Հունվարի 28-ին ISTC հիմնադրամում տեղի ունեցավ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի՝ արդեն ավանդական դարձած տարեկան Համագումարը։
Համագումարը ողջույնի խոսքով բացեց կազմակերպության նախագահ Դավիթ Պետրոսյանը։ Վերջինս ողջունելով ներկաներին՝ կազմակերպության անդամներին ու կամավորներին, ներկայացրեց հանդիպման օրակարգը։
Ողջույնի խոսքից հետո Խորհրդի անդամ Լուսինե Հովհաննիսյանը ներկայացրեց Կանոնադրական մարմինների (Խորհուրդ, Վերաքննիչ, Վերստուգող) կատարած աշխատանքները։
Հաջորդիվ թարգմանիչների և խմբագիրների բաժնի ղեկավար Մերի Բաբայանը ամփոփեց կազմակերպության նախորդ տարվա գործունեությունը՝ անդրադառնալով կազմակերպության տարբեր բաժինների համատեղ ջանքերով իրականացված նախագծերին։
Դասախոսությունների շարք
- «Մետրիկա», դասախոս՝ Մարինե Խաչատրյան
- «Կիրառական էկոնոմետրիկա», դասախոս՝ Լուսինե Խաչատրյան
Համագործակցություններ
- «Վերաիմաստավորելով մեր համատեղ ապագայի հեռանկարները. հանրային նոր համաձայնագիր ի նպաստ կրթության» ՅՈՒՆԵՍԿՕ կրթության հեռանկարների հարցերով միջազգային հանձնաժողովի զեկույցի թարգմանություն՝ «Դի-Վի-Վի ինթերնեյշնլ»-ի հետ համագործակցության շրջանակում։
- «Ինլայթ»-ի և ԵՊՀ ֆակուլտետային ՈւԳԸ նախագահության հետ համատեղ «Թարգմանչական աշխատանքի ձևաչափային ընդգրկումը» խորագրով սեմինարների կազմակերպում ուսանողների համար։
- Հարցազրույցների շարք Բուն TV-ի հետ համագործակցության շրջանակում։
Գիտաժողովներ և հետազոտական նախագծեր
- Regional Academy on ALE-Advocacy (գիտաժողով Ստամբուլում՝ դեկտեմբերի 11-15-ին)
- Մարինե Խաչատրյան «Քաղաքը և լեզուն» խորագրով զեկույց
- Peritia ծրագրի շրջանակում «Գիտությունը որպես հանրային և պետական խոսույթի առարկա հետպատերազմյան (2020) շրջանում», հետազոտական նախագիծ
- Թալիա Լիբերման «Ժամանակակից արտագաղթը Հայաստանից», հոդված
- Նժդեհ Հովսեփյան «Ստատուս-քվոյի հայկական ճարտարապետությունը. նոր ազգային գաղափարախոսություն», հոդված
- Գոռ Մադոյան «Զանգեզուրի միջանցք», հոդված
Միջբաժնային նախագծեր
- #EnlightVideocast վիդեոնախագիծ՝ կարճ հարցազրույցների շարք ինլայթցիների հետ։
- #EnlightInfografics` ինֆոգրաֆիկ նյութերի շտեմարան մենեջմենթի, առաջնորդության, քննադատական մտածողության, աշխատանքի, նորարարությունների, մասնագիտական հմտությունների, աշխատաշուկայի ժամանակակից միտումների և պահանջների, առողջ ապրելակերպի և հարակից ոլորտների վերաբերյալ։
- Ոսկեղենիկ՝ հայերենում տարածված ու առօրյայում կիրառվող սխալների ուղղում, հայերեն և փոխառյալ բառերի ու արտահայտությունների ծագման պատմություն:
Համագումարը շարունակվեց Կանոնադրական մարմինների ընտրությամբ: Խորհրդի կազմում ընտրվեցին Մարիամ Ջամալյանը, Լուսինե Հովհաննիսյանը և Աննա Մինասարյանը, Վերստուգող ընտրվեց Նարինե Պետրոսյանը, Վերաքննիչ՝ Նարե Սմբատյանը։
Նորընտիր Խորհրդի անդամները ներկայացրին հետագա անելիքների ծրագիրը՝ առանձնացնելով այս տարվա իրենց գործունեության մեջ առաջնային նշանակություն ունեցող մի քանի կետ․
- հաստատված ռազմավարության անխոչընդոտ իրագործում,
- նվիրաբերության հարթակի կայացում,
- մարդկային կարողությունների հզորացում՝ նոր կադրերի ներգրավմամբ,
- գործընկերային կապերի հաստատում և ամրապնդում։
Համագումարն ամփոփվեց անդամներին ու կամավորներին վկայականների հանձնումով։
«Ինլայթ»-ի 2022 թվականի գործունեության ամփոփագիրը` հղմամբ։