Խորագիրը՝ GreEnlight 

Վերջին տասնամյակների ընթացքում Երկիր մոլորակը ենթարկվել ու ենթարկվում է կլիմայական ահռելի փոփոխությունների, որոնց հանդեպ մեր վերաբերմունքը և դրանից բխող պատասխան քայլերը պայմանավորելու են մեր և գալիք սերունդների ապագան։ 

Բնապահպաններն ու էկոակտիվիստներն առիթը բաց չեն թողնում հիշեցնելու ողջ մարդկությանը սպառնացող հնարավոր աղետի մասին, սակայն քաղաքական գործիչները և այլ պատասխանատու անձինք, կարծես թե, այնքան էլ չեն շտապում որոշիչ քայլեր ձեռնարկել, իսկ բնակչության որոշ հատվածներ ընդհանրապես թերահավատորեն են մոտենում մոլորակը փրկելու կոչերի հրատապությանը։

Այնուամենայնիվ, անհերքելի է այն փաստը, որ մեր կենսագործունեությունը լուրջ ազդեցություն է գործում բնության վրա, որի արդյունքում հասցված վնասներն ի վերջո անշրջելի և նույնիսկ օրհասական են դառնալու, եթե շարունակենք անտեսել ու շրջանցել այս կենսական հիմնահարցը՝ «մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» կարգախոսը կրկնելով։

Գրեթե ամեն օր մենք բնական և կլիմայական նոր մտահոգիչ իրադարձությունների մասին ենք լսում և կրկին գալիս նույն եզրահանգմանը․ կանխարգելիչ գործողություններ չձեռնարկելու պարագայում մեր քաղաքակրթությունը կարող է ոչնչացման մատնվել։ Մի՞թե ամեն ինչ իրոք անուղղելի է, և եթե ոչ, ապա ի՞նչ կարող ենք անել իրավիճակը փրկելու համար։ Հետևյալ հոդվածները Ձեզ կծանոթացնեն էկոլոգիական մի քանի կարևոր հիմնախնդիրների և դրանց հնարավոր լուծումներին։

Կլիմայական ճգնաժամ

Որքա՞ն  պետք է ամեն ինչ վատթարանա, մինչև կանխարգելիչ գործողություններ ձեռնարկվեն։ Այն, ինչին մենք այժմ ականատես ենք լինում, չնչին ազդանշաններ են․ մոլորակը նախաարդյունաբերական ժամանակաշրջանից ի վեր տաքացել է մոտավորապես 1․1 աստիճանով։ 1․5 աստիճանով տաքացումը կանխարգելելն այլևս հնարավոր չի համարվում։

Ճանապարհը դեպի կանաչ քաղաքականությունը շատ պարզ է․ վերականգնվող էներգիայի աղբյուրների կառուցումը պետք է բացարձակ առաջնահերթություն լինի, իսկ տարածքների գոտիավորումը՝ կետրոնացված, պատժամիջոցներն էլ պետք է ավելի խստացվեն: Օրենքներն ու կանոնները պետք է շրջակա միջավայրը վնասող ցանկացած գործողություն ոչ շահավետ դարձնեն։

Ե՞րբ կսպառենք քաղցրահամ ջուրը

Մենք ունենք «մոլորակային սահմաններ» հասկացությունը, որ մատնանշում է քաղցրահամ ջրի համաշխարհային օգտագործումը, սակայն դա իրականում անիմաստ է, քանզի քաղցրահամ ջրի խնդիրը դրա անհավասար բաշխումն է ամբողջ աշխարհում։

Մոլորակային սահման ուրվագծելու փոխարեն, հավանաբար, ավելի լավ միջոց է տարածաշրջանային սահման ունենալը, կամ մտածելը բնական ջրի հոսքերի շնորհիվ  քաղցրահամ ջուր ապահովելու շուրջ: 

Պլաստիկ տոպրակների օգտագործումը

Տոպրակները բնության մեջ ամենատարածված աղբատեսակներից են։ 

Օրինակ, նրանք կազմում են եվրոպական լողափերում հայտնաբերված բոլոր մեկանգամյա պլաստիկ ապրանքների 6%-ը։ Այլ պլաստիկ ապրանքների վերաբերյալ թվերը ոչ պակաս հատկանշական  են. ամեն րոպե Երկրի վրա մոտ մեկ միլիոն ըմպելիքի պլաստիկ շիշ են գնում:

Առավել մտահոգներն ու ստեղծարարներն արդեն իսկ առաջարկել են վերոնշյալ խնդիրների լուծմանն ուղղված հետաքրքիր և նույնիսկ հեղափոխական տարբերակներ, որոնք հասցրել են ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Հետևյալ հոդվածներում կարող եք մանրամասն բացահայտել ջերմոցային գազերի արտանետումները կրճատող որոշ ուշագրավ մեթոդներ։

Ածխածնի զրոյական արտանետմամբ շինարարության սկանդինավյան մոդելը

Հանգիստ, մաքուր, կանաչ. սրանք այն բառերը չեն, որոնցով սովորաբար կարող եք բնութագրել շինհրապարակները։ Բայց «Olav Vs gate»-ի՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի սրտում գտնվող ամենաբանուկ փողոցներից մեկի շինհրապարակն առանձնահատուկ էր։ Աշխարհում իր տեսակի մեջ առաջինը լինելով՝ շինհրապարակում օգտագործվող ամբողջ տեխնիկան՝ էքսկավատորներ, փորիչ մեքենաներ, բարձիչներ, էլեկտրական էին։

Քանի որ աշխարհում գնալով ավելի շատ քաղաքներ են հետաքրքրություն ցուցաբերում, հույս կա, որ շատերը կմիանան նրանց, և շինարարության համար առանց արտանետումների ապագա կառուցելը կլինի մեր հասանելիության սահմաններում։

Չորսօրյա աշխատանքային շաբաթը կօգնի փրկել մոլորակը

Յուրաքանչյուր լրացուցիչ աշխատանքային ժամ ավելի շատ CO2 (ածխաթթու գազ) է արտադրում՝ մեր երթևեկության և, առաջին հերթին, մեր ստեղծած և սպառած ապրանքների միջոցով: Ավելի շատ իրեր տրամադրելու փոխարեն կառավարությունները պետք է մարդկանց ավելի շատ ժամանակ առաջարկեն:

Մասնավորապես, զարգացած երկրներում, որտեղ մարդիկ բավականաչափ ապրուստի միջոցներ ունեն, պետք է կրճատել աշխատաժամանակը՝ մոլորակը փրկելու համար:

Շատերը սթրես ու էկոտագնապ են ձեռք բերել ստեղծված իրավիճակում, ուստի մեր առանձնացրած վերջին հոդվածում առաջարկում ենք ծանոթանալ սթրեսի դեմ պայքարելու մի եղանակի․ հետազոտությունների համաձայն՝ բնության գրկում ժամանակ անցկացնելը, նույնիսկ «վիրտուալ» էքսկուրսիաները երջանկացնում են մարդկանց և մեղմում ընկճվածությունն ու անհանգստությունը։

Բնությունը երջանկացնում է ձեզ

Ի՞նչ է երջանկությունը: Արդյո՞ք կարող ենք գտնել այն նոր կոշիկների, արագընթաց մեքենայի կամ ավելի մեծ տան մեջ: Թե՞ իրական երջանկությունն այլ տեղում է գտնվում: 

Հարյուրավոր հետազոտություններ ապացուցել են, որ բնության գրկում ժամանակ անցկացնելը կարող է բարելավել մեր ինքնազգացումն այնպես, ինչպես ունակ չէ ուրիշ ոչինչ՝  և՛ մտքում, և՛ մարմնում: Մենք ցանկանում էինք հասկանալ՝ արդյոք պարզապես դիտելով կենդանական աշխարհի առանձին դրվագներ կարող էր առաջանալ նույն տպավորությունը: 

Ավելին՝

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ն վերջերս մեկնարկել է ներկայիս իրողությունները արձանագրող նախագիծ՝ #EnlightInfographics խորագրով: Նախագիծը ներկայացնում է ինֆոգրաֆիկ նյութերի շտեմարան՝ մենեջմենթի, առաջնորդության, քննադատական մտածողության, աշխատանքի, նորարարությունների, մասնագիտական հմտությունների, աշխատաշուկայի ժամանակակից միտումների և պահանջների, առողջ ապրելակերպի և հարակից ոլորտների վերաբերյալ:

Նյութերի առաջնային աղբյուրը ամերիկյան “McKinsey & Company” մենջմենթի համաշխարհային խորհրդատվական ընկերության թվային պլատֆորմն է: Այս նախաձեռնությունն ունի կրթական նպատակ՝ վերոնշյալ թեմաների շրջանակում իրականացնելու տեղեկատվական արշավ:

Ստորև ներկայացնում ենք, թե ինչ եղանակներով է հնարավոր հասնել ածխածնի արտանետման զրոյական բալանսի, և ինչ տնտեսական ազդեցություն կունենա այս անցումն ամբողջ աշխարհում

3 եղանակ, որով ածխածնի հեռացումը աշխարհին կօգնի հասնել զրոյական բալանսի

Ներկայիս տեմպերով շուրջ 80% հավանականությամբ մեզ չի հաջողվի մինչև 2025 թ. հասնել զրոյական բալանսի նպատակակետին։

Սակայն բացասական արտանետումներով այս 3 լուծումները կարող են կրկին դնել մեզ ճիշտ ուղու վրա։

Զրոյական բալանսի անցման տարեկան 12 տրիլիոն դոլարի ներուժը

  • Վերանայե՛ք առաջարկները 
  • Հստակորեն պլանավորե՛ք 
  • Էկոպրեմիումներ 
  • Կրճատե՛ք ածխածնի հետքը 

Զրոյական բալանսի (ջերմոցային գազերի արտանետումները զրոյի հավասարեցումը) տնտեսությունում զարգանալու ավելի շատ եղանակների մասին կարդացե՛ք ինֆոգրաֆիկայում։

Եվ վերջում՝

Առաջարկում ենք ստուգել  գլոբալ տաքացման ազդեցության մասին Ձեր գիտելիքներն այս փոքրիկ քուիզի միջոցով։

Գլոբալ տաքացում

Գլոբալ տաքացումը զգալիորեն նպաստում է կլիմայի փոփոխությանը։

  • Արդյո՞ք միայն բնական գործոններն են հանդիսանում գլոբալ տաքացման պատճառ։
  • Էլեկտրալամպի ո՞ր տեսակն է ամենաքիչը էներգիա օգտագործում:
  • Օրվա ո՞ր ժամին է օդային ճանապարհորդությունը ամենաքիչ վնասակար ազդեցությունը թողնում շրջակա միջավայրի վրա։

Պատրաստեց՝ Մարիամ Անտիկյանը

Բաժանորդագրվել կարող եք հղմամբ։