Մարտի 26-ին #Հոդված3 ակումբում մեկնարկեց ՀԱՐԹԱԿ ծրագիրը:
ՀԱՐԹԱԿԸ հանդիպում է մի կողմից պետական պաշտոնյայի, հասարակական, քաղաքական, մշակութային գործչի, մյուս կողմից՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, երիտասարդների, հասարակության այլ շահառուների միջև՝ իբրև կարծիքների փոխանակման հարթակ՝ հարց-պատասխան ձևաչափով: Ծրագիրը տեսանկարահանվում է:
Նախագծի առաջին հյուրն էր լրագրող, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Երկար տարիներ աշխատելով լրատվադաշտում՝ նա սկսել է զբաղվել քաղաքականությամբ, որով հետաքրքրված է եղել վաղ տարիքից:
«Հանրային քաղաքական կյանքի նկատմամբ հետաքրքրությունն է ինձ բերել լրագրություն: Իմ լրագրողական գործունեության ընթացքում լուսաբանել եմ հիմնականում քաղաքական թեմաներ: Եվ այսօր այստեղ եմ, որպեսզի կրկին վերլուծեմ այն իրադարձությունները և պատասխանեմ այն հարցերին, որոնք հետաքրքրում են ձեզ», ” ասաց Փաշինյանը:
Լսարանին հետաքրքրող հարցերը հիմնականում քաղաքական էին: Ի պատասխան այն հարցին, թե արդյոք ինչն է խոչընդոտում ինստիտուցիոնալ ընդդիմության և ինստիտուցիոնալ կուսակցությունների զարգացմանը՝ Փաշինյանը նշեց, որ ցանկացած ոլորտի ինստիտուցիոնալ զարգացման ամենամեծ խոչընդոտը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցածր ինքնագնահատականն է: Քաղաքական և հասարակական ոլորտներում ստեղծված փակուղուց դուրս գալու ճանապարհը Փաշինյանը տեսնում է քաղաքացու ինքնագնահատականի բարձրացման մեջ:
«Ինքնագնահատականի բարձրացման հետ մեկտեղ պիտի բարձրացվի նաև քաղաքացիական գիտակցությունը, որը կարևոր բաղադրիչն է գիտակցված հասարակության ձևավորման համար», ” նշեց նա:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին քաղաքական իրադրության մեջ ներկայումս արդիական այլ հարցեր:
Խոսելով ապրիլին կազմակերպվելիք «14+4» ձևաչափով փողոցային հանրահավաքնեի մասին՝ Փաշինյանը նշեց․ «Մենք մեր նկատմամբ կիրառված բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու, հետևաբար մենք այս քաղաքական ողջ պրոցեսի ընթացքում, որը չի լինելու նրբիկ կամ փափուկ, կիրառելու ենք «բաց ձեռքերի» քաղաքականություն»։
Հանդիպումը լուսաբանվեց մի շարք լրատվամիջոցների կողմից: