Վերջին հարյուրամյակների ընթացքում մարդկության հասարակական և քաղաքական միտքը ավելի ու ավելի հաճախ է ենթարկվում էական փոփոխությունների՝ պայմանավորված պատմական նոր տեղաշարժերով ու ելևէջումներով։ Սա, իհարկե, չի կարող անհետևանք մնալ մեր կյանքի մասը կազմող մի շարք երևույթների ու իրողությունների վրա՝ հիմնարար իրավունքների պաշտպանությունից մինչև ուտոպիստական ժամանակակից հայացքներ։
Նոր իրականության ու կենսակերպի համատեքստում ծնվում են այնպիսի ուշագրավ ու հետաքրքրական գաղափարներ ու հայեցակետեր, որոնք անխուսափելիորեն դառնում են հանրային բանավեճի ու քննարկումների առարկա՝ երբեմն տանելով դեպի բավականին հակասական ու թերավարտ եզրահանգումների։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ միայն շարունակական և անընդհատ վերլուծությամբ է հնարավոր հասնել նոր ներըմբռնումների և բարենորոգման։
Տեսաբանների ուշադրությանն արժանացած որոշ նշանակելի թեմաների ծանոթանալու համար առաջարկում ենք ընթերցել մեր հետազոտությունների շրջանակներում և արդյունքում թարգմանված ու ստորև զետեղված տեսական վերլուծությունները։
Մինչդեռ 21-րդ դարում մարդու իրավունքների պաշտպանության և ամրապնդման խնդիրներն առաջնակարգ տեղ են զբաղեցնում հասարակության համար և աննախադեպ տեղաշարժ են գրանցել, իրավիճակը կշարունակեր հիասթափեցնող մնալ, եթե այդ հարցերը չբարձրաձայնվեին Մերի Ուոլսթոնքրաթֆի և Քորնել Ուեսթի պես անհատների կողմից։ Գենդերային ու ռասսայական հավասարությանն ուղղված պայքարում իրենց առաջադրած տեսլականը նոր թափ ու շունչ հաղորդեց հանրության մտահորիզոնի ընդլայնման գործին։
Մերի Ուոլսթոնքրաֆթ | Կնոջ իրավունքների պաշտպանություն
18-րդ դարում կարծում էին, որ կինը կարիք չունի կրթություն ստանալու․ նրա դերը տնային գործերով զբաղվելն էր։ Անգլիացի փիլիսոփա Մերի Ուոլսթոնքրաֆթը (1759-1797 թթ․) առաջ է քաշում կանանց կրթության վերաբերյալ իր տեսլականը՝ թողնելով մի քանի աշխատություններ կանանց կրթության և իրավունքների հավասարության մասին։
Մերի Ուոլսթոնքրաֆթի կյանքը՝ հակառակ չարաբախտություններին, իր ստեղծագործության նմանությամբ է՝ համարձակ, ազատ և կրակոտ։ Ֆրանսիական հեղափոխությամբ խանդավառված փիլիսոփան ջանաց լսելի դարձնել կանանց ձայնը արմատական փոխակերպման այդ պահին՝ վերջ տալու համար անցյալի ճնշումներին։
Քորնել Ուեսթ | Ռասայական հարցեր
Ամերիկայում ռասայական առաջադիմությունն անհերքելի է: Բիզնեսի, կրթության, քաղաքականության, սպորտի և բանվորական շարժման մեջ նախկինում երբեք մասնագետների նման գունագեղ գազանանոց մենք չենք ունեցել: Խտրականության անթաքույց դրսևորումները քննադատվել են և հարկադրվել դառնալ թաքուն:
Ըստ ազատականների՝ սևերը պետք է «ներառվեն» «մեր» հասարակության մեջ ու մշակույթում կամ «համալրեն» այն, միևնույն ժամանակ, պահպանողականների կարծիքով նրանք պետք է լինեն «լավ դաստիարակված» և «մեր» կենսաձևում «ընդունելության արժանի»: Երկուսն էլ չեն կարողանում տեսնել, որ սևերի ներկայությունն ու նախատրամադրվածությունները ոչ հավելումներ են, ոչ էլ շեղումներ ամերիկյան կյանքից, այլ այդ կյանքի կառուցողական տարրեր են:
Վերջին տասնամյակներին քաղաքական տեսության պատմությունն ավելացել է նոր էջերով, որոնցում քննարկվում են այնպիսի ուշագրավ հարցեր, ինչպիսիք են ժամանակակից ուտոպիստական աշխարհայացքները, պետություն-ժողովուրդ երկխոսության մեջ ժողովրդավարության նոր դերն ու դրանից բխող մարտահրավերները, ինչպես նաև կրթությունը՝ որպես աշխարհականության և սոցիալական արդարության հասնելու ուղի։ Հետևյալ հոդվածներում կարող եք մանրամասնորեն ծանոթանալ վերոնշյալ բոլոր գաղափարներին ու մտորումներին։
Կյանքում ամեն ինչ չէ, որ տեղի է ունենում այնպես, ինչպես մենք ենք ցանկանում: Տհաճ և ընկճող իրադարձությունները բավականաչափ են, իրերը և մարդիկ պատճառում են մեզ անկանխատեսելի անհարմարություններ, որոնց երբեք չէինք ցանկանա առերեսվել: Զարմանալի չէ, որ մենք նորից ու նորից երազում ենք առանց պատահարների աշխարհի մասին: Մեզ պետք է ավելի պարզ, կանխատեսելի աշխարհ։
«Ուտոպիա». ահա այն անվանումը, որով մենք, սըր Թոմաս Մորի թեթև ձեռքով, որպես կանոն, 16-րդ դարից սկսած, կոչում ենք այս երազանքները։ Ապրող և ոչ թե սպասվող ուտոպիան, որ մառախլապատ հեռուներից տեղափոխվել է շոշափելի «այստեղ և հիմա», փորձությունների հանդեպ անզգայուն է, բոլոր գործնական դիտավորությունների և նպատակների տեսանկունից այն անմահ է: Բայց այս անմահությունը հասանելի է դարձել բոլոր նրանց փխրունության և խոցելիության գնով, ովքեր հիացած և գայթակղված են դրանով:
Այսպիսով՝ եթե կարելի է այդպես ձևակերպել՝ ժամանակակից Եվրոպայի քաղաքական պատմությունը ձևավորող երեք բաղադրիչներն են պետությունը, ներկայացուցչական կառավարությունը, քաղաքական ժողովուրդը, որոնց դինամիկ հարաբերություններն էլ դիտարկված են, իհարկե, բավականին սխեմատիկ ոճով:
Ինչպե՞ս վերադարձնել արժանահավատությունը, լեգիտիմությունը, համատեղ գործողությունների ուժը, որոնց սնողը կլիներ համայն եվրոպականը, իսկ գլխավոր դերակատարները կլինեին եվրոպական ազգերը․․․
Կրթություն և աշխարհականություն
Հանրային քննարկման դաշտում աշխարհականություն եզրույթի երկու կիրառությունների միջև առկա տարբերության չիմացություն կա․ իրականում նույն բառով մատնացույց են անում շատ տարբեր երկու կիրարկումներ՝ պետության աշխարհականությունը մի կողմից, քաղաքացիական աշխարհականությունը՝ մյուս։
Առաջինը սահմանվում է ձեռնպահությամբ։ Ֆրանսիական սահմանադրության հոդվածներից մեկն է՝ պետությունը չի ճանաչում և չի օժանդակում ոչ մի դավանության։ Մյուս կողմից գոյություն ունի եռանդուն, գործուն, բանավիճական աշխարհականություն, որի ոգին կապված է հանրային քննարկման հետ։
Քաղաքական տեսության և փիլիսոփայության մեջ հիշարժան է նաև ֆրանսիացի պատմաբան և քաղաքագետ Միշել Ֆուկոյի թողած հետքը։ Ֆուկոյի վերլուծությունն ուշագրավ է նրանով, որ կազմում է նեոլիբերալիզմի՝ որպես մտածողության հավաքականություն, մանրակրկիտ ուսումնասիրության առաջին փորձերից մեկը։ Հետաքրքիր է, որ ֆրանսիացի քաղաքագետի վրա որոշակի ազդեցություն է ներգործել մեկ ուրիշ ֆրանսիացի՝ քաղաքական գործիչ, փիլիսոփա Մարկիզ դը Սադը. վերջինիս վիճահարույց աշխատությունների ու մտքերի մասին ևս մինչև օրս բազմաթիվ բանավեճեր են ծավալվում և տանում նոր եզրահանգումների։
«Վերջին մարդը և հեղափոխության ավարտը. Ֆուկոն Մայիս 68-ից հետո» աշխատության մեջ Դանիել Զամորան անդրադառնում է Միշել Ֆուկոյի՝ նեոլիբերալիզմի մասին վերլուծությանը՝ հենվելով մասնավորապես 1977 և 1979 թվականներին Քոլեջ դը Ֆրանսում անցկացրած նրա դասախոսությունների վրա, որոնք հրապարակվել են «Կենսաքաղաքականության ծնունդը» գրքում:
Որքան էլ Ֆուկոյի մոտ կարևոր զարգացումներ կան այն ձևի մասին, որով մենք կկարողանայինք մեզ վերագրել ինքներս մեր մասին ունեցած որոշակի գաղափարի այնպիսի ինստիտուտների միջոցով, ինչպիսիք են սոցիալական ապահովագրությունը կամ արդարադատությունը, այնքան նա լիակատար փակուղի է տանում շուկայի նորմատիվության և հարկադրականության առումով։
Ինչո՞ւ 20-րդ դարը Սադին լուրջ ընդունեց
«Ինձ թվում է, որ երբեք պետք չէ ուղղակիորեն պատասխանել հարցերին, որ ինքներս մեզ տալիս ենք։ Հարցին պետք է ժամանակ տալ, ինչ-որ առումով նրան իր շանսը թողնել։ Մանավանդ եթե հարց ենք տալիս, նշանակում է, որ նախապես գիտենք, որ պատրաստի պատասխանը, միանշանակ պատասխանը, արագ, թե ոչ, ուղղակի, թե անուղղակի, խաբկանքի ձև է։ Երբեմն հարցն ավելի կարևոր է, քան պատասխանը»։
Ներկայացնում ենք Ժոզե Լինդեքուիստի հարցազրույցը ֆրանսիացի գրող և պրոֆեսոր Էրիկ Մարտիի հետ՝ վերջինիս «Ինչու՞ 20-րդ դարը Սադին լուրջ ընդունեց» գրքի «ինչու»-ների շուրջ:
Պատրաստեց՝ Մարիամ Անտիկյանը
Բաժանորդագրվել կարող եք հղմամբ։