտասարդ և ավագ սերունդների միջև:
4-օրյա բանախոսությունների թեմաներն էին՝
- ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի ձևավորումը, ՀՀ հարաբերությունները ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ,
- Արցախյան հիմնահարցը ՀՀ արտաքին քաղաքականության համատեքստում,
- ՀՀ արտաքին քաղաքական ուղվածությունը տարածաշրջանային ինտեգրացիոն կառույցների համատեքստում. ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵԱՏՄ,
- ՀՀ-ն և տարածաշրջանը:
#LiveTalks2 ծրագրին բանախոսություններով հանդես եկան ինչպես ԵՎՀԿ վերլուծաբաններ, այնպես էլ Հայաստանում ճանաչված այլ մասնագետներ, դեսպաններ, վերլուծաբաններ և փորձագետներ, մասնավորապես՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, նախկինում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ք.գ.դ. Արման Նավասարդյանը, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը, ԵՎՀԿ նախագահ, պատմաբան, քաղաքագետ Արեգ Քոչինյանը, ԵՎՀԿ վերլուծաբան, պատմաբան Գոռ Մադոյանը, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, նախկինում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը, ԵՎՀԿ ասոցացված վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, AEGEE/Եվրոպական ուսանողների ֆորում կազմակերպության Արևելյան գործընկերության ծրագրի ղեկավար, AEGEE-Lille ՀԿ նախագահ Մառլենե Ռենեն, AEGEE-Yerevan ՀԿ գործադիր տնօրեն, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի գիտաշխատող Արմենակ Մինասյանցը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը, իրանագետ Արտյոմ Տոնոյանը, ԵՎՀԿ վերլուծաբան, տնտեսագետ Նարեկ Մուրադյանը:
Բանախոսություններին հաջորդեցին քննարկումները, և մասնակիցներն իրենց հուզող հարցերն ուղղեցին բանախոսներին:
Մասնակիցները, կիսվելով ծրագրի մասին իրենց տպավորություններով, կարևորում էին այն հանգամանքը, որ իրենց հնարավորություն էր ընձեռվել անմիջականորեն ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Մասնավորապես, մասնակիցներից Արթուր Ադամյանը, ով, ԵՎՀԿ ֆեսբուքյան էջից տեղեկանալով ստեղծված հնարավորության մասին, որոշել էր մասնակցել ծրագրին, նշեց, որ ԵՎՀԿ-ն լավ առիթ էր ստեղծել երիտասարդների համար, որպեսզի նրանք կարողանան ծանոթանալ ոլորտում լուրջ ազդեցություն ունեցող մասնագետների ու երիտասարդ վերլուծաբանների՝ ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ տեսակետներին, ծանոթանալ ՀՀ արտաքին քաղաքականության ձևավորման նախադրյալներին, բանախոսներին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը և ստանալ սպառիչ պատասխաններ: Իսկ ԵՎՀԿ-ի կողմից ստացված հավաստագիրը, ըստ Ա. Ադամյանի, պարտավորեցնող էր:
Իսկ ահա ծրագրի բանախոսներն ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ երիտասարդ սերնդին հետաքրքրում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ՀՀ պետականության և արտաքին քաղաքականության հիմքերի ձևավորումը, Արցախյան հիմնահարցը ՀՀ արտաքին քաղաքականության համատեքստում, ՀՀ հարաբերությունները հարևան երկրների, ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ և այլն:
Ծրագիրն ինչպես միշտ կրում էր անվճար բնույթ: Այն հնարավորություն ընձեռեց երիտասարդներին` ծանոթանալու փորձառու բանախոսների մասնագիտական դիրքորոշումներին, բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը և ստանալու դրանց պատասխանները, ուսումնասիրելու 26-ամյա անկախության շրջանում ՀՀ արտաքին քաղաքականության կրած փոփոխությունները և այդ փոփոխությունները պայմանավորող գործոնները, գլոբալ և տարածաշրջանային դերակատարների հետ հարաբերությունների դինամիկան, ԵՄ և ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներին առնչվող վիճահարույց հարցադրումները, Արցախյան հակամարտությամբ պայմանավորված արտաքին քաղաքական զարգացումները և այլն, վերլուծելու և բանավիճելու Հայաստանի արտաքին քաղաքականության բաց հարցերի շուրջ:
Քառօրյա ծրագրի բոլոր բանախոսություններին ներկա գտնվող մասնակիցները ստացան հավաստագրեր:
Ծրագիրը լուսաբանվեց մի շարք լրատվամիջոցների կողմից.
- http://www.aravot.am/2017/09/16/907899/
- http://henaran.am/310799.html
- http://henaran.am/310584.html
- http://henaran.am/310587.html
- http://henaran.am/310523.html
- http://henaran.am/310798.html
- http://henaran.am/310790.html
- http://henaran.am/310799.html
- http://henaran.am/310555.html
- http://henaran.am/310600.html
- http://www.1in.am/2209975.html
- http://www.aravot.am/2017/09/23/909338/
- http://henaran.am/312073.html