Հունվարի 24-ին 34 BC բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Ինլայթ»-ի տարեկան համագումարը, որ շատ սպասված էր ներկաների կողմից։ Դա պայմանավորված էր ոչ միայն վերջինիս ամփոփիչ բնույթով, այլև երկարատև դադարից հետո բոլոր ինլայթցիներին ոչ առցանց պայմաններում դարձյալ միավորելու հանգամանքով։

Հանդիպումը սկսեց կազմակերպության նախագահ Աննա Խաչյանը։ Նա ողջունեց ներկաներին, որոնց թվում ոչ միայն կազմակերպության գործող անդամներն ու կամավորներն էին, այլև «Ինլայթ»-ում սպասված հյուրեր։

Ողջույնի խոսքից հետո Աննան խոսքը փոխանցեց կազմակերպության հիմնադիրներից Արեգ Քոչինյանին, որը ներկայացրեց կազմակերպության կառավարման համակարգի կառուցվածքը՝ համագումար, խորհուրդ, գործադիր մարմին (նախագահ և փոխնախագահ), վերաքննիչ, վերստուգող և տնօրենների խորհուրդ։ Նա նաև նշեց, թե որն է եղել կազմակերպության համար կառավարման նմանատիպ համակարգ մշակելու նպատակը, այն է՝ կազմակերպության՝ մեկ անձի կողմից կառավարվող մարմին դառնալու հավանականությունից խուսափելը։ Կազմակերպության նախագահը ներկայացրեց նաև կանոնադրական մարմինների գործող կազմը և նոր ձևավորվող կանոնադրական մարմնի համար առաջադրված թեկնածուներին։

«Ինլայթ»-ի մասին գիտելիքները ստուգելու և ինլայթյան մթնոլորտը թեժ պահելու նպատակով մասնակիցների համար պատրաստվել էր քուիզ՝ «Ինլայթ»-ի մասին տարաբնույթ հարցերով։ Վերջինիս արդյունքները ամփոփելուց հետո ներկայացվեցին կազմակերպության բոլոր բաժինների կատարած աշխատանքները առանձին-առանձին։

Նախքան բաժինների բուն աշխատանքին անդրադառնալը` փոխնախագահ Դավիթ Պետրոսյանը ներկայացրեց  աշխատանքային հաղորդակցման նոր եղանակները և գործիքակազմը, որը կազմակերպության տարբեր բաժինները կիրառել և կատարելագործել էին 2020 թվականի գործունեության ընթացքում: 

Վերլուծական ֆորումի աշխատանքները ամփոփեցին վերլուծաբաններ Անահիտ Կարապետյանը և Հեղինե Ալեքսանյանը։ Վերջինս խոսեց նաև օտարերկրյա կազմակերպությունների հետ արդեն իսկ կայացած համագործակցության և այդ առումով ապագայի հեռանկարների մասին։

Բաժինը տարվա ընթացքում համալրվել է նոր վերլուծաբաններով, ունեցել է 144 հրապարակում, իրականացրել է վերլուծական եռամսյա պրակտիկա, որը համակարգել են վերլուծաբաններ Հակոբ Հակոբյանը, Անահիտ Կարապետյանն ու Տաթև Ղազարյանը։

Անահիտն ու Տաթևը ներկայացրին վերլուծական պրակտիկայի արդյունքները, խոսեցին պրակտիկայի ընթացքում ունեցած իրենց տպավորություններից ու ձեռքբերումներից։

Բաժնի նոր վերլուծաբաններից Նարինե Պետրոսյանը պատմեց նոր EconoMix նախաձեռնության մասին, որի շրջանակներում պատրաստվել են տնտեսագիտական հասկացությունները մեկնաբանող կարճ հոլովակներ։

Վերլուծական ֆորումը ակտիվ համագործակցություն է իրականացրել նաև կազմակերպության այլ բաժինների հետ։ Մասնավորապես թարգմանիչների բաժնի հետ համագործակցության մասին խոսեց վերլուծաբան Մարինե Խաչատրյանը, որը այս առնչությամբ ներկայացրեց նաև իր առաջարկությունները։

Շեշտելով, որ «Ինլայթ»-ը իր խնդիրն է համարում նաև ընթացիկ իրադարձություններին արձագանքելը՝ Անահիտը ներկայացրեց արտակարգ ռեժիմի պայմաններում կազմակերպության իրականացրած միջբաժնային նախագիծը՝ «Արցախյան քրոնիկոն» շարքը և միջազգային մամուլի մոնիթորինգի արդյունքները:

Թարգմանիչների բաժնի ղեկավար Մերի Բաբայանը ամփոփեց բաժնի կատարած աշխատանքները։ Ընդհանուր առմամբ կատարվել է 158 հրապարակում։ Թարգմանվող նյութերի մեջ գերակշռողը եղել են Covid-19-ի թեմայով հոդվածներն ու հարցազրույցները։ Թարգմանվել և հրապարակվել է Կ. Շմիթի «Զրույց իշխանության և տիրակալի հասանելիության շուրջ» հայտնի ռադիեոէսսեն։ «Արցախյան քրոնիկոն»-ի շրջանակներում բաժինը թագմանել է նաև միջազգային մամուլի՝ հակամարտությանն անդրադարձող հոդվածները։ Իրականացված թարգմանությունների ցանկում են նաև հոդվածներ և տեսագրությունները՝ GreEnlight նախաձեռնության շրջանակներում, Enlight Quiz թեստերն ու խաղերը։

Թարգմանիչների բաժնի իրականացրած թարգմանչական եռամսյա պրակտիկայի մասնակիցներից Սոնա Մելքոնյանը պատմեց պրակտիկայից ունեցած իր տպավորությունների մասին։

