Տնտեսությունը մեր աշխարհում մշտապես առաջնային տեղ է զբաղեցրել․ արտադրության, սպառման և փոխանակման այս բարդ ցանցն ազդում է մեր կյանքի բոլոր ոլորտների վրա: Զարգացած տնտեսությունը կարող է բարեփոխել անհատների և ազգերի կենսակերպը՝ ապահովելով բարեկեցության, կայունության և անվտանգության ավելի բարձր մակարդակ:
Եվ հակառակը՝ տնտեսական անկումները կարող են հանգեցնել այնպիսի դժվարությունների, ինչպիսիք են գործազրկությունը և ֆինանսական անապահովությունը։ Ուստի՝ տնտեսական ճիշտ քաղաքականության մշակումը խիստ կարևոր է յուրաքանչյուր պետության, այդ թվում՝ Հայաստանի համար։
Արդ, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ ընթերցացանկին, որում ներառված են ոչ միայն Հայաստանի տնտեսական մարտահրավերներին և հնարավորություններին նվիրված նյութեր, այլ նաև տնտեսության մեջ առկա նոր միտումներին և երևույթներին վերաբերող հոդվածներ։
Հայաստանը հետպատերազմյան ու հետքովիդյան այս շրջանում կանգնած է մի շարք տնտեսական խնդիրների առաջ, և դրանց լուծումն առաջին հերթին պահանջում է մանրակրկիտ հետազոտություն ու հանրային քննարկում, իսկ դա կարելի է անել միայն խնդիրների մասին իրազեկված լինելով։
Երբ հետպատերազմյան գնաճը հետապնդում է տնտեսությանը
«Համավարակով և հետպատերազմյան իրողություններով պայմանավորված 2021 թ․-ին Հայաստանում գրանցվել է վերջին 10 տարիների ընթացքում ամենաբարձր գնաճը՝ 7,2%։
Գնաճը անխուսափելի և հաճախ նաև բնական իրողություն է ցանկացած երկրի և տնտեսության համար, քանի որ արտաքին և ներքին բազմաթիվ գործոնների դրսևորման համակցությունը կարող է հանգեցնել մակրոտնտեսական կայունության և հավասարակշռության խաթարման՝ որպես հետևանք առաջացնելով նաև գնաճային ռիսկեր։ Սակայն գնաճի այսպիսի տեմպերն իրավամբ կարելի է ռեկորդային համարել, քանի որ 2012թ.-ից ի վեր Հայաստանում նման գնաճ չի նկատվել»։
Դրամավարկային և ֆինանսական կայունության կարևորությունն աշխարհում և Հայաստանում
«Դրամավարկային քաղաքականությունը փողի առաջարկի կամ փողի գնի (տոկոսադրույքի) կարգավորման գործընթացն է: Դրամավարկային քաղաքականության միջոցով իրագործվում են այնպիսի նպատակներ, որոնք ուղղված են կայուն տնտեսական աճի և մակրոտնտեսական կայունության ապահովմանը:
Հայաստանի և աշխարհի շատ երկրների կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականության նպատակը գների կայունության ապահովումն է, իսկ որպես միջանկյալ նպատակ՝ գնաճի կանխատեսվող մակարդակը, սակայն ոչ մեծ թիվ են կազմում նաև այլ նպատակադրումները, ինչպիսիք են՝ տնտեսական կայունությունը, լրիվ զբաղվածությունը կամ արժույթի կանունությունը»:
Չնայած այդ մարտահրավերներին՝ հետազոտությունները վկայում են, որ գոյություն ունեն տնտեսությանը նոր թափ տալու նոր հեռանկարներ ու ուղղություններ, և դրանց վրա կենտրոնացումը կարող է դրական ու կայունացնող ազդեցություն գործել պետության տնտեսության վրա։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները
«Այսօր ՀՀ-ն, ներքին պահանջարկը բավարարելուց զատ, էլեկտրաէներգիա է արտահանում դեպի հարևան երկրներ: Այս հանգամանքը վկայում է այն մասին, որ ոլորտն ազգային տնտեսության զարգացման, տնտեսական աճի խթանման, երկրի տնտեսական մրցունակության մակարդակի բարձրացման ու ազգային անվտանգության ապահովման ուղղությամբ կարող է ունենալ կենսական և ռազմավարական նշանակություն, եթե ավելի արդյունավետ կերպով օգտագործվեն դրա հնարավորությունները:
Հոդվածում անդրադարձ է կատարվել ՀՀ ժամանակակից էներգետիկ համակարգում առկա միտումներին և դրանցից բխող հնարավոր ռիսկերին ու մարտահրավերներին, ինչպես նաև պետական ու մասնավոր հատվածի կողմից ոլորտի զարգացման շարժառիթներին»։
Գիտության խթանումը` որպես ՀՀ տնտեսական առաջընթացի գրավական
«Գաղտնիք չէ, որ ժամանակակից տնտեսության մեջ, որպես կանոն, կարելի է ձեռք բերել մրցակցային առավելություն՝ գիտելիքի վրա հիմնված արտադրանքների տարբերակման շնորհիվ:
Հասարակության գոյության ամբողջ պատմության ընթացքում կատարելության ձգտումը ստիպում է պայքարել և հասնել առավելագույն արդյունքի՝ շրջապատից տարբերվելու և ինքնաբավ լինելու համար։ Այս սկզբունքը ենթագիտակցորեն գործում է հասարակության գերակշիռ մասում՝ դուրս գալով անհատական ըմբռնման շրջանակից և դրսևորվելով նաև պետության մակարդակում։ Լավագույնին հասնելու այդ ձգտումն էլ ստիպում է գտնել զարգացման այլընտրանքային ուղիներ, որոնցից ներկայում, թերևս, առաջանցիկ զարգացման տեմպեր է ցուցաբերում գիտահետազոտական և բարձր տեխնոլոգիական ոլորտը»։
Անընդհատ զարգացող գիտության և տեխնոլոգիաների մեր աշխարհում կարևոր է ուշադիր լինել և հետևել նաև տնտեսության ոլորտում առկա նոր միտումներին, քանի որ սրանք ևս կարող են ավելի մրցունակ և տնտեսապես կայուն դարձնել և՛ անհատներին, և՛ բիզնեսներին, և՛ ամբողջ պետությանը։
Թվային տնտեսության արդի միտումները
«2020 թ. համավարակի պատճառով համաշխարհային տնտեսությունը կրճատվել է մոտ 4,4%-ով: Միաժամանակ, աշխարհում նկատելի է դարձել համընդհանուր մի միտում՝ թվայնացումը:
Համավարակի նոր ալիքով պայմանավորված՝ շարունակական սահմանափակումների ռիսկի պայմաններում թվային գործընթացները (հեռավար ուսուցում, էլեկտրոնային առևտուր, հեռավար աշխատանք և այլն) ձեռք են բերել ավելի մեծ պահանջարկ: Իսկ ինչպե՞ս են դրանք դրսևորվել տարբեր երկրներում, և ի՞նչ պետք է անեն կառավարությունները, ձեռնարկություններն ու ներդրողները՝ դուրս գալու համար կորուստների ռիսկային շղթայից: Հոդվածագրի ուշադրության կենտրոնում հենց այս հարցերն են»։
Քրաուդֆանդինգային շուկաները
«Քրաուդֆանդինգը միջոց է, որով մարդիկ, կազմակերպությունները, բիզնեսները՝ ներառյալ բիզնես ստարտափերը, կարողանում են հավաքագրել գումար առցանց պորտալների միջոցով՝ (կոչվում են քրաուդֆանդինգային հարթակներ) ֆինանսավորելու կամ վերաֆինանսավորելու իրենց գործունեությունը:
Նորարար գաղափարներով ձեռներեցները և անհատները, սոցիալական որոշակի թիրախավորմամբ նախաձեռնությունները, ֆինանսավորման կարիք ունեցող բիզնեսները իրենց գործունեությունը շարունակելու համար քրաուդֆանդինգային առցանց հարթակում սկսում են քրաուդֆանդինգային արշավ՝ ֆինանսական միջոցներ հավաքելու նպատակով»։
Արժութային մրցավազք. պայքար գերիշխող դիրքի համար
«Համաշխարհային տնտեսական «հսկաների» միջև գերիշխող դիրքի համար պայքարը տարեցտարի ընդլայնվում է` դրսևորվելով նաև միջազգային արժութային շուկայում գերիշխանություն ձեռք բերելու հավակնոտ նկրտումներով։ Վերջին տասնամյակում հատկապես լայն արձագանք են ստացել միջազգային առևտրում ԱՄՆ դոլարի զանգվածային կիրառումից հրաժարվելու կոչերը: Ընդ որում, նման կոչեր հնչեցնողների ցանկն աստիճանաբար մեծանում է՝ ընդգրկելով Բրազիլիայից մինչև Հարավարևելյան Ասիայի երկրները։
Որքանո՞վ են իրատեսական այս կոչերը։ Արդյո՞ք առկա է այս գաղափարն իրագործելու հիմք, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ԱՄՆ դոլարից հրաժարումը միջազգային առևտրում»։
Թվայնացման գործընթացից, իհարկե, դուրս չեն մնացել նաև ֆինանսական ռեսուրսները, թեև որոշ մարդկանց համոզմամբ՝ թվային փողն իրական չէ և դժվար թե հեղափոխիչ դեր ունենա տնտեսության ոլորտում։ Սակայն կան նաև հակառակը պնդողները, ուստի առաջարկում ենք իրավիճակն ավելի լավ հասկանալու համար ընթերցել հետևյալ նյութերը։
Իրավական տեսանկյունից թվային փողն իրո՞ք փող է
«Անընդհատ շարունակվող ժամանակակից տեխնոլոգիական փոփոխությունները նոր պայմաններ են ստեղծում էլեկտրոնային փողերի կիրառման ծավալների և շրջանակների աճի համար։ Չնայած այս դրական միտմանը՝ այնուամենայնիվ առկա են իրավական, սոցիալական, տնտեսական և այլ բնույթի ռիսկեր, որոնք խոչընդոտում են էլեկտրոնային փողերի անկաշկանդ կիրառումը։
Նման նորարարությունները կարող են նաև խախտել ֆինանսական հավասարակշռությունը և տալ կառավարությանը քաղաքացիների գումարի ու կյանքի հանդեպ առավել մեծ հսկողություն: Այսպես, չնայած արդի աշխարհում առաջին անգամ հնարավոր է պատկերացնել կյանքն առանց բանկերի, կարող է պարզվել, որ զգում եք դրանց պակասը, եթե այլևս չլինեն»:
Բլոքչեյն տեխնոլոգիաները և կրիպտոարժույթները
«Նորագույն տեխնոլոգիաները, որոնք ներառում են ամպային տեխնոլոգիաները, արհեստականան բանականությունը և բլոքչեյն տեխնոլոգիաները, խթան են հանդիսացել համաշխարհային տնտեսության մեջ շոշափելի փոփոխություններ կատարելու համար, ներառյալ այն ուղիները, որոնցով ապրանքները, ծառայությունները, կապիտալը և ակտիվները փոխանակվում և վաճառվում են: Այդ խթանի մի մասն են կազմում բլոքչեյն տեխնոլոգիաները և կրիպտոարժույթները:
Վերջին մի քանի տարիների ընթացքում մեծ ուշադրության արժանացած կրիպտոարժույթները փոխել են փողի մասին մեր պատկերացումները: Սակայն կրիպտոարժույթները բլոքչեյն տեխնոլոգիաների «արտադրանք» են, և այս նորագույն տեխնոլոգիաները կարող են օգտագործվել տնտեսական և առօրյա կյանքի տարբեր խնդիրներ լուծելու նպատակով»:
Բանկերը ևս զերծ չեն մնացել վերոնշյալ բարեփոխումներից, և չի բացառվում, որ ապագայում դրանք կենթարկվեն արմատային փոփոխությունների և հանրությանը կներկայան նոր, ավելի ժամանակակից համակարգերով ու ծառայություններով։
Կարո՞ղ է թվային արժույթը բանկերին դուրս թողնել բիզնեսից
«Բանկերը արդի տնտեսության շարժիչ ուժերից մեկն են: Սակայն նրանց աշխատելաձևը վտանգի տակ է: Տեխնո-վճարման հսկաները և թվային արժույթները հեղափոխում են փողի օգտագործման ձևերը: Եվ սա կարող է դրամատիկ հետևանքներ ունենալ… գնալով բանկային դաշտից էլ անդին: Այն կարող է անդրադառնալ սպառողի գաղտնիության, կառավարության իշխանության և ողջ ֆինանսական համակարգի կայունության վրա:
Դժվար է գերագնահատել, թե արմատապես որքան կտարբերվեր այդ աշխարհը մեր ներկայիս ունեցածից: Այսպես, ինչպիսի՞ն կլիներ աշխարհն առանց բանկերի և կզգայի՞նք արդյոք դրանց պակասը»:
Նեոբանկերն ընդդեմ ավանդական բանկերի
«Տեխնոլոգիայի արագ աճը և զարգացումը հանգեցրին նոր թվային դարաշրջանի առաջացմանը: Ճիշտ այնպես, ինչպես քվանտային տեսությունը կասկածի տակ առավ ֆիզիկայի կարծրատիպային պատկերացումները և մարտահրավեր նետեց իրականության գաղափարների շուրջ ընդհանուր ընկալումներին, նեոբանկերն էլ իրենց հերթին քննարկման են դնում բանկային համակարգը:
Նոր կամ նեո բանկերը բանկային ծառայությունների ժամանակակից մեկնաբանման ձև են: Ի տարբերություն ավանդական բանկերի, որոնք կարող են նաև առաջարկել առցանց ծառայություններ, բայց, որպես կանոն, ապավինում են իրենց ֆիզիկական մասնաճյուղերին, նեոբանկերը միայն թվային ֆինանսական կառույցներ են»:
Ավելին՝
Առաջարկում ենք ծանոթանալ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի տնտեսագիտական ուշագրավ նախագծին՝ EconoMix խորագրով:
EconoMix-ը տնտեսագիտական հասկացությունների վիզուալ շտեմարան-հարթակ է, որտեղ կզետեղվեն տնտեսագիտական ամենատարբեր հասկացությունների բացատրությունները հանրամատչելի տեքստերի և վիդեոհոլովակների միջոցով:
Նախագծի նպատակն է՝
- հայկական լսարանին ներկայացնել տնտեսագիտական տերմինների վերաբերյալ հայալեզու բացատրական-տեղեկատվական նյութեր,
- բարձրացնել տնտեսական և ֆինանսական գրագիտության մակարդակը:
EconoMix-ի հրապարակումներին կարող եք հետևել «Ինլայթ»-ի կայքէջի «Նախաձեռնությունների ցանց» բաժնում՝ EconoMix խորագրի ներքո, ինչպես նաև Enlight Studies YouTube-յան ալիքում:
Ինչպես նաև՝
Աջակցելով համապարփակ և առավել արդյունքամետ մոտեցմանը՝ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը համագործակցություն է ձեռնարկել StrategEast-ի հետ՝ վերջիններիս նոր ծրագրի շրջանակներում․ «Տեղեկագրում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների երկկողմ օրակարգի հիմնական հարցերի վերաբերյալ»:
Տեղեկագիրը ձևավորված է որպես օգտակար գործիք հանրային կառույցների և որոշում ընդունողների համար, որոնց հետաքրքրության ոլորտը ընգրկում է Արևելյան գործընկերության տարածաշրջանը։
Այս համագործակցության արդյունքում հրապարակված նյութերին կարող եք ծանոթանալ «Ինլայթ»-ի կայքէջի «Նախաձեռնությունների ցանց» բաժնում՝ StrategEast խորագրի ներքո։
Պատրաստեց՝ Մարիամ Անտիկյանը
Բաժանորդագրվել կարող եք հղմամբ։