Խորագիրը՝ Երեխաներ

Ժամանակակից աշխարհում երեխաներին ճիշտ և նպատակաուղղված կրթություն ու դաստիարակություն տալը հրատապ  անհրաժեշտություն է յուքանչյուր ծնողի, համայնքի և պետության համար, քանի որ, այո՛, երեխաներն իրոք մեր ապագան են, ուստի մեր հասարակությանը պետք են իրենց արժեքն ու ներուժը լիովին գիտակցող անհատներ։

Այս համատեքստում մի կողմից հետաքրքրական է ուսումնասիրել, թե ինչպիսի ներգործություն ունեն երեխաների վրա իրենց առօրյայի մաս կազմող իրողությունները, օրինակ՝ խաղերն ու մուլտֆիլմերը, մյուս կողմից՝ կարևոր է զուգահեռաբար տեղեկացված լինել, թե ինչ նոր ու օգտակար հմտություններ և գիտելիքներ է պետք սերմանել նրանց մեջ վաղ հասակից։

Հենց այսպիսի և հարակից այլ թեմաներին է անդրադարձ կատարվել սույն խորագրի շրջանակներում:

Մանկության մեծ մասը լցված է զվարճալի և նաև ուսուցողական բազմաթիվ խաղերով, որոնց միջոցով երեխաները ճանաչում են աշխարհը, սովորում հարաբերություններ կառուցել խաղընկերների հետ, զարգացնում իրենց տրամաբանությունը  և այլն։ Այդպիսի խաղերցի մեկը հայտնի LEGO-ն է, որի ստեղծման պատմությունը ևս բավականին ուշագրավ է։

Մանկության դիզայն

Ի՞նչ է նշանակում LEGO, ո՞վ է այն հորինել, և ինչպե՞ս ոչ այնքան սիրված խաղալիքը դարձավ համաշխարհային հիթ: 

Խոշոր բազմազգ կորպորացիան, որն այսօր հայտնի է LEGO անվամբ, սկիզբ է առել հասարակության ամենահամեստ շերտերում՝ դանիական փոքրիկ Բիլլուն քաղաքում: LEGO ընկերության ծագումը փայտամշակման և շինարարական բիզնեսից, նրա թողարկած արտադրանքը և անգամ արտադրամասում տեղի ունեցող կանոնավոր հրդեհները՝ ամենը ընկերությանը կապում էր սկանդինավյան փայտե խաղալիքների երկարամյա ավանդույթի հետ: Այստեղ առաջին տեղում էին հաջորդականություն ու վարպետությունը, այլ ոչ թե անհուն նորարարությունը, որ հետագայում պետք է դառնար LEGO-ի իմիջի բնորոշ հատկանիշը։

Բացի խաղերից՝ երեխաների կյանքում նաև կարևոր դեր են խաղում մուլտֆիլմերն իրենց ուղերձով, խրատական պատմությամբ, հետաքրքիր հերոսներով, ինչպես նաև երաժշտության և արվեստի տարրերով, որոնց ազդեցությունն ավելի մեծ է երեխայի մտավոր զարգմացման գործում, քան մենք կարծում ենք։

Մուլտֆիլմեր՝ դասական երաժշտությամբ

Արվեստի բոլոր տեսակներից թերևս անիմացիան է ամենամոտը երաժշտությանը, և անիմացիոն փորձերը ոչ թե պատկերել, այլ արտահայտել երաժշտությունը շարժվող նկարի միջոցով ի հայտ եկան ձայնի՝ կինոյում հայտնվելուց գրեթե անմիջապես հետո։ Անիմատորներն իրենց ֆիլմերի համար դասական երաժշտություն են օգտագործում և հրավիրում են ժամանակակից ամենամեծ կոմպոզիտորներին իրենց ստեղծագործությունների համար երաժշտություն գրելու։ 

Այս հոդվածի երեք մասերում բազում տարբերակներ են ներկայացվում, թե ինչպես է անիմացիան աշխատում ակադեմիական երաժշտության հետ փորձարարական և ավանդական հեղինակային կինոնկարներում՝ վերացական և սյուժետային, լայնածավալ միջազգային առևտրային նախագծերում և փոքր էտյուդներում, որտեղ երաժշտությունը սյուժեի աղբյուրն ու հիմնական շարժիչն է դառնում:

Մուլտֆիլմեր արվեստի շուրջ

Երեխաներին արվեստը հասկանալ սովորեցնելու լավագույն տարբերակներինց մեկը խաղալն է նրանց հետ, ցույց տալը, որ այն սառած ու մեռած չէ, որ դրա մեջ կարելի է ծիծաղելի դետալներ և հետաքրքիր գաղտնիքներ  գտնել, որ այն ունակ է շարժվել, որ դրա հետ կարելի է չարաճճիություն անել և սեփականը ավելացնել, նույնիսկ, մեծ արվեստագետների գործերին: Եվ այս առաջադրանքներն  անիմացիան հիանալի կերպով իրագործում է:

Ընդհանրապես, շատ հոլովակներ են նկարահանվել դասական ստեղծագործությունների հիման վրա։ Կարծես՝ հատկապես սիրում են երաժշտությունը համատեղել երկրաչափական ձևերի աբստրակտ արվեստի հետ, ինչպիսին Կանդինսկունն է, որը լավ տարանջատվում է դետալների, և, այնուհետև, նորից հավաքվում կոնստրուկտորի պես: 

Մուլտֆիլմերը, իհարկե, զվարճանքի և ժամանցի լավ տարբերակ են երեխայի համար, սակայն հետաքրքիր է նաև նրանց ազդեցությունը երեխաների սոցիալիզացիայի վրա․ չէ՞ որ հենց վաղ տարիքում է կերտվում անձի անհատականությունը և վարքը։ Եվ մյուս կողմից, շատերի կարծիքով՝ երաժշտական կրթությունը ոչ պակաս կարևոր է երեխայի ընդհանուր զարգացվածության համար, սակայն արդյո՞ք պետք է երեխային դա պարտադրել։

Մուլտֆիլմերի ազդեցությունը երեխաների սոցիալիզացիայի վրա

Սոցիալիզացիայի ընթացքում և սոցիալիզացիայի արդյունքում անհատը ձեռք է բերում որոշ գիտելիքներ, փորձ, հմտություններ, որոնք նպաստում են նրա՝ հասարակությանն  ինտեգրվելուն, այստեղ գործող օրենքները, կանոններն ու բարոյական նորմերը հասկանալուն: 

Չնայած այն հանգամանքին, որ սոցիալիզացիան շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում, այնուամենայնիվ, կյանքի առաջին փուլում՝ մանկության ժամանակ, այն առավել կարևոր է, քանի որ, պայմանավորված կենսաբանական-գենետիկական առանձնահատկություններով՝ առաջին տարիների ընթացքում երեխայի ստացած տպավորությունները ձևավորում են նրա անհատականությունը, բնավորությունը, նախասիրությունները և վարքը:

Զբաղվե՞լ արդյոք երաժշտությամբ, եթե երեխան չի դառնալու երաժիշտ

Ի՞նչ է պետք սովորեցնել երեխաներին վաղ տարիքից: Մաքրել  ատամները, չստել ծնողներին, առավոտյան մարմնամարզությամբ զբաղվել, լավ սովորել: Իսկ ահա պե՞տք է, արդյոք, երեխաներին զբաղվել երաժշտութամբ։ 

Նախկինում այդ հարցը, կարծես թե, չէր առաջանում, իսկ հիմա այն ամենաարդիական հարցերից մեկն է մատաղ սերնդի դաստիարակության գործում։ Եթե նախկինում յուրաքանչյուրի տանը՝ քիչ, թե շատ կրթված ընտանիքում, պարտադիր կերպով դաշնամուր էր դրված կամ նույնիսկ ռոյալ, ապա վերջին տարիներին այդ պրակտիկան վերացել է: Բայց, այնուամենայնիվ, պե՞տք է երաժշտական կրթություն, արդյո՞ք յուրաքանչյուր երեխա պետք է գոնե մի փոքր հասկանա լուրջ երաժշտությունից, այլ ոչ թե լսի միայն հեռախոսներում հնչող փոփ երաժշտությունը:

Ժամանակակից աշխարհում երեխաներն ունեն վաղ տարիքից ավելի շատ հմտություններ սերտելու կարիք, քանի որ 21-րդ դարի մարտահրավերները օր օրի ավելանում են, իսկ ապագայում կայացած անձ լինելու համար, անկախ սեռից, պետք են տարատեսակ գիտգելիքներ, այդ թվում՝ ֆինանսական գրագիտություն և սեփական  իրավունքների ճանաչում։