Պրակտիկանտների լավագույն թարգմանությունները հրապարակվել են կազմակերպության կայքում։ Նրանք կատարել են նաև նախագծային աշխատանք՝ Բերտրանի «Մարդ» ֆիլմի թարգմանությունը։

Խմբագիրների բաժնի ղեկավար Մելանյա Խաչատրյանը ամփոփեց այս բաժնի աշխատանքները։ Ընդհանուր առմամբ բաժնի ներկայացուցիչները խմբագրել, սրբագրել և կայքում են հրապարակել 252 նյութ։ Խմբագիրների բաժինը համալրվել է նաև նոր անդամներով, ավելացել են նաև անդամների գործառույթները, որի արդյունքում նրանք ձեռք են բերել նոր հմտություններ։

Մելանյան խոսեց նաև «Ինլայթ» և «Վիքիմեդիա Հայաստան» համագործակցության մասին, որի արդյունքում բաժնի անդամները սովորել են Վիքիպեդիայում հոդվածներ խմբագրել։ Մարիամ Մանուկյանը ներկայացրեց իր տպավորությունները։ Վերջինս համագործակցության շրջանակներում Վիքիպեդիայում ստեղծել է 15 հայալեզու հոդված։

Վահե Սալահյանը անդրադարձավ «Ոսկեղենիկ» նախաձեռնությանը, խոսեց սպասվող նորությունների մասին, հորդորեց գաղափարներ ունենալու դեպքում ներկայացնել առաջարկություններ։

Խմբագիրների բաժնի անդամները առիթ են ունեցել նաև կայքում հանդես գալ իրենց հեղինակային նյութերով։ Վահե Սալահյանը կայքում հրապարակել է հեղինակային երկու հոդված: Բաժնի անդամները պատրաստել են նաև կազմակերպության ընթացիկ իրադարձությունների press release-ները: Այդ աշխատանքից ստացած իր տպավորությունների ու ձեռքբերումների մասին պատմեց Նարինե Գալոյանը:

Հանրային կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար Ռուզաննա Հովհաննիսյանը ամփոփեց այս բաժնի կատարած աշխատանքները։ Բաժինը իրականացրել է 21 հարցազրույց «Ինլայթ»-ի անդամների և կամավորների հետ, ինչպես նաև հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հիշատակին նվիրված արտաինլայթյան հարցազրույցների շարք՝ ոլորտի մասնագետների մասնակցությամբ։ Բաժնի անդամները կայքում հրապարակված նյութերի հիման վրա պատրաստել են նաև ինֆորմացիոն հոլովակներ, ինֆոգրաֆիկ զանազան տեսանյութեր, աշխատակազմի հետ համագործակցությամբ իրականցրել են Enlight Info Day  տեղեկատվական միջոցառումը, շարունակաբար զբաղվել կազմակերպության սոց. մեդիայի հարթակներում տարվող աշխատանքներով։ 

Հանրային կապերի և մարքեթինգի բաժնի անդամները ակտիվորեն ներգրավված են եղել արտակարգ ռեժիմում տարվող աշխատանքներին. ամենօրյա ռեժիմով կայքում ներկայացրել են տավուշյան, ապա նաև արցախյան իրադարձություններին առնչվող տեղեկատվությունը՝ բազմալեզու թարգմանություններով, կատարել են միջազգային մամուլի մոնիթորինգ։

Աշխատակազմի աշխատանքները ներկայացրեց աշխատակազմի ղեկավար Լիլիթ Կարապետյանը։ Նա մասնավորապես անդրադարձավ կազմակերպության սոցիալական ծրագրերին, որի շրջանակներում իրականցվել է 100 նվեր-պայուսակ արցախցի դպրոցականներին նախաձեռնությունը, որի արդյունքում արցախցի 100-ից ավելի դպրոցականների նվեր են ստացել գրենական պարագաներով լի պայուսակներ։

Օրվա ընթացքում տեղի ունեցան նաև կանոնադրական մարմինների ընտրություններ։ Կազմակերպության նորընտիր խորհուրդը` ի դեմս Մարիամ Ջամալյանի և Գոռ Մադոյանի ներկայացրեց իր ծրագիրը։

Անդրադառնալով կազմակերպության 2021 թվականի ուղենիշերին` «Ինլայթ»-ի խորհրդի քարտուղար Լուսինե Հովհաննիսյանը ներկայացրեց կազմակերպության որդեգրած նոր քաղաքականությունը անդամության հարցի շուրջ՝ «Ինլայթ»-ի «քաղաքացիության» հարցը։ Նրա ձևակերպմամբ կազմակերպության անդամը կազմակերպության «քաղաքացին» է։ Նա հորդորեց ներկա կամավորներին կամավորությունից անցում կատարել անդամության, որը հնարավորություն կտա մասնակցելու կազմակերպության կառավարմանը, առավել ներգրավված լինելու կազմակերպության ծրագրերում, օգտվելու անդամին ընձեռված հնարավորություններից:

Վերջում տեղի ունեցավ խմբային քննարկումներ՝ կազմակերպության անդամակցության հարցի, թիմային ոգու և ներկաներին «Ինլայթ»-ում պահող շարժառիթների շուրջ:

Դե իսկ ամենավերջում ամենահաճելի պահն էր. ինլայթյան նվերներ ստացան աշխատանքներում առավել ակտիվությամբ աչքի ընկած մարդիկ, մի շարք կամավորներ ստացան հավաստագրեր:

#EnlightForum2021

Պատրաստեց՝ Նարինե Գալոյանը


«Ինլայթ»-ի 2020 թվականի գործունեության ամփոփագիրը՝ հղմամբ: