Գիտությունը մշտապես եղել է մարդկային քաղաքակրթությունն առաջ մղող մեծագույն խթան՝ պատասխանելով մեր բոլոր ինչուներին ու շարունակաբար առաջ բերելով նորերը։ Մեր առօրյա կյանքի վրա դրա ազդեցությունն անխուսափելիորեն և աննկարագրելիորեն խորն է, թեև վերջին տասնամյակներում այն կարծես ավելի ու ավելի անմիջական է թվում յուրաքանչյուրիս համար։
Հակառակ շատերի պատկերացումներին՝ գիտությունն իր բնույթով առավել քան բազմակողմանի և ընդգրկուն է։ Ճշգրիտ գիտելիքներ ու ապացուցելի փաստեր տրամադրելուց բացի՝ այն նաև խիստ մարդասիրական է, իսկ առանց այս հատկանիշի այն հազիվ թե նույնչափ բարենպատակ ու մեծարժեք լիներ։ Գիտությունը նաև մշակույթի ու արվեստի անբաժան մասն է և շատ հաճախ նաև մեծագույն սնուցիչը, թեև առաջին հայացքից նրանք հաճախ չափազանց տարբեր են թվում։
Այս համատեքստում, իհարկե, գիտության զարգացումը և ուսումնասիրությունը, դրանց պետական աջակցությունն այսօր հրամայական են՝ որպես բարեկեցիկ ապագա կառուցելու կարևորագույն նախապայմաններ, ուստի առաջարկում ենք ընթերցել մեր՝ գիտությանը նվիրված հոդվածների հետևյալ ցանկը։
Ժամանակները փոխվում են՝ զուգահեռաբար նորովի ընկալումներ ու կիրառություն տալով նաև գիտությանը։ Չնայած մի շարք համակարգային վերափոխումների, որոնք, ինչպես կհամոզվեք, ոչ բոլորին են գոհացնում՝ այս ոլորտի վերջին ձեռքբերումներն ավելի խելացի լուծումներ են առաջարկում՝ այդ թվում քաղաքային միջավայրի կառավարման հարցում՝ հիմնվելով նորարարական տեխնոլոգիաների օգնության վրա։
Քաղաքը դառնում է խելացի, երբ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները սկսում են կառավարել քաղաքային միջավայրը: Նրանց կարելի է վստահել քաղաքային կյանքի տարբեր ասպեկտներ՝ տրանսպորտ, կոմունալ ծառայություններ, էներգիա և ջրամատակարարում, դպրոցներ և հիվանդանոցներ և այլն:
Խելացի քաղաքների տեխնոլոգիաները հիմնված են տարբեր հիմնարար և կիրառական գիտությունների ձեռքբերումների վրա։ Օրինակ, խելացի քաղաքների զարգացումն անհնար է առանց կոմպակտ համակարգիչներով հագեցած խելացի սարքերի համատարած ներմուծման։
Փիթեր Հիգսն այժմյան գիտական համակարգի մասին
Բրիտանացի ֆիզիկոս Փիթեր Հիգսը, ում անվամբ կոչված է Հիգսի բոզոնը (Higgs boson), կարծում է՝ ոչ մի համալսարան իրեն աշխատանքի չէր ընդունի այժմյան գիտական համակարգում, քանի որ իր աշխատանքը բավականին արդյունավետ չէր համարվի:
Էդինբուրգի համալսարանի վաստակավոր պրոֆեսորը, ով ասում է, որ երբեք էլեկտրոնային նամակ չի ուղարկել, չի մտել համացանց կամ նույնիսկ զանգ չի կատարել բջջայինով, 1964 թ.-ին իր նորարարական աշխատանքից հետո, որում բացահայտել էր ենթաատոմային նյութի զանգված ստանալու մեխանիզմը, հրապարակել է առնվազն 10 գիտական հոդված:
Գիտության խթանումն ու բարեփոխումը, անշուշտ, կարևոր են նաև մեր հանրապետության մասշտաբով, որոնց արդյունավետ իրագործումը կդառնա նաև տնտեսական առաջընթացի հիմք՝ Հայաստանն ավելի մրցունակ և գրավիչ դարձնելով համաշխարհային շուկայում։ Հենց այս պատճառով էլ հույժ կարևոր է գիտակցել այս ոլորտին պետական աջակցություն ու ֆինանսավորում հատկացնելու անհետաձգելի անհրաժեշտությունը։
Հետևյալ հոդվածում կարող եք ծանոթանալ այս հարցի շուրջ կատարված ուշագրավ հետազոտության արդյունքներին և մանրամասներին։
«Այն պարագայում, երբ տնտեսության ավանդական ճյուղերը կորցրել են իրենց նախկին ներուժն ու դերը, գիտությունն ու տեխնոլոգիան դարձել են յուրաքանչյուր երկրի և հասարակության զարգացման հիմնաքարը։
Գիտատեխնիկական ոլորտի առաջխաղացման, ֆինանսավորման և ստեղծված արդյունքի կիրառելիության խնդիրները բազմաշերտ են ու բազմաբնույթ, իսկ դրանց արմատները, մեր կարծիքով, պետք է փնտրել նաև հասարակական մտածելակերպի, գիտության նկատմամբ հանրության վերաբերմունքի և պետական մակարդակով ոլորտի ոչ բավարար արժևորման մեջ»։
Համաձայն բավականին տարածված կարծքի՝ ճշգրիտ գիտությունները գերադաս դիրք ունեն հումիտար գիտությունների նկատմամբ, քանի որ մեզ կարող են տրամադրել օբյեկտիվ իրականությանը համապատասխանող ապացուցելի տվյալներ ու դրանց նպատակային կիրառումից բխող գործնական արդյունքներ։ Այնուամենայնիվ, հարկավոր է ընդգծել, որ հումանիտար գիտությունները ոչ պակաս նշանակալի դեր են խաղում մեր կյանքում՝ որպես հասարակական, մշակութային և այլ բազմաթիվ երևույթների վերլուծման ոլորտ։
Ինչու են մեզ անհրաժեշտ հումանիտար գիտությունները
Ժամանակին ոչ ոք չէր հարցնում, թե ինչու է անհրաժեշտ ուսումնասիրել հումանիտար գիտությունները, քանի որ դրանց արժեքը համարվում էր ինքնին հասկանալի, ինչպես գիտական հայտնագործությունների արժեքը: Այժմ այս երկու արժեքները կտրուկ տարանջատվել են։
Տրիլիոնավոր դոլարներ ծախսելով ահաբեկչության դեմ փամփուշտներով և ռումբերով պայքարելու համար՝ մենք այժմ ավելի քան երբևէ կարիք ունենք գրականության և հումանիտար գիտությունների, քանի որ նրանք ձգտում են բուժել, սնուցել մեր ունեցվածքից ամենաանգինը՝ մեր մարդկասիրությունը:
Հումանիտար գիտությունների դերը հասարակությունում
«Գործառույթներից մեկը, որը, կարծում եմ, իրականացնում են հումանիտար գիտությունները, և սա ամենևին ուսանողներին պաշտպանելու համար չեմ նշում, այն է, որ վերջիններիս մեջ դրանք բացահայտում են մարդկային տարրը, որը, տեխնիկական ոլորտը մի տեսակ անտեսում է:
…Ավտոմատացումը ֆանտաստիկ է, բայց դարձյալ, ամեն ինչ ձեր կյանում չի կարող ավտոմատացված լինել, դուք իրականում պետք է ճշգրտումներ կատարեք, պետք է մտածեք, պետք է իմանաք, թե ինչպես օգտագործել տեխնոլոգիան: Կրկին, հումանիտար գիտություններն այստեղ շատ կարևոր դեր են խաղում»:
Որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, գիտությունն ու արվեստն ավելի սերտ են փոխկապակցված, քան կարելի է կարծել։ Գիտությունն արվեստի ու մշակույթի անբաժանելի մասն է, և հենց այդ կապի ավելի խորքային ուսումնասիրությունը թույլ կտա նոր տեսանկյուններից արժևորել այս ոլորտները, ինչի մասին էլ փաստում են հետևյալ հոդվածների հեղինակները։
«Արդեն 1920-ականներին մենք ունեինք արվեստի փորձաքննություն ասվածի վաղ տարբերակներ։ Ունեինք ռենտգենյան ճառագայթներ, և մարդիկ դրանք դեռ այդ ժամանակ օգտագործում էին կտավների վրա, ունեինք մանրադիտակներ, որոնցով կարելի էր ներկի մի փոքր նմուշ վերցնել, դնել մանրադիտակի տակ, և ներկերը նույնականացնելիս շատ բան նկատելի կդառնար։
Մենք տեսնում ենք, որ 20-րդ դարի ընթացքում, հատկապես վերջին 10 տարում արվեստի աշխարհի հենց մեր ոլորտում, և, մասնավորապես, Նյու Յորքում գիտության դերը կտրուկ աճել է, քանի որ ավելի ու ավելի պարզ է դառնում, որ կեղծիքների դեպքում դա է միակ լուծումը»։
«Առնվազն 17-րդ դարից ի վեր, երբ հիմնադրվեցին այնպիսի գիտական մեծ միություններ, ինչպես օրիանկ Լոնդոնի բնական գիտությունների թագավորական ընկերությունը (Royal Society), գիտելիքի աշխարհը բաժանվեց բնաշխարհին առնչվող և մշակույթի՝ մարդկանց կողմից արարվող աշխարհին առնչվող գիտությունների։
Կարծում եմ՝ դա սխալ է: Ըստ իս՝ մշակույթի աշխարհն ու բնաշխարհը պետք է ուսումնասիրվեն նույն մարդկանց կողմից և այն էլ՝ գիտականորեն։ Այն կարծիքին եմ, որ պետք է մշակույթի նոր գիտություն լինի, և ուզում եմ ուրվագծել վերջինիս էությունը»։
Ավելին՝
Գիտության ու տեխնոլոգիաների կապը և դրանց զարգացման ուղիղ ազդեցությունները մեր իրականության վրա առավել քան ակնհայտ են։ Նախորդ հոդվածներում կարևորվում էր գիտության դերը հատկապես տնտեսության զարգացման գործում, իսկ վերջինս առաջին հերթին հնարավոր կլինի գիտատեխնոլոգիական միտումները նկատելու և արդյունավետ գործարկելու դեպքում։ Հետևյալ ինֆոգրաֆիկայում առանձնացված են այն տեխնոլոգիական միտումները, որոնք կարող են հզոր խթան դառնալ բիզնեսի և տնտեսության զարգմացման համար։
10 տեխնոլոգիական միտում՝ տարածման հզոր թափով
Տեխնոլոգիական այս միտումները գուցե և ամենաընտիրը չեն։ Սակայն սրանք օժտված են իսկական շարժիչ ուժով՝ գրավելով վենչուրային գումարի ու արտոնագրային դիմումների առավելագույն քանակը և հսկայական ազդեցություն ունենալով բիզնեսի վրա։
Եվ վերջում՝
Առաջարկում ենք անցնել բրիտանացի գիտնականների հայտնագործությունները բացահայտող այս թեստը՝ պարզելու, թե արդյոք դրանք իսկապես արժանի են իրենց տրվող «անլուրջ» և շատ հաճախ «ծիծաղելի» պիտակներին։
Թեստ | Բրիտանացի գիտնականներն ապացուցել են
Բրիտանացի գիտնականները հայտնի են իրենց գիտական լուրջ, բայց հաճախ նաև ծիծաղելի հայտնագործություններով: Օրինակ՝ բադերը սիրում են անձրևային եղանակ, մրջյունների մեջ ևս կան խարդախներ և կոռումպացվածներ, և այլն: Եկեք միասին պարզենք նրանց մյուս ուշագրավ հայտնագործությունները:
Պատրաստեց՝ Մարիամ Անտիկյանը
Բաժանորդագրվել կարող եք հղմամբ։