Խոհեր դուստրերի կրթության շուրջ

Իր ժամանակի համար բավականին արմատական մոտեցում առաջարկելով՝ Ուոլսթոնքրաֆթը մարտահրավեր նետեց ավանդական գենդերային դերերին և ակնկալիքներին, ինչն ի վերջո ճանապարհ հարթեց կանանց իրավունքների շարժման համար և դարձավ ֆեմինիզմի պատմության ամենավառ էջերից մեկը:

Հետևյալ էջերում ես ջանացել եմ մատնանշել կանանց կրթությանը վերաբերող որոշ կարևոր իրողություններ։ Ճշմարիտ է, որ բազմաթիվ տրակտատներ են գրվել այս թեմայով, այնուամենայնիվ, ինձ թվում է, որ դեռ ասելու շատ բան կա։ Ես այս էջերը չեմ լցնի իմ փորձն արդարացնող տողերով։ Վախենամ, որ, իրոք, այս մտորումները ոմանց կողմից չափազանց ծանր կհամարվեն, բայց ես չէի կարող դրանք մեղմացնել՝ առանց կեղծելու։ 

Ֆինանսական գրագիտությունը` ֆինանսական ազատության նախապայման

FT ֆինանսական գրագիտության և ներառականության արշավը անհատներին ու ուսուցիչներին ֆինանսական կրթություն տրամադրելու հետ մեկտեղ նախատեսում է ազդել պառլամենտի վրա, որպեսզի փոխվի կրթության քաղաքականությունը, մասնավորապես՝ ֆինանսական գրագիտությունը դպրոցների դասացուցակ ներմուծվի պատշաճ կերպով, այլ ոչ թե որպես անձնական, սոցիալական, առողջապահական և տնտեսական կրթության դասաժամերի աննշան մաս։

Երիտասարդներին թիրախավորելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ կյանքի հետագա փուլերում նրանց վրա ազդեցություն ունենալն ավելի բարդ է։ Վերադառնալով Հյուսիսային Օրմսբիի համայնքային կենտրոնին՝ նշենք, որ ղեկավար Վալ Գիբսոնը ևս այդ հարցում կասկածներ չունի․ «Մենք բյուջեի տնօրինման հմտությունների մասին դասընթացներ ենք կազմակերպել։ Բայց նրանք, ում դրանք իսկապես պետք են, չեն մասնակցում, մինչև նրանց ինչ-որ բան չես տալիս»։

Հասարակության լիարժեք անդամ դառնալու համար երեխաները պետք է նաև մանկուց ունենան որոշակի պատկերացումներ այն հասարակական-քաղաքական գործընթացքների մասին, որոնք կատարվում են իրենց շուրջ, ուստի նրանց պետք է իրազեկ պահել քաղաքականությունից, ինչն էլ դարձել է հետևյալ տեսահոդվածի քննարկման թեման։

Երեխայակենտրոն

Բուն զրույցի շրջանակում երեխաները և քաղաքականությունը թեմայի շուրջ զրուցում են Հերմինե Ստեփանյանը և պատմաբան, հանրային կապերի և հաղորդակցության մասնագետ Աննա Խաչյանը:

Մեր իրականության մեջ և հատկապես վերջին շրջանում քաղաքականությունը ամենակարևորված ու ամենաքննարկվող թեմաներից է: Թեև տարածված կարծիք կա, որ այն բացառապես վերաբերում է մեծերին և երեխաների խելքի բանը չէ, այնուամենայնիվ, թե՛ տանը, թե՛ դպրոցում, թե՛ հանրային շփումների որևէ այլ միջավայրում երեխաները քաղաքական երբեմն շատ թեժ քննարկումների ակամա մասնակիցն են: Պետք չէ սպասել, մինչև երեխաները դառնան 18 տարեկան և առաջին անգամ փորձեն իրացնել իրենց ընտրական իրավունքը և դրանով մուտք գործեն քաղաքացիական դաշտ: Երեխաներին անհրաժեշտ է նախապատրաստել քաղաքականությանը:


Պատրաստեց՝ Մարիամ Անտիկյանը

Բաժանորդագրվել կարող եք հղմամբ։