Կրթության կենսական նշանակությունը մարդկային կենսագործունեության տարբեր ոլորտներում, ինչպես նաև անհատների ձևավորման և զարգացման գործում պարզապես անառարկելի է: Կիրթ հասարակությունը կարող է հարմարվել անընդհատ և արագ զարգացող աշխարհի միտումներին ու նորարարական լուծումներ տալ իր առջև ծառացած խնդիրներին՝ դրանով իսկ նպաստելով երկրի ընդհանուր բարեկեցությանն ու բարգավաճմանը:
Թեև գիտելիքի ու կրթության մասին հին ու ժամանակակից աշխարհի պատկերացումները շատ հարցերում զգալիորեն տարբերվում են, կրթությունը մնում է մեր քաղաքակրթության պահպանման ու զարգացման ամենավստահելի ուղին, իսկ դրա շուրջ ընթացող բանավեճերը կարող են միայն հավելյալ բարեփոխումներ անել համապատասխան ոլորտներում՝ նպաստելով գիտելիքի սահմանման ու մշակման, մատուցման, փոխանակման ու տարածման ավելի արդյունավետ ուղիների բացահայտմանը։
Հաշվի առնելով կրթության անփոխարինելի դերը Հայաստանում՝ առաջարկում ենք ընթերցել ստորև առանձնացված նյութերը և ուսումնասիրել թեմային առնչվող մի շարք ուշագրավ հարցեր։
Մինչև կրթության բազմազան ոլորտների ու կողմերի ուսումնասիրությանն անցնելը, առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է գիտելիքն ընդհանրապես և ինչով է տարբերվում տեղեկատվությունից։ Ուստի առաջարկում ենք ծանոթանալ գիտելիքի նշանակության ու մարդկային հասկացողության խնդիրների վերաբերյալ այս խոհերին։
Կրթության յոթ բազմաբարդ (complex) դաս
«Կրթական համակարգը մեզ տալիս է գիտելիք, բայց անգամ համալսարանները մեզ չեն տալիս բացատրություն, թե ինչ է գիտելիքը, այլ կերպ ասած՝ սխալի և պատրանքի մշտական ռիսկը: Մենք կարող ենք ճանաչել անցյալի սխալներն ու պատրանքները, բայց, ակնհայտորեն կլանված լինելով ներկայում՝ մենք դրանք երևան հանելու կարողություն չունենք:
Մենք պետք է տեղեկացվածություն ուսուցանենք գիտելիքի միջոցով և ցույց տանք ճանապարհը դեպի համապատասխան գիտելիք: Ո՞րն է այս ճանապարհը: Իմանալ ինչպես որևէ մեկի գիտելիքը տեղադրել համատեքստում ոչ միայն աշխարհագրական առումով, այլև պատմական»:
Հայք 15 | Կրթական ռեֆորմը՝ ազգային կայուն վերելքի ուղի
«Յուրաքանչյուր մեծ կամ փոքր ազգի բարեկեցությունը և պաշտպանունակությունը այսօր առաջին հերթին որոշվում է նրա մտավոր պոտենցիալով և այն կիրառելու պետական կարողությամբ։ Ուրեմն կրթությունը պետք է դառնա մեր վերափոխվող հանրապետության և նրա ապագա խորհրդարանի առաջին գործերից մեկը, իսկ ազգային կայուն վերելքի ուղին անկասկած կրթական ռեֆորմն է»։
Մարդկային մտքի, կենսակերպի և արտաքին ու ներքին այլ ազդեցությունների հետևանքով կրթության ըմբռնումը և կազմակերպումը անխուսափելիորեն և շարունակաբար փոփոխվում են։ Եթե նախկինում, օրինակ, կրոնը կրթության անբաժան մասն էր, այժմ այն ավելի միտված է աշխարհիկության, և միևնույն ժամանակ փոխվում են դասական կրթության մասին պատկերացումները և արդյունքում նաև վերջինիս արդիականությունը մեր աշխարհում։
Դասական կրթություն
«Դասական կրթությունը համախոհներ ու հակառակորդներ ունի։ Շատերի համար հումանիտար կրթությունը պարզապես դասական կրթություն է. դա կրթություն է, որն իրականացվում է գրեթե այնպես, ինչպես Հին Հունաստանում (կամ գոնե մտածում են, որ այդպես է): Այդ կրթության ժամանակ Դուք ոչ թե ծրագրավորում կսովորեք, այլ շատ Պլատոն կկարդաք, և, անկեղծ ասած, հումանիտար կրթության որոշ օրինակներում դա վստահաբար ճիշտ մոտեցում է:
Կարծում եմ՝ դասական կրթության առնվազն երկու հիմնական մոտեցումներ կան։ Դրանցից մեկը ավանդական կրթությունն է, իսկ ավանդական մոտեցումը նշանակում է, որ դասական կրթությունը միջնադարյան համալսարաններում եղածն է, ինչը որոշ տեղերում մինչ այսօր շարունակում է պահպանվել գրեթե անփոփոխ ձևով։ Սա կրթություն է, որը կենտրոնանում է տրիվիումի ու քվադրիվիումի վրա, այսինքն՝ նույնն է, ինչ միջնադարյան ուսումնական ծրագիրը»։
Կրթություն և աշխարհականություն
«Կրթությունն այն բաներից մեկն է, որ հասարակությունը տալիս է դերերի, իրավունքների, պարտավորությունների, առավելությունների և հոգածությունների բաշխման իր գործառույթով․ կրթություն բաշխելը քաղաքացիական հասարակության իրավասությանն է վերաբերում։
Եթե քաղաքացիական հասարակության աշխարհականությունը լավ կշռադատված համոզմունքների առերեսման աշխարհականություն է, ուրեմն պետք է երեխաներին պատրաստել դառնալ լավ բանավիճողներ․ պետք է նրանց հաղորդակից դարձնել ժամանակակից հասարակությունների հոգնական խնդրականությանը, միգուցե, հմուտ մարդկանց միմյանց հակառակ փաստարկումները լսելու միջոցով»։
Այնուամենայնիվ, կա մի բան, որի շուրջ համակարծիք են կարծես թե բոլորը․ գիտելիքն ու կրթության հանդեպ սերը, առաքինի վարքն ու օգտակար սովորությունները պետք է դեռ մանկուց սերմանվեն անհատի մեջ, եթե մենք ուզում ենք ունենալ կիրթ հասարակություն։ Հնագույն ժամանակների փիլիսոփաներից մինչև ոչ վաղ անցյալի ու ներկայի մտածողներ բազմիցս արծարծել են այս թեման իրենց աշխատությունների մեջ, որոնցից մի քանիսին կարող եք ծանոթանալ ստորև։
Երկրորդ իմաստունը
Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ մեր բարոյական ծիլերը կվերածվեն իսկական առաքինությունների: Բարոյական դաստիարակությունը թեմա է, որը անցյալ դարում անտեսվել է անգլո-ամերիկացի փիլիսոփաների մեծ մասի կողմից, որոնք միտված էին կենտրոնանալու ավելի վերացական և նվազ «խառնաշփոթ» գաղափարական խնդիրների վրա:
Մեն Ցզին գիտակցում էր, որ մարդիկ են մասամբ պատասխանատու իրենց բարոյական զարգացման համար, բայց (ինչպես Պլատոնը և Արիստոտելը) նա գտնում էր, որ հասարակությունը պետք է ստեղծի առաքինության ձևավորմանը նպաստող միջավայր: Նա կառավարիչներին խորհուրդ էր տալիս նախևառաջ համոզվել, որ հասարակ ժողովրդի ֆիզիկական կարիքները բավարարվում են:
Խոհեր դուստրերի կրթության շուրջ
Շոշափելով կանանց դաստիարակության և կրթության թեման՝ Ուոլսթոնքրաֆթն առանձնահատուկ շեշտ է դրել նրանց կյանքում արվեստի և ընթերցանության դերի վրա։ Գեղարվեստի որևէ ճյուղի ու բնագավառի հանդեպ հետաքրքրությունը պետք է սերմանվի վաղ տարիքից, իսկ դրանց հանդեպ սերն ու հակումը՝ արժանանա գովասանքի, թեև կարևոր է, որ ծնողները իերնց դուստրերին ուղղորդեն` ճիշտ և խոհեմորեն։
«Հին, բայց շատ ճշմարիտ դիտարկում է այն, որ մարդկային միտքը շարունակ պետք է գործածվի: Վայելքն առ ընթերցանություն կամ գեղարվեստի ցանկացած տեսակ պետք է սերմանել շատ վաղ տարիքից. մտախոհները կարող են փաստել, թե ինչ կարևոր է մտքի՝ իր մեջ որոշակի ռեսուրսներ ունենալը և զբաղվածության ու զվարճանքի զգացումներից ամբողջովին կախված չլինելը»։
Կրթական համակարգի վերջին ամենախոշոր փոփոխությունները պայմանավորված էին կորոնավիրուսի համավարակի բռնկմամբ, երբ շատ կրթական հաստատություններ ստիպված էին կամ առժամանակ դադարեցնել իրենց գործունեությունը, կամ էլ փնտրել դրա կազմակերպման և իրականացման նոր և ավելի ճկուն ուղիներ։ Հետևյալ նյութն ամփոփում է բոլոր այն մարտահրավերները, որոնց բախվեց հանրակրթությունն այդ դժվարին ժամանակներում։
Հանրակրթությունը և Covid-19-ը
Համավարակի առկայությունը մեր ամենօրյա կյանքում հանգեցրեց բազմաթիվ փոփոխությունների, որոնցից անմասն չմնաց կրթության ոլորտը, որտեղ վերջին հարյուրամյակում նման մարտահրավեր այսքան լայնածավալ մասշտաբներով դժվար է հիշել։
Կրթական հաստատությունների փակմամբ պայմանավորված՝ խիստ անհրաժեշտություն առաջացավ մշակել, ադապտացնել կամ օգտագործել կրթության կազմակերպման նոր ձևեր, որոնք հնարավորություն կտային ոչ միայն ապահովել կրթության շարունակականությունը, այլև տրամադրել հնարավորինս որակյալ կրթություն։ Արդյունքում, որոշ ընդհատումից հետո կրթական համակարգը վերակազմակերպվեց առցանց հարթակում, սակայն, ցավոք, դա ոչ միայն չլուծեց բոլոր խնդիրները, այլև նորերի առաջացման պատճառ դարձավ։
Ինչպես նաև՝
Ի հավելումն վերոնշյալ հոդվածների՝ առաջարկում ենք նաև ծանոթանալ նույն թեմայով, սակայն այլ ձևաչափով նյութերի, որոնք կօնգնեն ավելի խորը պատկերացումներ կազմել կրթության խնդիրների մասին և ոչ միայն։
Առաջադեմ վերլուծական մեթոդի օգտագործմամբ հնարավոր է դարձել առնանձնացնել ուսանողների ռիսկային խմբերի հինգ նախատիպեր։ Հետաքրքրական է, որ ավանդական մեթոդների օգտագործմամբ դրանցից երեքը նախկինում չէին հայտնաբերվել։
Ուսանողների 5 նախատիպ
Օգտագործելով մեքենայական ուսուցման ուսումնասիրությունները՝ համալսարանները կարող են հաղթահարել կարևորագույն մարտահրավերները և ուսանողներին առաջարկել ավելի հարուստ կրթական փորձ:
Բացահայտե’ք նոր մեթոդի ներդրման լավագույն օրինակներն այստեղ՝ https://mck.co/3KN1JmI
Եթե Ձեզ հետարքրում է միջնադարյան համալսարններում կրթության կազմակերպումը, ուսանողների կյանքը և այլ հետաքրքիր մանրամասներ, ապա հետևյալ թեստը կօգնի բացահայտել Ձեզ հուզող որոշ հարցերը։
Թեստ միջնադարյան համալսարանների վերաբերյալ
Միջնադարյան համալսարանների ուսանողները վախեցողներից չէին: Օրինակ՝ Բոլոնիայում նրանք կարող էին բացեիբաց հակամարտել քաղաքաբնակների հետ, ստեղծում էին գիլդիաներ (universitas) իրենց իրավունքները պաշտպանելու համար և նույնիսկ տուգանում էին դասախոսներին՝ դասախոսություններից ուշանալու համար։
Պատրաստեց՝ Մարիամ Անտիկյանը
Բաժանորդագրվել կարող եք հղմամբ։